Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում

Ashot

Աշոտը մեկն է այն երիտասարդներից, որոնց «բախտ է վիճակվել» ապրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում: Ծնողների կողմից հրաժարված և մանկատանը մեծացած Աշոտին 8 տարեկանում տեղափոխել են գիշերօթիկ, որտեղից էլ՝ ուսումնարան: Թե՛ գիշերօթիկի, թե՛ ուսումնարանի մասին խոսելիս Աշոտը դժոխային օրերն է մտաբերում. «Այն, ինչ վերջին շրջանում բացահայտվեց ու ներկայացվեց այդ գիշերօթիկի մասին, ընդամենը մի փոքր մասն է,- ասում է նա ու պատմում, թե ինչպես էին, օրինակ,  դասատուները ստիպում տարիքով ավելի մեծ երեխաներին ճնշել փոքրերին: Կամ ինչպես էր  դասատուն մտնում դասասենյակ, երեխաներին ստիպում, որ ձայն չհանեն, մինչև դասաժամը ավարտվի, և ինքը  հեռանա՝ առանց որևէ բան սովորեցնելու, կամ ինչպես էին ուսուցիչները հավաքվում սուրճ խմելու և դպրոցի մեծ աղջիկներից մեկին հանձնարարում, որ իրենց «նայի»:

Աշոտն ասում է, որ երբ «Զատիկ» մանկատան երեխաներին պատմել է իրենց գիշերօթիկի «օրենքների» մասին, իրեն չեն հավատացել, ծիծաղել են իր վրա: «Երբ մեր էրեխեքը գրքերում, պլակատներում նկարած  ուտելիք էին տեսնում, էդ նկարը իրա չափով կտրում էին և ուտում՝ պատկերացնելով, թե էդ ուտելիքն են ուտում,- պատմում է նա,- սովի տարիներից դա մնաց, երբ ամեն աշխատող դպրոցի սնունդը մի քիչ-մի քիչ տանում էր իր տուն, իսկ էրեխեքին բան չէր մնում»:

Աշոտն ասում է, որ շատ երեխաներ դրանից հետո այլևս չէին կարողանում կշտանալ, որքան էլ ուտեին, սովը մնացել էր մեջները: «Մեր գիշերօթիկում սենց բան էլ կար. երբ ինչ-որ միջոցառում էր լինում, մարդիկ էին գալիս, երեխաներին ինչ-որ բաներ բերում, դասատուն մեծերին սովորեցնում էր, որ մեր ձեռքից վերցնեն, իրենց տան»,-պատմում է նա:

Աշոտը կարծում է, որ սխալ էր նաև թերզարգացածներին ու նորմալ երեխաներին նույն դպրոցում պահելը. «Նորմալ էրեխեքն էնտեղ ժամանակի ընթացքում ձեռք էին բերում հակումներ, որոնք ունեին թերզարգացած էրեխեքը»: Աշոտի կարծիքով, եթե կառավարությունն ուզում է ինչ-որ բան փոխել այդ գիշերօթիկում,ապա  պետք է նախ դասատուների մեծ մասին հեռացնի, հետո փոխի ողջ համակարգը. «Հիմա էնտեղ էլի շարունակում են աշխատել մարդիկ, որ ավելի բեթար բաներ են արել, բայց նրանց արարքները քողի տակ են մնացել»:

Նույնն էլ ուսումնարանը: Երբ մի խումբ երեխաների գիշերօթիկից տեղափոխում են ուսումնարան, նրանք հասկանում են, որ այնտեղ նույնն է, ինչ  գիշերօթիկում, և որոշում են մի քանի հոգով փախչել՝ գերադասելով փողոցը: «Սկզբում մոտ երեսուն փողոցային երեխաներով՝ աղջիկ-տղա, ապրում էինք Նուբարաշենի ձորում՝ մի լքված կիսաքանդ շենքի մեջ, որը հազիվ մի փոքր սենյակի չափ լիներ,- պատմում է Աշոտը,- հենց էդ ժամանակ էլ մի կոնվենցիա հռչակեցինք. Երևանը բաժանեցինք տարածքների, և ամեն մեկին մի տարածք տվեցինք՝ փող մուրալու համար: Ինձ բաժին հասավ Էրեբունու տարածքը»:

Խումբն ուներ իր հստակ օրենքները. օրինակ` ոչ ոք իրավունք չուներ, առանց զգուշացնելու, մտնել ուրիշի տարածք, պետք է նախապես ասեր, որ այսինչ օրը այդ տարածքում է լինելու՝ ուրիշ գործով: «Բայց հետո էդ օրենքը սկսեցին խախտել, վեճեր առաջացան, ու թիմը ցրվեց: Բացի այդ, ես չէի ուզում նրանց հետ ապրել, որովհետև նրանք իրենց օրվա հավաքած փողով խմիչք էին առնում, գիշերները խմում, իսկ ես չէի խմում: Իմ հավաքած փողով ես սնունդ էի առնում, երբեմն թատրոն էի գնում, հետ էի գցում, որ ձմռանը ապրեմ»:

Այդպես մոտ յոթ տարի Աշոտն ապրում է փողոցում՝ գիշերելով հիմնականում բարձրահարկ շենքերի կտուրներում: Ինչու՞ կտուրներում. նախ, որ իր անվտանգությունն ապահովի, հետո էլ, որ չվախեցնի գիշերը ուշ վերադարձող մարդկանց:

Աշոտն արդեն երեսուն տարեկան է: Մի քանի ամիս է, ինչ վարձով ապրում է Էրեբունու հանրակացարաններից մեկի մի փոքրիկ սենյակում: Ստիպված է եղել սենյակ վարձել, քանի որ տառապում է հազվադեպ հանդիպող փղախտ հիվանդությամբ: Բացի այդ հիվանդությունից, երկու հիվանդություն էլ ունի՝ տրոֆիկ խոց և նյարդային ինչ-որ հիվանդություն, որն, իր ասելով, բժիշկները չեն կարողանում հասկանալ:

Փղախտի դեպքում ոտքերն ուռչում են, դեֆորմացվում, պատվում վերքերով: Հիվանդության ախտանշաններից մեկն էլ ահավոր ծանր հոտն է, որը մարդկանց վանում է: Աշոտի հիվանդությունը ամենածայրահեղ աստիճանում է: Նա հազիվ է տեղաշարժվում ձեռնափայտի կամ անվասայլակի օգնությամբ:

«Ինձնից պոլիկլինիկաներում գումար չեն ուզում, բայց դեղերը լիարժեք չեն տալիս. հատուկ դեղեր են, թանկ արժեն, ասում են՝ չկա: Հիմա էլ բժիշկները զզվում են մոտենալ, որոշ դեղեր տալիս են , ասում՝ գնա ինքդ վերքերդ մշակի»,-ասում է նա:

Ուշ թե շուտ Աշոտը պետք է հրաժարվի ոտքերից. արդեն ծնկներից ներքև ոտքերն անզգայացել են: «Մի բժիշկ կա, ասում է՝ ինչքան կարաս դիմացի, հենց որ ոտքերդ լրիվ անզգայանան, կկտրենք»,-ասում է նա:

Ստպված է մի կերպ փողոց դուրս գալ՝ մուրացկանության: Չնայած սենյակի վարձը՝ 25 հազար  դրամը, մի քահանա է տալիս, բայց դեղորայքի և սնվելու համար գումար է պետք՝ օրը մոտ 3000 դրամ. «Օր կա, կարողանում եմ էդքան գումար հավաքել, օր էլ կա՝ չէ: Դրա համար էլ  հիվանդությունս սրվել է, ամենօրյա խնամք է պետք»,-ասում է նա:

Մի շարք կազմակերպությունների է դիմել, ասել են՝ չենք կարող օգնել: «Երբ մարդիկ ինձ փողոցում տեսնում են, ինչ ասես՝ չեն ասում` «խի՞ ես էս վիճակում դուրս եկել…», «տանը մնայիր…»: Կամ զզվում են, գլուխները թեքում ինձնից: Տրանսպորտն էլ արդեն չի վերցնում հոտի պատճառով»:

Աշոտը սովորական մուրացկանից ու փողոցում մեծացած որբերից շատ բանով է տարբերվում. նա քաջ գիտակցում է իր վիճակի լրջությունը, հասկանում, որ դրա պատճառները սոցիալական են, ընդունում, որ եթե ինքն այլ պայմաններում մեծանար, ամեն ինչ ուրիշ կլիներ: Թերևս նրան այդ ամենը հասկանալու գործում մեծապես օգնել է ընթերցանությունը: Շատ է կարդում: Ասում է, որ եթե նորմալ կրթություն ստանար, բանասեր կդառնար: «Աշխատանք էլ կունենայի,- ասում է նա,- իսկ հիմա ինձ ամենացածր աշխատանքն էլ չեն տալիս, հատկապես, որ հիվանդ եմ»:

Աշոտը նաև բանաստեղծություններ է գրում. օրինակ` վերջերս մի բանաստեղծություն է գրել, որն ավելի շուտ վարքականոն է հիշեցնում. «Մշակե՛ք ուրիշների մասին լավը խոսելու կարողություն…Կա՛նգ առեք նրանց լավ որակների վրա, ում հետ շփվում եք, և որքան հնարավոր է՝ քիչ նկատեք նրանց մոլորություններն ու բացթողումները…Մտորումը սեփական դառնությունների ու դժգոհությունների մասին երբեք օգուտ չի բերում…Զարգացրե՛ք շնորհակալության զգացումը»:

 

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Նուբարաշենի գիշերօթիկի երեխաները նկարն ուտում էին՝ պատկերացնելով, թե սնունդ են ուտում” վերաբերյալ

  1. AMEN IN4 SHAT ANKEXC ER,,,,,,,NUBARASHENI GISHEROTIKICA SAX SKSVEL,,,,,,4EM HASKANUM KARAVARUTYUN@ IN4 BANIYA TOX MEK MEK ANCNI GISHEROTIKNERI U MANKATNERI KOXQOV