Սկեսուրը հարսի սուրճի մեջ հղիությունն ընդհատող հաբեր է լցրել` սպանելով սեփական թոռանը

սկեսուր

Այն մտածելակերպը, թե հայ ընտանիքն անձեռնմխելի է, և ընտանիքում կատարվող բացասական երևույթներն ուրիշներին չպետք է մտահոգեն կամ մտահոգելու դեպքում` իրավունք չպետք է տան միջամտելու, հաճախ դառնում է այդ ընտանիքների կործանման պատճառ:

Երբեմն մենք քննադատում ենք օտարներին` համարելով նրանց սառը, անտարբեր հարևան-բարեկամի նեղին չհասնող և այլն, սակայն մենք ինքներս, հաճախ տեսնելով մեր շուրջը կատարվող անարդարությունները, հանկարծ դառնում ենք զգուշավոր, վախենում ենք դեմ դուրս գալ քարացած կարծրատիպերին և պայքարել անարդարության ու հանցանքի դեմ օրենքի ուժով կամ գոնե դրա մասին բարձրաձայնելով: Մինչդեռ ավելորդ հոգատարությամբ սիրում ենք խառնվել մեր հարազատների, բարեկամների, հարևանների, անգամ անծանոթ մարդկանց անձնական կյանքին, ղեկավարել նրանց ցանկություններն ու ապրումները:

Ներկայացնում ենք մի իրական ցավալի պատմություն, որի մեջ մեղքի մեծ բաժին ունի հենց այդ լռությունը: Այս պատմությունը միակը չէ. այն մեր մեջ է, մեր կողքին, ամենուր, սակայն չի բացահայտվում: Իսկ համակերպվելու և խնդիրները թաքցնելու մեր անառողջ կենսակերպը ախտահարում է ողջ հասարակությունը:

Պատմում է 36-ամյա մի կին.

«Ես մանկության մի ընկեր ունեի, որն արտագնա աշխատանքի մեկնեց և երկար ժամանակ չէր վերադառնում: Մայրն աղերսում էր, որ մենակ չթողնի իրեն ու վերադառնա, և վերջապես որդին արձագանքեց. վերադարձավ, բայց մի ուզբեկուհու հետ.: Այդ կինն արդեն հղի էր և տարիքով էլ մեծ էր նրանից: Սկեսուրը չէր համակերպվում այդ իրողության հետ և մի օր էլ գաղտնի խորհրդակցել էր քեռակնոջս հետ, թե ինչ դեղահաբեր են օգտագործում, որ հղիությունն ընդհատվի: Քեռակինս էլ, առանց իմանալու, թե ինչն ինչոց է` նրան որոշ խորհուրդներ էր տվել: Քեռակինս այդ ամենի մասին պատմեց նաև ինձ: Երբ ես ընկերոջս մորը հարցրի, թե ում համար են այդ խորհուրդները, նա առանց թաքցնելու պատասխանեց. «էն պառավ ուզբեկի, որ մնացել է տղայիս վզին»:

Իհարկե ես դա վայրենություն, մարդասպանություն  համարեցի, սակայն լռեցի: Ամեն առավոտ սկեսուրը հարսի սուրճի բաժակի մեջ այդ հաբերն էր լցնում: Ես խղճում էի այդ աղջկան: Մի օր էլ, հանդիպելով նրան, հրավիրեցի մեր տուն: Խեղճը լաց եղավ և գանգատվեց սկեսուրի վերաբերմունքից. ասաց, որ երեխայի ծնունդից հետո հույս ունի, որ սկեսուրն իր հանդեպ կփոխվի: Ես նրան խորհուրդ տվեցի ընդհանրապես հրաժարվել սուրճից, քանի որ սրտխառնոց, ճնշում է առաջացնում, սակայն չասացի իրական պատճառը:

Վերջապես երեխան ծնվեց: Բոլորն ուրախ էին, սակայն երեխան շատ նվազ էր: Նա բոլորովին հրաժարվեց մոր կրծքից: Ապրեց ընդամենը տասը օր:  Հիմա չգիտեմ` դեղերի ազդեցությու՞նը եղավ փոքրիկի մահվան պատճառը, թե՞ լինելու բան էր, եղավ:

Սկեսուրը երեխայի մահվանից հետո նորից շարունակում էր հարսին հաբեր տալ. նա այլևս չէր հղիանում: Վերջապես մայրը համոզեց որդուն, թե այդ կինը տարիքով մեծ է և չի կարող իրեն երեխա պարգևել, ու խեղճ աղջկան հետ ուղարկեցին իր երկիր:

Տղան իրեն տվեց խմիչքի: Հետո այդպես, գլուխը կորցրած, ամուսնացավ մեկ ուրիշի հետ, որն անբնական գեր էր ու չբեր: Սկեսուրն այս անգամ իսկապես գլխին էր խփում, ասում, թե Աստված պատժեց իրեն: Այժմ նորից չէր հաշտվում հարսի հետ: Բայց այդ հարսը հաղթեց. բաժանել տվեց սկեսուրի բնակարանը, արհամարհեց նրան: Ոչ մի բուժում ու վիրահատություն չօգնեցին նրան, նա չհղիացավ:

Վերջերս լսեցի, որ նրանք երեխա են որդեգրել: Ինձ շատ է տանջում այն միտքը, որ գուցե ես էլ էի մեղավոր, որ ժամանակին չբացահայտեցի գաղտնիքը»:

 

Պատմությունը տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր