Կփոխվի՞, արդյոք, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տերթոդիկյան ռեժիմը

4444

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ մի խումբ երիտասարդ կամավորներ, այդ թվում` Մարիամ Սուխուդյանը, դպրոցում դիտորդական աշխատանքներ իրականացնելիս, հայտնաբերեցին մանկապիղծ ուսուցչին:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Մուրադյանն ասում է, որ Մարիամ Սուխուդյանի հայտարարությունից հետո իրենք անմիջապես տեսչական ստուգումներ անցկացրին այնտեղ, սակայն լուրջ խնդիրներ չհայտնաբերեցին: Այսօր նա դպրոցում եղած խնդիրները բացատրում է նրանով, որ ծնողների հետ նախարարությունը կապ չի ունեցել. «Այդ դպրոցի երեխաների ծնողներին ընդհանրապես չի հետաքրքրել իրենց երեխաների վիճակը,- ասում է նա,- մեծ մասն էլ լքյալ երեխաներ են, և դպրոցը մանկատան կարգավիճակում է եղել»:

Հիշենք, որ մեծ ջանքերի շնորհիվ Մարիամը կարողացավ ապացուցել իր հայտարարության հավաստիությունը, և մեղավորները պատժվեցին: Դրանից հետո Մարիամն ու իր ընկերները, հանդիպելով նախարար Արմեն Աշոտյանի հետ, առաջարկեցին ստեղծել անկախ դիտորդական խումբ, որն աշխատանքներ կիրականացնի ոչ միայն Նուբարաշենի հատուկ դպրոցում, այլև հանրապետության մյուս հատուկ դպրոցներում:

2010 թ. ԿԳ նախարարությանը կից ստեղծվեց երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման խումբ, որում ընդգրկված են 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խումբն աշխատանքներ է իրականացնում կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող 10 հատուկ դպրոցներում և 3 գնահատման կենտրոններում: «Դիտորդները պետք է դպրոց այցելեն նվազագույնը երկու ամիսը մեկ անգամ,- ասում է ծրագրի ղեկավար Վարուժան Սեդրակյանը,- բայց եթե կա որևէ խնդիր, ապա` ավելի հաճախ: Դիտորդական խումբն այդ դպրոց կարող է այցելել, երբ ցանկանա, առանց նախազգուշացման»:

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում այդ ծրագրի շրջանակներում ընդամենը մեկ անգամ է դիտարկում իրականացվել: Մշտադիտարկման հանձնաժողովի անդամ Վեհանուշ Հովհաննիսյանը (որի աշխատանքը կապված է հենց այդ դպրոցի հետ) հայտնում է, որ իր այցի ընթացքում որևէ արտառոց բան չի հայտնաբերվել. «Տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց մեզ հուզող բոլոր հարցերին»,-ասում է նա:

Մարիամ Սուխուդյանը, որ  նույնպես այդ խմբի դիտորդներից է և աշխատանք է իրականացնում Կապանի հատուկ դպրոցում, հասցրել է 4 անգամ լինել այնտեղ: Նա զարմացավ իմանալով, որ Նուբարաշենի հատուկ դպրոցում դեռևս մեկ դիտորդական այց է կատարվել: Ինչ վերաբերում է այդ այցի ընթացքում արձանագրված դրական եզրակացությանը, ապա նա դրան թերահավատորեն է վերաբերվում. «Ո՛չ կրթության նախարարության, ո՛չ էլ այդ դիտորդի ասածն ինձ համար հիմք չեն,- ասում է Մարիամը,-ես պետք է ինքս գնամ Նուբարաշեն և իմ աչքով տեսնեմ՝ ամեն ինչ լավ է, որ հավատամ»:

Նա կարծում է, որ դիտորդական խմբի գործունեությունից շատ բան է կախված, բայց միաժամանակ կարծում է, որ մեկ-երկու այցով լուրջ բան հնարավոր չէ հայտնաբերել. «Երեխաների հետ պետք է շփվես, ընկերանաս, դուրս գաս դպրոցի պատերից, նրանց հետ էքսկուրսիա գնաս և միայն փոխադարձ վստահություն ձեռք բերելուց հետո կարող ես նրանց հետ անկեղծ զրուցել ու իմանալ ճշմարտությունը: Իսկ լուրջ-լուրջ տյոտյաների, ձյաձյաների գնալ-գալով ոչինչ չի հայտնաբերվի»,-կարծում է նա:

Ի դեպ, երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման խմբի դիտորդների համար հատուկ թրեյնինգներ են անցկացվում, հրատարակվել է նաև մշտադիտարկման ձեռնարկ, որով էլ պետք է առաջնորդվեն նրանք: Մարիամը կարծում է, որ մասնագիտությունը կամ թրեյնինգները ոչինչ չեն կարող տալ, եթե մարդ չունի ճիշտ շփման կարողություն. «Ես ո՛չ հոգեբան եմ, ո՛չ էլ հատուկ մասնագետ, բայց երեխաներն ինձ վստահեցին ու պատմեցին ամեն ինչ»,-ասում է նա:

Նուբարաշենի հատուկ դպրոցն ունի նաև տնօրենի նոր պաշտոնակատար՝ Խաչիկ Մուրադյանը, որ ԿԳ նախարարության Կրթության պետական տեսչության նախկին պետն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռևս 10 օր է, ինչ աշխատում է, և առայժմ զբաղված է իր աշխատանքի ուսումնասիրությամբ. «Դեռ չեմ հասցրել իմ առջև խնդիրներ դնել: Ամեն դեպքում կողմ եմ, որ դպրոցում դիտորդներ լինեն, դա մեզ ոչ թե կխանգարի, այլ կօգնի»,-ասաց նա:

Ի դեպ, Մարիամը չի ընդունում նաև այն, որ տնօրեն են նշանակել նախարարության աշխատակցին. «Մենք ամեն կերպ փորձում ենք, որ այդ դպրոցի վրա դրսի աչքը շատ լինի, անձնակազմը փոխվի, անկախ մարդիկ գան, բայց նախարարության աշխատակցին են տնօրեն նշանակում: Չէ՞ որ նա նույն համակարգից է»,-ասում է նա:

Մարիամը կարծում է, որ եթե նախարարությունն իսկապես ուզում է այդ դպրոցը բարեփոխել, ապա պետք է սկսի անձնակազմը փոխելուց: Նա չի վստահում նախարարությանը՝ հիշելով, որ երբ իրենց խումբը դպրոցում հայտնաբերեց այդ պատմությունները և առաջինը դիմեց նախարարության աշխատակիցներին, իրենց ասածներին բանի տեղ դնող չեղավ. «Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ դա մեր երևակայության արդյունքն է»:

Նա նաև հիշում է, որ տարիներ առաջ, երբ նախարարության` դպրոց այցելած աշխատակիցների մոտ դպրոցի երկու աղջիկ անկեղծացել են և հայտնել իրենց հետ կատարվող սարսափելի դեպքերի մասին, հաջորդ օրն այդ աղջիկները ծեծի են ենթարկվել և իբր հոգեկան հիվանդներ՝ տեղափոխվել Սևանի հոգեբուժարան. «Այդ ինչո՞ւ կրթության նախարարության աշխատակիցը նրանց ասածներին լուրջ չվերաբերվեց»,-հարցնում է Մարիամը:

Հիշեցնենք, որ այդ աղջիկների ճակատագրով մտահոգ մի լրագրող՝ Սյուզան Սիմոնյանը (Հայլուրի թղթակից), գնացել է  աղջիկների հետքերով և պարզել, որ նրանցից մեկը, չդիմանալով այդ վիճակին, մահացել է Սևանի հոգեբուժարանում:

Ի դեպ, երբ նախարարության աշխատակցին հայտնեցի այդ դպրոցի նախկին սաներ Աշոտի և Սարգսի պատմածներն այն մասին, որ սովից կտրում  ուտում էին ամսագրերի վրա պատկերված սնունդը, նա դա նույնպես չափազանցություն համարեց. «Իմ կարծիքով, դա ֆանտազիայի դաշտից է,- ասաց նա,- միգուցե դա եղել է 1990-ականներին, բայց այդ ժամանակ մենք այնքան օգնություն ենք այդ դպրոցների համար բերել…»:

Համենայն դեպս, նա չհերքեց, որ այդ օգնությունից քիչ բան է հասել երեխաներին:

Այսօր նախարարությունը փորձում է համոզել, որ այդ դպրոցում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Չենք հերքում, որ ինչ-ինչ բաներ, որոնք լուրջ, ակնհայտ խախտումներ են, իսկապես  վերացել են. օրինակ` վերջապես կասեցվել է տարիներ շարունակ նորմալ երեխաների՝ հատուկ կարիքավորների դպրոցում հայտնվելու արատավոր երևույթը: 2007-ից հատուկ դպրոցներում ընդունելությունը կատարում է ոչ թե դպրոցը, այլ հատուկ գնահատման կենտրոնների հանձնաժողովը, որը որոշում է երեխայի կարիքները և անում եզրակացություն` նա մտավոր խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, և ինչպիսի դպրոցում պետք է սովորի:

Դրական է նաև երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման խմբի ստեղծումը, որը գուցե օգնի, որ ինչ-որ չափով բարելավվեն սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի որակը:

Սակայն փոխվե՞լ է կամ կփոխվի՞ այդ դպրոցում տիրող տերթոդիկյան ռեժիմը, որը, դպրոցի նախկին սաներից մեկի կարծիքով, 5 անգամ ավելի խիստ է, քան «իրական տերթոդիկյան դպրոցում»: Արդյոք վերացե՞լ է  ավագ աշակերտների կողմից թույլերին ու փոքրերին ճնշելու ավանդույթը, երեխաների ազատ խոսելու կամ որևէ բանի դեմ ընդվզելու դեպքում ծեծի յուրահատուկ մեթոդների կիրառումը, որոնք ոչ մի դիտորդ մեկ-երկու անգամ այցի ընթացքում չի կարող հայտնաբերել:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

2 Մեկնաբանություն “Կփոխվի՞, արդյոք, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տերթոդիկյան ռեժիմը” վերաբերյալ

  1. Anahit

    Հարգելի հեղինակ, հնարավոր է, որ դուք տեղյակ լինեք, թե այդ մշտադիտարկման ձեռնարկը որ կազմակերպությունն է տպագրել և հասանելի է այն արդյոք էլեկտրոնային ձևով: Շատ շնորհակալ կլինեմ, դա մեզ անհրաժեշտ է:

  2. Անի Գասպարյան

    Անահիտ ջան, ձեռնարկը հավանաբար տպագրվել է ԿԳ նախարարության կողմից, փորձեք նրանցից ճշտել: