Ծնվելիս աղբանոց նետված, հետագայում Նուբարաշենի գիշերօթիկում հայտնված Սարգիսը փող է հավաքում, որ տուն գնի

Sargis

Նախորդ շաբաթ «Անկախ» շաբաթաթերթում և կայքում զետեղեցինք մի հոդված Նուբարաշենի հատուկ գիշերօթիկ դպրոցի սաներից մեկի՝ Աշոտի մասին: Հոդվածում հատուկ դպրոցի նախկին սանը,պատմելով իր մասին, ներկայացնում է նաև գիշերօթիկում անցկացրած իր կյանքի որոշմանրամասներ:

Հոդվածը լույս տեսնելուց հետո Աշոտինզանգահարում են գիշերօթիկի ուսուցիչներից ու«ամոթանք» տալիս, որ համարձակվել է «սևացնել»իրենց դպրոցի անունը: Ներկայացնելով նույն գիշերօթիկի նախկին սաներից ևս մեկի՝ Սարգսի պատմածները, հույս ունենք, որ Աշոտի տեսակետը չի դիտվի իբրև սուբյեկտիվ վերաբերմունք:

Այն էլ նշենք, որ և՛ Աշոտի, և՛ Սարգսի մասին գրելիս նպատակ չենք ունեցել քարկոծել այդ դպրոցը: Մերցանկությունը հասարակությանը նման ճակատագիր ունեցող երիտասարդների կյանքը ներկայացնելն է,կյանք, որ կամա, թե ակամա առնչվում է նաև Նուբարաշենի հատուկ դպրոցին:

28-ամյա Սարգիսը պատմում է, որ ծնվելուց հետո մայրն իրեն թողել է աղբանոցում՝ ապակիների մեջ, քանի որ ապօրինի կապի ծնունդ է եղել: Երեխային աղբանոցից գտել է մի տարեց կին և  տարել հիվանդանոց, որտեղից էլ  նրան տեղափոխել են Գյումրու մանկատուն: Հետագայում Սարգիսը հայտնվել է Նուբարաշենի հատուկ գիշերօթիկ դպրոցում:

«Մեզ ծեծում էին դպրոցի մեծ աղջիկները, և դասատուները տեղյակ էին,- պատմում է Սարգիսը,- մեզ «դաստիարակում էին» մեծերի ձեռքով: Բացի էն, որ ծեծում էին, մեր նվերները, ուտելիքը ձեռքներիցս առնում էին: Մենք էլ  սոված էինք մնում, պարկետներն էինք կրծում»:

Այսպես է սկսում գիշերօթիկի մասին իր վատ հիշողությունները Սարգիսը: Հետո վերցնում է մի կտոր բարակ հացի շերտ և ինձ հարցնում. «Քո համար քանի՞ կտոր հաց ա»: Պատասխանում եմ՝ կես: «Քո համար կես, իսկ գիշերօթիկի էրեխեքի համար՝ մի ճաշի հաց, կտրում, երկու մասի էին բաժանում, իբր երկու կտոր հաց են տալիս, հենց լույսերը կտրում էին, մտնում էինք ճաշարան ու հացերը գողանում՝ առանց նայելու՝ մեր ընկերոջ հացն ա, թե ինչ ա, իսկ հաջորդ օրը ծեծվում էինք»:

Պատմում է, որ քնելիս իրենց ստիպում էին, որ գլուխները ծածկեն. «Նպատակն էն  էր, որ էրեխեքը չտեսնեն, թե միջանցքներում ինչ է կատարվում»: Եթե, օրինակ, այդ օրը ուսուցիչներից մեկը բողոքել էր աշակերտներից որևէ մեկից,  գիշերային ուսուցիչը զբաղվում էր նրա «դաստիարակությամբ»: «Ավագյան Լյովան, ուրիշ ուսուցիչներ փետով ծեծում էին էրեխեքին, երևի կայֆ էին ստանում, մինչև արյուն չէին տեսնում, չէին հանգստանում»,-ասում է Սարգիսը:

Նա հիշում է գիշերօթիկում ընդունված պատժամիջոցներից մեկը, որն իրենք  «սամալյոտ կանգնացնել» էին անվանում: Պատժամիջոցը հետևյալն էր. ձեռքերը հորիզոնական տարածում էին կիսանստած վիճակում, երբեմն էլ մի ոտքի վրա, մեջքին մի ծանր փայտի կտոր էին դնում, և պատժվողը պետք է դիմանար, որպեսզի հանկարծ մեջքի վրայի փայտը գետնին չընկներ: Հակառակ դեպքում նույն փայտով հարվածում էին ողնաշարին: Լինում էր նաև, որ փայտի փոխարեն մեջքին ծաղկաման էին դնում…

Սարգիսն էլի շատ ու շատ բաներ է թվարկում, որ չէր ուզենա հիշել, օրինակ` ինչպես էին «չարություն» անելու համար պատժվում՝ 24 ժամ զրկվելով սննդից, կամ զուգարան գնալու համար ժամ գոյություն ուներ, իսկ եթե հանկարծ տակդ անեիր, ծեծ կուտեիր…

Բայց ծեծից առավել Սարգսի համար անտանելի էր սովը. «Երբ գարունը գալիս էր, մեզ տանում էին Նուբարաշենի գերեզմանոց՝ իբր թե զբոսանքի, բայց նպատակն էն էր, որ ով ինչ կարա, արածի,- պատմում է նա,- ինչ խոտ որ հնարավոր էր ուտել, ուտում էինք: Անգամ գերեզմանոցի խունկն ու հոգեհացն էինք ուտում, եթե գտնում էինք: Պատահում էր, որ աղբի միջից ուտելիք էինք գտնում, ուտում, անգամ E տառով դեղեր, մի խոսքով, քարից փափուկ ինչ լինում էր, ուտում էինք: Էրեխեք կային, որ սովածությունից մագնիտաֆոնի պլաստինկաները դնում էին բերանները, կրծում, որ կշտանան»:

Ինը տարեկանում Սարգսին որդեգրում են: Սակայն նրա բախտն այստեղ էլ չի բերում: «Ծնողներն» ինչ-որ աղանդի հետևորդներ էին և ստիպում էին Սարգսին հրաժարվել միս ուտելուց. «Ասում էին միս մի կեր, մեջը սատանա կա,- պատմում է Սարգիսը,- իսկ երբ իմանում էին, որ կերել եմ, ծեծում էին: Բացի էդ, ստիպում էին, որ իրնց մամա ու պապա ասեմ, ես էլ չէի կարողանում»:

Մի տարի անց Սարգիսը հեռանում է իր նոր «ընտանիքից»: 1998 թ. նրան տեղափոխում են հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր, որտեղ սովորում և ապրում են ծայրահեղ աղքատ, ծնողազուրկ և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Կրթահամալիրում, որը նախատեսված է 3 տարի սովորելու համար,  Սարգիսն անցկացնում է տասներկու տարի, քանի որ շատերի պես գնալու տեղ չուներ: Նա գոհ է ուսումնարանից, ասում է, որ էնտեղ իրենց պահել են ավելի, քան պարտավոր էին:

2005 թ. նա պատահաբար գտնում է իր եղբորն ու քրոջը (մոր կողմից): Մի անգամ, երբ հողագործական աշխատանքներ էր կատարում մի տարեց կնոջ համար,  նկատում է, որ այդ կինն ուշադիր նայում է իրեն և հանկարծ սկսում է լաց լինել: Պարզվում է, որ տարեց կինը ճանաչել է Սարգսի մորը՝ Համասփյուռին (վերջինս արդեն մահացել էր), և Սարգսի չափազանց շատ նմանությունն իր մորը ծեր կնոջը ենթադրել է տալիս, որ նա Համասփյուռի տղան է: «Երբ ասեցի, որ հա, մորս անունը Համասփյուռ է եղել, տատին վատացավ,- պատմում է Սարգիսը,- բայց մի բան ասեց՝ մինչև ես չգտնեմ քո քվորը կամ եղբորը, չեմ մեռնի»:

Եվ ծեր կինը գտնում է Սարգսի եղբորն ու քրոջը, ծանոթացնում, հետո մահանում: Սարգիսը գտնում է իր հարազատներին, բայց դա էլ նրան ուրախություն չի բերում. «Մի պահ նրանց հետ էի ապրում, բայց քուրս մի ավազակ ամուսին ուներ, որ հիմա բանտում ա: Մի օր ինձ թալանեցին, ու ես որոշեցի գնամ էդ տնից»: Հիմա եղբոր ու քրոջ հետ կապ ունի, բայց մտերիմ չէ:

2008 թ. Սարգսին ու ևս չորս հոգու ուղղորդում են «Ջերմիկ անկյուն» խմբային տուն, որտեղ, սակայն, նա չի հարմարվում, և մի տարի անց նրան հեռացնում են:

«Ջերմիկ անկյուն» խմբային տան տնօրեն Ելենա Կիրակոսյանի խոսքով` Սարգիսն  առավոտյան արթնանում էր, շտապում աշխատանքի (հողագործություն, կանաչապատում), շատ ուշ էր վերադառնում, երբեմն էլ չէր վերադառնում. «Սա ընդամենը գիշերելու տեղ էր նրա համար,- ասում է Կիրակոսյանը,- և նրա ապրելակերպը չէր համապատասխանում մեզ մոտ բնակվելու կանոններին»:

«Ջերմիկ անկյունից» հեռանալուց հետո Սարգիսը պետք է հայտնվեր փողոցում, բայց նրան հանրակացարանային մի սենյակ է տրամադրում թիվ 2 հատուկ կրթահամալիրի իր նախկին դայակներից մեկը: Նա մինչ օրս ապրում է այնտեղ, անվճար:

Սարգիսն աշխատում է. պատվերով հողագործական աշխատանքներ է կատարում: Համապատասխան գործիքներ է գնել և մշտական հաճախորդներ ունի: Գոհ է իր աշխատանքից: Ասում է՝ վաստակած գումարով կարողանում է որոշ խնդիրներ լուծել, բայց ամենագլխավոր խնդիրը՝ սեփական կացարանը, շարունակում է մնալ իբրև երազանք. «Ցանկությունս մեկն է` էնքան գումար հավաքեմ, որ կարողանամ տուն առնեմ ու ամուսնանամ, թե չէ` էս պետության վրա հույս դնել չի լինի»,-ասում է Սարգիսը:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Ծնվելիս աղբանոց նետված, հետագայում Նուբարաշենի գիշերօթիկում հայտնված Սարգիսը փող է հավաքում, որ տուն գնի” վերաբերյալ

  1. Վառդւհի Սայամյան

    Իմ կարծիքով հիմա Սառգսի պես մանկատնում շատ երախաներ կան: Եվ այդ նման դաստիարակներին պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տալ համապատասխան մարմինների կողմից:Այդ նույն ձևով ստորացնել նրանց, ցույց տալ թե որը որից հետո է: Ամոթ նրանց, Ամոթ մեր ազգին: