Անվանի ջազմեն Գարի Քյոսայանը` գողական «արվեստի» քարոզչության և հայկական շոու բիզնեսի մղձավանջի մասին

քյոսայան

Կոմպոզիտոր, դաշնակահար, հայտնի ջազմեն Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թ. ` ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն: 1980 թ. հիմնադրել է նաև առաջին ջազ ակումբը երիտասարդական պալատում, որը հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում ու Խորհրդային միությունում, այլև արտերկրում:

1988 թ. Գարի Քյոսայանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ծանոթանալու և համագործակցելու ամերիկյան ջազի կարկառուն ներկայացուցիչների հետ և բնակություն հաստատել Լոս Անջելեսում:

1990 թ. Միացյալ Նահանգներում հիմնել է Գարի Քյոսայանի անվան ջազային խումբը, որն աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել և ներկայացնում է բարձրակարգ ջազ երաժշտություն` ներծծված հայկական նրբերանգներով: 1998 թ. նա թողարկել է իր առաջին ալբոմը, որը մեծ հաջողություններ է ունեցել: Նույն տարին ԱՄՆ-ում Գարի Քյոսայանը ճանաչվել է տարվա լավագույն ջազմեն:

10 տարի ընդմիջումից հետո` 1998-ին, Գարի Քյոսայանն իր խմբով եկել է Հայաստան` մասնակցելու երևանյան առաջին ջազ-փառատոնին, որից հետո գրեթե ամեն տարի Հայաստանում հանդես է եկել մեծ համերգներով:

2003 թ. նա վերադարձել է Հայաստան և այժմ բնակվում է Երևանում:

Քյոսայանը, ինչպես և յուրաքանչյուր լուրջ արվեստագետ ու յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, սարսափած է Հայաստանում տիրող մշակութային իրավիճակից: Ինչ վերաբերում է ջազին, ապ անա կարծում է, որ մեզ մոտ ջազային մշակույթ գոյություն չունի:

«Կան բարձր, համաշխարհային մակարդակի երիտասարդ երաժիշտներ, սակայն մեզ մոտ չկա ջազային մթնոլորտ, քանի որ պրոպագանդվում է միայն տգետ, անմակարդակ, ցածր երաժշտություն, որի միջոցով մեծ գումարներ են լվանում: Ամբողջ հասարակությանը գարշելի մի ճաշակ է թելադրվում, ոչ միայն երաժշտության, այլև ամեն ինչի միջոցով: Կարծես արվեստի ծրագրված ջարդ լինի: Երբ 2003 թվականին վերադարձա, այս աստիճանի տգիտություն չէր տիրում»,-ասում է նա:

Փոխարենը Քյոսայանը ափսոսանքով ու հպարտությամբ է հիշում խորհրդային տարիներին ձևավորված և մեր օրերում վերացած ջազային ավանդույթները: «Մենք էնպիսի ջազմեններ ունեինք, որ հայտնի էին ոչ միայն Սովետական Միությունում, այլև դրա սահմաններից դուրս: Օրինակ` Դավիթ Ազարյանը. Մոսկվայում ի՜նչ ելույթներ էր ունենում, ի՜նչ համերգներ էր ունենում. ապշելու: Տաթևիկ Հովհաննիսյանն էլ մեծ հաջողություններ ուներ: Ընդհանրապես, ջազը շատ բարձր մակարդակի վրա էր: Սովետական Միության մեջ առաջին ջազային խումբը ստեղծել է Արտեմի Այվազյանը 1937 թ.»,-հիշում է նա:

«Ի՞նչ է պետք, որ Հայաստանում երաժշտական ճաշակը բարձրանա» հարցին Քյոսայանը պատասխանում է. «Գրագետ ղեկավարներ: Պետք է օրենք լինի: Օրինակ` Վրաստանում մի քանի տարի է` արգելվել է գողական երգեր լսելը: Իսկ մեզ մոտ գողական «արվեստը» պրոպագանդվում է ամեն ասպարեզում: Մեր հեռուստաեթերը հնարավոր չէ նայել, խայտառակ բան է: Ոչ մի ռազմավարական մոտեցում չկա, ամեն մի տգետ իր ճաշակն է թելադրում: Պետք է նախ գաղափարախոսություն լինի: Հայաստանում կան լավ արվեստագետներ, որոնք վատ վիճակում են, բայց մեր հարուստները հովանավորում են ամենատգետներին»:

Ջազմենը համոզված է, որ մենք ունենք երաժշտասեր որակյալ  հասարակություն, որը կարիք ունի լավ երաժշտության, ունենք նաև լավ երաժիշտներ, որոնք բեմի կարիք ունեն. «Սակայն գումարներ են ծախսվում այն երգիչների վրա, որոնք մեծ վնաս են հասցնում մեր արվեստին, մեր հոգեբանությանը, մեր ապրելաձևին»,-նկատում է նա:

Ինչ վերաբերում է հայկական ժամանակակից շոու-բիզնեսին,  Քյոսայանը մեկ բառով այն անվանում է մղձավանջ. «Այն, ինչ լսում եմ, վախենալու մակարդակի ցածր երաժշտություն է: Այդ ոլորտում լրիվ անգրագիտություն է տիրում` երգեցողական որակներից դուրս: Երգեր են գրվում սահմաններից դուրս, բառեր են գրվում, որոնք ոչ միայն արվեստի, այլև լոգիկայի հետ կապ չունեն»:

Սակայն այս ամենը չի ստիպում նրան հիասթափվել ու հեռանալ. «Հայաստանը ոչ թե էն մարդիկ են, որ ղեկավարում են, այլ ժողովուրդն է, որը շատ լավն է, մեր երկիրն է, որը շատ լավն է: Հայաստանից հիասթափվել երբեք հնարավոր չէ»,-ասում է նա:


 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր