Հայաստանում արդեն կա լավ գինի, բայց դեռ չկա գինու մշակույթ

Ginegorc

Ամերիկահայ գինեգործ Վահե Քոշգարյանն անցյալ տարի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին առաջարկել էր Հայաստանում նրա գնած խաղողի այգիների որոշ մասն օգտագործել գինեգործական նպատակներով: Էռնեկյանը թերահավատորեն էր վերաբերվել Հայաստանում բարձրակարգ գինի ստանալու գաղափարին, սակայն գինեգործը պատասխանատվությունն իր վրա էր վերցրել: Երկու ամիս անց, երբ Էռնեկյանը վերադարձել էր Հայաստան, գինին արդեն տակառներում էր: Էռնեկյանը համտեսել էր, և համն այնքան էր դուր եկել նրան, որ որոշել էր խաղողի այգիների մի մասը՝ մոտ 500 հա տարածք, օգտագործել գինեգործական նպատակով: Գործարանի կառուցումն ու գինու արտադրության ողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Վահե Քոշգարյանը:

Եվ ահա, այս տարվա սկզբին հայաստանյան շուկա մուտք գործեց «Կարաս» կարմիր և սպիտակ չոր գինին, որը հայ գինեսերների կողմից շատ բարձր գնահատականի արժանացավ:

Գինին միջազգային չափորոշիչներով պետք է լինի չոր, սակայն Հայաստանում ավելի մեծ քանակով արտադրվում և սպառվում է կիսաքաղցր և քաղցր գինի: «Դա որակյալ գինի չէ,- ասում է գինեգործը,- հայաստանյան այսօրվա գինիների մեծ մասը եվրոպացին չի գնի»:

Ավելի պարզ բացատրելու համար կիսաքաղցր և քաղցր գինու որակը՝ նա պատկերավոր օրինակներ է բերում. «Ենթադրենք` դու մի շատ լավ ճաշ ես պատրաստում, սակայն մեջն այնքան շաքար կամ աղ ես լցնում, որ իսկական համը կորչում է: Կամ պատկերացրու՝ խորոված հավ ես պատրաստում, բայց մեջը շաքարավազ ես լցնում: Շաքարի «առավելությունն» այն է, որ գինու թերությունները կոծկում է»:

Քաղցր գինու միակ տեսակը, ըստ գինեգործի, աղանդերային գինին է, որը պատրաստվում է հատուկ աղանդերի համար, սակայն դա լրիվ այլ բան է և Հայաստանում չի արտադրվում: Նման գինի ստանալու համար օգտագործվում է բոլորովին այլ խաղող՝ չորացած և ջրազրկված: Տարբեր է նաև պատրաստման եղանակը: Նման հայտնի գինու տեսակներ կան Եվրոպայում:

Վահե Քոշգարյանը մտավախություն չունի, որ «Կարասը»՝ որպես չոր գինի, կարող է չընդունվել քաղցր և կիսաքաղցր գինի նախընտրող հայ հասարակության կողմից: Նա վստահ է, որ շատ հեշտ է սովորել չոր գինու համին, և մի քանի անգամ չոր գինի խմելուց հետո այլևս երբեք հնարավոր չէ վերադառնալ քաղցրին կամ կիսաքաղցրին:

«Մեր սպասելիքներն ավելի քան արդարացան,- ասում է Քոշգարյանը:- Առաջին տարվա արտադրանքն արդեն վաճառված է, երկրորդ տարվանը հազիվ հերիքի մինչև տարվա վերջ: Առաջիկա բերքահավաքից կպատրաստենք մոտ 250 000 շիշ գինի, որը վաճառքի դուրս կգա 2013 թ.: Ընդլայնում ենք նաև գործարանը»:

Եվրոպական շատ երկրներում գինին արդեն հաճախորդներ ունի, ինչն, իհարկե, առաջին հերթին Վահե Քոշգարյանի 20-ամյա աշխատանքի ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունների արդյունք է: «Բացի երկարամյա համագործակցությունից,  մեր գինու նկատմամբ վստահությունն ու լրջությունն այլ գործոններ էլ են ապահովում. նախ` ունենք 500 հեկտար այգի, երկրորդ` մեր գինեգործը աշխարհահռչակ ֆրանսիացի գինեգործ Միշել Ռոլանն է, որը մեզ համար խորհրդատվություն է ապահովում և՛ համի, և՛ որակի, և՛ ոճի ու ներկայացման առումով: Երրորդ գործոնն այն է, որ Հայաստանը համարվում է ամենահին գինու գործարանն ունեցող երկիրը, ինչն օտարերկրացիների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում հայկական գինու նկատմամբ»:

Վահե Քոշգարյանի համար կարևոր է, որ այդ հետաքրքրությունից շահեն բոլոր գինեգործական ընկերությունները: Գինեգործը մատնանշում է Հայաստանի գինեգործական ոլորտում առկա խնդիրները.  չկան գինեգործական բարձրորակ ուսումնական հաստատություններ, չկան գինեգործներ և համապատասխան սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, չկա որակյալ հումք, չկան առաջխաղացման և տարածման գործիքներին տիրապետող մասնագետներ, և որ ամենացավալին է՝ գոյություն չունի գինի խմելու մշակույթ: «Վրաստանն այս առումով մեզանից մոտ տասն անգամ առաջ է, քանի որ այն, ինչ մենք հիմա ենք սկսում անել, նրանք սկսել են մոտ 10 տարի առաջ: Սակայն Վրաստանում դեռևս սովետական ժամանակներից մնացած բազա կար, և գինին կարևոր դեր ուներ նրանց մշակույթի ու կենցաղի մեջ»:

Այս առումով գինեգործն առաջին հերթին կարևորում է Հայաստանում գինի օգտագործելու մշակույթի ձևավորումը: Հայաստանում մեկ անձին տարեկան բաժին է ընկնում մեկ լիտր գինի, հետևաբար ընդհանուր հաշվով սպառվում է 2,5 մլն լիտր գինի: Եվրոպայում մեկ անձին բաժին ընկնող գինու քանակը տարեկան մոտ 40 լիտր է:

 

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

2 Մեկնաբանություն “Հայաստանում արդեն կա լավ գինի, բայց դեռ չկա գինու մշակույթ” վերաբերյալ

  1. Արմեն

    Իսկ որ գործարանի արտադրանքնա, և ինչ կոնտակտային հեռախոսահամար կարող եք տրամադրել

  2. Անի Գասպարյան

    Արմեն ջան, կարող եք Ֆեյսբուքի միջոցով Vahe Keushguerian-ի հետ կապ հաստատել: