Աշակերտուհու հայրը թքել է ուսուցչուհու երեսին և հայհոյել նրան (տեսանյութ)

gexanush-02-akanj-204-poster6001330704521

Երևանի դպրոցներից մեկի երրորդ դասարանի աշակերտուհի Էլենը լաց լինելով գնացել է տուն և ծնողներին պատմել, որ ուսուցչուհին իրեն ապտակել է, որի հետևանքով ականջը կապտել է և ցավում է: Հայրն այնքան է բարկացել, որ զանգահարել է “Արմենիա” հեռուստաընկերություն և օպերատորով ու լրագրողով զինված` հասել դպրոց: Օպերատորը տեսախցիկը միացրել և ֆիքսել է, թե ինչպես է երեխայի հայրը, մտնելով դպրոցի տնօրենի սենյակ, առանց բարև բարլուսի, գոռալով մոտենում տնօրենի սենյակում գտնվող “մեղավոր” ուսուցչուհուն և “խի՞ ես երեխուս խփել, խի՞ ես խփել” բղավելով, ոչ ավել, ավել ոչ պակաս, թքում ուղիղ ուսուցչուհու երեսին և սկսում հայհոյել նրան:

Ուսուցչուհին, որ հավանաբար, շոկի մեջ է ընկնում և մի քանի վայրկյան չհասկանալով, թե ինչ է իր հետ կատարվում, վեր է կենում տեղից, հետ-հետ գնում և պապանձվում:

Անկեղծ ասաց, մինչ այդ տեսարանը դիտելը, ես էլ մտքումս մի լավ  մեղադրեցի “սառնասիրտ ու բռնարար” ուսուցչուհուն և ուրախացա, որ աշակերտի նկատմամբ բռնության դեպքերն արագ լուսաբանվում են: Սակայն ծնողի նման պահվածքից հետո ուրիշ բան չմնաց մտածելու, քան այդ ուսուցչուհուն հոգեբանական աջակցություն տրամադրելը, որովհետև եթե ես` որպես հեռուստադիտող, այդ միջադեպից սթրես տարա, ապա պատկերացնում եմ այդ ուսուցչուհու հոգեվիճակը, հատկապես որ այդ ամենը տեղի ունեցավ ի տես աշխարհի:

Այնուհետև արդեն ուշքի եկած, սակայն դեռևս տանջալի տեսք ունեցող ուսուցչուհին լրագրողին սկսեց պատմել, թե ինչպես է այդ աշակերտուհին այդ օրն իրեն բարկացրել` ամեն անգամվա պես դասի գալով ուշացումով և “բուտեռբռոդ” ծամելով, իր ամենօրյա դիտողություններին էլ բանի տեղ չդնելով: Իսկ մեղադրանքը, թե ինքը խփել է երեխայի ականջին, ուսուցչուհին ժխտեց` ասելով, որ միայն բարկացել է և վերարկուից բռնած` նստեցրել տեղը:

Ականջի կապտուկի պատճառը, ինչպես հավաստեց դպրոցի տնօրենը, եղել է այն, որ ֆիզկուլտուրայի ժամին Էլենը քաշել է դասընկերուհիներից մեկի մազերը, քանի որ վերջինս ուրախացել է իր թիմի հաղթանակի առթիվ, իսկ մի քանիսն էլ այդ երեխային պաշտպանելու համար հարձակվել են Էլենի վրա, որի հետևանքով էլ նրա ականջը կապտել է: Սակայն Էլենի հայրը որևէ բացատրություն չի ցանկանում լսել և արդեն ցուցմունք է տվել ոստիկանությանը: Ականջի կապտուկի պատճառը բացահայտելու նպատակով երեխային  դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, հետաքրքիր է` արդյունքներն ինչպիսին կլինեն:

Ի դեպ, դպրոցի տնօրենն ու գործընկերները միայն գովասանքով խոսեցին ուսուցչուհու մասին` ասելով, որ երկար տարիների մանկավարժական գործունեության ընթացքում նրա հետ երբևէ  նման միջադեպ տեղի չի ունեցել և կասկածեցին, թե նա կարող է երեխային խփած լինել: Ավելին, նշեցին, որ ուսուցչուհին բազմիցս արժանացել է պատվոգրերի` օրինակելի գործունեության համար:

Անկեղծ ասած, այդ ուսուցիչն ինձ վրա էլ աշակերտ ծեծողի տպավորություն չթողեց, ա՛յ, աշակերտուհու հոր պահվածքից դժվար չէր ենթադրել, որ այդ մարդը պատրաստ է ծեծել իր առջև հայտնված յուրաքանչյուրի, ով կհամարձակվի իր էրեխուն ասել “աչքիդ վերևն ունք կա”:

Ես, ուսուցչի փոխարեն, հաստատ դատի կտայի երեխայի հորը: Եվ ընդհանրապես, ոչինչ չի կարող արդարացնել ուսուցչի, այն էլ` կնոջ նկատմամբ նման անվայելուչ պահվածքը, հատկապես, որ դեռ պարզ չէ` ո՞վ է մեղավոր, ո՞վ ոչ:

Տեսանյութը`

http://news.armeniatv.com/post/id/84270/

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Աշակերտուհու հայրը թքել է ուսուցչուհու երեսին և հայհոյել նրան (տեսանյութ)” վերաբերյալ

  1. չեմ կարծում որ ուսուցչուհին կարող է հարվածել աշակերտուհուն…իսկ այդ ծնողի պահվացքից երեվում է թէ ինչ դաստիարակություն ունի և կունենա հետագայում այդ երեխան…և իմ կարծիքով հոր պահվածքից հետո այդ աղջնակը ցանկություն չի ունենա հաճախի նույն դպրոց..իսկ ուսուցչուհին առանց հապաղելու պետք է բողոքի այդ ուղտի դեմ.. ինչ ե նշանկում թքել մարդու վրա.