Աշոտը զղջում է ու ներում հայցում եկեղեցու գանձանակը թալանելու համար, բայց քահանան չի ներում

Ashot-21

2007 թվական: Նուբարաշենի գիշերօթիկի նախկին սան, երկկողմանի ծնողազուրկ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվեց: Նա մեղադրվում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու գանձանակը թալանելու և խոշոր չափի գումար յուրացնելու մեջ:

Աշոտին դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման: Դատավճռի օրը Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Շահե քահանան դահլիճում հայտարարեց, որ երբ Աշոտը բանտից դուրս գա, ինքը նրան գրկաբաց կընդունի:

Վերաքննիչ դատարանում Աշոտի պատիժը մեղմացվեց մինչև երկուսուկես տարի. հաշվի առնվեց այն, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Բացի այդ, նա խորապես զղջացել էր իր արարքի համար: Երկուսուկես տարի դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում պատիժը կրելուց հետո Աշոտն ազատ արձակվեց, բայց տեր Շահեն նրան ամենևին էլ գրկաբաց չընդունեց: Ավելին, Աշոտի` տեր հոր հետ հանդիպելու, նրանից ներողություն խնդրելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Նա Աշոտին տեսնել անգամ չէր ուզում: «Ես շատ վատ էի վարվել տեր Շահեի հետ, դատավարության ընթացքում նրան մեղադրել  ու զրպարտել էի այնպիսի բաներում, որոնք իրականում նա չէր արել,- խոստովանում է Աշոտը,- ես մոռացել էի ինքնասիրություն ու ամոթ, ամեն ինչ անում էի, որ դատարանում իմ նժարը մի քիչ ծանր լինի, և խուսափեմ խիստ պատժից»:

Բանտից դուրս գալուց հետո Աշոտը կաթողիկոսին նամակ է գրում` խնդրելով ներել իրեն: Կաթողիկոսարանի որոշմամբ նրա նամակը վերահասցեագրվում է Արարատյան հայրապետական թեմին, որի մեջ է մտնում Սուրբ Սարգիս եկեղեցին, սակայն մինչ օրս նրա նամակն անպատասխան է մնացել:

Ինչո՞ւ Աշոտը որոշեց թալանել այն եկեղեցու գանձանակը, որտեղ, հաշվի առնելով նրա որբ ու անտուն լինելը, նրան բանվորական աշխատանք էին տվել, որպեսզի օրվա հաց վաստակի: Այդ հարցի պատասխանը Աշոտը և՛ ունի, և՛ չունի. «Մարդ, որ մանկուց ենթարկվել է ֆիզիկական ու հոգևոր բռնության, տեսել հազար ու մի վատ բան, նման մարդուց ուրիշ ի՞նչ կարելի է սպասել: Չէ՞ որ ինձ նախ և առաջ հոգևորապես պետք է կրթեին: Մեր գիշերօթիկում գողանալը շատ սովորական բան էր, երեևի չկար մեկը, որ գողությամբ զբաղված չլիներ,- ասում է նա:- Ինչ վերաբերում է բռնությանը, ապացուցված փաստ է, որ բռնության ենթարկված ցանկացած մարդու հոգեբանությունն ինքնըստինքյան խեղաթյուրվում է»:

Այնուհանդերձ, նա իր արարքը չի արդարացնում. այն, ինչ արել է, սարսափելի է. «Ես պարբերաբար էի գողանում, և այդ ողջ ժամանակահատվածում հոգեպես շատ էի տանջվում, ամեն անգամ գողանալուց հետո խոնարհվում էի Աստծո առաջ, ներում խնդրում, ինձ արդարացնելու եղանակներ փնտրում»:

Պատմում է, որ գողության ժամանակահատվածում շատ անգամ է փորձել հետ կանգնել իր արարքից, բայց չի կարողացել: Մի օր էլ որոշել է ամեն ինչ պատմել տեր Շահեին, անգամ տեքստն է պատրաստել, թե ինչպես պետք է խոստովանի, բայց ամեն անգամ, երբ եկեղեցում մոտեցել է տեր հորը և հանդիպում խնդրել, ինչ-որ բան խանգարել է, և հանդիպումը չի ստացվել»:

Այս ողջ պատմության ամենազարմանալի ու թերևս ամենահետաքրքիր կողմերից մեկն էլ այն է, որ Աշոտը գողացած գումարի մի մասը ծախսել է բարեգործական նպատակներով: Բարեգործական կազմակերպություն է հիմնել, որի անունից էլ զբաղվել է բարեգործությամբ. «Մանկատներին, գիշերօթիկիներին, սոցիալապես անապահով ընտանիքներին էի օգնում, եկեղեցիների համար անհրաժեշտ պարագաներ էի գնում,- պատմում է նա,- հետո ինձ համար հանրակացարանային մի սենյակ գնեցի, ճիշտ է` շատ անբարեկարգ էր, բայց չունեցածից լավ էր: Մի խոսքով, ապրում էի երկակի կյանքով. ցերեկը բարեպաշտ հավատացյալ, որն իրականում Աստվածաշունչն էլ չէր կարդացել, իսկ գիշերը` ավազակ, ով թալանում էր եկեղեցին…»:

Այսօր Աշոտի մեջ շատ բան է փոխվել, հասկացել է, որ կյանքում կարևոր է ոչ միայն նյութականը, այլև հոգևորը: Ասում է, որ եթե իր կյանքը  7-8 տարով հետ տային, ինքը երբեք նույնը չէր կրկնի, փոխարենը գոյությունը պահպանելու համար կընտրեր մուրացկանությունը, ինչով էլ զբաղվում է այսօր: Նրա նախկին ընկերներից ոմանք երբեմն Աշոտին առաջարկում են «թարգել էս ապուշությունն ու մեյմունությունը»` մուրացկանությունը, և շարունակել նախկին կյանքով ապրել, սակայն արդեն դժվար է Աշոտին ծուղակը գցել, քանի որ նա իր մաշկի վրա է զգացել դրա դառը հետևանքները: «Ես ասում եմ` նայեք իմ ոտքերին և ձեզ խղճացեք, տեսեք, թե ինձ ինչ պատիժ է հասել,-ասում է նա,- ճիշտ է, ես գիտեմ, որ իմ հիվանդությունը մանկուց է գալիս, պարզապես վերջին տարիներին սրվել է, բայց ես իմ վիճակն օգտագործում եմ` նրանց հետ պահելու այդ քայլից: Վերջերս նախկին ընկերներիցս մեկը եկավ, ասաց` սովորեցրու` ինչպես ես թալանել գանձանակը: Ասացի` խնդրեմ, կսովորեցնեմ, բայց միաժամանակ կզանգեմ եկեղեցի և կզգուշացնեմ, որ քեզ բռնեն: Ընկերս նեղացավ ու թողեց-գնաց: Հետո իմացա, որ փորձել է Կեչառիսի վանքը թալանել, բայց բռնել են: Ամեն դեպքում, ես հանգիստ եմ, քանի որ ես քահանաներին տեղյակ էի պահել, որ նա նման մտադրություններ ունի»:

Աշոտի համար իր պատիժը ոչ թե երկուսուկես տարի բանտում անցկացնելն էր կամ սարսափելի հիվանդությունը ձեռք բերելը, ինչպես շատերն են կարծում, այլ շատ ավելին՝ հոգատար մարդկանցից զրկվելը: «Ես շատ լավ մարդկանց հետ էի շփվում, իսկ դրանից հետո կորցրեցի նրանց»,- ասում է նա:

Բանտից դուրս գալուց հետո 28-ամյա հիվանդ, անօգնական ու միայնակ երիտասարդին տեղավորում են անօթևանների ժամանակավոր կացարանում,սակայն նա այնտեղ երկար չի դիմանում. «բնակիչների» ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով ստիպված է լինում հեռանալ, մի հանրակացարանային սենյակ վարձել և մուրացկանությամբ հոգալ օրվա հացի, դեղերի և վարձավճարի ծախսերը:

Մի օր էլ գնում է Արգավանդի եկեղեցի, որ մոմ վառի, սակայն քահանաները նրան  դուրս են հրավիրում` ասելով, որ իրավունք չունի մտնել եկեղեցի, մինչև չապաշխարի: Աշոտն ապաշխարում է: Հետո կարդում է Աստվածաշունչը, լիովին վերափոխվում, անգամ բարոյախրատական բանաստեղծություններ է սկսում գրել: Ասում է, որ շատ կրոնական կազմակերպություններ, օգտվելով իր առողջական ու սոցիալական ծանր վիճակից, իրենց ծառայություններն են առաջարկում` փոխարենը պահանջելով անցնել իրենց շարքերը, սակայն ինքը թակարդը չի ընկնում:

Այնուհանդերձ, այսօր Աշոտին ամեն օր և ամեն քայլափոխի հետապնդում է իր անցյալը. մարդիկ այն չեն մոռանում: «Մի օր մի խանութ մտա, որ օճառ գնեմ,- պատմում է նա,- վաճառողը մի օճառ տվեց, հարցրի` ավելի անուշ հոտովը չունե՞ք: Նայեց դեմքիս և ասաց` իսկ դու դրան արժանի՞ ես: Հետո դիմեց խանութի մարդկանց` ասելով. «ժողովուրդ, նայեք, սա եկեղեցուց փող ա գողացել»: Մարդիկ սկսեցին անպատվել ու անիծել ինձ»:

Այսօր էլ, երբ դուրս է գալիս փող մուրալու, մարդիկ ասում են. «Էդ որ եկեղեցի էիր թալանում, մեզ խի՞ չհիշեցիր», կամ  «Արժանի չես, մեռիր, պրծիր…»:

Աշոտը պատրաստ է ներողություն խնդրել յուրաքանչյուրից և այժմ էլ հրապարակավ ներողություն է խնդրում: «Ընկածին չեն տրորում, այլ բարձրացնում են, իսկ մարդիկ ամեն գնով ինձ ավելի ու ավելի են խորխորատը գցում»,- ասում է նա:

Եթե հասարակության նման վերաբերմունքն ինչ-որ չափով հասկանալի է, ապա խիստ տարօրինակ ու անհասկանալի է եկեղեցու, մասնավորապես` տեր Շահե քահանայի վերաբերմունքը, քանի որ առաջին հերթին հենց նա` որպես հոգևոր հայր, պետք է ներողամիտ գտնվեր Աշոտի հանդեպ: Մինչդեռ Աշոտի համար շատ կարևոր է հենց եկեղեցու և տեր Շահեի ներողամտությունը: «Յուրաքանչյուր ընտանիքում էլ կան արժանավոր և անարժան զավակներ: Թող որ ես լինեմ եկեղեցու անարժան զավակը, բայց լինեմ…»,- ասում է Աշոտը` հույս փայփայելով, որ մի օր տեր Շահեն կընդունի իրեն ու կների:

Հ.Գ.

Զանգահարելով տեր Շահե քահանային` խնդրեցի որևէ մեկնաբանություն տալ, սակայն լսելով, որ հարցը վերաբերում է Աշոտին, նա միանգամից ասաց. «Այդ թեմայով ասելիք չունեմ»: Փոխարենը խորհուրդ տվեց դիմել դատաքրեական մարմիններին: Փորձեցի բացատրել, որ ընդամենը ուզում եմ իմանալ` ներե՞լ է Աշոտին, թե՞ ոչ, սակայն քահանան անգամ թույլ չտվեց միտքս ավարտել և անջատեց հեռախոսը:

Ի դեպ, երբ Աշոտի խնդրանքով  իր մտերիմներից մեկը գնացել է տեր Շահեի մոտ` նրա համար բարեխոսելու և ներում հայցելու, տեր Շահեն ասել է. «Նմաններին երբեք չի կարելի ներել ու խղճալ…»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

10 Մեկնաբանություն “Աշոտը զղջում է ու ներում հայցում եկեղեցու գանձանակը թալանելու համար, բայց քահանան չի ներում” վերաբերյալ

  1. AID

    @hn ba da el qahanaya,mard@ zxjacel a,isk na chi uzum nerel……..

  2. AAAAA

    Ete ASTVAC nerum e bolori mexqer@, ter Shahen tox ASTCUC ver iren chdasi. Karevor@ Asot@ zgacel e ir ararqi vat linel@, isk mnacac@ amen voq patasxanatu e ir xxchi u ASTCU arach. ASTVAC kez het ASHOT JAN………………

  3. Ter Smbat

    Voreve mardu hancanqi masin hraparakav khosely anbaroyakanutyun em hamarum. Ays hodvats@ @ndamen@ bambasanq e Ashoti ev Ter Shahei masin. Ays khndir@ nranc andznakan khndirn e. Irenq miayn iravunq unen lutselu. hodvatsagrin el khorhurd ktam @nthertsogh gtnelu marmajv`inch puyt, te mardu andznakan harcn e khosum, ayspisi hodvatsner chgri.
    imijiaylots asem, vor Ekexecin erbeq hancanqy chi qajalerum, ev hraparakayin hayrararutyunneri mej datapartum e mer ogti hamar.

    1. Համլետ

      Հարգելի Տեր Սմբատ, եկեղեցին ազգն է և ազգը իրավունք ունի եկեղեցականներից մեկին իր արդար գործերի համար հարգելու և պատվելու, իսկ մյուսին ըստ իր գործերի համեմատ պախարակելու և դատապարտելու:

    2. Անի Գասպարյան

      Հարգելի Տեր Սմբատ, իսկ ո՞վ ասաց, թե հանցանքի մասին հրապարակավ խոսելն անբարոյականություն է: Դա ընդամենը Ձեր կարծիքն է, իսկ ես կարծում եմ, որ ընդհակառակը, թաքցնելն է անբարոյականություն: Ինչ վերաբերում է Ձեր այն խորհրդին, թե լրագրողը չպետք է խառնվի մարդկանց անձնական հարցերին, ապա ասեմ, որ ես, իմանալով այդ պատմության մասին արդեն 2 տարի, երբեք նպատակ չեմ ունեցել այն հրապարակել, մինչև Աշոտն անձամբ ինձ չի խնդրել: Իսկ ընդհանրապես, նպատակ չունենք արդարացնել Աշոտի մեղքը և վարկաբեկել քահանային: Մենք ընդամենը հոդվածի միջոցով Աշոտի զղջումն ու ներողությունն ենք փոխանցել հասարակությանը և Տեր Շահեին:

      1. Տեր Սմբատ

        Հարգելի Անի, Ձեր բլոգում ես չգտա Ձեր հետ կապ հաստատելու որևէ ինֆորմացիա: Որի համար ներողություն եմ խնդրում իմ կարծիքը մեկնաբանությունների մեջ գրելու համար: Սակայն, քանի որ Դուք իմ մեկնաբանությանը պատասխանել եք, կամենում եմ ես էլ պատասխանել: Դուք հոդվածը գրել եք, ինչպես ասում եք. որպեսզի «Աշոտի զղջումն ու ներողությունը փոխանցեք հասարակությանը և Տեր Շահեին», մինչդեռ հոդվածի վերնագիրն այլ բան է ասում՝«Աշոտը զղջում է ու ներում հայցում եկեղեցու գանձանակը թալանելու համար, բայց քահանան չի ներում»: Դրանով դուք մեղադրում էք տեր հորը և նրանից Աշոտի համար ներողություն պահանջում: Ներողությունը չեն պահանջում, այլ գործած հանցանքի համար ապաշխարում են:
        Երկրորդը. Դուրք ասում եք, որ հոդվածը գրել եք Աշոտի խնդրանքով: Սակայն տեր հոր համաձայնությունը դրա համար ստացե՞լ եք: Չե՞ որ այս հարցը ոչ միայն Աշոտի, այլ նաև Տեր Շահեի անձնական հարցն է: Տեր Շահեն կարող է Աշոտին անձնապես ներել, սակայն դրա մասին հրապարակավ հայտարարել պարտավոր չէ: Սակայն հանցանքը պախարակել պարտավոր է:
        օրհնությամբ՝
        Տեր Սմբատ քահանա Սարգսյան
        Առինջ Գյուղի Հոգևոր Հովիվ:

  4. Lobo

    Yes chgitem es grvatsic inchn a chisht inch@ skhal, bayc amen mard inqn a pataskhan talis ir khgci u Asttso araj. Inch kap uni qahanayi nerume, nuyn hajoghutyamb inqe karoga urish qahanayic nerum khndri. Asum a zgjacel a, thogh Tirojic khndri. Iranic chi erevum vor inqe zghjacel a.
    Toghen menak mardkanc vra cex sprteq…

  5. Араик

    Да он согрешил против Бога и церкви. Прощаются ли пригрешения против Бога?…
    Как говорится,-Бог простит. А Тер Шаге человек святой и нечего сплетни про него распространять.

  6. Համլետ

    Տեր Շահեին խորհուրդ կտայի ներել մարդկանց, քանզի ավետարանը դա է ուսուցանում և այնտեղ բազում են դրա օրինակները, մանավանդ հոգևորականը, որ գիտի Աստծու խոսքը, պետքե է սեփական վարքով օրինակ հանդիսանա հոտի համար, ուստի աններելի է հոգևորականի նման պահվածքը:

  7. Աշոտ Գրիգորյան

    _իրականությունը համապատասխանում է հարյուր տոկոսանոց,Անիի հետբազմաթիվ անգամ փորձել է երկխոսություն կազմակերպել Տեր
    Շահեի հետ սակայն ինքը դեռ բացասական է տրամադրված ինձ: Անիից էլշատ շնորհակալ եմ, նա բարի ու յուրաքանչյուրի ցավն իր վրա զգացող աղջիկ է Շնորհակալություն Անի ջան