«Հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար պետական հատուկ կառույց պետք չէ». Արտակ Զաքարյան

artak-zaqaryan

Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ`Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության և համարժեք գործողություններ իրականացնելու խնդիրների շուրջ:

— Ինչպե՞ս է Ադրբեջանում իրականանումհակահայկական քարոզչությունը, որո՞նք ենդրա հիմնական դրսևորումները:

Մենք գործ ունենք Հայաստանի դեմ տարվող ագրեսիվ և ինտենսիվ քարոզչության հետ` լի բազմաթիվ կեղծիքներով և խեղաթյուրումներով: Եթե Թուրքիայի պարագայում դա արվում է գիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության կամ այլ երրորդ-չորրորդ միջնորդավորված կառույցների կողմից և ավելի գրագետ ձևով, ապա Ադրբեջանն այդ ամենն անում է պետական մակարդակով` ակնհայտ թշնամություն և ատելություն քարոզելով: Ադրբեջանը կեղծիքներ  է տարածում բոլոր հնարավոր ձևերով և որքանով ես տեղյակ եմ, այնտեղ կան հատուկ հիմանդրամներ, ինֆորմացիոն աղբյուրներ, որոնք իբրև թե համապատասխան տեղեկատվություն են տրամադրում այդ կեղծիքների վերաբերյալ` հանդիսանալով աղբյուր: Ադրբեջանն անգամ խորհրդային տարիներին է զբաղվել նման քարոզչությամբ, դա նրանց համար նորություն չէ, ուղղակի  ինտենսիվացել է` պայմանավորված Ղարաբաղով, բայց զիաբունիաթովների տարածած գրականությունը և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կատարած հակահայկական աշխատանքը կար: Փաստորեն, սովետական բյուջեից, որում իր լուման ուներ նաև Սովետական Հայաստանի քաղաքացին, ադրբեջանցին օգտվում էր հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:  Եվ ես չեմ զարմանա, եթե 20-30 տարի հետո միջազգային լսարանի համար գրքեր հրապարակվեն, դասախոսություններ անցկացվեն, թե «պատմական Ադրբեջանի սահմաններն ինչքան լայն են եղել» կամ «Ադրբեջանն ինչպիսի հարուստ մշակութային ժառագության տեր է»: Եվ ես վստահ չեմ, որ միջազգային հանրությունն այնքան լավ է տիրապետում իրավիճակին, որ կարողանա կեղծիքն ու ճիշտն իրարից տարբերել:

Հայաստանն ի՞նչ համարժեք քայլեր պետք է իրականացնի կամ իրականացնո՞ւմ է:

Առաջին հերթին պետք է օգտագործենք մեր գիտական ռեսուրսը: Այսօր գիտական շրջանակների կողմից հակազդեցությունը շատ քիչ է, իսկ Ադրբեջանում գիտնականները հատուկ խրախուսվում և ֆինանսավորվում են: Երկրորդ` պետք է օգտագործել համացանցը, այնտեղ գրագետ և կազմակերպված ձևով  պարբերաբար տեղեկատվական արշավ իրականացնենք` ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական: Մեզ մոտ հակաքարոզչություն, իհարկե,  արվում է, բայց առայժմ դիսկրետ (ընդհատ) ձևով և հիմնականում`պետական-քաղաքական մասով:  Մենք պետք է դա ավելի համակարգված և համակողմանի անենք:

Մենք ասելով` ո՞ւմ նկատի ունեք: Համակարգված քարոզչությունը պետական համապատասխան մարմնիխնդիր չէ՞:

— Պետական մարմնի հետ չարժե դա կապել, համապատասխան կառույցի ստեղծման անհրաժեշտություն էլ չկա, քանի որ ոչ մի երկիր, անգամ Ադրբեջանը նման կառույց չունի: Դա հասարակության խնդիրն է, բոլորիս ֆունկցիան ` սփյուռքի, գիտնականների, հասարակական սեկտորում ակտիվություն դրսևորողների, այսինքն` հասարակության բոլոր օղակների: Եթե Ադրբեջանը դա պետական մակարդակի վրա է դրել և անում է տարբեր ձեռքերով, և սկսած Ալիևից` ով չի զլանում, հակահայկական որևէ տեղեկություն է տարածում, ապա մենք դա պետք է իջեցնենք հասարակական մակարդակի վրա: Մեզանում հետաքրքրությունների շրջանակներն այլ են, և այս հարցը կարծես թե մոռացության է մատնված: Ես վստահ եմ, որ ադրբեջանցի երիտասարդին հետաքրքրում է Հայաստանը, բայց հայ երիտասարդին չի հետաքրքրում Ադրբեջանը: Ադրբեջանում ուսումնասիրություններ են կատարվում, թե օրինակ` իրենց երիտասարդությունն ի՞նչ վերաբերմունք ունի հայերի ու Հայաստանի նկատմամբ, ի՞նչ հայացքներով է սնվում և այլն: Իսկ մենք պարբերաբար քարոզել ենք հանդուրժողականություն, համերաշխություն, փոխընկալման մթնոլորտ: Այժմ պետք է մեր հասարակությանը սովորեցնենք, որ, այո, դու հանդուրժող ես, մեծահոգի ես, հաղթող կողմ ես, բայց մի հանդուրժիր, երբ քո արժեքները կեղծում են:

Նշեցիք, որ մեզանում բացակայում է այն մթնոլորտը, որ դա բոլորիս խնդիրն է: Ինչու՞ է այդպես և ի՞նչ էպետք անել, որպեսզի այդ մթնոլորտը ձևավորվի:

— Որովհետև մեզանում ընդունված է խնդիրները մեկս մեկի վրա գցել, որպեսզի պատասխանատվության տակ չընկնենք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք անել, ապա մեզանում պետք է որոշակիորեն հասունանա այն գաղափարը, որ տեղեկատվական դաշտում մեզանից յուրաքանչյուրը պարտականություն ունի և պատասխանատվություն` պայքարելու ադրբեջանական քարոզչության դեմ: Օրինակ` կոնկրետ գործողություն. համացանց մտնելիս յուրաքանչյուրը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ է հրապարակում ադրբեջանական մամուլը Հայաստանի մասին և անպայման արձագանքի, եթե կան կեղծիքներ: Եթե ինտերնետում ամեն օր 1000, 2000 կամ 5000 հայ պաշտպանողական և հարձակողական տեղեկատվական պատերազմ մղի, ապա կչեզոքացնի ադրբեջանական քարոզչությունը:

Դուք նշեցիք, որ հակաքարոզչությունը պետք է իրականացնել նախևառաջ գիտական շրջանակների կողմից`միաժամանակ արձանագրելով, որ Ադրբեջանում գիտնականներին հատուկ խրախուսում և ֆինանսավորումեն: Իսկ մեզ մոտ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող գիտնականին ինչպե՞ս պետք է խրախուսել:

— Կապ չունի 50 000 թե 150 000: Այս պարագայում դա պետք է ընկալել` որպես ազգի պաշտպանողական ունակությունների մի մաս: ՆԱՏՕ-ի բանակում էլ են շատ բարձր վարձատրում, հայ զինվորը չպաշտպանի՞ իր սահմանը կամ պատգամավորը մտածի` Եվրոպայում պատգամավորները 7000 եվրո են ստանում, ես` 500, չգնամ իմ պարտականությունը կատարեմ… Նման համեմատությունը սխալ է, հայագիտական առարկաները բիզնես դառնալ չեն կարող, դրանք ուղիղ մեր արժեհամակարգի հետ են կապված:

Ասացիք, որ Հայաստանի քաղաքական շրջանակներն ավելի ակտիվ են հակադարձում ադրբեջանականքարոզչությանը. ինչպե՞ս է դա արվում:

— Ելնելով քաղաքական զարգացումներից, հակամարտության շրջանակներում արծարծվող խնդիրներից` քաղաքական ուժերն անմիջապես հակադարձում են` քաղաքական հայտարարությունների, հարցազրույցների, տարբեր միջազգային ֆորումներում տեղեկատվության տրամադրման և այլ միջոցներով: Օրինակ, երբ ես օտարերկրյա լսարանի առջև ելույթ եմ ունենում, անկախ նրանից` դա թեմային վերաբերում է, թե ոչ, անպայման անդրադառնում եմ այդ խնդրին`ասելով, որ եթե Հայաստանի մասին շատ ու շատ բաներ են կարդում, հաշվի առնեն աղբյուրը. եթե դա ադրբեջանական է, ապա պատկերացնեն ճիշտ հակառակը:

Որո՞նք են հակահայկական քարոզչության դեմ պայքարի ժամանակակից մեխանիզմները:

XXI դարը շատ բաց է, հասարակությունը դարձել է տեղեկատվական հասարակություն, սպառող հասարակություն և շատ արագ է ընկալում ցանկացած ինֆորմացիա: Այս ամենը հաշվի առնելով` պետք է կարողանանք գլոբալ կամ տարածաշրջանային տեղեկատվական պատերազմներում ունենալ մարտավարություն, թիրախներ, պաշտպանողական և հարձակողական օղակներ: Այսօր էլ ունենք մասնագետներ, բլոգերներ, որ համացանցում աշխատում են հենց ադրբեջանցիների դեմ, բայց ամեն դեպքում ռեսուրսները շատ սահմանափակ են, դա պետք է լայն դաշտ բերել և օգտագործել հատկապես սփյուռքի ինտերնետ ռեսուրսները, որոնք տեղեկատվությունը մատուցելու առումով կարող են շատ ավելի օպերատիվ  լինել:

Ես չեմ ասում, որ սա սպառնալիք է, բայց սա մարտահրավեր է` արդեն իսկ ձևավորված ու ակնհայտ, որը ժամանակի ընթացքում իր սև գործը կանի, եթե մենք չչեզոքացնենք:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “«Հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար պետական հատուկ կառույց պետք չէ». Արտակ Զաքարյան” վերաբերյալ

  1. Mrav

    իսկական հանրապետական գործչի պատասխան!! իր բերանով ասում է որ հակառակորդը ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ տանում է հակահայկական քարոզչություն և կեղծարարություն — և հանճարեղ կերպով պետության ուսերից վերցնում կարևոր ֆունկցիան,այն է պետական ձևով կազմակերպել և հակահարված տալ թշնամուն:Համոզվել եմ ,որ ՀՀԿ-ն կեղծ նժդեհականներ են,քանի срок պիտի իշխանության լինեն և ոչինչ չանեն: