Երիտասարդ գիտնականն՝ ընդդեմ Խորենացու երկի թոմսոնյան թարգմանության

Լուիզա

Լուիզա Գասպարյանը վերջերս է պաշտպանել «Համարժեքության խնդիրը Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի անգլերեն թարգմանության մեջ» թեմայով ատենախոսությունը:

Իր ուսումնասիրության մեջ երիտասարդ գիտնականը լայնորեն վեր է հանել երկի անգլերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական անհամապատասխանությունները. «Բացահայտվեցին ինչպես փաստագրական, այնպես էլ պատմամշակութային արժեք ունեցող լեզվական երևույթների թերի, սխալ, աղավաղված փոխակերպության բազմաթիվ դեպքեր»,- ասում է նա:

Ըստ նրա` Թոմսոնի թարգմանության մեջ հատկապես տուժել է ազգամշակութային բաղադրիչը՝ տեղանունները, պատմական նշանակություն ունեցող որոշ շրջադարձային հատվածները և այլն: Հարց է ծագում` անհամապատասխանությունները պայմանավորված են թարգմանչի հենքային գիտելիքների պակասո՞վ, գրաբարի թերի իմացությա՞մբ, թե՞ նրա քաղաքական դիրքորոշումների ճնշման տակ դրսևորվում է, մեղմ ասած, անբարյացկամությունը հայ ժողովրդի նկատմամբ: Օրինակ` հետաքրքիր է, թե ինչպես է թարգմանության մեջ պատմական Ատրպատականը Ադրբեջան դառնում:

Լուիզայի գիտական ղեկավարը՝ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը, կարծում է, որ Թոմսոնի թարգմանության մեջ գիտական, գրական, էթիկական նորմերը էապես խախտված են. «Իմ մասնագիտական գործունեության ընթացքում առաջին անգամ էր, որ բացահայտում էի թարգմանչի այդօրինակ ուղղակի ոտնձգություն հեղինակային իրավունքի նկատմամբ: Թարգմանիչը ոչ միայն պատմիչին է խմբագրում, այլև ընդհանրապես հայ ժողովուրդի պատմամշակութային անցյալը»:

Պրոֆեսորը համոզված է, որ երբ բնագիրն առնչվում է  հատկապես ազգի արմատներին,  նրա պատմությանն ու այդ պատմության ընթացքում տեղ գտած զարգացումներին, թարգմանչից առավել մեծ խնամք ու զգուշավորություն է պահանջվում, մի բան, որ ցավոք, բացակայում է թոմսոնյան թարգմանության մեջ:

Հայտնի է, որ հենց վերնագիրն է ազդարարում տեքստային բովանդակության բացահայտման, ընկալման և կանխատեսման ընթացքը, արտացոլում բուն ասելիքը:  Եվ Թոմսոնի կողմից կատարված բազմաթիվ աղավաղումներից առանձնակի ուշադրության է արժանի երկի վերնագրի թարգմանությունը, որը գրաբարի քերականության տարրերի իմացության դեպքում անգամ հարկ էր թարգմանել «Հայքի (Հայաստանի) պատմություն» և ոչ` «Հայերի պատմություն»:  «Եթե  Խորենացու երկի «Պատմություն Հայոց» վերնագրում «Հայոց» միավորը կարող է երկիմաստություն արտահայտել (հայ կամ Հայք), ապա այդ խնդիրը միանգամայն հստակ լուծում է ստանում բուն տեքստային հյուսվածքում, որտեղ պատմահայրն ակնհայտորեն նպատակ ունի նկարագրել Մեծ Հայքի՝ որպես հին հայկական պետության աշխարհագրական, ազգամշակութային, պատմաքաղաքական անցուդարձն ու իրողությունները»,- բացատրում է Լուիզա Գասպարյանը:

Ակնհայտ է, որ երկի վերնագրի թարգմանության հարցում Թոմսոնի դիրքորոշումը բխում է թուրք կեղծարար Էսաթ Ուրասի հետևյալ գաղափարական դրույթից. «Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների»: Այդ դիրքորոշման մասին են վկայում նաև Ղազար Փարպեցու և Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» վերնագրերի թոմսոնյան թարգմանությունները. առաջինի դեպքում վերնագիրը թարգմանվել է «Ղազար Փարպեցու պատմություն», իսկ երկրորդի դեպքում՝ «Հայերի պատմություն»:

Սեդա Գասպարյանին, սակայն, ամենից շատ զարմացնում են այն հայ գիտնականները, որոնք բարձր են գնահատել և գնահատում Թոմսոնի թարգմանական աշխատանքը. «Արդյոք պե՞տք էր մեզ այդ թարգմանությունը, եթե պիտի այդ ձևով արվեր»,- ասում է նա,- մեզ հաճախ էր տրվում այն հարցը, թե արդյոք այդ թարգմանությունը որևէ դրական կողմ չունի՞: Բանն այն է, որ եթե այդպիսիք կան էլ, արժեզրկվում են, քանի որ այդ թարգմանությունը շրջանառության մեջ մտնելուց հետո Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը հանվել է պատմագիտական հուսալի աղբյուրների ցանկից: Այդ թարգմանությունը նախևառաջ մեզ պետք է հետաքրքրի մեր երկրի ազգային պատմամշակութային անվտանգության տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է թարգմանության առաջաբանում Թոմսոնի կատարած «ուսումնասիրությանը» (որում Խորենացին մեղադրվում է «խաբեությունների», «պատմություններ հնարելու», «դիտավորյալ աղբյուրներն աղավաղելու և դրվագներ հնարելու», «կեղծիքով Հայաստանը համաշխարհային ասպարեզ մտցնելու» և այլ «մեղքերի» մեջ և որակվում իբրև «լկտի և կեղծարար խաբեբա, առաջին կարգի աճպարար»), ապա Գասպարյանը կարծում է, որ դա ոչ թե ուսումնասիրություն է, այլ թարգմանչի քաղաքական դիրքորոշման արտացոլումը, որը տարածվում է ողջ թարգմանության վրա:

Հիշեցնենք, որ XIX դարի վերջերից սկիզբ առած «գերքննադատության» ալիքն անխնա հարվածեց հայոց պատմահոր՝ Մովսես Խորենացու երկին՝ ամբողջությամբ կասկածի տակ առնելով դրա  արժանահավատությունը:

1978 թ. անգլիացի բանասեր Ռոբերթ Թոմսոնը ստանձնեց Խորենացուն սևացնելու «կարևորագույն գործը»՝ թարգմանելով և հրատարակելով «Պատմություն Հայոց»-ի անգլերեն տարբերակը:

Խորենացու երկը, անցնելով թոմսոնյան թարգմանության «խողովակով», անվանարկվեց, մանավանդ որ Թոմսոնը թարգմանությանը կցեց իր հայտնի  առաջաբանը՝ «կոչ անելով» ընթերցողին Խորենացու երկը չընդունել իբրև լուրջ աշխատություն, իսկ բուն տեքստի մեջ կատարելով բազմաթիվ կամայական թարգմանություններ:

Ցավոք, Թոմսոնի թարգմանությունն ինչպես արևմտյան, այնպես էլ հայաստանյան գիտական շրջանակներում բարձր գնահատական ստացավ, իսկ նրա տեսակետը, թե Խորենացու երկը ոչ հավաստի աղբյուր է, հեղինակն էլ՝ կեղծարար խաբեբա, դաջվեց արևմտյան գիտական մտքի վրա:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Երիտասարդ գիտնականն՝ ընդդեմ Խորենացու երկի թոմսոնյան թարգմանության” վերաբերյալ

  1. minarno

    Արևմտյան կեղծարարներին լավ գիտեմ,բայց մի հարց էլ մեր պատմաբաններին.Հայոց Պատմությունը Հայքի պատմությունն է,իսկ Հայքը բաղկացած է 2 մասից-Մեծ և Փոքր Հայքերից:Ինչու են մեր գիտնականները վերցնում միայն Մեծ Հայքը????

Թողնել պատասխան minarno-ի համար Չեղարկել պատասխանը