Բաքվի էլիտայից մինչև առնետներով լի հանրակացարանային սենյակ

Էմմա-հանրակացարան 005

Տիկին Էմման 1990 թ. երկու դուստրերի` Լիանայի ու Նանայի հետ Բաքվից գաղթել է Հայաստան: Երկվորյակ քույրերն արդեն 36 տարեկան են: Լիանան երեք անչափահաս երեխա ունի, Նանան` 6: Վերջինս ունի նաև մի չափահաս որդի, որն ամուսնացած է և ապրում է կնոջ տանը: Իրենք ապրում են նախկին «Պրագա» հյուրանոցում, որն այժմ փախստականներով ու անապահով ընտանիքներով բնակեցված հանրակացարան է:

Լիանան իր 3 երեխաների հետ միասին զբաղեցնում է հանրակացարանի 16 քառակուսիմետրանոց սենյակներից մեկը, իսկ տիկին Էմման ու Նանան 8 հոգով ապրում են 20 քառակուսիմետրանոց մեկ այլ սենյակում. «Երեխաներն անկողնում ուտում են, անկողնում դաս անում, անկողնում խաղում և էդ նույն անկողնում` քնում»,- թվարկում է տատը:

Կանանցից ոչ ոք չի աշխատում, չնայած մասնագիտություն ունեն. Լիանան մատնահարդար է, Նանան` վարսահարդար, իսկ տիկին Էմման` պրոֆեսիոնալ կոսմետոլոգ:   Վերջինս պատմում է, որ Բաքվում բարեկեցիկ կյանք են վարել, ունեցել են շքեղ բնակարան, քանի որ ինքը շատ լավ է վաստակել. «Սպասարկել եմ Բաքվի էլիտային, անգամ Հեյդար Ալիևի կնոջը, «ոսկե ձեռքեր» անվանակարգով վարպետի կոչում եմ ստացել, իմ պատրաստած դիմակները հասել են մինչև Եվրոպա…»:

Ամեն ինչ տակնուվրա է լինում, երբ 1989 թ. ադրբեջանցիները հարձակվում են նրանց տան վրա, դանակը դնում տիկին Էմմայի մոր վզին, իրեն ծեծում, փորձում են գտնել աղջիկներին, որ բռնաբարեն. «Բարեբախտաբար, նրանք բակում էին, և մեր ադրբեջանցի հարևաններից ոչ ոք չասաց, որ նրանք իմ աղջիկներն են»,-պատմում է տիկին Էմման:

Ամեն ինչ կորցնելով` նրանք հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որից մինչ օրս չեն կարողանում դուրս պրծնել: Լիանայի ամսական եկամուտը 30 000 դրամ է, Նանայինը` 57 000: Երբեմն այս կամ այն ծանոթի միջոցով մի քիչ գումարի կամ սննդի դիմաց գնում են ինչ-որ մեկի տունը մաքրելու: Բայց ամենապարզ հաշվարկի դեպքում էլ պարզ է, որ այդ եկամտով  հնարավոր չէ ապահովել բազմանդամ ընտանիքն անգամ ամենատարրական կենսապայմաններով. «Ես ողնաշարի խնդիր ունեմ, չեմ կարող ծանր աշխատանք կատարել»,-ասում է Լիանան` պատմելով, որ մի քանի տարի առաջ ընկել է, պոչուկը վնասել, ապա սխալ վիրահատության հետևանքով բարդություններ են առաջացել, և հազիվ է մահից պրծել: Իսկ ժամանակին աշխատել է մասնագիտությամբ, սակայն այսօրվա պայմանները ձեռնտու չեն: «Բոլոր սալոններն ասում են` բերեք ձեր հաճախորդներին, բացի այդ, 50-50%-ով պետք է աշխատեմ, բայց էդպես ես ավելի շատ ծախսում եմ, քան օգտվում,- ասում է նա,- իսկ եթե տանը պայմաններ ունենայի, առանձին իմ համար կաշխատեի»:

Կենցաղային պայմաններից զուրկ, ճգնավորի խցեր հիշեցնող սենյակներում հազիվ են իրար գլխի հավաքված գոյատևում կիսասոված ու կիսամերկ անչափահաս երեխաները, անաշխատունակ միայնակ կանայք ու նրանց տարեց մայրը: Նրանց համար, սակայն, գլխավորը ոչ թե հացի խնդիրն է, այլ տարածքի, քանի որ երբ բոլորը տանն են, անգամ շարժվելն է անհնար. «Երբ մեզ տեղավորեցին էս  սենյակներում, խոստացան, որ հետագայում կողքի սենյակներն էլ կտրամադրեն, բայց մինչև էսօր հատկացնում են,-ասում է Լիանան,- հետո ասում էին` համբերեք, էսօր-վաղը էս շենքը քանդելու են, և ձեզ բնակարան են տրամադրելու, բայց մինչև էսօր տրամադրում են…»:

Ամեն անգամ, երբ հանրակացարանի տնօրենները փոխվում էին, Լիանան դիմում էր նրանց` երկու կողք-կողքի սենյակներ տրամադրելու խնդրանքով, բայց սենյակները վաճառվում էին, իսկ նրանց հարցը մնում էր օդում կախված: «Մի անգամ էլ, երբ տնօրեններից մեկին դիմեցի, ասաց 2 հազար դոլար տվեք, սենյակ տամ: Դե որտեղի՞ց տայինք: Իսկ էսօր կողքինս իր սենյակը ծախում ա 35  հազար դոլարով»,- ասում է նա:

Այժմ հանրակացարանի բոլոր սենյակները զբաղված են, և նրանք հույս չունեն իրենց կենցաղը բարելավել հանրակացարանում: Անգամ իրենց սենյակները չեն սեփականացրել` մտածելով, թե կմեծացնեն, հետո. «Հիմա, որ սեփականացնեմ, մեկը կգա կասի` դե որ սեփականացրել ես, ուրեմն տապակվի քո յուղի մեջ, մյուս կողմից էլ, կարան գան ու ասեն` դուրս եկեք, բայց դե հո դրսում չե՞ն թողնի,- իրեն հույս է տալիս Լիանան:

Այս խնդիրները քիչ են, վերջերս դրանց գումարվել է ևս մեկը. հանրակացարանային շենքի առաջին հարկում գտնվող ավտոպահեստամասեր վաճառող խանութի տերը փակել է ջրի ծորակը, որի հետևանքով տիկին Էմման ու Նանան, նաև 7 ուրիշ ընտանիք, զրկվել են ջրից: Բանն այն է, որ տիկին Էմմայի սանհանգույցի խողովակներն այնքան հին են ու վնասված, որ կոյուղու ջուրը լցվել է խանութի տարածք: Նա ասում է, որ ինքը խանութը վարձակալողին նախապես զգուշացրել է, որ նման խնդիր կա, և խնդրել է, որ խողովակները վերանորոգեն, սակայն ապարդյուն: Իսկ երբ ջրից զրկված ընտանիքները սկսել են անընդմեջ բողոքներ հայտնել խանութի տիրոջը, նա մի արհեստավոր է ուղարկել խողովակները վերանորոգելու համար, բայց որոշ ժամանակ անց ջուրը նորից է լցվել խանութ, և տերը կրկին ջուրը փակել է: «Նորմալ չսարքեցին,- ասում է տիկին Էմման,- բայց մենք ի՞նչ անենք, գումար չունենք, որ կարգին մասնագետ բերենք»:

Փորձեցինք լսել նաև մյուս կողմի տեսակետը: Պարսկահայ գործարար Հրայր Բաղդասարյանի փաստարկներն անժխտելի էին այն առումով, որ խանութին նյութական մեծ վնաս է հասցվել, որը չի փոխհատուցվել, կամ խողովակները վերանորոգելու խնդիրը ոչ թե խանութինն է, այլ բնակչինը: Սակայն երբ հիշեցրինք, որ այդ ամենի կողքին կա նաև հարցի բարոյական կողմը, գործարարն այդ մասին լսել անգամ չուզեց. «Մի կաթիլ ջուր չեն ունենա, մինչև չբերեն և իրենց բոլոր տրուբեքը չփոխեն,- ասաց նա,-իսկ հիմա թող ջուր կրեն, բերեն խմեն ու բանացնեն»:

Տիկին Էմման ու դուստրն ասում են, թե հենց որ փորձում են խոսել նրա հետ, իրենց դուրս է հրավիրում խանութից: Մի կողմից էլ ճնշում են ջրից զրկված մյուս բնակիչները` մեղադրելով, թե նրանց պատճառով իրենք էլ են զրկվել ջրից:

Թե ինչ ընթացք կստանա այս վեճը, հայտնի չէ. միայն փաստ է, որ այդ ընտանիքները` հատկապես 6 անչափահաս երեխա ունեցող Նանան,  առանց ջրի երկար դիմանալ չեն կարող: «Ամեն օր կա՛մ դրսի պուլպուլակից ենք ջուր բերում, կա՛մ Լիանայի սենյակից,-ասում է նա,- մեր ավտոմատ լվացքի մեքենան, որը նվեր ենք ստացել, արդեն փչանում է, որովհետև  ժամերով կագնած` ձեռքով ենք ջուրը լցնում մեջը, որ աշխատի, ուրիշ ճար չունենք, էսքան շորը ո՞նց լվանանք»:

Տիկին Էմմայի ու Նանայի սենյակում վերջերս նաև հրդեհ է բռնկվել. էլեկտրաէներգիայի վարձը ժամանակին  չվճարելու պատճառով էլեկտրիկը հոսանքն անջատել է, և նրանք ստիպված են եղել գիշերն անցկացնել մոմի լույսի տակ.  «Քանի որ տանը կռիսներ կան, քնելուց առաջ մոմը վառած էինք թողել, որ հանկարծ էրեխեքի վրա չբարձրանան,-պատմում է տիկին Էմման,- հանկարծ զգացինք, որ տունը վառվում է: Պաժառնին եկավ, հազիվ մեզ փրկեցին, իսկ Էլեկտրիկին տուգանեցին, քանի որ իրավունք չուներ լույսն անջատել, երբ տանը անչափահաս երեխաներ կան»:

Իսկ երբ նույն էլեկտրիկին Նանան խնդրել էր հոսանքը չանջատել և մի քիչ ժամանակ տալ գումարը վճարելու համար, պատասխանել էր. «Փողոցում կանգնի, քեզ շատ արագ կտանեն…բեր փողը մուծի»:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

3 Մեկնաբանություն “Բաքվի էլիտայից մինչև առնետներով լի հանրակացարանային սենյակ” վերաբերյալ

  1. Անի Գասպարյան

    Չէ, Արփ ջան, ճանաչում ես իրենց???

  2. Բաքվի էլիան ուր մնաց ? չի երեվում……
    Մնում ա Մանկապարտեզի պահակ հայը բաքվում դասվի Էլիտայի շարքին