Հայազգի «ծախու գիտնականը» Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացել

Սյունի

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրի նախաձեռնությամ այսօր Երևանում` Կովկասի ինստիտուտում, դասախոսություն է կարդաացել հայազգի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին, ով շատ հայ պատմաբանների կողմից համարվում է կեղծ հայագետ` ոչ հայանպաստ դիրքորոշմամբ:

Դասախոսության թեման հետևյալն է. «Ինչպե՞ս են բռնությունն ու Ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում այսօր ազդում մեր աշխարհի վրա»: Սակայն մտահոգիչ է ոչ թե դասախոսության թեման, այլ երևույթը` այն, որ հայաստանյան գիտական շրջանակների կողմից մերժված գիտնականը Երևանում դասախոսություն է կարդում` որպես «միջազգային ճանաչում ունեցող գիտնական»:

Հիշեցնենք, որ Սյունին, 1995-ից լինելով ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, իսկ մինչ այդ  Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող ամբիոնի պրոֆեսոր` այդ տարիներին գրել է «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» իր աշխատությունը, որը բուռն քննադատության է արժանացել պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի կողմից: Նա գրել է, որ ինչպես մեկ այլ «հայագետ»` Ռոբերթ Թոմսոնն էր Խորենացու երկի թարգմանության իր առաջաբանում հայոց պատմության և ընդհանրապես հայության վերաբերյալ գրել, թե  Մովսես Խորենացին լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը` ոչ հավաստի աղբյուր, այնպես էլ Սյունին «Հայացք դեպի Արարատի» առաջաբանում նախապես նշել է իր երկի բուն նպատակը.  «կազմալուծել hայ քաղաքական ազգայնականների քաղաքական գաղափարախոսության hիմքը, ըստ որի` hայերի` որպես պատմական ժողովրդի շարունակական գոյությունը, առաջացումը hայկական լեռնաշխարհում նրանց զինում է ինքնորոշման և պետականության իրավունքով ու նաև պատմականորեն վավերացված պահանջատիրությամբ այն տարածքների նկատմամբ, որ կազմում են Հայաստանը»։

Սյունիի գնահատմամբ` հայերի այս կարծիքը ոչ այլ ինչ է,  եթե ոչ «հավատալիքների հավաքածու»:

Այս մասին մանրամաս կարող եք կարդալ հետևյալ հղումով` Ամերիկյան «հայագիտության» գլուխգործոցը կամ Ռոնալդ Սյունի Կեղծարար :

Բացի այդ, իր գրքում նա անդրադարձել է նաև ադրբեջանցիների և ղարաբաղցիների ծագումնաբանությանը, ղարաբաղյան շարժմանը, հայոց ցեղասպանությանը, հայոց մշակույթին, գիտությանն ու կրթությանը, Հայաստանին ու հայությանը վերաբերող մի շարք այլ հարցերի`  բազմաթիվ կեղծ մեկնաբանություններով ու խեղաթյուրումներով:

Վերջերս էլ ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներից մեկում Սյունին արտահայտել էր հետևյալ միտքը. «Այն փաստը, որ հայերը մեծամասնություն են և պետք է ինքնակառավարման հնարավորությունունենան Ղարաբաղում, պետք է համատեղվիԱդրբեջանի տարածքային ամբողջականության հետ` գուցե մի իրական արժեք ունեցող դաշնային կարգավիճակի միջոցով Ղարաբաղին տալով ամբողջական ինքնավարություն, բայց իրավականորեն պահպանելով նրա կապվածությունը Ադրբեջանին»։

Այս նյութին ևս կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը :

Սյունիի երևանյան դասախոսության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Ես անձամբ ծանոթ չեմ Սյունիի հետ, բայց տեղյակ եմ նրա կեղծ և խեղաթյուրված հրապարակումների մասին: Ի՞նչ ասեմ, նա ծախու գիտնական է, նրան չեմ ընդունում: Մենք մի քանի տարի առաջ մեր ամբիոնում որոշում կայացրեցինք նման հայագետներին չաջակցեկլու և նրանց հետ չհամագործակցելու վերաբերյալ: Իսկ նրանք, ովքեր նրանց հրավիրում են դասախոսության, երևի նույն աղբյուրներից են սնվում և իրենց ձեռնտու է: Համենայնդեպս, ես դեմ եմ: Այդ մարդուն պետք է իր տեղը ցույց տալ, ոչ թե հրավիրել դասախոսություն կարդալու»:

Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, սակայն, նման գիտնականների դեմ պայքարելու իր ուրույն տեսակետն ունի` ոչ թե նրանց ցույց տալ իրենց տեղը, այլ հասկանալ, երկխոսել և վերադաստիարակել. «Գիտե՞ք ինչ, Սյունին ունի սխալ կարծիք մասնագիտական որոշ հարցերի մասին, բայց մենք նման գիտնականներին չպետք է քննադատենք և վանենք, դա ճիշտ չէ: Պետք է կանչենք, վերադաստիարակենք և փոխենք: Ես կարծում եմ, որ պետք է լսել նաև Սյունիին և ասել, որ էսպես չի կամ էսպես չի, ոչ թե գցել թշնամու գիրկը»:

Ակադեմիկոսի այս տեսակետն ընդունելի կլիներ, եթե իսկապես նման հայագետներին «վերադաստիարակելու» և «փոխելու» ուղղությամբ աշխատանքներ տարվեին, բայց որքանով մեզ հայտնի է, նման հաջողված պատմություններ չունենք:

Նշենք նաև, որ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ գործող ՀՌԿԿ ծրագիրը, որի շրջանակներում Սյունին հրավիրվել է Երևան, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանց է: Գործունեության նպատակը, ինչպես կազմակերպության կայքում է գրված, հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը խթանել է Հարավային Կովկասում, ինչպես նաև բարձրորակ հետազոտական ռեսուրսների մատչելիությունն ապահովելը, հետազոտական կարողությունները զարգացնելը,  հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների միջև երկխոսությունն ու համագործակցությունն ընդլայնելը:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն»-ի տնօրեն Հեղինե Մանասյանը «Անկախ»-ին հայտնեց, որ Ռոնալդ Սյունիի` Երևանում գտնվելու բուն նպատակը ոչ թե այդ դասախոսությունն է, այլ որպես փորձագետ` իրենց ծրագիրը գնահատելը: Նրա խոսքով, Երևանում ակադեմիական շրջանակների համար դասախոսություն կարդալը եղել է իրենց տարածաշրջանային տնօրեն Հանս Գութբրոդի նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է Հայաստանում Սյունիի վերաբերյալ հակասական դիրքորոշումներին, ապա Մանասյանը դրանց մասին լսել է, սակայն կարծում է, որ եթե գիտնականն աշխարհում հայտնի է, ապա պետք է նրա տեսակետները լսել և հարկ եղած դեպքում` բանավիճել:
Ի դեպ, դասախոսության ընթացքում խոսելով ցեղասպանության պատճառների մասին, Սյունին նշել է, թե Օսմանյան կայսրության դեմ կռվող հայերի հանգամանքն է ստիպել թուրքերին մշակել ցեղասպանության ծրագիր, քանի որ Սարիղամիշում «հայերի մեղքով» Էնվեր Փաշայի զորքերը ռուսներից պարտություն են կրել, և թուրքերն էլ ստիպված պատժել են  «դավաճան հայերին»: Սյունին կասկածի է ենթարկել պանթուրքիզմի գաղափարախոսության ազդեցությունը Հայոց ցեղասպանության գործում` նշելով, թե դժվար է ապացուցել պանթուրքիստական պլանների ու գաղափարախոսության ազդեցությունն այդ շրջանի երիտթուրքական կառավարության վրա:

Փաստորեն, Սյունին հավատացած է, որ տեղի ունեցածը հանգամանքների վատ դասավորության հետևանք է, ոչ թե ծրագրված քաղաքականություն: Սյունին նաև դժգոհություն է արտահայտել, որ հայերը թուրքերին ներկայացնում են որպես հրեշներ, որոնք պարբերաբար ներգրավվել են հայերի ջարդերում: Նրա կարծիքով, հայերի կողմից զոհեր ու մարդասպաններ առանձնացնելը խոչընդոտում է թուրքերի հետ երկխոսության ու համագործակցության հնարավորությունները: Մանրամասն` այստեղ:

Նշենք նաև, որ Սյունին Երևանում իր «յուրօրինակ» տեսակետները հայտնելու հնարավորություն էր ստացել նաև Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության կողմից, ինչից կարող ենք ենթադրել, որ «Սիվիլնեթ»-ը` այսինքն, Օսկանյանը, նույնպես դասվում են արևմտյան կեղծ հայագիտության այդ խոշորագույն ներկայացուցչի համակիրների շարքին:


 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Հայազգի «ծախու գիտնականը» Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացել” վերաբերյալ

  1. Հեղինե

    Անի, շնորհակալություն միջոցառումը լուսաբանելու համար: Դրանում, ըստ իս, առկա են կողմնակալության ու կանխավ պիտակավորման երանգներ: Ձեր պրոֆեսիոնալիզմով քողարկված սակավ հանդուրժողականությունն այլակարծության նկատմամբ հասկանալի է դառնում միայն պրն Արմեն Այվազյանի ղեկավարած Արարատ կենտրոնի հետ Ձեր փոխառնչության հետ համադրմամբ:
    Հետաքրքիր է, թե վերնագրից ինչու եք բաց թողել “Անցյալի համառությունը” (The persistence of the Past) հատվածը:
    Ասեմ, որ դասախոսությունը գրավել էր մոտ 40 շահագրգիռ ունկնդիր, որոնցից շատերը հղեցին բազմաթիվ հարցեր ու արեցին բազմաթիվ մեկնաբանություններ: Հավելեմ, որ պրոֆեսոր Սյունին հիմնականում անդրադարձավ Հայ-թուրքական հետազոտական սեմինարների տասնամյա ծրագրի գործունեությանը, որը եզրափակվել է Oxford University Press -ի կողմից հետևյալ վերտառությամբ ծավալուն ժողովածուի տպագրությամբ (2011թ.). “Ցեղասպանության հարցը. հայերն ու թուրքերն Օսմանյան կայսրության վերջում” [A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire].