15 տարի անց երիտասարդը վրեժ լուծեց խորթ հորից` եղբորը սպանելու համար. 3 պատմություն

1

Այս իրական պատմությունները վկայում են, որ մեր հասարակության անդամները դեռևս պատրաստ չեն «խորթ ծնող» կամ «խորթ երեխա» լինելուն, և երկու դեպքում էլ դժբախտությունն անխուսափելի է դառնում

 

15 տարի անց երիտասարդը վրեժ լուծեց խորթ հորից` եղբորը սպանելու համար

«Երեխաներս դեռ փոքր էին` առաջնեկս 2 տարեկան, իսկ երկրորդ տղաս` 3 ամսական, երբ ամուսինս ավտովթարից մահացավ: Դժվար էր մենակ երեխաներիս մեծացնելը: Մեծ տղաս արդեն 4-րդ դասարանում էր, երբ ծանոթացա մի տղամարդու հետ: Նա սկսեց հաճախ գիշերել մեր տանը: Տղաս այդ մարդուն տանել չէր կարողանում: Նա էլ, իր հերթին, շատ կոպիտ էր վարվում երեխաներիս հետ: Մեծ տղաս ընդհանրապես չէր ենթարկվում նրան: Երբ նա գալիս էր, տղաս դուռը չէր բացում, հակաճառում էր, ձեռքն ինչ ընկներ` շպրտում էր նրա կողմը: Նա էլ ափերից դուրս էր գալիս, բայց ոչինչ անել չէր կարողանում:

Ես գործարանում էի աշխատում: Մի օր ինձ հեռախոսի մոտ կանչեցին: Հարևաններից մեկն էր: Ասաց, որ շուտ տուն գնամ: Լսափողը դեռ չէի կախել, երբ ոստիկանության աշխատակիցները եկան իմ հետևից: Չէմ հիշում, թե ինչպես եմ տուն հասել:

Մտա ներս: Մուտքի դուռը ուղիղ լոգարանի դիմաց էր: Դուռը բաց էր, իսկ լոգարանը` արյան մեջ կորած: Պարզվեց` մեծ որդիս դաժանաբար ծեծված էր և խեղդամահ արված: Փոքր տղաս մի քանի ամիս կորցրեց խոսելու ունակությունը. այդ ամենը տեղի էր ունեցել նրա աչքի առաջ (նա երկրորդ դասարանում էր):

Արդեն պարզ էր, թե ով է արել: Նրան բռնեցին: Ճիշտ է, նա մինչև վերջին պահը չէր խոստովանում, բայց տղաս ականատես էր եղել: Նրան 15 տարով ազատազրկեցին:

Փոքր տղաս այդ 15 տարվա ընթացքում ոչինչ չմոռացավ: Ես միշտ նրա աչքերում վրեժխնդրության կայծ էի տեսնում և վախենում էի: Նրա բանտից ազատվելուց մեկ ամիս անց գյուղում լուր տարածվեց, թե գետի ափին` քարերի մեջ, ինչ-որ դիակ են գտել. իսկույն հասկացա, թե ինչ է պատահել:

Տղաս խոստովանեց: Նրան դատեցին: Ութ տարի հետո համաներմամբ ազատվեց: Հիմա ամուսնացել է: Հրաշալի թոռնիկներ ունեմ»:

«Քեզ տղամարդ ա, հա՞, պետք: Բա ես ի՞նչ եմ…»

«Տասնհինգ տարեկան էի, երբ այրիացա: Երեխաներս առանց հոր մեծացան: Շատ զրկանքներ եմ տարել, որ երեխաներս ինչ որ բանի կարիք չզգան: Կատարել եմ նույնիսկ ամենաչնչին քմահաճույքները: Գուցե դա էր պատճառը, որ տղաս սկսեց ինձ ղեկավարել: Երբ ինչ որ հարցում իր հետ չէի համաձայնում, նա մեծ աղմուկ էր սարքում, լեզուն կուլ էր գնում: Հետո սկսեց ձեռքերին ազատություն տալ: Ես ստիպված լռում էի ու համակերպվում. մտածում էի` կմեծանա, խելքը գլուխը կհավաքի:

Անցան տարիներ: Որդիս նոր էր վերադարձել բանակից, երբ նրա ականջին հասավ, որ գյուղի տղամարդկանցիւց մեկին, ում կինը մահացել էր` որբ թողնելով երկու անչափահաս երեխաների, ծանոթները խորհուրդ էին տվել ամուսնանալ ինձ հետ: Ասել էին, որ առաքինի, որբի դարդը իմացող կին եմ: Ես անտեղյակ էի, տանը լվացք էի անում:

Հանկարծ տղաս գազազած ներս ընկավ ու սկսեց ինձ ծեծել: Ամեն հարվածի հետ կրկնում էր. «Քեզ տղամարդ ա, հա՞, պետք: Բա ես ի՞նչ եմ…»:

Հողը երերաց ոտքիս տակ: Ես հասկացա, թե ինչ հրեշ եմ մեծացրել: Մի կերպ հանգստացրեցի նրան, նա հավատաց, որ իմ մտքով նման բան երբեք չի անցել ու չի էլ անցնի:

Հիմա արդեն մեծացնում եմ ծոռներիս, շատ լավ հարս ունեմ (միակ մխիթարությունս կյանքում): Բոլորից թաքուն միասին լաց ենք լինում մեզ բաժին հասած բախտի համար»:

«Մեր ընտանիքը քայքայելուց մեկ տարի անց մորս սիրեկանը լքեց մեզ»

«Վաղ հասակում կորցրեցի հորս: Նրա մահից հետո երկու տարի անց մայրս իր սիրեկանին մեր տուն բերեց: Ես և երկու եղբայրներս ստիպված էինք համակերպվել և ապրել մի մարդու հետ, որը մեր մոր ներկայությամբ մեզ անընդհատ նվաստացնում և ծեծում էր: Ես կարծում էի, որ մայրս մեզ կպաշտպանի, բայց բայց ոչ: Մայրս, օրինակ, զարմանալի անտարբերությամբ էր լսում եղբորս, որ լացակումած պատմում էր, թե ինչպես էր այդ մարդը սիգարետով այրել իր ձեռքը, քանի որ ինքը հրաժարվել էր կատարել իր հերթական քմահաճույքը:

Մենք պարում էինք փոքրիկ տնակում և ստիպված բոլորս նույն սենյակում էինք քնում` ականատես լինելով նրանց սեռական հարաբերություններին: Նրանց համար, կարծես, նշանակություն չուներ` քնած էինք, թե արթուն:

Մեծ եղբայրս, որ արդեն 14 տարեկան էր, չդիմանալով այդ ամենին, փախավ տնից:

Նա տեղափոխվեց գյուղ, որտեղ ապրում էր իմ հայրական պապիկը, և այլևս չվերադարձավ:

Մյուս եղբայրս էլ օրերով թափառում էր փողոցներում, տուն չէր գալիս: Մի օր էլ նրան խուլիգանության համար ձերբակալեցին:

Մեր ընտանիքը քայքայելուց մեկ տարի անց մորս սիրեկանը լքեց մեզ և մեկնեց արտագնա աշխատանքի: Այդ ժամանակ մայրս հղի էր: Երեխան ծնվեց առանց հոր: Մինչ այժմ հայրն իր որդուն չի տեսել: Եղբայրս արդեն 7 տարեկան է»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր