«Քո պետությանը պետք ես այնքան ժամանակ, քանի դեռ ոտքդ քարին դեմ չի առել…»

Արտակ

Շատերն են հիշում 2008 թ. մայիսի 26-ին Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր փորձի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը, երբ փոթորիկն ավերեց բացօթյա բեմը, շրջեց 3,5 տոննա կշռող լուսարձակը. մի երեխա մահացավ, շատերը վիրավորվեցին: Օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանը ծանր վիրավորվեց` փրկելով, սակայն, մի քանի երեխայի կյանք:

33-ամյա երգիչը, որ իր տաղանդի ծաղկման փուլում էր, այդ օրվանից գամվեց  անվասայլակին:

Արտակ Կիրակոսյանը ծնվել է Գյումրիում: Ասում է, որ երաժշտական տաղանդը հորական տատից է ժառանգել: 7-8 տարեկանից հաճախել է Գյումրու արվեստի դպրոց` վոկալ ձայնի պահպանման դասարան, 7 տարի սովորելուց հետո, ընդունվել է Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին` դասախոս Կարինե Մկրտչյանի դասարանը, ով նրա կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել: Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, իսկ ասպիրանտուրան շարունակել է Երևանում:

Ասպիրանտուրային զուգահեռ, Արտակը երգում էր Հայաստանի պետական երգչախմբում, օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ, Գյումրու «Գոհար» երգչախմբի մեներգիչն էր ստեղծման օրվանից, երգում էր նաև Ս. Սարգիս եկեղեցում: Նա իր ձայնով հիացնում էր ոչ միայն հայ, այլև աշխարհի շատ երկրների հանդիսատեսին:

«Սկզբում մերժեցի,-պատմում է նա Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու առաջարկի մասին,- հունիս ամիսը շատ հագեցած էր ելույթներով, ձայնագրություններով, գերզբաղված էի: Բացի այդ, մտածեցի` բացօթյա միջոցառում է, բա որ մրսեմ, ձայնս կտրվի և չկարողանամ հետագա համերգներին երգել: Սակայն մի կողմից էլ ուրախացա, որ հնարավորություն կունենամ տեսնելու նաև Սարդարապատի հուշակոթողը, քանի որ Հայաստանի գրեթե բոլոր վայրերում եղել էի, և Սարդարապատն այն քչերից էր, որը դեռ չէի տեսել…»:

Ծրագրով նախատեսված էր, որ Արտակը պետք է բեմականացված ազգային երգ կատարեր` միաժամանակ հանդես գալով խմբապետի դերում: Միջոցառումից մեկ օր առաջ միջոցառման մասնակիցները հավաքվել էին Սարդարապատի հուշահամալիրում` կատարելու գլխավոր փորձը: Քամի էր, որն աստիճանաբար ուժեղանում էր, այնքան, որ բեմի մի քանի դեկորներ շրջեց: Որոշվեց փորձը դադարեցնել, սակայն, քանի որ վերջին տեսարանն էր մնացել, շարունակեցին:

«Ներկայացման սյուժեն այսպիսին էր,- հիշում է Արտակը,- մենք` զինվորներս ու խմբապետներս, վերադառնում էինք ճակատամարտից, և մեզ դիմավորում էին կանայք ու երեխաները: Պետք է ողջագուրվեինք, և հենց այդ պահին չարաբաստիկ քամին իր գործն արեց: Հիշում եմ միայն, որ հասցրի մի քանի երեխայի թևերիս տակ առնել ու վազել: Եվ հանկարծ ամեն ինչ մթնեց: Երբ ուշքի եկա, տեսա ընկերներիս, որ երկու կողմից ամուր բռնել էին տախտակը, որի վրա պառկած էի: Առաջին բանը, որ ուզեցի, նստելն էր, բայց ավաղ… Դեռ երկար ամիսներ չէի կարողանալու նստել»:

Արտակն ասում է, որ միջոցառման փորձի ժամանակ, որին հարյուրից ավելի մարդիկ էին մասնակցում, մեծ մասը` երեխաներ, չկար առաջին բուժօգնության ոչ մի հնարավորություն` ո՛չ շտապօգնության մեքենա, ո՛չ բժիշկ: Քամու ավերածությունից հետո ընկերներն են Արտակին հանել կործանված հսկայական երկաթյա կառույցի տակից, պոկելով նստարաններից մեկի վերնամասը` պառկեցրել տախտակի վրա ու մարդատար գազելով հասցրել մոտակա շրջանի հիվանդանոցներից մեկը, որտեղից էլ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Արտակը ստացել էր ողնաշարի և աջ ոտքի կոտրվածք, գլխի սալջարդ:

«Երբ 3,5 տոննա կշռող լուսարձակն ընկել է մեջքիս, և ես փորի վրա վայր եմ ընկել, ինձ ընկերներս շրջել են մեջքի վրա, որից տրավման ավելի է խորացել: Գերմանացի բժիշկներն ասում էին, որ եթե այդ պահին բժիշկներ լինեին, և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվեր, ամեն ինչ այսքան վատ չէր լինի»:

Երեխաները, որոնց, իր թևերի տակ առնելով, փրկել էր Արտակը, նույնպես վնասվածքներ էին ստացել. մեկի ձեռքն էր կոտրվել, մյուսի ողնաշարն էր վնասվել, իսկ մի երեխա, որ Արտակից քիչ այն կողմ էր կանգնած եղել, մահացել էր դեպքից մի քանի ժամ անց:

«Երեխան ասել էր, թե փորն է ցավում,- ասում է Արտակը,- դե մտածել են, երևի հարվածից է, կանցնի: Սակայն մի քանի ժամ անց այդ երեխան մահացել էր ներքին արյունահոսությունից. փայծաղն է վնասված եղել: Մինչդեռ, եթե հենց սկզբից այդ երեխային համապատասխան բուժօգնություն ցույց տրվեր, հնարավոր է, որ նա կենդանի մնար: Ես արտասահմանյան իմ բազմաթիվ շրջագայություններից և ոչ մեկի ժամանակ չեմ հիշում մի բազմամարդ միջոցառման փորձ, որի ժամանակ առաջին բժշկական օգնություն նախատեսված չլիներ»:

Ողնաշարի, ոտքի վիրահատություններից մեկ ամիս անց Արտակին տեղափոխում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն` հետվիրահատական թերապիա անցնելու նպատակով: Վեց ամիս կենտրոնում մնալուց հետո, Արտակը կարողանում է նստել:

«Քանի որ ողնաշարը կոտրվելու ժամանակ ողնուղեղս անվերադարձ չէր վնասվել, հույս կար, որ կկարողանամ քայլել,- ասում է Արտակը,- միայն թե  բժիշկներն ինձ խորհուրդ տվեցին բուժումը շարունակել եվրոպական որևէ երկրում»:

Չնայած դա Արտակի վերջին հույսն էր, բայց կապված էր հսկայական ծախսերի հետ, որոնք նա ի վիճակի չէր հոգալ: Արտակի ընտանիքը երկրաշարժի ժամանակ կորցրել էր տունն ու ունեցվածքը և 14 տարի ապրել տնակում: 2002-ին նրանք պետությունից սերտիֆիկատ էին ստացել` 4200 դոլարին համարժեք:

«Մեր ընտանիքը մեծ էր. ես  արդեն ամուսնացած էի, մեծ տղաս ծնվել էր, ծնողներս էլ մեզ հետ էին, և մեզ երեքսենյականոց բնակարանի գումար էր հասնում: Բայց մեզ տրված գումարով մենք Գյումրիում ընդամենը մեկսենյականոց բնակարան կարող էինք գնել,- ասում է Արտակը,- և ստիպված, որպեսզի այդ գումարն էլ չկորցնենք, Գյումրու  մերձակա գյուղերից մեկում մի փոքրիկ տուն գնեցինք: Սակայն, ես ընտանիքիս հետ տեղափոխվեցի Երևան: Ապրում էինք արտասահմանում գտնվող մեր բարեկամներից մեկի տանը, իսկ ծնողներս մնացին գյուղում»:

Արտակի բուժման ծախսերը հոգալու համար ստիպված են լինում հրաժարվել տարիներ հետո ձեռք բերված միակ ունեցվածքից. վաճառում են գյուղի տունն ընդամենը 6 հազար դոլարով: Սակայն Արտակի բուժման համար անհրաժեշտ էր 60 հազար եվրո:

«Ընկերներս, գործընկերներս մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպեցին բարեգործական համերգ, բացվեց հաշվեհամար և ողջ հասույթը տրամադրվեց իմ բուժմանը: Եղան նաև շատ ու շատ մարդիկ, կազմակերպություններ, որոնք աջակցեցին: Մի խոսքով, հավաքվեց մոտ 21.000 եվրո: Գերմանական մի կլինիկայի հետ պայմանավորվեցինք, և ես մեկնեցի»:

Հավաքված գումարը կազմում էր Գերմանիա մեկնելու, վիրահատության և բուժման ծախսերի ընդամենը մեկ երրորդ մասը: Մնացած ծախսերը հոգաց «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի հիմնադիր, բեյրութահայ Հարութ Խաչատրյանը, որ մինչ օրս էլ շարունակում է նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալ Արտակին ու նրա ընտանիքին:

«Բոլորը կարծում էին, թե ես պետք է գնամ Գերմանիա և մնամ այնտեղ` հանձնվելով գերմանական իշխանություններին,- ասում է Արտակը,- այդ դեպքում ես կկորցնեի իմ արժանապատվությունը, իմ երկրի արժանապատվությունը` դառնալով ընդամենը էմիգրանտ: Եվ եթե պրն Հարութը չլիներ, ես ստիպված այդպես էլ կանեի, քանի որ այլընտրանք չունեի: Բայց պրն Հարութն իր վրա վերցրեց բոլոր ծասերը` պնդելով, որ ես այնտեղ բուժման պետք է մեկնեմ և բուժումից հետո  անմիջապես վերադառնամ հայրենիք: Նա անգամ այստեղ` Երևանում, ինձ համար վարձել է այս հարմարավետ բնակարանը, հոգում է ֆիզիոթերապիայի ծախսը, որոնք ես ամեն օր տանը ստանում եմ: Իմ ճակատագիրը, փաստորեն, պրն Հարութի ձեռքերում է»:

Ակամա մտածում ես` ի՞նչ կլիներ Արտակի ու նրա ընտանիքի վիճակը, եթե չլիներ այդ բարի ու մեծահոգի մարդը, որ ոչ մի մեղք չունի Արտակի դժբախտության հարցում: Փոխարենը, մեր պետությանն այդպես էլ չի հուզում, թե ինչպես է ապրում այն երիտասարդ օպերային երգիչը, որ ներկայացնում էր Հայաստանն աշխարհի բազմաթիվ երկրներում, և որի ստեղծագործական կյանքն  ընդհատվեց պետական անփույթ կազմակերպված միջոցառման  պատճառով:

«Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ համար արել են,- ասում է Արտակը,- բայց երբ Գերմանիայից եկա, զգացի, որ մարդիկ ավելի անտարբեր են: Դե, երևի մտածում են` ինչ որ անելու էինք, արեցինք, էլ ի՞նչ ես ուզում: Ես մի բան հասկացա` դու քո պետությանը պետք ես այնքան ժամանակ, քանի դեռ պետք ես, քանի դեռ ոտքդ քարին դեմ չի առել…»:

Գերմանիայում կատարված վիրահատությունն ու վերականգնողական բուժումը մեծ հույս են ներշնչում Արտակին: Նա ապագայի ծրագրեր է մշակում` համերգային ծրագրեր, նա պարզապես չի ուզում մտածել, որ այլևս չի երգելու:

«Այսպիսի տրավմայի դեպքում վերականգնման հարյուրտոկոսանոց երաշխիք չկա,- ասում է Արտակը,- մարդկային բոլոր հնարավոր մեթոդները գրեթե կիրառվել են, և ինձ մնում է միայն սպասել, սպասել Աստծո գործին…»:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր