Cafe4tune-ը կարող է լուրջ մրցակից դառնալ Ֆեյսբուքին ու Գուգլ պլյուսին. հիմնադիրների մեջ նաև հայեր կան

cafe4tune-3

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնված Cafe4tune (Կաֆեֆորտուն) ընկերությունը ստեղծել է նույնանուն սոցիալական կայք, որը գործարկվել է այս տարվա հունվարից՝ նպատակադրվելով առաջատար դիրք գրավել համաշխարհային սարդոստայնի շուկայում և մրցել Ֆեյսբուքի հետ:

Նախաձեռնողները հավատում են իրենց հաջողությանը, քանի որ կայքի առաջխաղացումն ու տարածումը բավականին դինամիկ է՝ ներգրավելով օգտատերեր աշխարհի ամենատարբեր երկրներից:

Դեռևս փետրվար ամսին այն միջազգային կայքերի վարկանշային աղյուսակում 1 միլիոն 600 հազարերորդն էր, այս պահին՝ հարյուրհազարյակի մեջ է:

Կայքին արդեն միացել են տասնյակ հազարավոր մարդիկ աշխարհի ամենատարբեր երկրներից: Թուրքական ֆորումներում զարմանքով և անհանգստությամբ են քննարկում այս հավակնոտ ծրագիրը, քանի որ այն ստեղծողների մեջ նաև հայեր կան:

Մինչ թուրքերն իրենց մտահոգությունն են արտահայտում, Cafe4tune-ը համարձակ քայլերով իր տեղն է զբաղեցնում համաշխարհային սոցցանցերի շուկայում, և ակնհայտ է, որ այն մեկ տարի անց արդեն  լուրջ դերակատարում կունենա այդ ոլորտում:

Կայքը զարգացնելու և նորանոր գաղափարներով հարստացնելու նպատակով ամենօրյա քրտնաջան աշխատանք է տարվում: Ինչ վերաբերում է ֆինանսական ներդրումներին, ապա ծրագրի վրա արդեն ծախսվել է ավելի քան 20 մլն դոլար:

Cafe4tune-ը հավակնում է մրցել Ֆեյսբուքի հետ նախ և առաջ իր նորարարությունների շնորհիվ: Այն պարզապես սոցիալական ցանց չէ, այլ տեղեկատվական-որոնողական սոցիալական կայք:

Cafe4tune-ի օգտատերերն ունեն անվճար ուղիղ միացման հնարավորություն, որի միջոցով կարող են ցանկացած նյութ օնլայն կիսել ընկերների հետ: Համագործակցություն կա Iphone և Android հեռախոսային առաջատար ընկերությունների հետ: Օրինակ` օգտատերը փողոցով քայլելիս կարող է իր հեռախոսով որևէ բան նկարել և օնլայն տարածել սոցցանցում:

Cafe4tune-ը վիրտուալ աշխարհ է՝ բառիս բուն իմաստով. այնտեղ կան երկրներ, քաղաքներ և մարզեր: Հունիսի 15-ին թողարկվել է նաև կայքի «Վիրտուալ ընտրություններ» ծառայությունը, և յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն ունի իր թեկնածությունն առաջադրել քաղաքի, մարզի կամ երկրի ղեկավարի պաշտոնում: Օգտատերը կարող է իրականացնել նախընտրական քարոզչություն, ստեղծել նախընտրական շտաբ, անգամ հանրաքվե անցկացնել:

Ի տարբերություն Ֆեյսբուքի` Cafe4tune-ում «խումբ» և «էջ» հասկացություններին փոխարինում է «սրճարան» հասկացությունը: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ստեղծել իր սրճարանը՝ կոնկրետ քաղաքում, կոնկրետ փողոցում: Փողոցներն ու սրճարանները, սակայն, պետք է լինեն թեմատիկ, որպեսզի օգտատերերն առավել հեշտությամբ գտնեն: Եթե օրինակ` դուք հայ եք, ապրում եք Կոնգոյում և սիրում եք ջազ երաժշտություն, կարող եք մտնել Երևան քաղաք, փնտրել երաժշտական փողոցները և գտնել ջազ սրճարանները: Այս առումով Ֆեյսբուքը զգալիորեն զիջում է Cafe4tune-ին. այնտեղ երբեմն դժվար է ուզածդ խումբը գտնելը, քանի որ ստեղծողը կարող է անվանակոչել իր խումբն ամենաանհավանական անունով կամ տառասխալներով:

Cafe4tune-ում հնարավոր է իրականացնել նաև սեփական օնլայն հեռարձակումներ ցանկացած միջոցառման վերաբերյալ: Երաժշտության սիրահարներն այդ միջոցով կարող են դիտել ու լսել ակումբներում, համերգասրահներում ընթացող համերգները, սպորտի սիրահարները՝ դիտել ստադիոններում ընթացող խաղերը: Հեռարձակումները գտնելը շատ հարմարավետ է՝ ըստ թեմայի և ժանրի:  Ի դեպ, այս պահին կայքում գործում է «Մալխաս ջազ ակումբ» սրճարանը, և Cafe4tune-ի օգտատերերը հնարավորություն ունեն ամեն օր ժամը 22:00-ին ուղիղ հեռարձակմամբ դիտել  «Մալխաս ջազ ակումբի» համերգները:

Այս պահին աշխարհի շուրջ 100 հազար բնակավայր ընդգրկված է կայքի տվյալների բազայում: Սոցցանցը գործում է 45 լեզվով, այդ թվում` հայերեն: Լեզուների քանակով  էլ է այն գերազանցում  Ֆեյսբուքին: Cafe4tune-ի չաթը նույնպես տարբերվում է. այն Skype-ի պես ունի տեսաձայնային հնարավորություն, այլ կերպ ասած՝ վիդեոչաթ է:

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ առաջին անգամ սովորական 2D ռեժիմով գործող ցանցին ավելացել է նաև 3D ռեժիմը, որի դեպքում օգտատերն ունենում է ավատար, և ավատարի միջոցով տեղաշարժվելու հնարավորություն:

3D ռեժիմով սոցիալական ցանցեր աշխարհում գոյություն ունեն, սակայն դրանց միանալու համար օգտատերերը հատուկ ծրագրեր պետք է տեղադրեն համակարգչի մեջ: Բացի այդ, 3D ռեժիմով սոցցանցերում դժվար է նաև երկար ժամանակ անցկացնելը, քանի որ այն շատ ծանր է աշխատում: Cafe4tune-ի դեպքում 3D ռեժիմի մեջ մտնելու համար որևէ ծրագիր պետք չէ տեղադրել, այն շատ դինամիկ է և հեշտությամբ է օգտագործվում: Այս առումով այն նորարարություն է աշխարհի մակարդակով:

Մյուս նորարարությունը կայքում օնլայն կարաոկեի հնարավորությունն է. օգտատերը կարող է ընտրել երգը, երգել, ձայնագրել կամ նկարահանել, ապա իր կատարումը դնել քննարկման: Ինչպես 2D, այնպեսէլ 3D կարաոկեի դեպքում օգտատերերը հնարավորություն ունեն որևէ թեմատիկ սրճարանում հերթով կամ խմբով երգել, իսկ սրճարանի մյուս օգտատերերը` ուղիղ միացմամբ տեսնել ու լսել կատարումները:

3D ռեժիմի դեպքում օգտատերերն էկրանին երևում են իրենց ավատարների միջոցով, որոնք օգտատիրոջ ցանկությամբ կարող են նստել, պարել կամ երգել:

Սոցկայքում կան նաև խաղեր: Առաջիկայում օգտատերերին հնարավորություն կտրվի խաղալ թիմով՝ տեսաձայնային շփման միջոցով:

Առաջիկա նախագծերից մեկն էլ գործարար բաղադրիչի ներդրումն է: Օգտատերերը հնարավորություն կունենան ստեղծել իրենց վիրտուալ խանութները, պատկերասրահները և նվազագույն ծախսերով օնլայն առևտուր իրականացնել:

Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` միջազգային լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են Cafe4tune-ի գործունեությանը` հանրությանը ներկայացնելով կայքի նոր զարգացումները: Այդ հրապարակումներից մեկը վերնագրված է «Զարմանահրաշ սոցիալական ցանց՝ շատ ավելի առաջադեմ, քան ֆեյսբուքն ու գուգլ պլյուսը», մեկ այլ հրապարակման մեջ էլ այն բնութագրված է «Հեղափոխական սոցիալական ցանց` 3 D-ով»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

3 Մեկնաբանություն “Cafe4tune-ը կարող է լուրջ մրցակից դառնալ Ֆեյսբուքին ու Գուգլ պլյուսին. հիմնադիրների մեջ նաև հայեր կան” վերաբերյալ

  1. Բլոգ Նյուզ

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. Kristina

    Բավականին հետաքրքիր կայք, զանազան հնարավորություններով

  3. Gohar

    Շատ հպարտ եմ, որ նման կայքի հիմնադիրների մեջ կան նաև հայեր: Վերջերս եմ գրանցվել ու օրվա մեծ մասը անցկացնում եմ cafe4tune- ի հետ. այն տարբերվում է բոլոր կայքերից իր յուրօրինակությամբ և հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ստեղծել իր նախասիրությունների վիրտուալ միջավայր: