Ամուսնացա ծնողներիս պարտադրանքով…

domestic_violence_2

Այս պատմությունները բացահայտում են մեր իրականության մի մութ ու ցավալի կողմ՝ ծնողների կոշտ միջամտությունը երեխաների ամուսնության հարցում, որն այս դեպքերում դարձել է երեխաների դժբախտության ու ապագայի կործանման պատճառ:

«Ծնողներս, իմանալով, որ նրանք հրաժարվել են ինձ տուն տանելուց, իրենք էլ չուզեցին փոքրիկիս ընդունել…»

«Արդեն մահվան մահճում եմ և թերթելով անցյալիս էջերը՝ միայն տխրություն եմ գտնում: Նոր էի ավարտել դպրոցը, երբ ինձ համար ծնողներս փեսացու ընտրեցին և գրեթե ստիպողաբար ամուսնացրին: Նա գեղեցիկ ու հաճելի երիտասարդ էր: Սակայն հարսանիքից հետո քիչ-քիչ ի հայտ եկան ամուսնուս բնավորության կոշտ ու կոպիտ, դաժան գծերը: Տուն էր գալիս հարբած վիճակում, և սկսվում էին ծեծն ու հայհոյանքը:

Ես հղիացա, բայց վախենում էի այդ մասին ասել: Սկեսուրս ինձ հետ շատ վատ էր վարվում: Պաշտպանում էր իր տղային՝ ասելով. «Էլ ի՞նչ տղամարդ, որ կնկա փեշը բռնած ման գա»:

Անցան ամիսներ: Եկավ իմ ծննդաբերության ժամանակը, և ինձ տարան ծննդատուն: Ունեցա մի չքնաղ աղջիկ, միակս, մինուճարս, որին միայն ծննդատանը տեսա: Այդ օրերին ո´չ ամուսինս, ո´չ էլ նրա ծնողները չեկան իմ հետևից, ինձ իրենց տուն չտարան: Երեխայի հետ մնացի հիվանդանոցում: Ծնողներս էլ, իմանալով որ նրանք հրաժարվել են ինձ տուն տանելուց, իրենք էլ չուզեցին փոքրիկիս ընդունել՝ ասելով, թե էդ հորից ի՞նչ երեխա պիտի ծնվի:

Ինձ համար իմ փոքրիկից հրաժարվելը շատ դժվար էր, բայց ես ոչինչ անել չէի կարող, որովհետև ծնողներս ինձանից երես կթեքեին: Շատ եմ տանջվել՝ անքուն գիշերներ, հիասթափություն, ինքնասպանության փորձ…Բայց ամեն ինչ անօգուտ էր:

Անցան ամիսներ: Հետո իմացա, որ երեխայիս որդեգրել են ու տարել քաղաքից: Ծնողներիս թախանձանքը, որ նորից ամուսնանայի, իզուր էր: Ես այդ մասին լսել անգամ չէի ուզում:

Ամբողջ կյանքում փնտրել եմ աղջկաս, բայց ապարդյուն: Այժմ էլ, անկողնուն գամված, սպասում եմ, որ ահա, դուռը կբացվի, ու ներս կմտնի իմ միակը, իմ հույսն ու ապավենը:

Բայց նա իր ուրախությունն ու երջանկությունը պարգևել էր իր «ծնողներին»: Իսկ ես անհույս ու անօգնական ապրեցի ողջ կյանքս: Գուցե մահիցս հետո նա կիմանա ու այցի կգա իմ գերեզմանին…»:

«Մայր ասաց, որ գեղեցիկ հագնվեմ, մազերս հարդարեմ…». գալու էին դստերը նշանելու

«Դպրոցը նոր էի ավարտել, ուզում էի ուսումս շարունակել: Մանկուց երազում էի ուսուցչուհի դառնալ: Բայց իմ երազանքներն այդպես էլ չիրականացան: Մի օր ծնողներս խոհանոցում փսփսում էին ու ինձ կանչեցին: Մայր ասաց, որ գեղեցիկ հագնվեմ, մազերս հարդարեմ: Երբ պատճառը հարցրի, հայրս խիստ տոնով ասաց, որ ինձ այդ օրը նշանելու են: Ես լաց եղա: Հայրս ապտակեց, թևիցս բռնեց, տարավ իմ սենյակն ու դուռը կողպեց վրաս:

Երեկոյան մեր տուն եկան անծանոթ մարդիկ՝ ծաղիկներով, նվերներով, մրգերով: Նրանց մեջ էր 28-30 տարեկան մի բարետես տղամարդ՝ իմ ապագա ամուսինը: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Նրանք ինձ նշանեցին, շնորհավորեցին: Մայրս արագ-արագ սեղան գցեց, կերան-խմեցին: Նրանց գնալուց հետո ամբողջ գիշեր լալիս էի: Մտածում էի՝ ինքնասպան լինել…

Հաջորդ օրը նրանք եկան և ինձ տարան: Ամուսնանալուց հետո նկատեցի, որ ամուսինս ինչ որ տարօրինակություններ ունի: Պարզվեց, որ նա մանկամիտ է: Մի օր էլ, չգիտեմ՝ ովքեր, նրան տարել ու խմեցրել էին: Ներս մտավ, դանակը ձեռքն առավ ու հարձակվեց վրաս: Արնաթաթախ վազեցի հորս տուն: Հայրս այլայլված ինձ էր նայում: Մայրս մի քանի անգամ փորձեց ինձ համոզել, որ հետ գնամ, բայց հայրս գոռաց, արգելեց այդ մասին խոսել, ասաց, որ իմ դժբախտության պատճառն իրենք են եղել:

Արդեն 9 տարի է՝ ես հորս տանն եմ ապրում, խնամում եմ եղբորս երեխաներին»:

 

«Աղջիկ ջան, չես տեսնի՞, ղայդին տունտեղ, ապրուստ, հարստություն ունեն, էլ ի՞նչ կուզես բախտիցդ»

«Քսանմեկ տարեկանում ծնողներիս պարտադրանքով ամուսնացա մի մարդու հետ, որին չէի սիրում: Ամուսնուս ընտանիքը շատ հարուստ էր, և հայրս ասում էր՝ «Աղջիկ ջան, չես տեսնի՞, ղայդին տուն-տեղ, ապրուստ, հարստություն ունեն, էլ ի՞նչ կուզես բախտիցդ, էլ ըսպես բախտ քեզ չի հանդիպի»:

Ինչևէ, ամուսնացանք: Հետո այդ «ղայդին տանը» ինչ ասես՝ չտեսա: Սկեսրայրս ամեն օր իր սիրուհու հետ գալիս էր մեր տուն, սկեսուրս դրան վերաբերվում էր անտարբերությամբ: Իսկ ամուսինս, պարզվեց` թմրամոլ է: Այս հանգամանքը չէր հուզում ո´չ ոչ սկեսրայրիս, ո´չ էլ սկեսուրիս: Նրանցից յուրաքանչյուրն ապրում էր իր կյանքով: Ամեն օր ծեծ, կռիվ, մանավանդ, երբ ամուսինս թմրադեղ օգտագործած էր գալիս տուն, ջարդուփշուր էր անում ամեն ինչ:

Մի անգամ էլ, երբ ատրճանակը ձեռքին տնով մեկ վազում էր հետևիցս, հասցրեցի տնից դուրս փախչել և մի կերպ փրկվել: Հիմա չեմ կարող ասել, թե ինչն այն ժամանակ փրկեց ինձ. գուցե հարևանի զանգը ոստիկանություն: Նրան ձերբակալեցին, բայց քանի որ ճանաչված մարդու տղա էր, մի քանի ժամից բաց թողեցին:

Արդեն չորս տարի է՝ ապրում եմ այդ դժողքում՝ դիմանալով ծեծին ու վիրավորանքին: Ուզում եմ բաժանվել նրանից, բայց վախենում եմ, որ նա ինձ կսպանի, և իմ երեխաները որբ կմեծանան»:

«Մի խամ լվացքի մեքենա, որ պահեմ քու տեղդ, ավելի լավ է, քան քո նման փալասը»

Ամուսնացել եմ իմ մոր և ապագա ասկեսրոջ փոխադարձ համաձայնությամբ, քանի որ նրանց մեջ հեռու բարեկամական կապ կար: Իմ ապագա ամուսնուն նույնիսկ չէի ճանաչում: Ես միշտ երազում էի ամուր ու համերաշխ ընտանիքի մասին, այնպիսի ընտանիքի, որի հիմքում սեր կլիներ: Բայց դա այդպես էլ երազանք մնաց:

Ամուսինս աշխատում էր և լավ էր վաստակում, բայց ես ու երեխաներս մեր օրն անց էինք կացնում կիսաքաղց վիճակում:  Նա իր վաստակած գումարը վատնում էր ընկերների և սիրուհիների հետ՝ բնության գրկում կամ էլ ռեստորաններում: Գիշերները ցանկացած ժամի տուն էր գալիս, և սկսվում էին ծեծը, հայհոյանքը, նվաստացումը: Ինձ ասում էր. «Դու ի՞նչ կնիկ ես, ոչ վրեդ տեսք կա, ոչ էլ կնկա ֆասոն: Մի խամ լվացքի մեքենա, որ պահեմ քու տեղդ, ավելի լավ է, քան քո նման փալասը»:

Արդեն 25 տարի է՝ իմ երեխաների պատվի համար տանջվում եմ: Հետդարձի ճանապարհ չունեմ: Պետք է տանջվեմ, մինչև կյանքիս վերջը…»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր