Ուսուցչին հայհոյած ու նրա վրա թքած ծնողը պատրաստ է ներողություն խնդրել, բայց մի պայմանով

gexanush-02-akanj-204-poster6001330704521-300x169

«Երեխաների իրավունքների պաշտպանություն» արտահայտությունը մեր իրականություն մտավ անկախությունից անմիջապես հետո: Ստեղծվեցին երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դրսի փողերով պաշտպանում են հայ երեխայի շահերը: Իհարկե, դա ևս կարևոր է, քանի որ հաճախ երեխաների իրավունքները ոտնահարվում են անտեղի, անամոթաբար ու աներևույթ, սակայն դրա հետ մեկտեղ մեր իրականություն մտավ նաև ծայրահեղությունը: Եթե մեր ծնողներին անսովոր, խորթ, անգամ ծիծաղելի կարող էր թվալ, որ արևմուտքում երեխան  դատի է տալիս ծնողին, քանի որ վերջինս «համարձակվել» է իրեն նկատողություն անել, մենք արդեն տատանվում ենք՝  ծիծաղե՞նք, թե՞ դրա շուրջ մտածենք: Ծայրահեղությունն այնքան արմատացավ, որ երեխաները դարձան ագրեսիվ՝ տառապելով այն բարդույթից, թե ամեն քայլափոխի իրենց իրավունքները ոտնահարվում են:

Ծայրահեղության վառ դրսևորում էր մարտի 2-ին Երևանի թիվ 194 դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ 3-րդ դասարանցի Էլենը լացելով գնացել է տուն և ծնողներին ասել, որ ուսուցչուհին իրեն ապտակել է: Հայրը բարկացել է, իսկ երբ  երեխայի ականջին նաև կապտուկ է հայտնաբերել, նրա բարկությունը հասել էր գագաթնակետին: «Քյարթու» հայ տղամարդը, որ մեկ ուրիշին անպայման կդատապարտեր լրատվամիջոցներին «գործ տալու» մեղադրանքով, անմիջապես զանգահարել է «Արմենիա» հեռուստաընկերություն, օպերատորով և լրագրողով զինված, հասել դպրոց: Օպերատորի տեսախցիկն էլ վավերացրել է, թե ինչպես է իր «երեխայի իրավունքները պաշտպանող» հայրը մոտենում տնօրենի սենյակում գտնվող ուսուցչուհուն ու բղավում. «Խի՞ ես էրեխուս խփել, խի՞ ես խփել…»: Չբավարարվելով այդքանով՝ ծնողն իր երեխայի իրավունքները պաշտպանելու առավել գործնական տարբերակի է անցել և հայհոյելով թքել ուղիղ ուսուցչուհու երեսին:

Շոկի մեջ հայտնված ուսուցչուհին, երկար ժամանակ ուշքի չգալով, փորձել է պարզաբանել տեղի ունեցածը: Նա ասել է, որ ինքն ընդամենը դիտողություն է արել «ամեն անգամ դասից ուշացող, բուտերբրոդ ծամելով դասասենյակ մտնող և իր դիտողություններին բանի տեղ չդնող աշակերտուհուն»` նրա վերարկուից բռնած  նստեցնելով տեղը:

Դպրոցի տնօրենն էլ ներկայացրել է երեխայի ականջի կապտուկի հետևյալ վարկածը. ֆիզկուլտուրայի ժամին Էլենը քաշել է դասընկերուհիներից մեկի մազերը, քանի որ վերջինս ուրախացել է իր թիմի հաղթանակի առթիվ, իսկ մի քանի այլ աշակերտներ, պաշտպանելով իրենց ընկերուհուն, հարձակվել են Էլենի վրա, և ծեծկռտուքի հետևանքով նրա ականջը կապտել է:

Երեխայի հորն այդ բացատրությունները հավաստի չեն թվացել, և նա ոտնահարել է անգամ «քյարթուների» չգրված օրենքն ու դիմել ոստիկանություն: Դեպքից օրեր անց ուշքի եկած ուսուցիչը նույնպես ոստիկանություն է ներկայացել ծնողի դեմ բողոքով: Նրանց բողոքներն արդեն հասել են ոստիկանության Էրեբունու բաժանմունքի քննչական բաժին:

Այս միջադեպից հետո ակամա միտքս եկավ Արամայիս Սահակյանի բանաստեղծություններից մեկը, որը, ի դեպ, նաև իմ մորական տատին է նվիրված` Արծվաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հայկանուշ Օհանյանին. նա եղել է բանաստեղծի առաջին ուսուցիչը: Բանաստեղծությունը կոչվում է «Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև»: Ահա մի հատված դրանից.

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,

Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,

Այնուհանդերձ, այնուհանդերձ, է՜ն գլխից —

Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Պատկերացնո՞ւմ եք, եթե փոքրիկ Արամայիսը մեր ժամանակներում սովորեր. այս գեղեցիկ բանաստեղծությունը հաստատ չէր ծնվի. լավագույն դեպքում…

Արամայիս Սահակյանը, որ ուսուցիչներին նվիրված տասնյակ բանաստեղծությունների հեղինակ է, թիվ 194 դպրոցում տեղի ունեցածի մասին ասաց հետևյալը. «Ամեն մի մանրուք կարող է մեծանալ, նայած թե դիմացինդ ինչ կրթության և դաստիարակության տեր մարդ է: Ընդհանրապես պետք է զգույշ լինեն թե՛ ծնողները, թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչները: Զգուշավորությունն ամենամեծ զենքն է»,- ասաց նա, ապա ավելացրեց,- իսկ այսօրվա աշակերտների նկատմամբ պետք է նույնքան զգույշ լինել, որքան ատոմային ռումբի մոտ լուցկի վառելիս»:

Ցավոք, չկարողացա զրուցել ո՛չ ուսուցչի, ո՛չ էլ ծնողի հետ: Հետաքրքիր էր իմանալ, օրինակ, ծնողը զղջո՞ւմ է իր «հերոսական» քայլի համար, թե՞ ոչ, կամ 32 տարվա մանկավարժական գործունեություն ունեցող ուսուցչուհին ի՞նչ է մտածում Հայաստան ներմուծված «պաշտպանական նոր համակարգերի մասին» և այլն: Փոխարենը` դպրոցի տնօրեն Նունե Մկրտչյանի հետ զրուցեցի: Նա ասաց, որ ծնողը պատրաստակամություն է հայտնել հանրության առջև ներողություն խնդրել` միաժամանակ նախապայման դնելով, որ ներողություն խնդրի նաև ուսուցիչը: Ուսուցիչը, բնականաբար, հրաժարվել է ներողություն խնդրելուց մի բանի համար, որ ինքը չի կատարել: Չցանկանալով մեկնաբանել փաստերը, քանի դեռ գործը գտնվում է ոստիկանությունում, այնուամենայնիվ, տնօրենը չկարողացավ զսպել իրեն և իր վերաբերմունքը չարտահայտել դեպքի առթիվ. «Ախր այդ ամենն իմ աչքի առաջ տեղի ունեցավ, իմ սենյակում, կարծես այդ թուքը ես կուլ տված լինեմ, շատ վիրավորական է, դա տղամարդու վարքագիծ չէր»:

Տնօրենի խոսքով` երգեցողության ուսուցչուհի Աստղիկ Կիրակոսյանի 32 տարվա մանկավարժական գործունեության 24 տարիներն իր աչքի առաջ են անցել, և նա չի հիշում, որ ուսուցչի հետ նմանատիպ միջադեպ եղած լինի: «Նա շատ է սիրում իր աշխատանքը, խստապահանջ է և ուզում է, որ իր դասին լուրջ վերաբերվեն»,- ասաց տնօրենը,- բացի այդ, նա պնդում է, որ երեխային չի ապտակել, ինչը հաստատում են նաև աշակերտները: Իսկ ծնողը դա չի ուզում ընդունել, ինչպես նաև չի ընդունում իր սխալը»:

Մանուկյանն ասաց, որ իր համար «ապտակի լեզուն» անընդունելի է, բայց միաժամանակ նկատեց, որ շատ ծնողներ իրենց երեխայի դաստիարակությամբ ընդհանրապես չեն զբաղվում և նման դեպքերում միանգամից մեղադրում են դպրոցին. «Այս միջադեպի հետ կապված շատ արդիական եմ համարում Րաֆֆու հետևյալ խոսքերը. «Տվեք ինձ լավ մայրեր, ես ձեզ կտամ լավ որդիներ»:

Մինչև հոգու խորքը վիրավորված ուսուցիչը մինչ օրս ուժ չի գտնում դպրոց վերադառնալու, նրան ևս մեկ շաբաթով արձակուրդ են տվել: Դպրոց չի գալիս նաև աշակերտուհին:

Կրթության և գիտության նախարարությունում առայժմ լռում են` հավանաբար սպասելով ոստիկանությունում գործի քննության արդյունքներին: Կապտուկի պատճառը բացահայտելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ևս դեռ հայտնի չեն:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

4 Մեկնաբանություն “Ուսուցչին հայհոյած ու նրա վրա թքած ծնողը պատրաստ է ներողություն խնդրել, բայց մի պայմանով” վերաբերյալ

  1. կարինե

    Խոսում են միայն երեխայի իրավունքներից,իսկ ով պետք է ուսուցչի իրավունքները պաշտպանի,որպեսզի ամեն մի ներվային ստահակ իրեն իրավունք չվերապահի լկտի լինելու…գտնում եմ` դատը պետք է մշտապես լուսաբանվի մամուլում եւ բլոգներում,թե միայն Անժելաների դեպքն է աղմկահարույց:

  2. Ես չեմ արդարացնում ոչ մեկի արարքը,սակայն պետք է նշեմ,որ տվյալ ուսուցչուհու մոտ ուսուցանած իմ տարիքի աշակերտները հաստատում են,որ նա ունեցել է ժամանակին նման հակում:Սակայն հիմա հրաժարվել է իր հին սովորություններից թե ոչ,այդ մասին խոսում են այժմյան փաստերը:Իսկ թե ինչ ծեծկռտուկ է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ժամին,ով պիտի պատասխան տա:Մենք երեխա ենք ճանապարհում դպրոց` համոզված լինելով որ նորմալ վիճակում երեխաները կվերադառնան իրենց տները:Իսկ եթե ականջի փոխարեն վնասվեր աչքը:

  3. Նման միջադեպերը պետք է քննադատվեն երկուստեք

  4. աստված ձեզ հետ` մանկավարժը նախ և առաջ պետք է հավասարակշռված լինի