Որդու, ամուսնու և շերեփի հավիտենական կռիվը հարսների ու սկեսուրների միջև

կին-1

Հարսներ և սկեսուրներ. ամենախոցելի հարաբերություններն աշխարհում, երբ մայրերն ի վիճակի չեն լինում իրենց որդուն «կիսել» մեկ ուրիշ կնոջ հետ, իսկ որդիներն ի վիճակի չեն լինում բավականաչափ կամք դրսևորել և չընկնել «ծուղակը»:

Ներկայացնում ենք 5 կնոջ իրական պատմություն, որոնց ճակատագիրը խաթարվել է հարաբերությունների կառուցման գործում սկեսուրների, ամուսինների և գուցե հենց իրենց սխալների պատճառով:

Բարեբախտաբար, նման պատմություններ մեր հասարակության մեջ հազվադեպ են հանդիպում:

Սկեսուրն իր տղայի համար «քած» բերող կին չէր նախատեսել

«Համադասարանցիներ էինք: Ամուսնացանք: Թվում էր, թե ինձանից ավելի երջանիկ կին չկա աշխարհում: Ամուսինս ուշադիր էր, հոգատար: Բայց երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս հայտարարեց, թե իր տղայի համար «քած» բերող կին չէր նախատեսել: Հետո սկսեց ամուսնուս հոգատարությունից գազազել: Տեղի-անտեղի վեճեր էր սարքում: Ամուսինս իրավունք չուներ տուն մտնել և ինձ ասել, որ սոված է. «Ես մեռած ե՞մ, որ դրան ես ասում…»,-ասում էր սկեսուրս:

Մի օր էլ շատ զայրացավ, երբ ծննդյանս օրվա առթիվ ամուսինս ինձ համար մուշտակ գնեց: Նոր էի ծննդաբերել և տնից դուրս չէի գալիս, ոչ մի անգամ այդ մուշտակը չէի հագել: Նոր տարվա առթիվ ծնողներիս տուն գնալիս որոշեցի հագնել: Զգեստապահարանից հանելով` հանկարծ նկատեցի, որ վերից վար ածելիով կտրված է: Չգիտեի` ինչ անել: Երբ այդ մասին հարցրի սկեսրոջս, այնպիսի մի տեսարան սարքեց, որ Նոր տարին էլ մոռացա, հյուր գնալն էլ:

Դրանից հետո մեր տան վեճերը հաճախակի դարձան: Ամուսինս սկսեց խուսափել տանը մնալուց: Երկրորդ երեխաս դեռ չէր ծնվել, երբ ամուսինս հայտարարեց, որ մեր կռիվներից ազատվելու մի ելք կա` Ռուսաստան գնալ:

Այդ ժամանակ սկեսրոջս ազգականներից մեկը մահացավ: Քաղաքում հանգուցյալի համար դագաղ էին պատվիրել, բայց հետո տղաները Երևանից ուրիշ թանկարժեք դագաղ էին բերել, և հինը պահեցինք մեր տան տանիքում: Ինձ համար դա շատ տհաճ էր, բայց ձայն չհանեցի: Մի քանի օր անց, երբ նորից վեճ սկսվեց, սկեսուրս ասաց. «Մինչև քեզ չթաղեմ, չեմ հանգստանա: Դագաղն էլ հրեն տանիքում է»:

Շուտով ամուսինս մեկնեց Ռուսաստան: Մնացինք ես, սկեսուրս, երկու դուստրերս և …դագաղը` մի հարկի տակ: Սկզբում ամուսինս փող էր ուղարկում, հետո ասաց, որ վիճակը լավ չէ: Այժմ շարունակում եմ ապրել սկեսրոջս հետ` նույն լարված հարաբերություններով, իսկ ամուսինս գլուխն ազատել-գնացել է»:

 

Ամուսինն ու սկեսուրը սափրեցին հարսի գլուխն ու հոնքերը և դուրս վռնդեցին

«Ամուսնացած եմ եղել 10 տարի, բայց այդ ընթացքում այնքան եմ տառապել, որ հիմա ինձ թվում է, թե այդ տարիները դարեր են տևել: Մենք ապրում էինք առանձին,սակայն ամուսնուս ծնողների անմիջական հսկողության տակ: Այնպես ստացվեց, որ ծնողներս պարտքի տակ ընկան: Երբ մոտեցավ պարտքը վճարելու ժամանակը, պարտատերը սպառնաց, որ ժամանակին չտալու դեպքում կգան և մորս կտանեն: Ես որոշեցի ամուսնուցս գաղտնի օգնել ծնողներիս և իմ ոսկեղենը գրավ դրեցի բանկում: Երբ ամուսինս ու նրա ծնողներն այդ մասին իմացան, ինձ գողության մեջ մեղադրեցին: Մեծ վեճ ու կռիվ եղավ: Նրանք երեխաներիս ներկայությամբ սափրեցին գլուխս ու հոնքերս: Դա բավական չէր, ամուսինս ձեռքերս սիգարետով այրում էր ու միաժամանակ ծեծում: Հաջորդ օրը երեխաներիս ձեռքիցս առան և ինձ ,հարևանների ներկայությամբ, գոռում-գոչյունով, թե ` «ըլը էլեք տեսեք, թե ինչղ կփախնի գողը», տնից դուրս արեցին:

Դա ինձ համար դժոխքի ճանապարհ է, որ անցա ճաղատ գլխով և կիսամերկ մարմնով: Վերադարձա հայրական օջախ: Ծնողներիս արգելեցի միջամտել, քանի որ գիտեի, որ  ամուսնուցս և նրա հորից ամեն ինչ կարելի է սպասել (երկուսն էլ դատվածություն ունեին):

Անցավ մեկ տարի: Մի օր էլ ամուսինս հայտնվեց մեր տան շեմին: Ես զարմանքից ու վախից քար կտրեցի: Այցի նպատակը մեր միանալն էր: Ասում էր, որ ես նորից կտեսնեմ երեխաներին և կսեղմեմ կրծքիս: Այդ մտքից ոգևորված` չզգացի, թե ինչպես տեղի տվեցի: Նրա այցելությունները հաճախակի դարձան, բայց նա այդպես էլ ինձ տուն չտարավ: Այդ ընթացքում ծնվեց երրորդ երեխաս: Ամուսինս ոչ միայն չկատարեց խոստումը, թե կտեսնեմ երեխաներիս, այլև մեր հանդիպումների ընթացքում ամուսնացել էր մեկ ուրիշ կնոջ հետ (այդ մասին ես շատ ուշ իմացա), որը մեկ երեխա ուներ:

Հիմա երեխաներս այցելում են ինձ, և ես դրանով եմ մխիթարվում»:

 

Ամենօրյա մի բաժակ կաթը մահվան եզրին հասցրեց հղի հարսին

«Ամուսնացել էինք առանց սկեսրոջս համաձայնության և հավանության: Համատեղ կյանքի 6 ամիսների ընթացքում մեր հարաբերությունները թշնամական դարձան: Բայց երբ սկեսրոջս հայտնեցի, որ հղի եմ, նա կարծես միանգամից վերափոխվեց, բարիացավ, դարձավ սիրալիր և շատ հոգատար:

Շատ զարմացած էի: Հետո նա սկսեց ամեն առավոտ ինձ նախաճաշ բերել, հետն էլ` մի գավաթ կաթ և ստիպել, որ խմեմ մինչև վերջ: Չմոռանամ ասել, որ կաթի հետ նա յոդ էր խառնում` ասելով, որ դա պտղի համար շատ օգտակար է: Ես սկսզբում կարծում էի, որ դա իրոք օգտակար է: Այդպես շարունակվեց երկու ամիս, մինչև ծնողներս ինձ մահամերձ վիճակում հասցրին հիվանդանոց: Ես կորցրեցի փոքրիկին և արյան վարակում ստացա: Հետո գտնվում էի բժիշկների անմիջական հսկողության տակ, քանի որ սակավարյունություն էի ձեռք բերել:

Բուժումն ամիսներ տևեց: Ես հետ չվերադարձա ամուսնուս մոտ»:

 

«Քանի դեռ ես կենդանի եմ, տան շերեփը միայն ես կարող եմ յուղի մեջ թաթախել…»

«Երբ ամուսնացա, ընդամենը 18 տարեկան էի: Հարս էի եկել այլ շրջանից, և ինձ համար այստեղ ամեն ինչ անսովոր էր:  Բուժքույր էի, շաբաթը երկու անգամ էլ հերթապահում էի: Աշխատանքի գնալուց առաջ սկեսուրս սեղանին 2 գդալ շաքարավազով թեյ էր դնում և մի կտոր հաց: Դա էր իմ նախաճաշը: Երբ հերթապահության օրերին էի գնում, հացի հետ նաև մի կտոր պանիր էր դնում: Իմ աշխատավարձից ծախսելու իրավունք չունեի, որովհետև լավ գիտեին գումարի չափն ու գիտեին` որտեղ է դրված: Նույն վիճակում էր նաև տեգորս կինը:

Մի օր սկեսուրս թաղման էր գնացել, և մենք որոշեցինք նրանից թաքուն ձվածեղ պատրաստել: Թավան նոր էինք գազօջախից վերցրել, երբ հանկարծ լսվեց դարպասիձայնը: Մենք շփոթվել էինք, չգիտեինք` ինչ անել և թավան խցկեցինք դարակներից մեկում:

Սկեսուրս ներս մտավ, մի հայացքով չափեց մեզ, աչքի անցկացրեց խոհանոցն ու շարժվեց դեպի պահարանի կողմը, որտեղից ոչ միայն ձվածեղի, այլև այրված կտորի հոտ էր գալիս. այրվել էր դարակում գտնվող սփռոցը:

Սկեսուրս թավան հանեց և դրանով այնպես հարվածեց գլխիս, որ ընկա: Տեգորս կինը հետո պատմեց, որ մի քանի ժամ գիտակցությունս կորցրած` պառկած եմ եղել, բայց սկեսուրս չի էլ մոտեցել` ասելով, որ քանի դեռ ինքը կենդանի է, այդ տան շերեփը միայն ինքը կարող է յուղի մեջ թաթախել:

Այդպես նրա հետ ապրեցի 16 տարի: Հիմա տեգորս կինն արդեն հարս ունի և զարմանալիորեն ինքն էլ է դաժան վարվում հարսի հետ` խոստովանելով, որ այդպիսով ուզում է վրեժ լուծել: Հիմա էլ նրա հարսն առանց սկեսրոջ ներկայության չի կարող նույնիսկ սուրճ եփել որևէ հյուրի համար, քանի որ խոհանոցի պահարանը կողպած է»:

 

Հարսին նորածին երեխայի հետ դուրս հանեցին տնից. օճառ շատ էր օգտագործում, էլեկտրաէներգիա շատ էր վատնում

«Ամուսնացած եմ եղել 2 տարի: Կարծես ամեն ինչ լավ էր: Ամուսինս սիրում էր ինձ: Համենայնդեպս, այն ժամանակ ես այդպես էի կարծում: Բայց…

Երեխաս ընդամենը 4 ամսական էր, երբ ամուսինս ու նրա մայրն ինձ բազմաթիվ վիրավորանքներ հասցնելուց հետ, երեխային գիրկս տվին և գիշերվա կեսին դուրս հանեցին տնից: Պատճառն այն էր, որ լվացք շատ էի անում, օճառ շատ էի օգտագործում, էլեկտրաէներգիա շատ էի վատնում և էլի նման անհեթեթություններ:

Ես վերադարձա հորս տուն` մտածելով, որ մի քանի օրից ամեն ինչ կհարթվի: Սակայն այդ դեպքից 20 օր անց պարզվեց, որ ամուսինս ամուսնացել է շատ հարուստ ընտանիքից մի աղջկա հետ, ճոխ հարսանիք են արել և մեկնել են Մոսկվա:

Այդ օրվանից իմ մեջ մեռել է կյանքի հանդեպ սերը: Անցել է մեկ տարի: Հիմա միակ նպատակս փոքրիկիս մեծացնելն է»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Որդու, ամուսնու և շերեփի հավիտենական կռիվը հարսների ու սկեսուրների միջև” վերաբերյալ

  1. AZYUTA

    Ինչ տականք մարդ ասես , որ չկա:Ինչի են մարդիկ այդքան չար ???

Թողնել պատասխան AZYUTA-ի համար Չեղարկել պատասխանը