Ընդդեմ սփյուռքի հակահայ քարոզչության և հանուն հայրենադարձության. մի հայրենադարձի պատմություն

21-600x450

Լիբանանահայ Ջորջ Տաբակյանը 2011 թ. հայրենադարձվել և ապրում է Երևանում: Հայաստանյան անձնագիր ստանալու ժամանակ նրա անունը սխալ թարգմանության հետևանքով վերափոխվել է Գեորգեսի: Նրա հայաստանյան ընկերներից մեկն էլ` «Հայ ասպետ» հեռուստախաղի վարող Կարին Տոնոյանը, նրան «օծել» է Գևորգով և հորդորել մոռանալ և՛ Ջորջը, և ՛ Գեորգեսը:

Եվ այսպես, մենք կպատմենք լիբանանահայ Գևորգ Տաբակյանի մասին, որը, ծնվելով Լիբանանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվելով Արաբական Էմիրություններ և 7 տարի ապրելով Դուբայում, ի վերջո եկել է հայրենիք` հիմնավորապես հաստատվելու հստակ որոշմամբ: «Մեր մտքի մեջ Հայաստանը դրախտ էր, մեզ այդպես էին դաստիարակել և՛ ընտանիքում, և՛ դպրոցում: 90 տարի մեզ ասել էին, որ Հայաստանը մեր հայրենիքն է, որին պետք է ձգտի ամեն մի հայ: Բայց երբ Հայաստանն անկախացավ, և հարցրինք` հիմա պիտի տեղափոխվենք Հայաստա՞ն, մեզ ասացին. «Չէ, չէ, հայրենիք ասելով` նկատի ունեինք Արևմտյան Հայաստանը…»:

Գևորգ Տաբակյանի խոսքով` սփյուռքում Հայաստանի նկատմամբ բացասական քարոզչություն կա, որը, անկախ իրարից, իրականացնում է երկու խումբ: Առաջինը հին սփյուռքի էլիտան է, երկրորդը` 1990-ականների սկզբին Հայաստանը լքած հայերը: Վերջին 4 տարում նրա պայքարն այդ քարոզչության դեմ է:

Պատմում է, որ երբ հայտնել է Հայաստան տեղափոխվելու որոշման մասին, համայնքից մի պատասխանատու անձ ասել է, թե դա տխուր լուր է իրենց համար, քանի որ համայնքից մի ընտանիք կորցրեցին: Գևորգն էլ պատասխանել է. «Դուք մի ընտանիք կորցրիք, իսկ Հայաստանում մի ընտանիք ավելացավ»:

Հայաստան տեղափոխվելու նրա որոշմանը բացասական են վերաբերվել նաև մոտ ընկերներից ու բարեկամներից շատերը: Ասում է, որ անգամ վիճաբանություն է ունեցել նրանցից մեկի հետ և ասել. «Մանկապարտեզից սկսած` դուք մեզ ուրիշ բան էիք ասում, հիմա` ուրիշ: Կա’մ դուք մեզ խաբել եք այսքան ժամանակ, կա’մ հիմա ինքներդ ձեզ եք խաբում…»:

Հին սփյուռքահայերի նման կեցվածքը նա բացատրում է հետևյալ կերպ. «Լավ արմատացած են, տեղավորված, իրենց լավ են զգում, իսկ համայնքի ղեկավարներին ձեռք չի տալիս, որ համայնքը նոսրանա, քանի որ կկորցնեն իրենց դիրքը, ուժը»:

Ինչ վերաբերում է նոր գնացած հայերին, ապա նրանց թվում է, թե Հայաստանը դեռ այնպիսին է, ինչպիսին իրենք թողել են. «Մինչև այսօր հարցնում են` հոսանք կա՞, ջուր կա՞, կամ  Հայաստանում կոռուպցիան շա՞տ է, մոնոպոլիա՞ է, մաֆիա՞ է: Ես ել պատասխանում եմ` այո, Հայաստանում, ինչպես Լիբանանում ու Դուբայում, կոռուպցիա էլ կա, մաֆիա էլ, պարզապես անուններն են տարբեր. Դուբայում շեյխ են ասում, Հայաստանում` օլիգարխ: Լիբանանում էլ նույնը չէ՞, բենզինի բիզնեսը, օրինակ, մի հոգու ձեռքին է, որը պատգամավոր է»:

Հիշում է, որ 2004-ին, երբ առաջին անգամ է ոտք դրեց Հայաստան, իր համար Հայաստանն իդեալական էր, քանի որ պատին կախված նկարի փոխարեն տեսնում էր իրական Արարատը, շրջապատված էր միայն հայրենակիցներով, սակայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ Հայաստանն ամենևին էլ դրախտ չէ, որ այստեղ էլ կա դառը իրականություն: «Աստիճանաբար հարմարվեցի հայաստանյան իրականությանը,- ասում է նա,- 2007-ին իրական Հայաստանին լրիվ ծանոթ էի, և այդ ժամանակ էլ որոշում կայացրեցի` վերջնականապես տեղափոխվել Երևան»:

Երբ երկքաղաքացիության օրենքը Հայաստանում ընդունվեց, Գևորգն առաջիններից էր, ով ձեռք բերեց Հայաստանի քաղաքացիություն: Իսկ նրա որդին` Սասունը, որը ծնվել էր Դուբայում 2010 թ., առաջին ամենափոքրիկ սփյուռքահայն էր, որը Հանրապետության նախագահից ստացավ Հայաստանի քաղաքացու անձնագիր:

Ամենազավեշտալին այն է, որ որդու համար քաղաքացիության հարցերով զբաղվելու ժամանակ համապատասխան ոլորտի աշխատակիցներից մեկը շատ լուրջ տոնով նրան «զգուշացրել» է, որ քաղաքացիություն ստանալով` մի «մեծ խնդիր» է առաջ գալիս` բանակի խնդիրը: Նա զարմացել, ապա հակադարձել է. «Ինչպե՞ս թե խնդիր… Եթե իմ տղան բանակ չգնա, ոտքերը կջարդեմ…»:

Նրա համար մինչ օրս անհասկանալի է պետական չինովնիկի նման մտածելակերպը, այն դեպքում, երբ, ինչպես ինքն է ասում, Հայաստանը 4 կողմից խրամատ է:

Խոստովանում է, որ սկզբնական շրջանում շատ խնդիրներ է ստիպված եղել հաղթահարել, իսկ այժմ իր խնդիրները նույնն են, ինչ բոլոր քաղաքացիներինը. «Երբ Մաշտոցի այգում կա խնդիր, դա նաև իմ խնդիրն է: Երբ բանակում կա խնդիր, դա նաև իմ խնդիրն է: Եթե կա մի պաշտոնյա, որը չարաշահում է իր դիրքը, դա նաև իմ խնդիրն է: Համենայն դեպս, մենք էստեղ մեր տանն ենք` վատով և լավով»:

Ինչ վերաբերում է արտագաղթողներին, ապա Գևորգը նրանց մի բան է խնդրում` վերջնականապես չկտրել իրենց արմատները Հայաստանից, քանի որ իր փորձից գիտի. օտար երկրում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

Բարեկամավանում կառուցած ջերմոցը

Բարեկամավանում կառուցված ջերմոցը

Ապրելով Հայաստանում և իրեն համարելով Հայաստանի լիարժեք քաղաքացի` Գևորգ Տաբակյանը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ. իր ընկերներից երկուսի` իռլանդահայ Աննա Աղաջանյանի և հայաստանցի  Գայանե Գևորգյանի հետ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում, իրականացնում է բարեգործական մի ծրագիր, որի նպատակը գյուղը դատարկվելուց փրկելն է: Ինչպես ամեն մի գյուղ, Բարեկամավանն էլ ունի համայնքապատկան հողեր, սակայն դրանք ադրբեջանցիների կրակի տակ են, և գյուղացիները չեն կարողանում մշակել: Գևորգն ու Աննան արտերկրում ապրող իրենց ընկերների միջոցով գումար են հավաքել և գյուղի ներսում արդեն 3 ընտանիքի համար ջերմոցներ են կառուցել: Նրանք նաև պարբերաբար այցելում են գյուղ և ջերմոցները կառավարելու մեթոդներն ուսուցանում գյուղացիներին: Նրանց նախաձեռնությանը միացել է ևս մի կազմակերպություն, որը գյուղացիներին պտղատու ծառեր է նվիրել:

Գյուղում շուտով նաև խաղահրապարակ կկառուցվի, իսկ գյուղի երիտասարդները, որոնք, տարիներ ի վեր անտեսված ու մոռացված լինելով, պարփակված են եղել, արդեն գյուղի մասին պատմող կայքէջ են ստեղծել. «Չենք ասում, որ գյուղի ճակատագիրն ամբողջությամբ փոխել ենք, բայց ստեղծել ենք գյուղը չլքելու որոշ հիմքեր: Այդ մարդիկ պետք է մնան իրենց գյուղերում, քանի որ նրանք մեր սահմանների պաշտպաններն են»:

Երիտասարդ հայրենադարձը զբաղվում է նաև սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելու քարոզչությամբ: Նրա համար այդ խնդիրը ռազմավարական նշանակություն ունի. «Հայրենադարձությունն ամենաբարձր մակարդակով պետք է քննարկվի և դառնա պետական քաղաքականություն: Դա երկու հիմնական պատճառ ունի. նախ` հայն այլևս չի կարող հայ մնալ սփյուռքում, երկրորդ` Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիր ունի»,- ասում է նա:

Նրա խոսքով` վերադարձողների թիվը զգալի է, և բոլորն էլ գոհ են: Արդեն հիմնել են  Հայրենադարձների միություն, որպեսզի առաջնային հարցերում օգնեն նոր վերադարձողներին: «Մեր` հայրենադարձներիս մեջ, անեկդոտի պես մի բան կա. սփյուռքահայերը մեզ ասում են` դուք քաջ եք, որ գնացել եք Հայաստան, իսկ մենք ասում ենք` ոչ, մենք վախկոտ ենք, քանի որ վախեցել ենք, որ սփյուռքում չենք կարող հայ մնալ և փախել-եկել ենք Հայաստան, իսկ քաջը դուք եք, որ սփյուռքում դեռ կարողանում եք հայ մնալ…»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Ընդդեմ սփյուռքի հակահայ քարոզչության և հանուն հայրենադարձության. մի հայրենադարձի պատմություն” վերաբերյալ

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: