Մխիթարը մի տարի առաջ սկսեց Կանադայում աշխատանք գտնելու փորձերը, չնայած Հայաստանում էլ վատ աշխատանք չուներ, աշխատում էր լուրջ ընկերությունում, Հայաստանի պայմաններում կարգին վարձատրվում: Նա մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը, աշխատել միջազգային կազմակերպություններում և իր մասնագիտության մեջ բավականին լուրջ հաջողությունների հասել: Շատերը կասեն. «Դե որ էդքան լավ աշխատանք ուներ, ինչո՞ւ էր գնում»: «Էդ լավն էնքան հարաբերական է,- ասում է Մխիթարը,- հա, լավ վարձատրվում էի, բայց ո՞ւմ է դա պետք, եթե դու ապրում ես օրենքների բացակայության, կոռուպցիայի միջավայրում, անկանխատեսելի ու անհեռանկարային երկրում, իսկ երեխեքիդ ապագան էլ…