Փակ շուկայի շինարարությունը կբերվի՞ օրինական դաշտ

shuka-1

1950 -51 թվականներին, երբ ավարտվեց «Հաղթանակ» կամրջի շինարարությունը, այդ կամրջի կամարի կոնստրուկցիան` իր տախտակամածով հանդերձ, որոշվեց ոչ թե դեն գցել, այլ օգտագործել. ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի մտքում մի հետաքրքիր գաղափար ծնվեց` կամրջի կոնստրուկցիան և դրա տախտակամածն օգտագործել Կենտրոնական Փակ շուկայի առաստաղը կառուցելու համար: Հրավիրվեց կոնստրուկտոր Հ. Առաքելյանը, ով իրականացրեց Փակ շուկայի ճարտարապետ Գ. Աղաբաբյանի այդ հիանալի գաղափարը:

Այս պատմությունն  ինձ պատմեց Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը: Նրա խոսքով, Մոսկվայից նման շուկա կառուցելու թույլտվության համար վճռորոշ է եղել հենց այն հանգամանքը, որ օգտագործվելու էր կամրջի կոնստրուկցիան: «Նման մեծաթռիչք կոնստրուկցիաները շատ թանկ հաճույք էին,-ասում է նա,-և եթե չլիներ «Հաղթանակ» կամրջինը, միգուցե Մոսկվան թույլ չտար այդքան մեծ ծախսեր անել և շուկայի համար նման առաստաղ կառուցել»:

Այդպես, Մոսկվան ողջունեց հայերի սրամիտ միտքը և թույլ տվեց, որպեսզի շուկան կառուցվի այդ հոյակերտ նախագծով: «Դա ցնցող բան էր: Երևանն ունեցավ շուկա-տաճար,-ասում է Հասրաթյանը,-հետագայում Խորհրդային միության այլ քաղաքներում  նմանատիպ  շուկաներ կառուցվեցին, բայց ընդամենը` մի քանիսը»:

Հասրաթյանը լավ է հիշում շուկայի շինարարությունը, այն նրա աչքի առաջ է տեղի ունեցել, քանի որ իր ընտանիքն ապրում էր հենց շուկայի բակում: «Հիշում եմ,  1952 թվականին` շուկան շահագործման հանձնելու ժամանակ, 2-րդ դասարանի աշակերտ էի,-պատմում է նա,-մի օր էլ իմ դասընկերը, ով ի դեպ, Վահան Տերյանի թոռն էր, ասաց, թե մի հրաշալի գրադարան է հայտնաբերել` մի հրաշք գրապահոցով` շուկայի ներսում: Ասացինք. «Ո՞նց թե շուկայում, ձեռ ե՞ս առնում»:  Բայց պարզվեց, որ իսկապես շուկայում կա գրադարան` մթերք բերող գյուղացիների համար, որպեսզի նրանք ազատ ժամանակ ընթերցեն»:

Հասրաթյանն ասում է, որ առաջին լուրջ դասականներին սկսել է կարդալ հենց այդ գրադարանից (այնտեղից կարող էին օգտվել բոլորը): «Դա զուտ շուկա չէր, դա էթնոգրաֆիկ մի վայր էր, որտեղ կար ազգային խոհանոց, լավաշի փուռ, ամբողջ արարատյան դաշտավայրի մրգի ու բանջարեղենի ընտրանին` իր ողջ գունապնակով, մի խոսքով, դա իսկական տեսարժան վայր էր,-ասում է Հասրաթյանը,-մենք շատ վայրեր ունենք, բայց Երևան ժամանած հյուրերի վրա ամենամեծ տպավորությունը թողնում էին Մատենադարանը և Փակ շուկան: Շատ հայտնի մարդիկ են իրենց տպավորությունները գրել այդ շուկայի մասին»:

Ճարտարապետական, ճարտարագիտական և պատմամշակութային այդ մեծարժեք կառույցը, որն ունի հանրապետական նշանակություն և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (թիվ 1.6.152), վերջին շրջանում հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում` դրա շուրջ պտտվող  հակասական ու կասկածելի խոսակցությունների պատճառով: Իսկ խոսակցությունները սկսվեցին այն պահից, երբ պարզ դարձավ, որ նոր սեփականատերը` ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ծրագրել է այն վերանորոգել և վերազինել: Չքննադատելով գործարարի ծրագրերը` հատկապես որ մասնագետները ևս հավաստիացնում են շենքի` մասնավորապես ստորգետնյա հատվածի կապիտալ վերանորոգման անհրաժեշտության մասին, մասնագետներն, ինչպես նաև սովորական քաղաքացիները, սկսեցին անհանգստանալ այն անորոշությունից և անօրինականությունից, որի մթնոլորտում իրականացվում էին այդ աշխատանքները: Բանն այն է, որ շինարարությունն ընթանում էր, մինչդեռ չկար համապատասխան մարմինների թույլտվությունը:

Հունվարի 18-ի դրությամբ արդեն տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով շուկայի ներսում դադարեցվել են շինարարական աշխատանքները, ինչն ինձ հետ զրույցում հաստատեց նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նույն օրը, սակայն, այլ աղբյուրներ հայտնեցին, որ Փակ շուկայում որոշ աշխատանքներ դեռ իրականանում են, այնտեղ է գտնվել նաև Սամվել Ալեքսանյանը, ով ցուցումներ է տվել աշխատողներին:

Եթե անգամ հունվարի 18-ի աշխատանքներն ընթացել են ոչ ծանր տեխնիկայի և մեքենաների մասնակցությամբ, և եղել են ավելի թեթև, այնուամենայնիվ նախորդ օրերին արդեն իսկ շենքում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ:  Մինչ լրատվամիջոցներն ու հասարակական կառույցներն ահազանգում էին այդ աշխատանքների մասին, սեփականատերը շարունակում էր պնդել, որ ներսում ընդամենը մաքրման աշխատանքներ են կատարվում: Իսկ երբ օրեր առաջ համացանցում հայտնվեցին լուսանկարիչ Հայկ Բիանջյանի լուսանկարները, արդեն պարզ էր, որ շենքում իրականացվում են լուրջ շինարարական աշխատանքներ` ծանր տեխնիկայով:

Հունվարի 16-ին մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ բաց նամակ հղեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին և  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրանքով, որ վերջիններիս միջնորդությամբ դադարեցվեն շինարարական աշխատանքները:

Նամակում նշվում է, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի` պետք է քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում»: ՀԿ-ների երկայացուցիչները պահանջում են նաև իրականացնել հանրության իրազեկում և մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը զարմացած է, որ շինարարության շուրջ ամեն ինչ մթության քողով է պատված, և ոչ ոք ստույգ չգիտի, թե ինչ է կատարվում ներսում: «Գործընթացը, որ տեղի է ունենում, փակ է, անհնար է որևէ բան ճշտել,-ասում է նա,-իսկ որոշողը` դա մաքրում է կամ այլ աշխատանք, մասնագետներն են, ոչ թե սեփականատերը: Շինարարության թույլտվությունը տրվում է այն ժամանակ, երբ որ կա հաստատված նախագիծ: Տվյալ դեպքում չկա այդ նախագիծը և չկա թույլտվությունը»:

«Քաղաքաշինության մասին» օրենքում նշվում է, որ եթե շենքի հիմնական կոնստրուկտիվ համակարգում կամ արտաքին տեսքում տեղի են ունենում փոփոխություններ, ապա դա համարվում է կապիտալ շինարարություն: Ըստ Սարհատ Պետրոսյանի, այն, ինչ  ինչ տեղի է ունենում Փակ շուկայի տարածքում, կապիտալ շինարարություն է: «Շենքը կոնստրուկտիվ առումով սովորական շենք չէ, և դրա արժեքը հենց կոնստրուկտիվ համակարգն է,-ասում է նա,-շենքի մեծ թռիչքն ապահովում են կողային հատվածների խանութները: Ես կոնստրուկտոր չեմ, բայց որպես ճարտարապետ` կարծում եմ, որ եթե շուկայի միջնամասի հողը փորվում է, ուրեմն, կարող են լուրջ խախտումներ լինել: Հիմք փորելը կատակ բան չէ»:

Ճարտարապետին անհանգստացնում է նաև այն, որ հայտնի չէ, թե որտեղ է, օրինակ, ներսի ջրավազանը: Նա կարծում է, որ ջրավազանի նկատմամբ պետք է հատուկվերաբերմունք ցուցաբերվի` այն համարակալվի, ապա վերանորոգումից հետո վերադարձվի նախկին տեղը, հակառակ դեպքում` հիմնավորվի, թե ինչու չի դրվում: Այս և շատ այլ հարցեր այսօր անպատասխան են: Բացի այդ, ցանկացած շինարարության ժամանակ շենքի դիմաց դրվում է ցուցանակ, որպեսզի պարզ լինի, թե այդ վայրում ինչ է կառուցվում: Դա ևս չկա: «Պետք է մի պահ մոռանալ, թե ով է սեփականատերը, կարևորն այստեղ պետության վերաբերմունքն է,-ասում է Սարհատ Պետրոսյանը,-վստահ եմ, որ նման դեպքերում և´ սեփականատիրոջը, և´ պատկան մարմիններին խնդիրը ճիշտ չի ներկայացվում: Հաճախ անսկզբունք մասնագետներ, որոնք պետք է ճիշտ ժամանակ ճիշտ խորհուրդ տան, դա չեն անում»:

«Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն, գլխավոր կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանը հայտնեց, որ ինքն անձամբ չի տեսել կատարված աշխատանքները, բայց լսել է, որ շուկայի ներսում 7-մետրանոց փոս է փորված: «Դա միանշանակ անթույլատրելի է,-ասաց նա,-ընդհանրապես, եթե դա հուշարձան է, այն էլ` կամարաձև կառույց, ուրեմն դրան ծայրահեղ զգույշ պետք է վերաբերվել, և ցանկացած բան վերանորոգելիս կամ քանդելիս պետք է ունենալ մասնագիտական կարծիք»:

Ազիզյանն ասում է, որ նախաձեռնության հեղինակները նախ պետք է պատվիրեին նախագիծ, հետո նախագիծը ձեռքներին մտնեին Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալություն, ապա դիմեին քաղաքաշինական խորհուրդ և այնտեղ պաշտպանեին իրենց նախագիծը:

Նա համոզված է, որ ոչ մի լուրջ շինարար երբեք չէր մոտենա նման կառույցի` հստակ իմանալով, որ դա հուշարձան է, հետևաբար պետք է լինի նախագիծ: «Կարող եմ ասել, որ այնտեղ անլուրջ շինարարներ են գործ անում, որոնք կարող են բազմաթիվ սխալներ թույլ տալ,-ասաց նա,-դրանք մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ են, կոպիտ ասած` խոպանչիներ»:

 

 

 

Նյութում օգտագործվել են լուսանկարիչ

Հայկ Բիանջյանի լուսանկարները,

որոնք ամրագրված են հեղինակային իրավունքով:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր