Մաշտոցի պուրակի կրպակներն աապամոնտաժվում են. հաղթանա՞կ, թե՞…

Մաշտոց-պուրակ-600x554

Կատարվեց այն, ինչի համար ամիսներ շարունակ պայքարում էին մի խումբ բնապահպան ակտիվիստներ, քաղաքացիներ ու կազմակերպություններ: Որոշում կայացվեց` ապամոնտաժել Մաշտոցի պուրակում գտնվող կրպակները:

Մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը չնախատեսված կանգառ կատարեց Մաշտոցի պողոտայում, շրջեց պուրակում, դիտեց նոր տեղադրված տաղավարները:  Այնուհետև հենց պուրակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրեց իր դիտարկումները, ավելի ճիշտ` դիտողությունները` խնդիր դնելով քաղաքապետի առաջ կարճ ժամանակահատվածում ապամոնտաժել կրպակները: ՙՏարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել և չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ՚,- հայրաբար խրատեց ու հորդորեց Սերժ Սարգսյանը երիտասարդ քաղաքապետին:

Քաղաքապետի` կրպակներն ապամոնտաժելու մասին որոշումը չուշացավ. հանձնարարվեց ապամոնտաժել ‘Կենտրոն-Կանաչապատում’ ՓԲ ընկերության կողմից վերոնշյալ տարածքում տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սակայն պարզվում է, որ բնապահպան ակտիվիստներն այս որոշումը դեռևս հաղթանակ չեն համարում: Իրավաբան, այգում ամիսներ շարունակ պայքարող բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանն, օրինակ, ինձ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե դա նախագահի կողմից նախընտրական շրջանակներում իրականացված փիար ակցիա էր, իսկ հաղթանակ իրենք կտոնեն այն ժամանակ, երբ այդ ողջ գործընթացին տրվի իրավական գնահատական, և օրինախախտները պատժվեն:

Կպատժվե՞ն օրինախախտները, թե ոչ, պարզ կլինի ապագայում, իսկ ներկայում հայտնի է մի բան՝  Մաշտոցի այգու կրպակներն արդեն ապամոնտաժվում են, ինչը բնապահպանների գլխավոր պահանջն էր: Երեկ երեկոյան, երբ մեկնարկեց ապամոնտաժման գործընթացը, այգում էին նաև մի խումբ բնապահպան ակտիվիստներ, ովքեր բավականին ոգևորված, այդ ֆոնի վրա լուսանկարվում և ողջագուրվում էին:

Չգիտեմ՝ Արթուրի կարծիքը նրա բոլո՞ր ընկերներն են կիսում, թե ոչ. պարզապես զարմանալի է, որ անտեսվում է մի հանգամանք. ենթադրենք, թե դա իսկապես փիար էր, բայց չ՞է որ նախագահը երբեք փիար չէր իրականացնի մի խնդրի միջոցով, որն այդքան հետևողականորեն բարձրացված չլիներ, և որն այդքան քաղաքացիների ուշադրության կենտրոնում չլիներ: Իսկ դա ո՞ւմ շնորհիվ էր, եթե ոչ այդ նույն բնապահպան ակտիվիստների…այնպես որ, նախագահի քայլը պետք է համարել հաղթանակ,  թեկուզև դրա մեջ լինի նաև փիարի գործոնը, և ոչ մի վայրկյան չկասկածել, որ դա բնապահպանների համառ պայքարի արդյունքն էր:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր