Հայ ոսկեդարը «ոչինչ է». Եղիշեի, Փարպեցու և Բուզանդի երկերի կեղծ-հայագիտական ռևիզիան

eghishe

1978 թ. Թոմսոնը, Խորենացու «Հայոց պատմությանը» անհավաստի աղբյուրի պիտակ փակցնելուց ու Պատմահորը վատաբանելուց հետո որևէ լուրջ հակահարված չստանալով, անցավ Փարպեցուն ու Եղիշեին:

Եղիշեն նույնպես Թոմսոնի համար գիտական էթիկան խախտող մի ոչ բարոյական կերպար է, իսկ նրա երկը՝ ոչ թե ականատեսի պատմած, այլ իբր ընդամենը Ղազար Փարպեցու հաղորդումների գրական ընդարձակ վերամշակում:

Ըստ Թոմսոնի` Եղիշեի ասածը, թե նա մասնակցել է 450-451 թթ. հայոց ապստամբությանը, սուտ է, իսկ Եղիշեն իբր իրականում ապրել է Ավարայրից 100-150 տարի անց՝ VI դարի վերջերին: Դրանից հետո մեկ այլ «հայագետ»՝ Լոս Անջելեսի UCLA համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար Պիտեր Քաուին, հայտարարեց, թե «Եղիշեի զմայլելի (գրական) նվաճումը ճգրիտ կամ հավաստի քիչ տեղեկություններ ունի տալու հայոց քաղաքական կամ ռազմական պատմության հետազոտողներին»: Քաուին ոսկեդարի հայ պատմիչների երկերն անվանեց «մերձպատմական շարադրանքներ»:

«Այսինքն` պատմագրությանը հավակնող, սակայն անհավաստի տեղեկություններ պարունակող գործեր,- մեկնաբանում է Արմեն Այվազյանը,- փաստորեն, ըստ թոմսոնների, Հայաստանը մշակութային մի խոպան տարածք էր, որտեղ ով ինչ ուզենար՝ կգրեր, ինչ ուզենար՝ իրեն կհռչակեր»:

Ե՛վ Թոմսոնը, և՛ Քաուին Խորենացու ու Եղիշեի պատմական երկերը մեկնաբանել են բացահայտ ոչ գիտական մոտեցմամբ՝ անտեսելով սկզբնաղբյուրների ու պատմաբանասիրական հսկայածավալ գրականության մի զգալի մասն ու բավարարվելով միայն իրենց կանխակալ եզրակացություններին համապատասխանող հաղորդումներով ու տեսակետներով:

Ըստ Այվազյանի, եթե Խորենացին ու Եղիշեն լինեին V դարից շատ ավելի ուշ ապրած ու հորինվածքներ արտադրած ինքնակոչ հեղինակներ, ապա նրանք ու նրանց երկերը ոչ թե կմեծարվեին ու կծառայեին որպես դասագիրք ու հայոց պատմություն, այլ հենց իրենց կյանքի օրոք` «մինչև թոմսոնների լույս աշխարհ գալը», անմիջապես կմերժվեին հայկական գիտակրթական զարգացած միջավայրի կողմից:

«Մինչդեռ հայոց հին և միջնադարյան վիթխարի դպրությունն ու մատենագրությունը ոչ միայն պաշտպանել են Խորենացու և Եղիշեի V դարին պատկանելու փաստը, այլ լրացուցիչ կենսագրական մանրամասներ հաղորդել այս երկու մեծ այրերի մասին»,-ասում է Այվազյանը:

Չնայած անցել է մոտ 30 տարի, Եղիշեի երկի Թոմսոնի թարգմանությունն ու նրան կից «քննությունը» դեռևս Հայաստանում չեն գրախոսվել:

Եղիշեին ևս ստախոս հռչակելուց հետո Թոմսոնն անցավ Փարպեցուն: 1991 թ. նա թարգմանեց Փարպեցու «Հայոց պատմությունը»՝ վերնագրից ջնջելով Հայաստան բառը և այն դարձնելով «Ղազար Փարպեցու պատմությունը»:

Այստեղ տեղին է հիշել վերնագրի խեղաթյուրման այլ փաստեր. օրինակ` նշանավոր Դեյվիդ Լենգի գրքի «Հայաստան՝ քաղաքակրթության օրրան» (“Armenia: Cradle of Civilization”) վերնագիրը ռուս հեղինակը թարգմանեց «Հայեր. ազգ-արարիչ» (Армяне. Народ-созидатель): Կամ ինչպես Զիա Բունիաթովը Կիրակոս Գանձակեցու երկի վերնագրից ջնջեց Հայաստան բառը և այն «Հայոց պատմությունից» վերածեց «Պատմության», Ռոբերթ Բեդրոսյանը, թարգմանելով Բուզանդի, Փարպեցու և Գանձակեցու Հայոց պատմությունները, դրանք վերնագրեց ոչ թե «Հայաստանի պատմություն», այլ «Հայերի պատմություն» և այլն:

Սակայն Փավստոս Բուզանդի երկի դեմ ամենակատաղի արշավն իրականացրեց պրոֆեսոր Նինա Գարսոյանը.  1989 թ. ԱՄն-ում հրապարակվեց Բուզանդի «Հայոց պատմությունը»՝ Գարսոյանի անգլերեն թարգմանությամբ: Վերջինս «Հայոց պատմությունը» թարգմանեց «Դյուցազնական պատմություններ»: Դրանից հետո Բուզանդի երկի իսկական վերնագիրն այլևս չի վերականգնվել, իսկ մինչ օրս Գարսոյանի թարգմանությունն ԱՄն-ում համարվում է լուրջ գիտական նվաճում:

Բուզանդի դեմ հարձակումների առիթ են տվել երկի առասպելական դրվագներով հատվածները, որոնք, սակայն, կազմում են ողջ պատմության 10%-ից պակաս մասը, ինչպես նաև հստակ ժամանակագրության բացակայությունը:

«Իրականում Բուզանդը Հայաստանի պատմություն ու առավելապես ռազմական պատմություն գրած մի խիստ յուրօրինակ պատմիչ է, որի եզակիությունն արտահայտվում է իր երկին գաղափարախոսական սուր ուղղվածություն հաղորդելու մեջ», – ասում է Այվազյանը:

Գարսոյանը, սակայն, այդքանով չբավարարվեց և վերատպեց Բուզանդի պետերբուրգյան հայերեն հրատարակությունը՝ «Կեղծ-Փավստոս. Բուզանդարան պատմութիւնք» խորագրով:

«Փաստորեն, ամերիկյան հայագիտության մեջ աշխատանքի բաժանում էր արված,- եզրակացնում է Այվազյանը,- Թոմսոնն իր վրա էր վերցրել Ագաթանգեղոսի, Խորենացու և Եղիշեի երկերն անհավաստի աղբյուր հռչակելու գործը, իսկ Բուզանդի հարցերի լուծումը հանձնվել էր Գարսոյանին»:

Գարսոյանը ոչ միայն թերագնահատում է Բուզանդի երկը, ներկայացնելով այն իբրև պատմափաստագրական առումով ոչ հավաստի աղբյուր, այլև փորձում է «ապացուցել» հայ մշակույթի և քաղաքակրթության ածանցյալությունն իրանական և բյուզանդական ազդեցություններից: Իր մի հոդվածում Խորենացու և Եղիշեի մասին Գարսոյանը գրում է. «Այս երկու հեղինակներն արտահայտում են սեփական իդեալները՝ զրադաշտական Իրանին դիմագրավող միասնական, միացյալ Հայաստան: Նրանք անտեսում են հայկական հասարակության և հաստատությունների վրա իրանական խորը ազդեցությունը… Նախընտրում են մոռացության տալ այն, որ հայ Արշակունիները պարթևական լեգիտիմիզմի վերջին և ամենավառ ներկայացուցիչներն են…»:

Այս գաղափարը քարոզել է նաև Գարսոյանի սաներից մեկը՝ Ջեյմս Ռասսելը: Վերջինս Փավստոսի «Հայոց պատությունն» անվանել է «Փավստոսի հայկական Բուզանդարան՝ մի էպոս, որ գրել են քրիստոնյաները, որոնց ամբողջ աշխարհայացքը թերևս պարթևական էր…»։

«Հայերի աշխարհայացքը պարթևականացնելը քաղաքական ենթատեքստ ունի, – ասում է Այվազյանը, – հիշենք ադրբեջանցի «հայագետներին», որոնք Ղարաբաղի հայերին փորձում էին հռչակել քրիստոնյա ադրբեջանցիներ, իսկ թուրքերը քրդերին անվանում էին լեռնային թուրքեր»:

Հայաստանն ու հայերին իրանացնող Գարսոյանին Հայաստանի ԳԱԱ-ն 1986 թ. շնորհեց Անանիա Շիրակացու անվան մրցանակ՝ պատմագիտության մեջ ունեցած ձեռքբերումների համար:

Հիշեցնենք, որ 1998 թ. հրապարակվեց Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» մենագրությունը, որում հեղինակը մանրամասն վերլուծում և բացահայտում է արևմտյան կեղծ հայագիտության բուռն զարգացման պատճառները, միտումներն ու աշխարհաքաղաքական ակունքները։

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր