«Միգուցե ավելի լավ էր ամուսինս կենդանի լիներ ու ծեծե՞ր ինձ…»

2356020242_177a59e1df1

Տարիներ շարունակ ամուսնու կողմից ենթարկվելով ծեծի, ստորացման ու խոշտանգումների, նրա մահվանից հետո կինը «կարոտով է » հիշում այդ ամենըպատճառը մենությունն է, բայց մի՞թե այն կարող է ավելի տառապալի լինել, քան բռնությունը

Պատմում է 68-ամյա մի կին

«Ինչ որ ունեի այս կյանքում, արդեն կորցրել եմ: Դրա համար էլ հիմա, առանց վախենալու, կարող եմ պատմել իմ մասին: Նստած եմ մենակ, չորս պատերի մեջ: Հիշում եմ ապրածս տարիներն ու մտածում` ես ինչու՞ ծնվեցի…

Ծնվել եմ հեռավոր շրջանի հեռավոր մի գյուղում: Գեղեցիկ աղջիկ էի, աչքի ընկնող: Ճակատագիրս հայրս տնօրինեց. Ամուսնացրեց մեր համագյուղացիներից մեկի հետ, որն ապրելու միջոցներ ուներ:

Մենք իրար չէինք ճանաչում: Այդպես անծանոթ էլ մնացինք մեր ամուսնական համատեղ կյանքի վեց տարիների ընթացքում:

Երեխա չունեցանք, որի համար ես պատիժ էի կրում. մարդատեղ չէին դնում, ծեծում էին ստորացնում…ես դեռ տանն էի, ուրիշ կին բերեցին ամուսնուս համար: Մի օր էլ ինձ դուրս շպրտեցին:

Վերադարձա հորս տուն, որտեղ արդեն հարս կար: Դաժան է տարած- հետ բերած աղջկա աճակատագիրը: Այնտեղ էլ ինձ սկսեցին քարկոծել: Երազում էի մի փոքրիկ անկյուն գտնել ու մի կուշտ լաց լինել: Դա էլ չէր ստացվում: Մի քանի տարի էլ այդպես տառապեցի:

Ամուսնացրին երկրորդ անգամ: Երկրորդ ամուսինս գյուղ էր եկել բերք փոխանակելու. ինձ փոխանակեցին…Նա կին էր ունեցել, որի մահվան պատճառն ինձ անհայտ մնաց: Խնամքին էին մնացել չորս անչափահաս երեխաներ: Ես խոստացա հոգ տանել նրանց մասին, մայր լինել նրանց համար: Կարծես թե ստացվում էր: Բայց ամուսինս կոպիտ մարդ էր, բռի, հայհոյող: Ծեծում էր ամեն մի չնչին առիթով: Մի անգամ այնքան ծեծեց, որ ուշագնաց եղա: Երբ գիտակցության եկա, տեսա` պառկած եմ սառնարանի կողքին` էլեկտրական լարը ձեռքիս: Նա կարծել էր, թե մահացել եմ և այնպես էր սարքել, որ առաջին հասնողները կարծեն, թե ինքնասպան եմ եղել (հետո իմացա, որ առաջին կնոջ մահվան կապակցությամբ նրա նկատմամբ կասկածներ են եղել):

Ավելորդ բառ ասելու իրավունք չունեի: Միշտ լարված սպասում էի, թե երբ կգա ու ինչպես կգա: Ճաշը միշտ պետք է պատրաստ լիներ, երեխաները` մաքուր, կոկիկ, տունը` հավաքած, այգին` ջրած ու քաղհանած, բերքը հավաքած: Ես այդ բոլորը հասցնում էի: Աստված իմ, ինչպե՞ս էի հասցնում:  Ծեծվելու ահից էր, թե ինչ, դարձել էի մեքենա` առանց զգացմունքի:

Խուսափում էի նրա հետ որևէ տեղ գնալուց: Դրսում ուշի-ուշով հետևում էր ինձ, իսկ տանը սկսում էր հայհոյել ու ծեծել` ինչու՞ այսպես կանգնեցիր, ինչու՞ ժպտացիր, ինչու՞ այսպես ասացիր…

Երբ չէի խոսում, լռում էի, ծեծում էր իրեն արհամարհելու համար: Այլևս նրա հետ տնից դուրս չէի գալիս:

Տասնհինգ տարի անց իմ կյանքում հրաշք պատահեց. ծնվեց աղջիկս` իմ կյանքի ամենալուսավոր կետը, իմ փրկիչը: Բայց դա նրա համար կարևոր չէր, աղջիկս նրա հինգերորդն էր: Նրա մեծ երեխաներն արդեն ամուսնացել ու հեռացել էին: Ինձ պատճառվող տառապանքներից աղջկաս էլ բաժին հասավ: Թե քանի անգամ ենք գիշերել հարևանների տանը, թաքնվել թփերի մեջ, միայն Աստծուն է հայտնի: Աղջկաս մեծացրի, մի կերպ կրթության տվեցի, ամուսնացրի ու նորից մենակ մնացի գազանի հետ: Կարծում էի, թե գոնե մի քիչ կմեղմանա, քանի որ արդեն տարիքներս առել էինք, կռվի համար առիթ չէր փնտրի: Բայց ոչ, նա գտնում էր:

Երկու տարի առաջ նրա ազգականի տանը հավաքվել էին ինչ որ առիթ նշելու: Ստիպեց, որ իր հետ գնամ, բայց ես, ինքս ինձ խղճալով, չգնացի, նաև վատառողջ էի: Ինքը գնաց: Մի քանի ժամ հետո զանգեցին ու հայտնեցին, որ վատ է զգում: Պարզվեց` ինֆարկտ է խփել: Մինչև գնացի, մահացել էր:

Արդեն երկու տարի է, ինչ մենակ եմ ապրում: Երեխաները կարճ ժամանակով այցելում են ինձ: Մնացած ժամանակ մտածում եմ իմ դառը ճակատագրի մասին: Եկել եմ այն եզրակացության, որ կինը լիարժեք մարդ չէ. չէ՞ որ Աստված մարդուն տվել է սիրելու, կյանքից գոնե մի քիչ հաճույք ստանալու, մի քիչ էլ երջանիկ լինելու իրավունք: Ես այդ ամենը չեմ տեսել, ուրեմն լիարժեք մարդ չեմ:

Հիմա էլ մենակությունն է ինձ սպանում: Նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ` իսկ գուցե ավելի լավ էր ամուսինս կենդանի լիներ ու ծեծե՞ր ինձ…»

 

Պատմությունը տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր