Արմեն Այվազյան. «Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է»

Այվազյան

Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններով լի հանրագիտարանը հրատարակած բրիտանական և ռուսական հրատարակչություններին  պատասխանատվության ենթարկելու գործընթացը պետք է  ստանձնի պետությունը:   Այս համոզման է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը` անընդունելի համարելով հայկական պետական կառույցների բռնած «չեզոք» դիրքորոշումը.

«Էդ դեպքում ինչի՞ համար է պետությունը մեր՝ հարկատուների հաշվին պահում այն բոլոր կառույցները, որոնք կոչված են զբաղվելու հենց նման հարցերով,- ասում է նա,- չէ՞ որ սա միակ դեպքը չէ, սա երևույթ է, որի դեմ պայքարելու պատասխանատվությունն ու պարտավորությունը պետք է  ստանձնեն պետական կառույցները` սկսած նախագահականից և վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ ու վերլուծական հիմնարկներով»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե այդ հանրագիտարանների ապատեղեկատվությունը միտումնավոր բնույթ չունի, ապա Այվազյանը երկու խնդիր է տեսնում. առաջին` մարդիկ տեղյակ չեն, թե ինչ մեծ հակահայկական քարոզչություն է տարվում արտասահմանյան տեղեկատվական գրականության մեջ, որից և առաջին հերթին օգտվում է օտար ընթերցողը, երկրորդ` տեղյակ են, սակայն չեն ցանկանում դեմ  գնալ «հզոր ուժերին» և գլխացավանքի մեջ ընկնել: «Բնականաբար, ավելի հեշտ է հարմարվողական դիրքորոշում բռնելը,- ասում է Այվազյանը,- սակայն այդ հարմարվողականությունը կործանարար է ազգի և պետության համար»:

Քաղաքագետը, ողջունելով բրիտանական ու ռուսական հրատարակչությունների դեմ պայքար ծավալելու հասարակական նախաձեռնությունը, միաժամանակ ընդգծում է, որ լուրջ արդյունքի հասնելու համար պետք է հասկանալ իրավիճակը, ռազմավարություն մշակել, ձեռք բերել դաշնակիցներ և ամենակարևորը` չընկճվել, քանի որ պայքարը կարող է երկարատև լինել: «Դուք տեսել եք դաշտում կանգնած թշնամու ընդամենը մի ջոկատ,- ասում է նա,- սակայն պետք է ամբողջը տեսնել, քանի որ դրա հետևում էլի թշնամու ջոկատներ ու բերդեր կան, դրանք կան նաև մեր թիկունքում»:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով օտարերկրյա փորձն ու հայկական գործելաոճը` նա եկել է այն ցավալի եզրակացության, որ միջազգային ասպարեզում պատմական ճշմարտությունը պաշտպանելու առումով Հայաստանն ավելի քան անպատրաստակամ է. «Դա վկայում է մեզանում պետական մտածողության, ազգային արժանապատվության, հետևաբար նաև դիմադրողականության խիստ ցածր մակարդակի մասին»,-նշում է նա:

Այվազյանը բերում է բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են արձագանքել և ինչպես են լուծել նման հարցերն այլ պետությունների իշխանությունները:

Այսպես, 2009 թ. մայիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի հրամանագրով ստեղծվեց « ՌԴ նախագահին կից պատմության` Ռուսաստանի շահերը վնասող կեղծարարության փորձերի դեմ ուղղված հանձնաժողով», որի կազմում ընդգրկվեցին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արտաքին հետախուզության ծառայության պետը, փոխարտգործնախարարը, կրթության և գիտության փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանձնաժողովի նախագահ նշանակվեց ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Այդ հանձնաժողովն արդեն իսկ ծավալուն աշխատանք է իրականացրել։

Այվազյանը հիշատակեց ևս մեկ օրինակ, որը մանրամասն ներկայացված է 2005 թ. լույս տեսած նրա «Հայագիտության զարգացման ռազմավարությունը» ուսումնասիրությունում (ի դեպ, «Նորավանք» հիմնադրամի սահմանափակ տպաքանակով հրատարակած այդ գիրքն անմիջապես փոխանցվել է նաև ՀՀ վարչապետին, խորհրդարանական համապատասխան հանձնաժողովներին և պետական կառույցներին):

2004 թ. հոկտեմբերին լույս տեսած ամերիկյան Ազգային աշխարհագրական ընկերակցության` «Natioanal Geographic Society»-ի «Աշխարհի ատլասի» ութերորդ հրատարակությունում Պարսից ծոցը, բացի իր այդ հայտնի անվանումից, նշված է եղել նաև մեկ այլ՝ Արաբական ծոց անվանմամբ: Թեև վերջին անվանումը գրված է եղել փակագծերում, Իրանն այդ քայլը համարել է քաղաքական ոտնձգություն և ի պատասխան արգելել է Իրանում այդ ընկերակցության բոլոր հրապարակումների վաճառքը:

Բացի այդ, Իրանի մշակույթի և իսլամական ուսմունքի նախարարությունը պահանջել էր, որ ուղղվի նաև մի ծանոթագրություն, ըստ որի` Պարսից ծոցի մի քանի կղզիներ համարվում են Իրանի կողմից «գրավված»: Ինչպես հայտարարել է վերոհիշյալ նախարարության պաշտոնյան. «Քանի դեռ «Natioanal Geographic»-ը չի ուղղել իր ատլասում Պարսից ծոցի կողքին, փակագծերում՝ Արաբական ծոցի գործածումը, Իրանում արգելված են և՛ նրա հրապարակումները, և՛ նրա լրագրողների գործունեությունը»:

Իրանի կառավարության հաջորդ քայլը եղել է այն, որ շատ արագ` ընդամենը չորս շաբաթվա ընթացքում ի մի են բերվել և դեկտեմբերի 19-ին առանձին ժողովածուով հրապարակվել այդ տարածաշրջանի պատմական քարտեզները, որոնցում Պարսից ծոցն արձանագրված է իր միակ անվանմամբ:

Կազմակերպվել է նաև հին և միջնադարյան այդ քարտեզների հատուկ ցուցահանդես, որի բացումը կատարել է Իրանի արտգործնախարարը: Նա շեշտել է, որ Պարսից ծոցի անունը չի կարելի փոխել, և Արաբական ծոց այն սկսել են անվանել միայն  1950-ական թթ. պանարաբիստները` Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը, ապա Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը:

«Ասոշեյթիդ փրեսի» թղթակիցը գրել է. «Իրանը «Արաբական ծոց» անվանման գործածումն իր ինքնիշխանության ոտնահարում է համարում»:

Պետական հզոր հովանավորության շնորհիվ իրանցի պատմաբաններն ու քաղաքագետները հզոր շարժում են ծավալել` ի պաշտպանություն Պարսից ծոցի պատմականորեն միակ ճիշտ անվանման, իրանցի երիտասարդները զորավիգ են եղել նրանց` ստորագրահավաք կազմակերպելով համացանցի միջոցով:

Սկզբում «National Geographic»-ը փորձել է պաշտպանել «Արաբական ծոց» եզրի գործածումը` հայտարարելով, թե «այդպիսով փորձում է դյուրին դարձնել այդ տեղի հայտնաբերումն ընթերցողների համար, որոնք այն փնտրում են «Արաբական ծոց» անվան տակ»: Սակայն արդեն հոկտեմբերի 8-ին իր վեբկայքում հանդես է եկել մի նոր հայտարարությամբ, որում դիվանագիտական լեզվով խոսել է հնարավոր շտկման մասին: Այնուհետև` դեկտեմբերի 30-ին, դարձյալ իր վեբկայքում «National Geographic»-ն ուղղել է ինքն իրեն` իր «Աշխարհի ատլասի»  երեսից ջնջելով «Արաբական ծոց» անվանումը: Նույն քարտեզից հանվել է նաև վերոհիշյալ կղզիների` իրանական օկուպացիայի տակ լինելու մասին ծանոթագրությունը: Իրանի արտգործնախարարն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս նահանջը հաղթանակ է յուրաքանչյուր իրանցու համար»:

Ցավոք, մենք այդպիսի հաղթանակներ առայժմ չենք արձանագրել:

Ինչպես նշում է Այվազյանը,  հայության ո՛չ պետական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ գիտական կառույցները բողոքի նման որևէ փորձ դեռևս չեն արել ընդդեմ այն բացահայտ ոտնձգությունների, որոնց ենթարկվել և ենթարկվում են հայոց պատմությունն ու մշակույթը, պատմական աշխարհագրությունն ու ժողովրդագրությունը, ազգային խորհրդանիշ դարձած գործիչներն ու ստեղծագործությունները:

«Հիշատակենք թեկուզ միայն այն, որ արևմտյան արևելագիտության մեջ Արևմտյան Հայաստանն արդեն վաղուց փոխարինվել է  «Արևելյան Անատոլիա» եզրով: Ավելին` Արևմտյան Հայաստանը դուրս է մղվել միջազգային հանրագիտարանային բազմաթիվ հրատարակություններից, գրքերից ու հոդվածներից: Եվ արդեն սփյուռքահայ մի շարք հեղինակներ են գործածում «Արևելյան Անատոլիա» հնարովի բառեզրը Հայաստան, Արևմտյան Հայաստան և Հայկական լեռնաշխարհ եզրերի փոխարեն»,- ասում է քաղաքագետը:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր