Երևանում 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենք կա, որոնցից երեքի հարցը խիստ առաջնահերթ է ճանաչվել: Դրանցից մեկը Էրեբունի համայնքի Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հանրակացարանային շենքն է: Այնտեղ ապրում է ավելի քան 500 բնակիչ: Արդեն քանի տարի է` բնակիչները ծեծում են համապատասխան պետական կառույցների դռները, բողոքի ցույցեր անում` վերաբնակեցում կատարելու պահանջով, բայց` ապարդյուն: Ստիպված շարունակում են այդտեղ ապրել` ահուդողով սպասելով, թե երբ է շենքը փլվելու գլխներին: Ամենասարսափելին, սակայն, շենքի նկուղային հարկն է, որտեղ քսանից ավելի ընտանիք է ապրում: Խոնավության, մթի, աղբի և առնետների մեջ ապրող բնակիչների զգալի մասը երեխաներ են: