Քաղաքապետը չբարեհաճեց հանդիպել Մաշտոցի պուրակի պաշտպանների հետ

image

Քաղաքապետը չբարեհաճեց հանդիպել բնապահպան ակտիվիստների հետ, ովքեր կեսօրից հետո բողոքի ցույց էին անում Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով քաղաքապետից փոխել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու որոշումը և  ապամոնտաժել արդեն կառուցված առևտրի տաղավարները: Փոխարենը Տարոն Մարգարյանը ներկայացուցիչ ուղարկեց ակցիայի մասնակիցների մոտ ու «չորով» ասեց, որ շինարարությունը շարունակվելու է:

Հարգելի քաղաքապետ, լավ, ենթադրենք դուք չեք հասկանում, բա խորհրդատուներ չունե՞ք, որ ճիշտ խորհուրդներ տան հասարակության, քաղաքացիների հետ շփվելու քաղաքակիրթ ձևերի մասին: Թե՞ խնդիրն էնքան լուրջ է դրված, որ արդեն PR-ի մասին էլ չեք մտածում:

Հասկանալի է, որ կրպակների տերերը ճնշում են, դուք երկու քարի արանքում եք, բայց եթե կշեռքի նժարին դնեք այդ երկու քարերը, հավանաբար կտեսնեք, որ նժարի մի կողմը զգալիորեն ծանր է, որովհետև այդ կողմում Երևանն է, Երևանի քաղաքացիները, իսկ մյուսում` Երևանն իրենց սեփական շահերին ծառայեցնելու մոլուցքով տառապող մի քանի գռփող: Ի վերջո, դուք քաղաքապետ եք, կարողացեք հստակ դիրքորոշում արտահայտելու կամք ունենալ և մի  քանի գռփողի էլ ասել` ՎԵՐՋ, ՀԵՐԻՔ Է: Եթե կուզեք ճիշտն իմանալ, այդ կրպակատերերին ոչ թե պիտի մեկ այլ վայրում թույլտվություն տայիք, այլ բոլորի դեմ քրեական գործ հարուցեիք, որ տարիներ շարունակ մեր` բոլոր երևանիցներիս հաշվին, իրենց գրպաններն են լցրել:

Թող ինչ ուզում են ասեն` մեր երկրում պետական պաշտոնյա-քաղաքացի փոխհարաբերությունների մշակույթ դեռ չկա ու երկար ժամանակ չի էլ լինելու, քանի դեռ պետական պաշտոններին նույն մարդիկ են: Բայց ամենակարևորը` կա առողջ երիտասարդական զանգված, որ առանց որևէ այլ նպատակի պատրաստ է պաշտպանել իր երկրի, իր քաղաքի իրավունքները:

Հարգելի երևանցիներ, բնապահպաններ ու խնդրով մտահոգ ՄԱՐԴԻԿ, եկեք չընկճվենք քաղաքապետի դիրքորոշումից, քանի որ ավելին նրանից սպասել պետք էլ չէր: Եկեք շարունակենք մեր պայքարը նույն ոգով ու հավատանք հաղթանակին, որովհետև մեր կողքին իրական Երևանն է, իսկ նրանց կողքին` Երևանի ստվերը…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր