Որտե՞ղ է Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սանի կնունքի խաչը

կնունք

21-ամյա Ռոբերտին հանդիպեցի Երևանի անօթևանների ժամանակավոր կացարանում, որը կացարանի բնակիչները բոմժանոց են անվանում: Ռոբերտն այնտեղ էր ապրում իր եղբոր՝ Կարենի հետ:

Նա պատմեց, որ 8 տարի Նուբարաշենի գիշերօթիկում անցկացնելուց հետո իրեն տեղափոխել են Կապանի հատուկ դպրոց, որտեղ մնացել է երկուսուկես տարի: Ինչպես դպրոցի չափահաս դարձած մյուս անօթևան երեխաներին, պետությունը նրան էլ մի հանրակացարանային փոքրիկ սենյակ պիտի տրամադրեր: Սակայն Ռոբերտը հրաժարվել է իր կացարանից, քանի որ վերադարձել է Երևան՝ մորը գտնելու. «Ծնողիս գտա, աշխատում էր մալաթիայի շուկայում,- պատմում է նա,- ընկերոջս հետ գնացի, տեսնեմ՝ ընկերուհիների հետ նստած բուտկում արաղ-մարաղ են խմում: Ներս մտա, ասի՝ բարի օր, ձեր անունը Լալա ա՞, ասեց՝ չէ: Ընկերս ասեց՝ արի էթանք, էսի քո մերը չի: Ասի` ո՞նց իմ մերը չի, ես դեմքը հիշում եմ: Մեկ էլ տեսա՝ լացում ա: Կանչեց ինձ, փաթաթվեց…»:

Հոր մահից հետո Ռոբերտի մայրը, չկարողանալով պահել չորս անչափահաս երեխաներին, նրանց հանձնել է տարբեր մանկատներ ու գիշերօթիկներ: Ռոբերտին ու եղբորը բաժին էր հասել Նուբարաշենի գիշերօթիկը: Երբ 13 տարեկանում Ռոբերտին տեղափոխել էին Կապանի հատուկ դպրոց, նա այլևս չէր տեսել մորը:

«Ծնողը ծնող ա մնում, բայց իմ համար նա ծնող չի,- դառնացած պատմում է Ռոբերտը,-ես պետության տված մի սենյակը թողի, եկա, որ մորս ճարեմ, բայց ընգա էս վիճակի մեջ: Իմ մերն ինձ չընդունեց ու տիրություն չարեց: Ես 21 տարեկան եմ, խի՞ պտի ապրեմ էս ծերերի հետ, էս ի՞նչ կյանք ա»:

Ռոբերտը վերջերս գնացել է Կապան, ասել, որ փոշմանել է, ուզում է իրեն հասանելիք կացարանը ստանալ, սակայն մերժել են. «Ասին՝ տղա ջան, մենք քեզ էդքան խորհուրդներ տվինք, մեզ չլսեցիր…»:

Ինչ վերաբերում է Նուբարաշենի գիշերօթիկին, ապա Ռոբերտը թերահավատ է, թե իր պատմելով այնտեղ ինչ-որ բան կփոխվի. «Շատ մարդիկ կան, որ պատմել են ու ոչ մի բանի չեն հասել»,-ասում է նա:

Ամենավառ հիշողությունը, որ նրա մեջ մնացել է գիշերօթիկից, այն է, որ այնտեղ արգելված էր ազատ խոսել. «Արդեն հասուն տարիքս էր, հո լալի պես չէի՞նք նստելու: Ոչ խոսալ էր կարելի, ոչ շնչել,- պատմում է նա,- պալատում խոսում էիր, գալիս կանգնացնում էին՝ ո՞վ ա խոսում, հելեք. տկլոր, ձմեռվա կեսին՝ սամալյոտ (սամալյոտը հատուկ պատժի ձև էր, որի մասին գրել ենք Նուբարաշենի գիշերօթիկի մեկ այլ սանի՝ Սարգսի մասին պատմող հոդվածում. «ձեռքերդ հորիզոնական տարածում ես՝ կիսանստած վիճակում, երբեմն էլ՝ մի ոտքի վրա, մեջքիդ մի ծանր փայտի կտոր են դնում, և պետք է դիմանաս, որպեսզի հանկարծ մեջքիդ վրայի փայտը գետնին չընկնի)»:

Ռոբերտը մի պահ լռում է: Ապա շարունակում. «Ես ոչ մեկից չունեմ վախենալու, ուղղակի էնտեղից բան պիտի վերցնեմ»,- մտահոգ ասում է նա: Հետո հիշելով, որ միևնույնն է, այն, ինչ որ պիտի վերցնի, չի կարողանում վերցնել, բարկացած պատմում է. «Ախպորս ու էլի մի քանի հոգու գիշերօթիկի ժամանակ կնքեցին: Իմ ոսկե խաչը տվեցին, իսկ ախպորինս չեն տալիս: Ասում են՝ չկա, բայց ես 100 տոկոս գիտեմ, որ կա,- ասում է նա,- ճիշտ ա, իմ խաչը տվել են, բայց բլուզկես ու սրբիչս են գողացել: Շատ բան են գողացել, ուղղակի ես ձեն չեմ հանում: Հիմա մենակ ուզում եմ, որ ախպորս խաչը հետ տան»:

Զանգահարելով գիշերօթիկի տնօրենին՝ Լիլիթ Բերբերյանին, փորձեցինք ճշտել խաչի պատմության մանրամասները: Բերբերյանն ասաց, որ վերջերս Ռոբերտն իրեն դիմել է այդ հարցով. «Նախկին տնօրենն ինձ մի ցուցակ է հանձնել, որտեղ երեք հոգու անուն է գրված, թե ովքեր իրենց ոսկյա խաչերը չեն վերցրել,- ասաց նա՝ նշելով այդ երեք հոգու անունները՝ Հարությունյան Ծաղիկ, Սինանյան Մարգուշ, Սինանյան Ռաֆիկ:

Ըստ Բերբերյանի` Կարեն Ավագյանի անունն այս ցուցակում չկա, բայց փոխարենը նրա անունը կա մեկ այլ մկրտության արարողության մասնակիցների ցուցակում, որը տեղի է ունեցել 2002 թ. ապրիլի 29-ին:

Դպրոցի ուսմասվար Դոնարա Հովհաննիսյանի խոսքով` այս մկրտության խաչերը եղել են ոչ թե ոսկուց, այլ հասարակ մետաղից. «Եղան ծնողներ անգամ, որ չուզեցան դրանք վերցնել, և հիմա մի քանիսը մեզ մոտեն: Եթե Կարենը ցանկանա, կարող է գալ և մեկը վերցնել»,-ասաց նա:

Սակայն Ռոբերտն ասում է, որ եղբայրը մկրտվել է հենց իր մկրտության օրը, երբ երեխաներին ոսկյա վզնոցով խաչ են նվիրել:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Որտե՞ղ է Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սանի կնունքի խաչը” վերաբերյալ