Ո՞վ կպաշտպանի վարորդին «տեռորիստ» ավտոստայանշչիկից

կայանատեղի 1

Բոլոր վարորդներին է ծանոթ այն տեսարանը, երբ կայանման ժամանակ հանկարծ ջինի պես հայտնվում է մի մարդ ու ոտուձեռ ընկած փորձում է ծառայություն մատուցել վարորդին, սակայն ոչ թե օգնում է, այլ խանգարում: Իսկ վերջում, երբ վարորդը փորձում է հեռանալ կայանման վայրից, կրկին ջինի պես հայտնվում է, որպեսզի պահանջի իր «ծառայության» վճարը: Շատերը վճարում են` առանց «խորանալու», շատերը` ավելորդ նյարդեր ու ժամանակ չվատնելու համար, սակայն լինում են նաև վարորդներ (բացարձակ փոքրամասնությունը), որոնք համարձակություն են ունենում պաշտպանելու իրենց իրավունքները և կուլ չգնալու անօրեն պարտադրանքին:

Ավտոճանապարհային ոստիկանները «խնամքով» հանում են սխալ վայրում կամ սխալ դիրքով կայանած վարորդի պետհամարանիշերը, սակայն երբևէ նկատել ե՞ք, որ օրենքի պահապանները հեռացնեն պետական ճանապարհներն ապօրինաբար զավթած և վարորդներին շորթող «հսկիչներին»: Իհարկե ոչ, քանի որ այդ հսկիչներն այդտեղ պատահաբար չեն հայտնվել. նրանք տերեր կամ, այսպես ասած, «կռիշ» ունեն, որոնք, հայտնի չէ` ինչ մութ լծակներով, իշխում են երևանյան փողոցներում, և որոնց ապահով հովանու տակ էլ կատարվում է դրամաշորթությունը:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ նախկինում ապօրինի ավտոկանգառների դրամահավաքության վերաբերյալ հաճախ էին բողոքներ ստանում վարորդ քաղաքացիներից, իսկ այժմ բողոքները նվազել են: «Սակայն դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է,- ասում է նա,- երևի վարորդները հարմարվել են կամ պարզապես հոգնել»:

Քանի որ բողոքները նվազել են, կազմակերպությունն այդ ուղղությամբ հատուկ ծրագրեր չի մշակում: Եղոյանն ասում է, որ երբ ժամանակին իրենք ուզում էին հետաքրքրվել, թե ով է կարգավորում այդ ոլորտը, քաղաքապետարանը մատնանշում էր թաղապետարանները, թաղապետարանները` քաղաքապետարանը:

Մի տուժած վարորդ մեզ պատմեց, որ օրեր առաջ իր ավտոմեքենայի ապակին կոտրել են և գողացել կարևոր փաստաթղթերով լի պայուսակը: Դեպքը կատարվել է օրը ցերեկով, վարորդի աշխատավայրի շենքի դեմ դիմաց, որտեղ, ի դեպ, «շատ պարտաճանաչ» իր ապօրինի աշխատանքն է կատարելիս եղել նաև հսկիչը: Վարորդը պատմում է, որ ամեն անգամ հսկիչը մոտեցել է, որպեսզի վարորդը կայանման համար վճարի, սակայն ինքը մերժել է: Հայտնի չէ` ո՞վ պիտի պատասխան տա կատարված հանցագործության համար և ո՞վ պիտի հատուցի տուժած վարորդի ծախսերը: Չնայած դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, նույն տեղում հսկիչների ապօրինի գործունեությունը շարունակվում է:

«Վարորդների կողմից շատ են եղել բողոքներ, որ իրենք չեն վճարել ավտոկայանատեղիի հսկիչին, և իրենց մեքենան դիտմամբ վնասել են,- ասում է Եղոյանը,- փաստորեն, վարորդները տեռորի են ենթարկվում, երբ փորձում են պայքարել ապօրինի դրամահավաքության դեմ»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արսեն Գասպարյանը պարզաբանում է, որ այդ ոլորտի խնդիրները ժառանգություն են մնացել նախկինից, երբ 2000 թ. Երևանի խորհրդի որոշման համաձայն` այդ տարածքներն անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրվել են թաղապետարաններին, որոնք էլ դրանք որպես ավտոկայանատեղի օգտագործելու նպատակով վարձով տվել են այս կամ այն մասնավոր կազմակերպությանը: «Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում ապօրինի կայանատեղիների ու դրամահավաքության համար,- ասում է նա,-  քանի որ քաղաքապետարանն այդ ոլորտում անգամ տեսչական դեր չունի: Դա հանցագործություն է, որի դեմ պետք է պայքարի ոստիկանությունը»:

Ինչպե՞ս պետք է վարորդը տարբերի` տվյալ վայրում թույլատրվու՞մ է կայանել, թե՞ ոչ, կամ ավտոկայանատեղին օրինակա՞ն է, թե՞ ոչ:

«Դեռևս 2000 թ. քաղաքապետը որոշում է կայացրել, ըստ որի` կայանատեղին շահագործող կազմակերպության պարտադիր պարտականությունն է կայանավայրում պահպանել հետևյալ երեք չափանիշները. P նշանը, որը վկայում է կայանման թույլատրելիության մասին, կայանման ձևի ցուցատախտակը (թե ինչ դիրքով պետք է վարորդը մեքենան կայանի) և վճարովի ծառայության վերաբերյալ ցուցատախտակը, որում պետք է նշված լինի ծառայության արժեքը: Բացի այդ, ավտոկայանատեղիի հսկիչը վճարման դիմաց պարտավոր է կտրոն տալ վարորդին»,-նշում է քաղաքապետարանի աշխատակիցը:

ՀՀ ֆինանսների նախարարության շենքի հարակից տարածքում գործող ավտոկայանատեղիի հսկիչը հավատացնում է, որ իրենք օրինական դաշտում են աշխատում.«Ըհը, աղջիկ ջան, էս էլ չեկը,- ասում է նա ու ցույց տալիս դեղին թղթի կտորը, որի վրա գրված է ինչ-որ ՍՊԸ-ի անուն ու հասցե և կայանման արժեքը` ըստ ժամերի: Պարզվում է, որ կայանումը ժամավարձով է` մեկ ժամը 100 դրամ: Հետաքրքիր է, ինչպե՞ս է հսկիչը գրանցում կայանման ժամը: Բնականաբար` ոչ փայլուն հիշողության հաշվին: «է˜, աղջիկ ջան, ի՞նչ ժամավճար, ի՞նչ բան, էդ ուղղակի գրած ա, ըսկի պատահում ա, որ փող էլ չեն տալիս,- դժգոհ ասում է հսկիչը,- իմ մասը շատ վատն ա, անշարժ տեղ ա, հիմնականում էս նախարարության աշխատողների մեքենաներն են. առավոտը գալիս են, իրիկունը գնում»:

Ավտոմեքենաների անվտանգությունը զօրուգիշեր ապահովող հսկիչի աշխատավարձն ընդամենը 29 000 դրամ է, օրական հավաքվող 2000-2500 դրամն էլ հանձնում է կազմակերպությանը:

Շաբաթ-կիրակի օրերին  անջյան փողոցին հարակից վերնիսաժի տարածքում աշխուժացող առևտրային եռուզեռին զուգահեռ ակտիվանում է նաև կեղծ ավտոկանգառների աշխատանքը: Նմանատիպ մի ավտոկայանատեղիի հսկիչն ասում է, որ աշխատում է միայն շաբաթ-կիրակի օրերին, քանի որ այդ օրերին «գործը լավ է գնում»: «Իմ հատվածը էս ստոլբից էն ստոլբեն ա, դրանից էն կողմ ուրիշն ա կանգնում,- ասում է նա` մատնացույց անելով 20-30-մետրանոց մի հատված,- իմ վրա պլան ա դրված` օրը 2000 դրամ: Արև լինի, անձրև լինի, գործ լինի, թե չէ, ես պիտի էդ 2000 դրամը տամ, բայց որ գործը լավ ա լինում, մի էդքան էլ ինձ ա մնում»:

Այն հարցին, թե ում է պատկանում ավտոկանգառը, և հսկիչն ում է վճարում «օրական 2000 դրամ պարտադիր պլանը», նա պատասխանում է. «Վերնիսաժին, ու՞մ…»: Մնում է կռահել` վերնիսաժ ասվածը ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ է…

«Այժմ, երբ Երևանը դարձել է մեկ համայնք և ունի սեփական բյուջեն, քաղաքապետարանը շահագրգռված է, որ այդ ոլորտը շտկվի, և այդ ամբողջ գումարները, որոնք հայտնի չէ, թե ուր են գնում, մտնեն համայնքի բյուջե»,-ասում է Արսեն Գասպարյանը:

Ինչու՞ չեն պահպանվում քաղաքապետի 2000 թ. որոշման պարտադիր պայմանները (P նշանը, կայանման ձևի և վճարովի ծառայության վերաբերյալ ցուցատախտակները), և ո՞վ է պատասխանատու դրա համար. քաղաքապետարանի աշխատակիցը դժվարանում է պատասխանել և խորհուրդ է տալիս դա ճշտել թաղապետարանների հետ:

Փորձեցինք այդ հարցի պատասխանները գտնել Երևանի Կենտրոն թաղապետարանի առևտրի բաժնի պետի տեղակալի հետ հեռախոսազրույցում, սակայն վերջինս, տեղեկանալով քննարկվելիք հարցի մասին, դարձավ «անհասանելի»: Մինչև աշխատանքային օրվա վերջը չկարողացանք նրա հետ կապ հաստատել. կա՛մ տեղում չէր, կա՛մ զբաղված էր: Հաջորդ օրը պարզվեց, որ նա հիվանդ է և աշխատանքի չի եկել: Թաղապետարանի աշխատակիցն ասաց, որ հարցերն իր միջոցով փոխանցեմ պետի տեղակալին: Մի քանի րոպե անց «միջնորդ» աշխատակիցը փոխանցեց պատասխանը. «Այդ հարցերով այժմ զբաղվում է քաղաքապետարանը, և մենք այլևս ոչ մի կապ չունենք դրանց հետ»:

Աշխատակիցը զարմացած էր այն հարցից, թե ինչու ավտոկայանատեղիներում չեն պահպանվում պարտադիր երեք պայմանները: «Բայց մենք բոլոր կազմակերպություններին պարտադիր ասել ենք դրա մասին»,- ասաց նա:

Ձևավորված սխալ ավանդույթները շտկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ոլորտը կարգավորելու նպատակով մշակել է օրենքի նախագիծ: Ըստ Արսեն Գասպարյանի` օրենքի նախագծով սահմանվում է տուրքի նվազագույն և առավելագույն չափը, ավտոկայանման վճարի չափը, որը պետք է որոշի ավագանին, ավտոմատացման համակարգի գործունեությունը (յուրաքանչյուր մեքենայի վրա կտեղադրվի սարք, որը վարորդը պետք է միացնի հինգ րոպեից ավելի կայանելու դեպքում, իսկ չմիացնելու համար կտուգանվի): Իսկ նախորդ երեք պարտադիր պայմանները ուժի մեջ կմնան: Օրենքի նախագծում սահմանվում է նաև վարձակալման սկզբունքը, երբ կազմակերպությունը ավտոկայանատեղին վարձակալում է` իր աշխատակիցների համար անվճար ավտոկայանում ապահովելու նպատակով:

Ահա հարց է ծագում` այդ կազմակերպությունն իրավունք ունի իր վարձակալած ավտոկայանատեղին օգտագործելու միայն սեփական աշխատակիցների՞, թե՞ նաև իր բիզնեսի շահերի համար: Ըստ քաղաքապետարանի աշխատակցի` ոչ: Այդ դեպքում տարօրինակ չէ՞, որ կազմակերպությունը  վարձակալի մի տարածք, որտեղ  կարող են անվճար կայանվել նաև «այլ» ավտոմեքենաներ: Մասնագետը կարծում է, որ սկզբում անպայման վեճեր ու տարաձայնություններ կլինեն, սակայն, աստիճանաբար, ամեն ինչ իր տեղը կընկնի, և «այլ մեքենաները» պարզապես չեն կայանվի նման վայրերում:

Փաստորեն, նորից կգործի չգրված օրենքի «բիրտ» սկզբունքը, որն ի դեպ, գործում է նաև այսօր: Շատ խանութներ, սպասարկման ոլորտի կազմակերպություններ իրենց հարակից տարածքը վարձակալում են և որպես ավտոկայանատեղի օգտագործում իրենց բիզնեսն ավելի շահավետ դարձնելու նպատակով: Օրինակ` Աբովյան փողոցում գտնվող «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի դիմաց կայանման նշանով մի ցուցանակ կա, որի վրա գրված է. «Միայն հյուրերի համար»: Օրինակները շատ են, սակայն դա, ըստ քաղաքապետարանի աշխատակցի, անօրինական է ու անթույլատրելի:

Քաղաքապետարանի աշխատակիցը հույս է հայտնում, որ շուտով օրենքի նախագիծը կընդունվի, և շատ ու շատ հարցեր կկարգավորվեն:

Իսկ թե ինչպես կլուծվի թաղային հեղինակությունների ու «լավ տղերքի» «էս փողոցն իմն է, էս կանգառն իմն է» սկզբունքով գործող ապօրինի բիզնեսի հարցը, առայժմ անհայտ է…

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր