Կույրերը հաղթահարում են իրենց խնդիրները, սակայն շրջապատը «կոտրում է» նրանց

kuyrer-1

23-ամյա Մարիկան մանկուց տեսողության խնդիր ունի, սակայն կարողանում է ինքնուրույն դուրս գալ, տեղաշարժվել, քանի որ տեսողությունից  իսպառ զրկված չէ: Նա  երբեմն դիմում է մարդկանց օգնությանը, սակայն դա հաճախ ավելի շատ վնասում է նրան.

«Մի անգամ երթուղայինի մեջ մի կնոջ խնդրեցի, որ ինձ զգուշացնի, թե որտեղ եմ իջնելու, բացատրեցի, որ տեսողության խնդիր ունեմ,- պատմում է նա,- այդ կինը, փոխանակ պատասխանելու, հուզմունքից փղձկաց: Չիմանալով ինչ անել` սկսեցի նրան մխիթարել: Կամ, օրինակ, երբ մեկը տեսնում է կանգնած եմ՝ վեր է կենում, առաջարկում, որ նստեմ, հետո մյուսն է իմանում, նա էլ է վեր կենում, մեկ էլ մի քանի հոգի միանգամից իրենց տեղը զիջում են, իրարանցում է սկսվում, համոզում են, հաճախ զոռով նստեցնում»:

Մարիկան չի դժգոհում մարդկանց հոգատարությունից, սակայն կարծում է, որ դրանով իրեն ավելի վատ դրության մեջ են գցում. «Թող ինձ ընկալեն ինչպես սովորական մարդու,- ասում է նա,- ճիշտ է, տեսողության խնդիր ունեմ, բայց ոտքի վրա կանգնել կարող եմ, չէ՞»: Նա չի ընդունում նաև այն, որ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հանդիպելիս մարդիկ շփվում են ոչ թե նրանց հետ, այլ նրանց ուղեկցողի: «Մեր մասին հարցնում են ոչ թե մեզնից, այլ մեզ ուղեկցողից. ի՞նչ է, մենք չե՞նք կարող մեզ վերաբերող հարցերին պատասխանել»,-զարմանում է նա:

Մի քանի ամիս առաջ Մարիկան ավտովթարի է ենթարկվել, սակայն ոչ իր տեսողության խնդիրների պատճառով, այլ որովհետև վարորդը խախտել է երթևեկության կանոնները. «Ես շատ զգույշ եմ և միշտ պահպանում են երթևեկության կանոնները,- ասում է Մարիկան,- սակայն այդ վարորդը, որն ինձ հարվածեց, երևի տեղյակ չէր, որ երբ  լուսացույց չկա, պետք է զիջի հետիոտնին»:

Հայաստանում անկանոն երթևեկության պատճառով  ճանապարհային պատահարներից ապահովագրված չէ ոչ մի քաղաքացի, և այս պայմաններում խոսք անգամ չի կարող լինել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ապահովության մասին: Եթե զարգացած երկրներում վաղուց արդեն կիրառվում են ձայնային լուսացույցներ, ճանապարհային ազդանշաններ և այլն, ապա մեզ մոտ անգամ տեղյակ չեն, թե ինչ է սպիտակ ձեռնափայտը:

Զարգացած երկրներում կույրերն ինքնուրույն դուրս են գալիս, շփվում մարդկանց հետ, լուծում իրենց խնդիրները, սակայն մեր երկրում մարդիկ դեռևս սովոր չեն իրենց շրջապատում անգամ տեսնելու կույր մարդկանց. նրանք կա՛մ ծայրահեղ անտարբեր են, կա՛մ ծայրահեղ հոգատար, որ երկու դեպքում էլ  խանգարում է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հասարակության մեջ ինտեգրվելուն:

Նորայրը կոմպոզիտոր է: Ծնվել է Գորիսում: Չորրորդ դասարանում նա ավտովթարի է ենթարկվել, որից էլ տեսողության խնդիրներ են առաջացել: Սկզբում մի քիչ տեսել է, սակայն տարեցտարի վիճակը վատացել է, և երիտասարդ տարիքում լրիվ զրկվել է տեսողությունից: Սակայն դա չի խանգարել, որ նա իրագործի իր մանկության երազանքը` սովորել կոնսերվատորիայում:

«Երաժշտության սերը վաղուց եմ ունեցել,- ասում է նա,- չնայած կարճատեսությանը` ակորդեոն էի նվագում: Դպրոցն ավարտելուց հետո աշխատում էի Գորիսի մշակութային կենտրոններից մեկում. սինթեզատոր էի նվագում: Բայց ծնողներս համաձայն չէին, որ կոնսերվատորիա ընդունվեմ, քանի որ մենակ Երևանում մնալ չէի կարող, ծնողներիս համար էլ դժվար էր Երևան տեղափոխվելը»:

Օրերից մի օր  Նորայրն իմանում է երաժշտական մի փառատոնի մասին: Մասնակցում է և Գորիսում առաջին տեղը գրավում, հետո մասնակցում է Ղափանում անցկացվող փուլին, այնտեղ էլ հաղթող է ճանաչվում և հրավիրվում մասնակցելու մայրաքաղաքում անցկացվելիք եզրափակիչ փուլին:

Համերգն Օպերայի դահլիճում էր, այստեղ արդեն հաղթողներ ու պարտվողներ չկային, բոլորին մրցանակներ էին շնորհվում, սակայն այդ համերգը ճակատագրական էր Նորայրի համար: Համերգի ժամանակ նրան հարցնում են, թե ինչ նպատակներ ու երազանքներ ունի, նա էլ անկեղծորեն պատասխանում է, որ երազում է կոնսերվատորիա  ընդունվել. մտքով էլ չի անցնում, որ իր երազանքն արդեն իրականանալու ճանապարհին է. «Համերգի կազմակերպիչն իմ ցանկությունը փոխանցել էր կոնսերվատորիայի այդ ժամանակվա ռեկտորին,  նա էլ ներկա էր համերգին,- պատմում է Նորայրը,- նա ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ թղթերս պատրաստեմ: Հենց այդ սեպտեմբերին էլ ընդունվեցի կոնսերվատորիա»:

Ուսանողական տարիներին Նորայրն ապրում է ծանոթների տանը, մարդկանց վճարում իրեն ուղեկցելու համար, հետո ծանոթանում է մի աղջկա հետ, որն այնքան է մտերմանում, որ ուղեկցելու գործն իր վրա է վերցնում: Մի քանի ամիս անց աղջիկը վճռում է Նորայրին ուղեկցել ողջ կյանքի ընթացքում:

Սվետլանայի ծնողները դեմ էին նրանց ամուսնությանը. մտածում էին` ինչպե՞ս կարող է իրենց աղջիկն ամուսնանալ կույր տղայի հետ: Սակայն որոշում կայացնողն աղջիկն էր, իսկ ծնողներին մնում էր միայն համակերպվել այդ իրողության հետ. «Մայրը շատ շուտ համակերպվեց, իսկ հայրը չորս տարի չէր հաշտվում, բայց ի վերջո հաշտվեց»,- արդեն հումորով հիշում է Նորայրը:

Տասը տարի է, ինչ նրանք ամուսնացած են: Երկու երեխա ունեն. մեծն արդեն ինը տարեկան է, փոքրը` նորածին: Նորայրն իրեն երջանիկ մարդ է համարում, ասում է, որ ընտանիքի միակ խնդիրը բնակարանն է: Մայրաքաղաքում Նորայրը բնակարան չունի, իսկ Գորիսի հայրական տուն վերադառնալ չի ուզում, քանի որ այնտեղ չի կարող աշխատանք գտնել: «Տասը տարուց ավելի է` վարձով ենք ապրում,- ասում է Նորայրը,- լավ կլիներ, եթե պետությունը մեզ նման մարդկանց մատչելի պայմաններով բնակարան տրամադրեր: Եթե մեզ, օրինակ, երկարաժամկետ հիփոթեքային պայմաններով բնակարան տային, այն ողջ գումարով, որ այս տարիներին տան վարձ ենք տվել, մեր սեփական բնակարանը կունենայինք»:

Մի տարի առաջ Նորայրը հիմնել է «Ֆորտե» գիտամշակութային կենտրոնը: Կազմակերպության ստեղծման նպատակը տաղանդավոր հաշմանդամ մարդկանց օժանդակելն է՝ տաղանդը զարգացնելու, ներկայացնելու և հասարակական ակտիվ կյանքով ապրելու գործում: Արդեն մի քանի երգեր ձայնագրվել են, որոնց հիման վրա պատրաստվում են հետագայում ձայնասկավառակ թողարկել: Գործիքավորումները Նորայրն է անում. ձգտում է, որ երգերը լինեն նոր, ժամանակակից, սակայն հայկական շեշտադրմամբ:

Դեկտեմբերին պատրաստվում են առաջին համերգն ունենալ Նարեկացի մշակութային կենտրոնում, հետո նաև` ավելի մեծ բեմերում: Նորայրը հույս ունի, որ հետագայում կհամագործակցեն Հայաստանի և արտերկրի տարբեր կազմակերպությունների հետ և դուրս կգան միջազգային բեմեր:

Կենտրոնում նաև տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդների համար անգլերենի և համակարգչի դասընթացներ են անցկացվում. Նորայրը կարծում է, որ տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդներն առանց այն էլ աշխատանք շատ դժվարությամբ են գտնում, իսկ առանց անգլերենի և համակարգչի տարրական իմացության է՛լ ավելի դժվար է: «Երբ կուրսերը հաջողությամբ ավարտեն, պետք է նրանց ռեզյումեները տարբեր կազմակերպություններ ուղարկենք աշխատանք գտնելու նպատակով»,-ասում է Նորայրը:

Հայաստանում այսօր տեսողության խնդիրներ ունեցող 5500-6000 մարդ կա, որոնցից միայն 5-8 տոկոսն է աշխատում: ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը նշում է, որ այսօր ոչ միայն կույրերի, այլ ընդհանրապես, հաշմանդամների գերխնդիրը աշխատանքի բացակայությունն է. «Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում, համագործակցում ենք Զբաղվածության գործակալության հետ` փորձելով նվազեցնել հաշմանդամների գործազրկության մակարդակը, սակայն, ցավոք, առայժմ այդ խնդիրը մնում է չլուծված»,-ասում է նա:

Իսկ այս պահին նախարարությունը կույրերի համար երեք ծրագիր է իրականացնում` բրայլյան գրքերի տպագրություն, համակարգչային «Արև» ծրագրի ներդրում և աչքի պրոթեզավորում: Սակայն ինչպես երևում է, այդ երեք ծրագրերից էլ կույրերի շատ փոքր մասն է օգտվում, քանի որ լայնամասշտաբ իրականացման համար հսկայական ծախսեր են հարկավոր:

Կույրերի համար կարևոր էր մի քանի տարի առաջ Մերգելյան ինստիտուտի կողմից ստեղծված «Արև» ծրագիրը, որով տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանում են ինքնուրույն օգտվել համակարգչից. դա կույրերի համար ստեղծված առաջին համակարգչային հայկական ծրագիրն է, սակայն շատերն օգտվում են նաև արտասահմանյան նմանատիպ ծրագրերից:

Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ` հատկապես երիտասարդները, իրենց մեջ շատ բան են հաղթահարել. այժմ նրանք ավելի հաճախ են լինում հասարակական վայրերում, ավելի շատ են շփվում, քան առաջ, գիտելիքներ են ձեռք բերում, սակայն շրջապատը դեռևս չի ընկալում նրանց ներկայությունը, չգիտի նրանց հետ հարաբերվելու ճիշտ եղանակը և չգիտի նաև` ինչպես  գնահատել արժանիքներն ու օգտագործել նրանց ներուժը:

Ինչպես Մարիկան է ասում՝ «Մենք հաղթահարում ենք մեր խնդիրները, սակայն մեր թևերը կոտրում է հենց շրջապատը»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր