Մի հայ ընտանիք էլ մեկնեց Կանադա. good bye Armenia

Kanada-էսսե

Մխիթարը մի տարի առաջ սկսեց Կանադայում աշխատանք գտնելու փորձերը, չնայած Հայաստանում էլ վատ աշխատանք չուներ, աշխատում էր լուրջ ընկերությունում, Հայաստանի պայմաններում  կարգին վարձատրվում: Նա մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը, աշխատել միջազգային կազմակերպություններում և իր մասնագիտության մեջ բավականին լուրջ հաջողությունների հասել: Շատերը կասեն. «Դե որ էդքան լավ աշխատանք ուներ, ինչո՞ւ էր գնում»: «Էդ լավն էնքան հարաբերական է,- ասում է Մխիթարը,- հա, լավ վարձատրվում էի, բայց ո՞ւմ է դա պետք, եթե դու ապրում ես օրենքների բացակայության, կոռուպցիայի միջավայրում, անկանխատեսելի ու անհեռանկարային երկրում, իսկ երեխեքիդ ապագան էլ անհայտ է»:

Մխիթարն աշխատանքի բերումով հաճախ էր լինում արտերկրում: Ամեն անգամ վերադառնալուց հետո համեմատում էր ու մտածում. «Ախր մեր երկիրն էնքան փոքր ա, որ կարող են վարդի պես պահել: Ինչի՞ պիտի եվրոպացին կամ ամերիկացին իրեն ավելի լավ զգա, քան հայը…»:

Կինը` Լուսինեն, նկարիչ-դիզայներ է: Էն դիզայներներից չէ, որ սնկի պես աճում ու նստում են տանը` չիմանալով, թե իրենց «դիզայներական հմտություններն» ինչ անեն, և ձեռքը կրակն ընկած` նոր մասնագիտություն են որոնում: Նա գորգ-գոբելենի դիզայներ է, բայց արի ու տես, որ համապատասխան աշխատանք գտնել չէր կարողանում: Բա նրա գործած գոբելենները… իսկական հրաշք էին, բայց Հայաստանում ոչ ոքի պետք չէին: Այսինքն` պետք էին, բայց մի դեպքում` ջրի գնով: Դա էլ արվեստ է, ափսոս է, չէ՞, որ 5-10 հազար դրամով վաճառեր մեկին, իսկ էդ մեկն էլ մտածեր, թե շատ թանկ է գնել…

Երիտասարդ ընտանիքի համար ամենացավոտ խնդիրներից մեկն էլ բնակարանն էր: 8 տարի է` ամուսնացած էին, օրուգիշեր աշխատում էին, բայց մի փոքր բնակարան էլ չէին կարողանում գնել, վարձով էին ապրում:

Եվ այդպես ամեն օր հասունանում էր «մի նորմալ երկիր գնալու հարցը»:

Մի օր էլ Մխիթարը գտնում է մի ընկերություն, որի բանուգործը հենց դա էր` Հայաստանից խռոված մասնագետներին (հատկապես լավ մասնագետներին) Կանադայում աշխատանքի տեղավորելը: Երբ ներկայացնում է իր ռեզյումեն, ընկերությունը հասկանում է, որ լուրջ մասնագետի հետ գործ ունի, և արագ անցնում է գործի: Շուտով Մխիթարի համար մի լավ աշխատանք են գտնում` մեկ տարվա պայմանագրով: Պայմանները նրան գոհացնում են: Չէ՞ որ խոսքը վերաբերում էր Կանադայի ազգային էներգետիկ համակարգով զբաղվող պետական կառույցին, որտեղ Մխիթարին առաջարկվում էր ինժեների աշխատանք: Դե արի ու մի ոգևորվիր, բայց պակաս ոգևորված չէր նաև կանադական կողմը. Մխիթարի ապագա ղեկավարն անձամբ է ժամանում Հայաստան` նրա հետ հարցազրույցի:

Համարյա մեկ ամիս է` Մխիթարը կնոջ ու երկու երեխաների հետ Կանադայում է: Երկար է թվարկում նոր աշխատանքի առավելությունները. «Մի խոսքով, որպես աշխատող հազարավոր օրենքներով պաշտպանված ես,- ասում է նա,- որոշել եմ ավելի աշխատել, մեկ է, սովոր եմ, Երևանում էլ էի միշտ երկար մնում, բայց էստեղ ավելի մնացած ամեն րոպեիդ համար վճարում են և վճարում են մեկուկես անգամ ավելի, քանի որ դու քո հանգստի հաշվին ես աշխատում»:

Իսկ առաջին մշակութային շոկը երիտասարդ ընտանիքի համար տեղացիների բարեհաճ վերաբերմունքն էր: Զարմացած էին, քանի որ փողոցում անծանոթները ժպտում էին ու ողջունում: Մի անգամ էլ պատահաբար հետիոտնի համար չնախատեսված վայրով անցնելիս ողջ երթևեկությունը կանգ է առել և ներողամտաբար ժպտալով` նրանց ճանապարհ տվել:

Երբ որդուն` 7-ամյա Միքայելին, պապը հարցնում է, թե Կանադայում ինչն է ամենաշատը հավանել, պատասխանում է. «Էստեղի բարությունը, պապիկ, մարդիկ էնքա՜ն բարի են»:

«Հիմա էլ, երբ փողոցում մեկն անցնում է` առանց ժպտալու կամ  առանց «hi» (ողջույն) ասելու, երեխեքը զարմանում են»,- ծիծաղելով պատմում է Լուսինեն:

Երիտասարդ ընտանիքի համար Կանադայում ամենից դժվարը եղել է վարձով բնակարան գտնելը: Կազմակերպությունը, որը հրավիրել է Մխիթարին աշխատանքի, ըստ պայմանգրի,  10 օրով լուծել էր նրանց կացարանի հարցը. ապրում էին հյուրանոցում մինչև բնակարան վարձելը: Սակայն բնակարանի հարցը ձգձգվում էր, քանի որ նրանք ցանկանում էին մի քիչ էժանը գտնել: Բայց ոչ, Կանադայում երեխաների իրավունքների հաշվին չես կարող տնտեսել: Եթե ունես երկու անչափահաս երեխա, այն էլ` տարբեր սեռերի, պարտավոր ես վարձել առնվազն 4- սենյականոց բնակարան, որպեսզի երեխաներից ամեն մեկն ունենա իր սենյակը, բացի այդ, անչափահաս երեխաների դեպքում բնակարանը պետք է լինի ամենաներքևի հարկում, որպեսզի երեխաներդ ազատ խաղան` առանց ներքևի հարևանների «զահլեն տանելու»: «Բնակարանները սկսվում էին 1000-1200 դոլարից,- ասում է Լուսինեն,- մենք էլ ուզում էինք երկսենյականոց բնակարան վարձել, որ էժան լիներ: Մտածում էինք` մի ննջասենյակում բոլորով կքնենք, որովհետև սովոր ենք. Երևանում մեր վարձով տունը մեկսենյականոց էր, և մենք 4 հոգով քնում էինք հյուրասենյակից մի փոքր առանձնացած հատվածում»:

Բայց քանի որ դա Կանադան էր, ոչ թե Հայաստանը, նրանց պարզապես թույլ չեն տալիս այդքան փոքր բնակարան վարձել, և մի կերպ 920 դոլարով մի հարմար բնակարան են գտնում: Հիմա էլ սպասում են` բնակարանը վերանորոգվի, որ տեղափոխվեն. յուրաքանչյուր նոր վարձակալողի համար բնակարանի տերը պարտավոր է վերանորոգել բնակարանը, հետո հանձնել: «Այստեղ ամեն քայլն օրենքի տակ է` սկսած տուն վարձելուց, վերջացրած բանկում հաշիվ բացելուց: Պետությունը մասնավոր սեկտորին հսկում է»,-ասում է Մխիթարը:

Կանադայում անշարժ գույքը թանկ է, սակայն Մխիթարի խոսքով, այնտեղ ավելի հեշտ է բնակարան ձեռք բերելը, քան Հայաստանում: Եթե ունես կայուն եկամուտ, ապա կարող ես հիպոթեքով բնակարան գնել, քանի որ պայմանները շատ ձեռնտու են` տարեկան 5% տոկոսադրույք, նվազագույնը 10 տարով մարելու հնարավորություն և այլն:

Հիմա անցնենք թերություններին, որոնք շատերի համար գուցե խիստ հարաբերական թվան. կարոտ, հեռավորություն, հարազատների բացակայություն և այլն:

«Ես սիրում եմ իմ երկիրը, շատ դժվարությամբ եմ բաժանվել իմ հարազատներից և կուզենայի, որ գնալու պատճառներ ընդհանրապես չունենայի,- ասում է Մխիթարը,- բայց երբ զգում ես, որ մարշրուտկաների դռներից կախված չես ու հավանականությունը մեծ է, որ ողջ և առողջ տեղ հասնես, կամ երբ երեխուդ հետ դուրս ես գալիս զբոսանքի և գիտես, որ ճանապարհն անցնելիս ինչ-որ «լավ տղա» մեքենայով քեզ տակը չի գցի, կամ որ անիմաստ, ներվերդ ուտող սիգնալներ չկան, հատկապես` բոշ սիգնալներ, և այդպես շարունակ, սկսում ես քեզ էնքա՜ն լավ զգալ»:

Մխիթարը չի ուզում, որ իր երեխաներն անցնեն այն նույն ճանապարհով, ինչ ինքն է անցել,  որ կրթություն ստանան հանգիստ ու ապահով պայմաններում, ոչ թե իր պես` տառապանքների գնով, որ կարողանան իրենց գիտելիքներն օգտագործել, ոչ թե մի օր պարզ դառնա, որ դրանք ոչ մեկի պետք չեն, վերջապես ուզում է, որ իր երեխաներն ապրեն հոգեպես, ֆիզիկապես ու բարոյապես առողջ միջավայրում, որտեղ մարդուն հարգում են ամենակարևորի` մարդ լինելու համար:

ԲԱՅՑ… Ուզում եմ նշել, որ այս նյութով բնավ նպատակ չունեմ արտագաղթ քարոզել, ընդհակառակը, ուզում եմ, որ մեր իշխանությունները սթափվեն, հասկանան, որ կորցնում են նման մասնագետների, նման ընտանիքների, նման անհատների, և որ այդ կորուստը կարող է անդառնալի լինել, քանի որ արտերկրում նրանց միանգամից «որսում են», տալիս բոլոր հնարավորությունները` այլևս ետդարձի մասին չմտածելու և իրենց երկիրը շենացնելու համար: Իսկ ո՞վ պիտի շենացնի մեր երկիրը…

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

8 Մեկնաբանություն “Մի հայ ընտանիք էլ մեկնեց Կանադա. good bye Armenia” վերաբերյալ

  1. Arthur

    Erani indzel mi hnaravorutyun @lner esel kheranai es erkric vorovhetev sa erkir chi sa djoxqa, patrastem anqam krons poxel menak erexaners lav apren, inchisa petq (es haem es hpartem qristonyaem) animast ampagorgor artahaytutyunner@, umen petq? vor mardik ays erkrum voch dzayn unen, voch iravunq, voch tun, vochel haci pox????? tqac unem……….

  2. Անի Գասպարյան

    Արթուր ջան, ես քեզ հասկանում եմ, բոլորս էլ շատ մեծ հիասթափություններ ենք ունեցել էս երկրում, բայց թքելն ու հեռանալը հարցի լուծում չեն: Հաճախ մարդիկ փնտրում են մի բան, որը չկա ոչ մի տեղ: Պարզապես պետք է ամեն մեկն իր մեջ գտնի ու լուծի խնդիրները:

  3. Arthur

    Ani jan, bayc ov ktoxni vor menq es erkrum inch vor ban lucenq??????????? es erkir@ mi qani hoqu dzerquma isk mnacac@ nranc struknernen,,,, ov kara indz cuyc ta mi mardu ov ira ashxatavarcov es erkrum inch vor bania hasel…. @tenc ban chi kara lini………

  4. Անի Գասպարյան

    Նախ կուզեի իմանալ “Ինչ որ բանի հասնել”-ը քո համար որն է, Արթուր ջան: Օրինակ, ինչի ես ուզում հասնել, որ աշխատավարձը խանգարում է?

  5. Arthur

    uzum em sovorakan mardkanc pes tun unenal, dxyak chem uzum, inqnel kentronum, tekuz heravor gyuxeric mekum, bayc es erkrum anhnar e ashxatavarcov tun arnel@, kyanqt chi heriqi… petqe biznesov zbaxvel bayc inch, bolor texer@ arden zbaxvacen u ete hankarc inch vor mekin konkurent darnas apa mianqamic ktapalen vorovhetev es chunem lav qavor kam hopar mi xosqov mechq chunem….

  6. Անի Գասպարյան

    Արթուր ջան, ցանկանում եմ, որ դու այս տարի անպայման տուն ունենաս ու դա օգնի քեզ, որ հոգեպես ավելի ամուր ու հպարտ զգաս քեզ քո երկրում: Իսկ քավորների ու հոպարների ժամանակներն անցողիկ են, հավատա: Կգա ժամանակ, որ մարդուն կգնահատեն իր արժանիքների համար նաև մեր երկրում:

  7. Arthur

    apsos vor menq chenq tena et jamanakner@, u erexaner@ mer nuynpes djvar te tenan…..

  8. Գնում եմ Կանադա… Գիտեք` ինչ հրաշալի կյանք է այնտեղ ,Մենք երիտասարդ ենք, իսկ Կանադայում սպասում են և նույնիսկ խթանում են մեր մուտքն իրենց երկիր… Գիտեք, թե ինչ երկիր է Կանադան… Այն օրենքի երկիր է… Տեսել եք` մեզ շրջապատող երկրներում ինչ է կատարվում… Տեսել եք` վրացիները ինչ էին ու ինչ դարձան… Տեսել եք, թե Ադրբեջանցիները, որ հարյուր տարվա պատմություն նույնիսկ չունեն, ինչերի են հասել… Գիտեք` թուրքերը ինչ քաղաքակիրթ են, ինչ կրթված… Որ տասը երկրից լրագրողներ էին հրավիրված Թուրքիայում, Հայաստանի ներկայացուցիչները խայտառակվեցին նույնիսկ մի կարգին լեզու չիմանալու պատճառով… Եվ ինչ է այսօր կատարվում մեր երկրում… Ինչ է կատարվում մեր գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում… Ինչ պատկեր է տիրում մեր հարկային դաշտում, մեր կրթական դաշտում… Եվ սրանք մի չնչին մասն են կազմում մեր երկրի այսօրվա խայտառակության…