Սեռական բռնություն Հայաստանում կա, սակայն այդ մասին չեն խոսում. շատ տղամարդիկ բռնաբարությունն էլ չեն համարում բռնություն

սեռական բռնւթյուն

Սեռական բռնություն ասելով` Հայաստանում  հաճախ հասկանում են միայն բռնաբարություն, սակայն սեռական բռնության ձևերը խիստ բազմազան են. օրինակ` հայացքներ, համբույրներ, հպումներ, առաջարկներ, կատակներ, սպառնալիքներ, որոնք դիմացինի մեջ անհանգստություն ու վախ են առաջացնում:

Կանայք, ովքեր անտեղյակ են սեռական բռնության ձևերին, չեն էլ մտածում, թե իրենք երբևէ ենթարկվել են սեռական բռնության, սակայն պարզելով, թե այն ինչ է իրենից ներկայացնում, հանկարծ բացահայտում են, որ այդ երևույթն այս կամ այն չափով իրենց էլ է առնչվել:

Օրինակ` պատահել է, չէ՞, որ երթուղային տրանսպորտում նստելու տեղ չունենալու պատճառով ստիպված եք եղել ընդունել անծանոթ տղամարդու առաջարկը և նստել նրա կողքին: Հանկարծ զգացել եք, որ նա չափից ավելի է ձեր մարմնին հպվում, իբր տեղը շատ նեղ է: Երևույթը ձեզ տհաճություն է պատճառել, սակայն լռել եք` մտածելով, որ անհարմար կլինի վեր կենալ ու կանգնած մնալ: Սակայն դա անկասկած ազդել է ձեր հոգեվիճակի վրա:

Հայաստանում սեռական բռնության վերաբերյալ որևէ վիճակագրություն գոյություն չունի: Անգամ օրենքում հստակ չի սահմանվում, թե որն է սեռական բռնությունը կամ ոտնձգությունը: Հատուկ սեռական բռնության  խնդիրներով զբաղվող ընդամենը մեկ հասարակական կառույց գոյություն ունի` Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը, որտեղ 2008 թվականից գործում է թեժ գիծ` սեռական բռնության ենթարկված կանանց աջակցելու և ուղղորդելու նպատակով:

Կենտրոնի հոգեբան-խորհրդատու Անուշ Պողոսյանն ասում է, որ 2010 թ. հունվարից մինչ օրս թեժ գծին 101 զանգ է եղել.

«Զանգերը տարբեր բնույթի են. օրինակ` աղջիկները բողոքում են, որ իրենց հետապնդում են, սպառնում, կանայք բողոքում են, որ ամուսինները ստիպում են իրենց կամքին հակառակ սեռական գործողություններ կատարել և այլն,- ասում է կենտրոնի հոգեբանը,- վերջին ժամանակներս աղջիկները շատ են զանգում այն հարցով, որ զուգընկերներն իրենց հրավիրել են որևէ տեղ, խմիչքի մեջ գաղտնի ինչ-որ նյութ լցրել, իրենք քնել են կամ չեն գիտակցել, թե իրենց հետ ինչ է կատարվում, և հետո ուշքի գալով հասկացել են, որ բռնաբարվել են: Քանի որ այդ երևույթը բավականին շատ է տարածված, խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց ու աղջիկներին չափից ավելի զգույշ ու զգոն լինել»:

Սեռական բռնության խնդիրն առկա է ողջ աշխարհում: Ըստ վիճակագրական տվյալների` ամեն օր բռնաբարվում է յուրաքանչյուր  երրորդը: Ինչ վերաբերում է սեռական բռնության այլ ձևերին` ոչ սեռական բռնաբարությանը, ապա այն ավելի մեծ մասշտաբների է հասնում: Սակայն, եթե զարգացած երկրներում այդ խնդիրը համարվում է հասարակությանը սպառնացող ամենալուրջ վտանգներից մեկը, դրա մասին բարձրաձայնում են ու դրա դեմ միջոցներ ձեռնարկում պետական ու հասարակական մակարդակներով, ապա մեզ մոտ այդ մասին անգամ չեն էլ ուզում խոսել:

«Շատ տղամարդիկ անգամ բռնաբարությունը չեն համարում բռնություն` համոզված, որ հենց կանայք են «հրահրում» իրենց դիմելու այդ քայլին,- ասում է հոգեբանը,- ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք չեն խոսում, որովհետև ամաչում են, բացի այդ, աջակցություն չեն ակնկալում ո՛չ ընտանիքից, ո՛չ բարեկամներից և ո՛չ էլ հատկապես ոստիկանությունից»:

Հոգեբանը նշում է, որ ոստիկանությանը չվստահելու և չդիմելու հետևանքով խնդիրն ավելի է խորանում, քանի որ անպատժելիությունը նորանոր հանցանքներ է ծնում:

Սովորաբար այն կանայք, ովքեր դիմում են ոստիկանություն և հայտնում, որ իրենց բռնաբարել են, ոստիկանության աշխատակիցների սխալ վերաբերմունքի պատճառով ավելի են խորացնում առանց այն էլ եղած մեղքի զգացումը և սթրեսը: «Շատ են եղել դեպքեր, երբ մենք ինքներս մեզ դիմած կանանց հետ ներկայացել ենք ոստիկանություն, սակայն բռնաբարողները պատասխանատվություն չեն կրել. կա՛մ ոստիկաններին հաջողվել է համոզել կանանց հետ վերցնել բողոքը, կա՛մ գործը կարճվել է բավարար ապացույցներ չլինելու պատճառով,- ասում է Անուշը,- էլ չեմ խոսում ոստիկանության աշխատակիցների այն  նողկալի ռեպլիկների, քմծիծաղի ու արհամարհանքի մասին, թե «էդ ժամին ի՞նչ գործ ունեիր փողոցում, որ բռնաբարեցին» կամ՝ «չէիր կարողանու՞մ, դու էլ իրան մի բան անել» և այլն: Սակայն իրավապաշտպանների մտքով էլ չի անցնում, որ իրենց այդ վերաբերմունքը նույնպես հանցանք է»:

Հոգեբանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե կանանց սեռական բռնության հարցերով զբաղվեն կին ոստիկանները, ովքեր միանգամայն այլ կերպ կմոտենան հարցին:

Տասնութամյա Գ-ն պատմում է, որ տարիներ առաջ իրավապահի կողմից ենթարկվել է սեռական բռնության, սակայն չի խոսել այդ մասին մինչ այն պահը, երբ մի քննարկման ժամանակ ինչ-որ մեկը պնդել է, թե Հայաստանում այդ երևույթը տարածված չէ, և չարժե իրար խառնվել: «Գիտակցեցի, որ ես եմ մեղավոր, որ լռել եմ` ամաչելով կամ էլ վախենալով ուրիշների կարծիքից,- ասում է Գ-ն ու հիշում մայիսի 9-ը, որն այդ օրվանից սկսած իր համար դադարել է տոնական օր լինելուց` դառնալով տհաճ ու զզվելի հիշողություն:- Սիրահարների (նախկինում` Պուշկինի) այգին դեռևս վերանորոգված չէր և անուշադրության էր մատնված, և  ես ու ընկերս հաճախ էինք հանդիպում այնտեղ` աղմուկից, մարդկանցից հեռու լինելու համար: Մի օր էլ, երբ նորից մեր թաքուն անկյունում բուռն համբույրներով ու սիրախաղերով էինք տարված, մթության մեջ հանկարծ ոտնաձայներ լսեցինք, և ինչ-որ մեկի բջջայինի լույսն ընկավ երեսներիս. ոստիկանության համազգեստով տղամարդ էր` թաքցրած շոկոլադը գտած երեխայի գոհ ժպիտը դեմքին: Երբ բջջայինի լույսով ուսումնասիրեց մեր դեմքերն ու գոտկատեղից ներքև գտնվող հատվածները և տեսավ իմ արձակված գոտին, նրա ժպիտն էլ ավելի պայծառացավ: «էդ բան-ման էիք անու՞մ»,- հարցրեց լկտի քմծիծաղով,- հիմա գազելը ընդեղ կանգնած ա, լավ կլինի՞ լցնեմ մեջը, տանեմ»: Մենք վախից քարացել էինք, չգիտեինք` ինչպես բացատրենք, որ իր մտածածը տեղի չի ունեցել: Նա չհավատալով փորձեց ձեռքի շարժումներով ստուգել իմ «մաքրությունը»: Միայն օրենքներն ու իմ իրավունքները չիմանալու պատճառով ես թույլ տվեցի նրան ընկերոջս աչքի առաջ նվաստացնել ինձ: Համազգեստավորն ասաց, որ ուզում է ինձ հետ առանձին զրուցել: Խնդիրներ չունենալու պատճառով համաձայնեցի` համոզված լինելով, որ ընկերս շատ հեռու չէ: Ինձ մի կողմ տանելով` սկսեց դիպչել մարմնիս տարբեր մասերին, լկտի առաջարկություն անել, թե «սիրուն աղջիկ ես, մենք էս հարցը կարանք հեշտ լուծենք, պռոստը ընգերդ չպիտի իմանա…»: Մինչ ես փորձում էի հասկանալ, թե արդյոք ճի՞շտ եմ ընկալում նրա ասածը, նա շարունակում էր. «Քո համար հաստատ լավ կլինի, չես ուզում, չէ՞, որ ծնողներդ իմանան…»: Վերջապես ուժ հավաքելով` բացատրեցի այդ կենդանուն, որ ես ցիվիլ ընտանիքից եմ, և ընտանիքս չի խառնվում իմ ու ընկերոջս հարաբերություններին: Հասկանալով, որ իր մտադրությունները ձախողվում են, նա ուղեկցեց ինձ ընկերոջս մոտ, բարի ապագա մաղթեց ու չքացավ: Արցունքները հորդում էին աչքերիցս: Մի քանի օր շարունակ իմ ու ընկերոջս միջև լռություն էր. հիշելով ընկերոջս անօգնական հայացքը` երբեք չկարողացա պատմել նրան իմ ու ոստիկանի խոսակցության մասին: Այդ մասին չպատմեցի ոչ ոքի, ամաչում էի, միչդեռ պետք է ամաչեր «օրենքի ու կարգուկանոնի պահապանը»:

Անուշ Պողոսյանն ասում է, որ Գ-ի դեպքը միակը չէ, և այս չարիքի տարածմանը խթանում են հասարակության իրազեկության ցածր մակարդակը, բռնության ենթարկվածների աջակցության բացակայությունը, օրենսդրական դաշտի անկատարությունը: «Այս ամենը երևույթը խորացնող հանգամանքներն են, սակայն բուն պատճառը գենդերային անհավասարությունն է»,- ասում է Անուշը:

Շատ հաճախ կինը սեռական բռնության է ենթարկվում իր ընտանիքում, իր ամուսնու կողմից չգիտակցելով, սակայն, որ դա բռնություն է: «Ամուսնական պարտականություններ» կարծրատիպին զոհ գնալով` կանայք բավարարում են ամուսինների սեռական պահանջները` փոխարենը ոչ մի հաճույք չզգալով: Մինչդեռ հենց այդ նույն ամուսնական պարտականությունների մեջ մտնում է նաև ամուսնու կողմից կնոջ ցանկությունները հաշվի առնելն ու կնոջ մասին հոգ տանելը:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն ուսումնասիրություններ է անցկացնում` պարզելու սեռական բռնության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության, ինչպես նաև մարդկանց սեռական բռնության ենթարկված լինելու  աստիճանը: Արդյունքները կհրապարակվեն այս տարվա վերջին: Կենտրոնը մշակում է նաև սեռական բռնության վերաբերյալ նոր օրենքի նախագիծ, որում հստակ կնշվեն սեռական բռնության տեսակներն ու սահմանումները: Կենտրոնի աշխատակիցները հույս ունեն, որ օրենքի նախագիծը մինչև տարվա վերջ պատրաստ կլինի, և հնարավորություն կունենան ներկայացնելու այն հաստատման.«Ընդհանրապես մեկ-երկու ՀԿ-ի աշխատանքները շատ քիչ են, մենք շատ բան չենք կարող փոխել: Սեռական բռնությունը հանցանք է, որը բոլորին է սպառնում`  տղամարդկանց, կանանց, երեխաներին, ողջ հասարակությանը, ուստի կարծում եմ, որ պետությունը պետք է հասկանա այս խնդրի լրջությունը, ընդունի, որ այս երևույթը Հայաստանում կա և շատ կա: Նախ և առաջ պետությունը պետք է  համապատասխան քայլեր ձեռնարկի` առաջին հերթին օրենսդրական դաշտը կարգավորելով»:

Չմոռանանք Նուբարաշենի դպրոցի դեպքը, երբ տարիներ շարունակ իրականացվող հանցագործությունը բացահայտվեց ոչ թե իրավապահների, այլ մի կնոջ` Մարիամ Սուխուդյանի խիզախության շնորհիվ, որ իմանալով այդ ամենի մասին` համարձակվեց բարձրաձայնել: Ճիշտ է, մեղավորը պատժվեց և պատժվեց օրենքի ողջ խստությամբ, բայց մի՞թե այդ օրենքը խիստ էր: Բոլորն են համամիտ, որ մանկապիղծի համար առավելագույնը երկու տարվա ազատազրկում  նախատեսելը շատ մեղմ պատիժ է, այն դեպքում, երբ անգամ մարդու իրավունքները  հարգող ամենաժողովրդավարական երկրներում այդ արարքը համարվում է ծանր հանցագործություն, և հանցագործը դատապարտվում է ընդհուպ ցմահ ազատազրկման, ամորձատման և անգամ մահապատժի:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծառայություններն անվճար են: Գործում է.

  • ԹԵԺ ԳԻԾ-0800 01 280 կամ բջջ.` 094 56 56 26,
  • խորհրդատվություն հեռախոսով, անմիջական շփման միջոցով,
  • սեռական բռնության խնդիրը լուսաբանող, կենտրոնի ծառայությունները մանրամասնող, նաև ՀՀ-ում առկա ռեսուրսների վերաբերյալ  տեղեկատվություն,
  • խորհրդատվություն` ակտիվ լսում, աջակցություն, ուղղորդում:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր