Միայնակ կույր կինը` նորածին երեխան գրկին և առանց աշխատանքի

NairaNatali

Այս կնոջը տեսնելուց հետո իմ մեջ վերջնականապես կոտրվեց այն կարծրատիպը, թե տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ի վիճակի չեն ապրելու լիարժեք կյանքով: Ավելին, տեսնելով, թե նա ինչպես է խնամում իր նորածին դստերը, հասկացա, որ նրանից շատ բան ունեմ սովորելու:

Նաիրայի փոքրիկը` Նատալին, ծնվել է 2010-ի դեկտեմբերի 1-ին: Երբ մեծանա, կարծում եմ, շատ երախտապարտ կլինի իր մորը, քանի որ վերջինս նրան խնամում է ոչ հայկական մեթոդներով. օրինակ` նրան շատ թեթև է հագցնում, ամեն օր դուրս է հանում մաքուր օդի` հաշվի չառնելով ցուրտ եղանակը, ծծակ չի տալիս, որ երեխան հեշտին չսովորի, խնամում է միայն բնական միջոցներով և այլն:

Երբ տեսնում ես այդ ամենը, թվում է, թե Նաիրան խնդիրներ չունի. այո, տեսողության առումով, թերևս, չունի, բայց ունի աշխատանք գտնելու խնդիր, քանի որ ամսական 20-25 հազար դրամ  թոշակով դժվար թե կարողանա իրեն ու երեխային նորմալ կենսապայմաններով ապահովել:

Նաիրան պահանջարկ ունեցող մասնագիտություն ունի, մերսող է: Սովորել է ֆիզկուլտինստիտուտի համապատասխան ֆակուլտետում, հմտացել մասնավոր աշխատանքի միջոցով, սակայն նրան կայուն աշխատանքի չեն վերցնում միայն այն պատճառով, որ կույր է:

«Հաշմանդամին աշխատելու ասպարեզ չեն տալիս: Երբ գնում եմ աշխատանքի ընդունվելու, առաջին  արձագանքը լինում է. «Վայ, բա էս ո՞նց ես եկել, հասել էստեղ»: Մարդիկ փող են վաստակում էս մասնագիտությամբ, ես աշխատում եմ անվճար, բարեգործական հիմունքներով. իմ հաճախորդները հիմնականում թոշակառուներն են»,-ծիծաղելով ասում է նա:

Նաիրան հասկանում է, որ Հայաստանում աշխատանքի ընդունվելու խնդիր ունեն բոլորը, բայց չի ընդունում, որ սովորական մարդկանց աշխատանքի չեն վերցնում ասելով, որ տեղ չկա, իսկ հաշմանդամին մերժում են՝ ասելով, որ ֆիզիկական խնդիր ունի:

Լավ գիտի նաև, որ հայ հասարակությունը սխալ է ընկալում հաշմանդամին, որի հետևանքով է՛լ ավելի են խորանում նրա խնդիրները, բայց կարծում է, որ մեղավորը ոչ թե հասարակությունն է, այլ պետական համակարգը, տարիներ շարունակ արտաքին աշխարհը փակող երկաթյա վարագույրը, որը թույլ չի տվել տեսնել, թե դրսում ինչ է կատարվում.

«Ինչքան էլ գոռանք, որ հաշմանդամը լիարժեք մարդ է, որը պարզապես ունի մեկ թերություն, բայց փոխարենը ունի տասը առավելություն, միևնույն է, հաշմանդամի թերությունը աչք է ծակում, քանի որ  ֆիզիկական է»,-ասում է նա:

Նաիրայի կարծիքով` խնդիրներից մեկն էլ այն է, որ հաշմանդամն ինքն է իրեն մեկուսացնում. «Կույրերը փողոց դուրս չեն գալիս առանց ուղեկցողի,-ասում է նա,- բա ես ինչպե՞ս եմ նորածին երեխայի հետ դուրս գալիս: Այո, պետք է դուրս գամ, որովհետև երեխային մաքուր օդ է անհրաժեշտ: Առաջ էլ եմ միշտ մենակ դուրս եկել: Դժվար է, բայց եթե ուշադիր լինես, կսովորես»:

Նաիրան կյանքում շատ դժվարություններ է ունեցել, բայց այդ դժվարությունները նրան շատ են օգնել. «Եթե դրանք չլինեին, միգուցե ես էլ հիմա սովորած լինեի, որ իմ թևը պարտադիր մեկը բռնած պիտի տանի էստեղ-էնտեղ»,-ասում է նա:

Կյանքում ոչ ոքի վրա հույս չի դնում, բացի իրենից: Հարազատներ քիչ ունի, փոխարենն ունի լավ ընկերներ, որոնք նրան աջակցում են: Չի ընդունում, որ իր մասին ուզում են խոսել, զարմանալ իր կյանքով կամ իր շուրջն ինչ-որ աղմուկ բարձրացնել. «Ես ոչ մի արտառոց բան չեմ արել, ընդամենը իմ անձնական կյանքն եմ դասավորել»,-ասում է նա:

Նաիրայի խնդիրները շատ են, սակայն կա մի բան, որ նրա համար կարևորագույնն է. «Յուրաքանչյուր մարդ, անկախ իր կարգավիճակից` ֆիզիկական, հոգեկան, թե բարոյական, ունի երջանիկ լինելու իրավունք»,-կարծում է նա: Իսկ անձնական կյանքը կարգավորելու համար այս պահին նրան մի քիչ համբերություն է պետք, մինչև նորից ամուսնու կողքին կլինի:

Նաիրան չի կարողանում զսպել զայրույթը, երբ հիշում է, թե ինչպես իրենց մերժեցին զագսում գրանցել` պահանջելով, որ նոտարից համապատասխան թուղթ բերեն, թե ամուսինը իր խնամակալն է, և ապա թույլ տան ամուսնանալ: Թե ինչու է պետք այդ փաստաթուղթը զագսի աշխատակցին, չի կարող բացատրել, բայց փաստն այն է, որ այդպես էլ չզագսավորվեցին, իսկ ամուսինը մեկնեց Ռուսաստան` խոստանալով գործերը կարգավորվելուն պես  Նաիրային ու երեխային նույնպես տանել: «Ոչինչ, դժվարությունները մարդու համար են, դա էլ կհաղթահարենք»,-ասում է Նաիրան:

Իսկ մինչ այդ նրա ողջ ուշադրությունը կլանված է նորածնով` հրաշք Նատալիով, որ կարծես զգում է մոր բոլոր ապրումներն ու աշխատում է շատ չանհանգստացնել նրան. մի քանի ժամ նրանց փոքրիկ կացարանում անցկացնելուց հետո զարմացա, որ Նատալին ոչ մի անգամ չլացեց, չաղմկեց, ինչպես հատուկ է նորածիններին: Նաիրան բացատրեց, որ ամբողջ հղիության ընթացքում դասական երաժշտություն է լսել. «Ի՞նչ ես կարծում, Շոպեն լսած երեխան կարո՞ղ է անհանգիստ լինել»,-հարցնում է Նաիրան և նորից միացնում դասական երաժշտություն:

Փոքրիկ Նատալին յուրօրինակ է նաև նրանով, որ ծնվելիս ոչ թե ճիչ է արձակել, ինչպես բոլոր նորածինները, այլ ժպտացել է: Հիմա էլ է ժպտում, և ափսոս, որ այդ ժպիտը նրա մայրը չի տեսնում, քանի որ դա բառերով նկարագրել պարզապես հնարավոր չէ:

Ի դեպ, այդ ժպիտը տեսնել կարող ես նաև դու, հարգելի ընթերցող, եթե քեզ հետաքրքրեց այս պատմության հերոսուհու կյանքը. նա սիրով պատրաստ է հյուրընկալել բոլոր անկեղծ ու անմիջական մարդկանց, ովքեր չեն խուսափում առանձնահատուկ անհատներից կամ նրանցից ինչ-որ թանկ ու անփոխարինելի բան վերցնելուց:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Միայնակ կույր կինը` նորածին երեխան գրկին և առանց աշխատանքի” վերաբերյալ

  1. Անի

    ete hnaravoe e greq ajs knoj tvjalner@