«Քաղաքականությունից իմ հեռանալու մասին լուրերը չափազանցված են». Լ. Գալստյան

Լիլիթ-Գալստյան2

ՀՅԴ համամասնական ցուցակի հրապարակումից հետո կասկածի տակ դրվեց  ամենաակտիվ ու գործունյա պատգամավորներից մեկի` Լիլիթ Գալստյանի վերընտրվելն առաջիկա խորհրդարանական ընտրություններում. նրա անունը ցուցակում 20-րդն է: Դա դարձավ լրահոսի ամենաթեժ հարցերից մեկը, քանի որ պատգամավորն աննախադեպ սեր ու հարգանք է վայելում նաև լրագրողական դաշտում: Լիլիթ Գալստյանի ինքնագնահատականը դրանից չի ընկել, նա չի դառնացել, թեև անակնկալի եկել է:

«Չեմ սեթևեթի` ասելով, թե չեմ ուզում լինել խորհրդարանում,-ասում է նա,- ես քաղաքական մարդ եմ, թե՛ անելիք ունեմ, թե՛ ասելիք, և հավատում եմ, որ կարելի է, և պարզապես անհրաժեշտություն է մեր իրականությունը փոխելը։ Ես սիրում եմ, պաշտում իմ երկիրը։ Ու նաև մտածում եմ, որ իմ քաղաքական թիմը հաջողելու է, ու մենք միասին ծառայելու ենք Հայաստանին: Հակաքաղաքակրթական աղբից պետք է մաքրել մեր երկիրը»։

Բայց եթե անգամ հաջորդ խորհրդարանում չլինի, համոզված է, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ իբրև քաղաքացի, իբրև հայացք, իբրև չափանիշներ կրող և հասարակությանը արժեքներ փոխանցող անհատ. «Քաղաքականությունից իմ հեռանալու մասին լուրերը չափազանցված են,- ասում է նա,- միևնույն է, ես քաղաքականության մեջ լինելու եմ, եթե ոչ խորհրդարանական ամբիոնից, ապա իմ գրիչով, իմ հրապարակախոսությամբ,  իմ մշակութային, գիտական գործունեությամբ»:

Մի կողմից էլ Լիլիթ Գալստյանին հաճելի  հուզմունքի առիթ է տվել  20-րդ տեղը.  «Երբեք չեմ մտածել, որ այսքան  սիրված ու  գնահատված  եմ։ Ինձ իսկապես հուզում  է հասարակության  արձագանքը,- ասում է նա,- երբ  անծանոթ մարդիկ  կանգնեցնում ու  համակրանք, աջակցություն են արտահայտում։ Ավելի լավ գնահատական…»:

Լիլիթ Գալստյանը զգացված է նաև լրագրողների արձագանքից. «Եվ դա այն դեպքում, որ մեր լրագրողական դաշտը միշտ չէ, որ անկախ է, անկողմնակալ, միշտ չէ, որ կարողանում է թեփը ցորենից տարբերել։ Ուրեմն հինգ տարին անպտուղ չի անցել»:

Ո՞վ էր Լիլիթ Գալստյանը 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նրա անունը հայտնվեց ՀՅԴ համամասնական ցուցակի 21-րդ տեղում: Ինչպես ինքն է ասում, ոչ պատահական, վերևից ընկած մեկը. նա Դաշնակցության շարքերում է 1989 թվականից, երբ կուսակցությունը դեռևս բացահայտ գործունեություն չէր ծավալում Հայաստանում, իսկ 2006-ին արդեն ՀՅԴ գերագույն մարմնի անդամ էր: «Գիտակցելով, որ կուսակցական լինելն ինչ-որ իմաստով ազատության սահմափակում է, հասկանալով, որ այն  նվիրում, զոհաբերություն է պահանջում, նաև անհատականության կաշկանդում,  այնուամենայնիվ,  վայրկյան անգամ չեմ  վարանել  անդամակցել Դաշնակցությանը։ ՀՅԴ-ն էր այն միակ  կուսակցությունը, որտեղ տեղավորվում էր քաղաքացու ու անհատի իմ բանաձևը»,- ասում է նա` նշելով, որ այդ համոզումը ողջ կյանքի համար է։

2007-ին Լիլիթ Գալստյանին լավ գիտեր նաև մշակութային հանրությունը, քանի որ այդ ոլորտում բավականին լուրջ գործունեություն էր ծավալել որպես «Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, կրթության և գիտության նախարարության միջազգային ծրագրերի կենտրոնի տնօրեն: Նա բանասիրական գիտությունների թեկնածու է, Գրողների միության անդամ (թարգմանական երեք ժողովածուների հեղինակ է, դասավանդում է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում), ունի նաև քաղաքագիտական հիմնավոր կրթություն (ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության բաժինը և Եվրախորհրդի քաղաքական ուսումնասիրությունների դպրոցը):

Նա գնաց խորհրդարան և արդարացրեց իր մանդատը: Վստահաբար կարելի է ասել, որ Լիլիթ Գալստյանը մեր խորհրդարանի ամենագործունյա պատգամավորներից է, և սա անձնական կարծիք չէ. վերջերս հրապարակված խորհրդարանական մշտադիտարկման տվյալների համաձայն` Լիլիթ Գալստյանի անունը ամենաակտիվ պատգամավորների տասնյակում է:

Նա ՀՅԴ խմբակցության օրենսդրական նախաձեռնություններից 1Օ-ի  հեղինակն է: Դրանցից են «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներում կատարված լրացումներն ու փոփոխությունները, որոնցով սահմանվեցին լեզվաքաղաքականությանն առնչվող տասնյակ հասկացություններ, գրական հայերենն ամրագրվեց որպես   պետական ու պաշտոնական լեզու  և այլն: «Զավեշտական է, բայց գլադիատորական կամք էր պետք  համոզել-ապացուցելու համար, որ գովազդի կամ  հեռուստաընկերությունների եթերի լեզուն  գրական հայերենը պիտի լինի: Եվ առհասարակ քաղաքական մշակույթի մեր օրերում ընդդիմադիր դաշտում գործելու համար պլատոնյան ռոմանտիզմ ու սպարտացու համառություն է պետք»,- ասում է նա։

Պատգամավորի հեղինակած օրինագծերից մեկն էլ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություն-լրացումն էր, որով ամրագրվեց մշակույթի ոլորտում ազգայինի կարգավիճակը, և հստակեցվեցին չափորոչիշները, որոնց համաձայն  մշակութային կազմակերպություններին  կարող է շնորհվել «ազգային» կարգավիճակ: «Ամեն պատահական կառույց կամ ինքնակոչ իրավունք չունի  շահարկելու  ազգային բառը, այն բացառիկության և առաքելության մենաշնորհ է, որի հանդեպ պետությունն էլ հատուկ ակնածանք ու ֆինանսական վերաբերմունք պիտի ունենա»,- կարծում է նա:

Ֆոնոգրամայի դեմ պայքարը նույնպես Լիլիթ Գալստյանն օրենքի տեսքով բերեց խորհրդարան և հասավ նրան, որ պետական համերգների ժամանակ հնչի միմիայն կենդանի երգ ու երաժշտություն: Նրա համառ ջանքերի շնորհիվ 2009-ին 20%-ով բարձրացավ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը, Երևանի կամերային երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ և այլն: Լիլիթ Գալստյանը նաև օտարալեզու դպրոցների  դեմ պայքարի առաջնագծում էր` խորհդարանական ամբիոնից բազմիցս հնչեցնելով այդ խնդիրը. «Գերբնական ջանքեր պահանջվեցին նաև ճանկռելու, ջարդելու չինական պատը, որ քաղաքակիրթ երկիրը պիտի ունենա բնապահպանության իր չափանիշները, որ քաղաքաշինությունը պետք է ծառայի կենսամիջավայրին և մարդուն,- ասում է բնապահպանական և քաղաքաշինական խնդիրների դեմ մշտապես պայքարող պատգամավորը,- հիմա վարչապետի կամ ՀՀ նախագահի ելույթներում երբեմն ինչ-որ գաղափարներ են հնչում, որոնք հույս են տալիս կարծելու, որ մեր  խմբակցության ուղերձները տեղ են հասել»:

Պատգամավորը նայում է հետ և տեսնում, որ 5 տարվա ընթացքում բավական աշխատանք է կատարել, թեև հաճախ տպավորություն է ունեցել, թե երկխոսության մեջ է կույրերի և խուլերի հետ, որը նրանից երբեմն դոնքիշոտյան ռոմանտիզմ է պահանջել` չընկրկելու և իր նպատակների ու երազանքների հետևից մինչև վերջ գնալու համար. «Ինչքան համառություն, ինչքան ջանք ու էներգիա է պահանջվել` ապացուցելու համար, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուսի»,- ասում է նա:

Նա գիտի, որ քաղաքակրթությունն առաջ են տանում իդեալիստները, և  շահում են ցինիկները, բայց համոզված է, որ չպետք է նահանջել:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր