Հանրային խորհուրդը Փակ շուկայի վերաբերյալ որոշում կայացրեց

RA Public Council?ssub-commission on culture holds the discussion of the issue of Pak Shuka (Indoor Market), at the Small Philharmonic Hall

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվեց Երևանի Փակ շուկայի հարցը: Քննարկման ընթացքում բավականին հետաքրքիր փաստեր բացահայտվեցին. նախ սխալը եղել է սկզբից, քանի որ չի կնքվել օրենքով պարտադիր համարվող պարտավորագիր, որով սեփականատերը պետք է իր վրա որոշակի պարտավորություններ վերցներ: Այդ պարտավորություններից ամենակարևորն այն է, որ առանց համապատասխան թույլտվության, արգելվում է որևէ ճարտարապետական միջամտություն կատարել: Պարզվում է նաև, որ Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը նույնպես անօրինական է եղել:«Դա անօրինակն բան էր, ճիշտ է, բայց մենք ստիպված էինք անել, որովհետև եթե արդեն 5 մետր հողային աշխատանք էր արվել, վախեցանք, որ շենքն արդեն շուռ կգա,-քննարկման ժամանակ ասաց Մկրտիչ Մինասյանը,-ստիպված թույլ տվեցինք՝ լոկալ ամրացումներ անեն, որ շենքը չփլվի, բայց հետո նրանք ավելի առաջ տարան աշխատանքները, ու էս վիճակը ստացվեց»:

Նաև պարզ դարձավ, որ պետության պահպանության տակ գտնվող 6000 հուշարձաններից 5800-ի դեպքում սեփականատերերի հետ չի կնքվել պահպանական պարտավորագիր, ինչը պարտադրվում է օրենքով: Մշակույթի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ դրա պատասխանատուն Կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունն է. «Ցավոք սրտի, Փակ շուկայի դեպքում էլ ի սկբանե այդ պարտավորագիրը չի եղել»,-նկատեց նա:

Մի խոսքով, ինչպես նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, օրենքները շրջանցվել են, որի հետևանքով իրավիճակն անտրամաբանական վիճակում է հայտնվել, իսկ սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, երևի ընդհանրապես տեղյակ չի եղել, թե դա ինչ կառույց է, կողքից էլ հուշել են, թե կարող է ֆասադը պահել, մնացածն ինչ ուզում է անել:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նստում որոշվեց պատրաստել համապատասխան փաստաթուղթ, որում ներառված կլինեն օրենքը խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու, շենքի քանդված հատվածները վերականգնելու, իսկ ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելու հարցերը, ինչպես նաև  պետության պահպանության տակ գտնվող մնացած 5800 կառույցների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի կնքման հարցը և ամենակարևորը՝ հասարակական կյանքում նմանատիպ կտրուկ փոփոխությունները Հանրաքվեի միջոցով (ինչը թույլ է տալիս ՀՀ օրենքը) լուծելու հարցը:

Փաստաթուղը կներկայացվի Հանրապետության նախագահին, կառավարությանն ու պատասխանատու կառույցներին:

Քննարկման մանրամասները կարդացեք՝ այստեղ:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր