Իմ բլոգի միջոցով հնարավորություն եմ տալիս Աշոտին` ներկայացնել իր հոգևոր բանաստեղծությունները. դրանք նույնպես վկայում են, որ նա զղջացել է իր արարքի համար:
ՀԱ՛ՅՐ, ԻՆՁ ԸՆԴՈՒՆԻՐ…
Ինչպես մի որդի անառակ ու պիղծ,
Հայր, քեզ եմ գալիս: Չունեմ արժանիք
Որդիդ կոչվելու, թող վարձկան լինեմ,
Հասարակ ծառա դռան առաջիդ:
Այսպես և մի օր դառնագին, տրտում
Կյանքս սգացի, որ անցել է փուչ,
Ունայնության մեջ, որ բաժին ընկած
Առաքելությունն ի չիք է դարձել:
Հա՛յր, ինձ ընդունի՛ր, ինչպես առակում:
Եսապաշտ կուռքն ինձ իր սարդոստայնում
Կապել էր մեղքից, գցել անդունդը`
Զրկելով լույսից, օրհնության բաժնից:
Հա՛յր, ինձ ընդունիր… Անկարող եմ այս
Բեռը տանելու, որ լի է պղծող
Այլասերությամբ, լի անասնական
Ցանկատենչ մեղքով, ցանկատենչ կրքով:
Հա՛յր, ինձ ընդունիր… Զղջում եմ ցավով
Կորածի համար, որ կույր լինելով`
Չեմ տքնել, ճգնել, շոշափել մեկնած
Սերդ անսահման, շնորհն օրհնության:
Հա՛յր, գթա, ների՛ր, որ մեղանչեցի
Երկրի, երկնի դեմ և քո առաջիդ,
Չունեմ արժանիք որդիդ կոչվելու,
Թող վարձկան լինեմ դռան առաջիդ:
Հա՛յր, ինձ ընդունիր… Հայր է` կընդունի,
Բայց գիտցիր, ո՛վ մարդ, թե ցավ է տալիս
Քո արարքն այսօր, հենց քեզ, հենց հիմա,
Ապա և ինչքան ցավ տվեց նրան:
Հայր է` կընդունի, սպասում է միշտ
Այս վերադարձիդ, և առնելով վեր
Փշրված հոգիդ, կցնծա, կասի.
_Փառավորվեցի գտածիս համար…
Հայր իմ, ընդունիր… Հոգնած, զղջացած
Քեզ մոտ եմ գալիս, չունեմ արժանիք
Որդիդ կոչվելու, թող վարձկան լինեմ,
Հասարակ ծառա դռան առաջիդ:
2010թ.
ԱՂՈԹՔ
Մի կին է ապրում պատանեկության
Իմ հին հուշերում, մի կին սևազգեստ,
Միգուցե այրի, քանի որ երբեք
Դեմքին չտեսա նշույլ խնդության:
Ամեն կիրակի` վաղ լուսաբացին,
Վանքի գավիթի դռանն էի նայում,
Թե երբ կբացվի, ու դռան շեմին
Մի պահ կկանգնի խաչակնքվելու:
Գալիս, ինչպես միշտ, խոնարհվում դանդաղ
Խորանի առջև` լուռ մեծարելու
Խորանի գլխին բազմած վեհությամբ
Տիրամորն ու իր միածին որդուն:
Ջանում էի` որքան կարելի էր մոտ
Ու կողքին լինել, որ դողդողացող
Շուրթերից լսել աղոթքն առ աստված,
Որ տեսնել աչքերն, աչքերն արցունքոտ:
Հայացքը վշտոտ վեր, երկինք հառած
Մրմնջում էր նա. «Ո՛վ հայր ողորմած,
Ես աղոթում եմ ողջերի համար,
Որ պաշտպան լինես որբերի համար:
Որ նեղյալներին լինես հուսադրող,
Տառապյալների լուծը վար դնող,
Որ անտունները հովանուդ ներքո
Չզգան այդ բացն ու գլորվեն անդունդ:
Որ երկրում տիրի խաղաղությունը,
Ամենքի հոգում հաշտություն ու սեր,
Քանզի սիրուց է ծնվում պտուղը,
Եվ սերն է այսօր տիեզերքին տեր:
Բազումողորմ հայր, ինձ էլ տուր վշտիս
Մխիթարություն, լինես լույս կյանքիս,
Բոլոր օրերում, և առաջնորդվեմ
Քո ճանապարհով և տրված լույսով»:
Աղոթում էր նա: Աղոթի՛ր, ո՛վ կին,
Հենց նրանց համար, ովքեր չգիտեն
Մորը մեծարել, սերը որոնել,
Խավար անդունդից դեպ կյանք սողոսկել:
Ովքեր չգիտեն գարունը սիրել,
Աղոթքից գերվել, սրտանց արտասվել,
Եվ նրանց համար, ովքեր չգիտեն
Հարուստ, ճոխ կյանքը արժանի տիրել:
Ովքեր չգիտեն ու չեն խոնարհվել,
Աղոթել իրենց աղոթքի համար
Եվ աղոթելուց զգալ ու ապրել
Աղոթքի գինը, գինը զորության:
Մի կին է ապրում պատանեկության
Հուշերում անցած, սևազգեստ այրի,
Մի կին, խոր վշտի մարմնավորում
Ու զորեղ աղոթք իր վշտի ծովում:
2011թ.
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
Մթնշաղն իջավ լեռներից այն կողմ,
Ուր հայ դիրքերում ցիրուցան եղած
Զինվորն էր կռվում ` թեև վիրավոր,
Թեև ուժասպառ շարժվում էր առաջ:
Հանկարծ դադարեց կրակ ու ոռնոց,
Եվ հանգիստն իշխեց լեռներից այն կողմ`
Թողնելով դաշտում հառաչանք, տնքոց,
Արյան ու մահի պատկեր սաստկացող:
Ուժասպառ մի մարդ դիրքերից այս կողմ
Իր վերջին շնչում գրկել էր փորձում
Իր առջև ծնկած գլխահակ որդուն
Ու տալ օրհնություն` որպես Սրբություն:
— Որդի՛ս, միգուցե ժամը մոտեցավ
Իր վերջնակետին, ու այսուհետև
Քո ճանապարհով մենակ կքայլես,
Քո ճանապարհը ինքդ կհարթես:
Հիշի՛ր` ողջ կյանքիդ օրերում բոլոր,
Որ Հայ ես, Հայկյան և ուր էլ լինես,
Կերտիր վանք, խաչքար, Հայրենի՛ք կերտիր
Ու խաչով զինիր, որ ուժ տա բազկին:
Ու խաչով զինիր, քանզի խաչն է մեզ
Պատերազմներին հաղթանակ տվել,
Խաչի շնորհիվ եղել ենք բռունցք,
Անկոտրում հավատ` մի ամբողջություն:
Իսկ հիմա, որդի՛ս, ուզում եմ քեզ տալ
Լանջախաչն իմ թանկ, կյանքիդ օրերում
Թո՛ղ այն քեզ բերի հույս, սեր ու հավատ
Եվ լույս քո ճամփինդ հավիտյան, օրհնյալ:
Խեղդող արցունքներն աչքերում` որդին
Գրկախառնվեց, հիշեց մանկություն,
Մ ի մանուկ հիշեց, որ մինչ երեկո
Խաղում էր անհոգ պարտեզում վանքի:
Հիշեց , թե ինչպես մանկանը մի օր
Մկրտեց հայրը Սուրբ ավազանում,
Շապիկ հագցրեց, ամեն առավոտ
Որ ազդարարի առավոտ լուսո:
Հետո, երբ արդեն չափահաս դարձավ,
Հայրն անդարձ գնաց Արցախ, պատերազմ,
Հոր ճամփեն բռնեց և ինքը` որդին,
Ու ճամփա ընկավ դեպ դիրքերը այս:
Հիշում էր` ինչպես կռվի թեժ պահին
Թիկունքից լսվեց. «Օրհնեցեք, Տե՛ր հայր»:
Որպես պատասխան այդ ծանոթ ձայնին`
Ասաց. «Թող Աստված լինի պահապան»:
Արցունքն աչքերին, գրկախառնված`
Որդին հորն ասաց. «Օրհնեցեք, Տե՛ր հայր»:
Լսվեց պատասխան. «Թող օրհնի Աստված
Եվ քեզ հավիտյան լինի պահապան…»:
Անցան տարիներ: Տուն էր շտապում
Ամեն մի զինվոր, իսկ մի վիրավոր`
Իր հոր շիրիմին, որ ասի, ո՛վ հայր,
Հաղթել ենք արդեն, օրհնի՛ր ինձ, սուրբ հայր»:
2011-12թթ..
Նվիրում եմ ռազմի դաշտում կռված և զոհված հոգևորականներին
ԽՈՆԱՐՀՎԱԾ ՎԱՆՔԸ
Լուռ խոնարհվել էր վանքը կիսավեր, թվում էր տրտում,
Իր բաժին ընկած ցավ-տառապանքն էր լռությամբ տանում,
Իսկ իրականում հույս ուներ կրկին կյանքի կոչվելու,
Ապրած հրաշքը կրկին շունչ տալու, կրկին ապրելու:
Ու կգա մի օր, կրկին կհառնի կուրծքը ցցելով,
Կկանգնի հպարտ ուխտավորների, բոլորի առաջ,
Կրկին կբացի դուռն իր նախշազարդ ամեն առավոտ
Ու կասի. «Օրհնյալ ի հորե ծագյա արեգակն արդար»:
Ու կրկին Հայր սուրբն` աջը վեր պարզած, խաչ կդրոշմի
Սրտին ամենքի, որ ամենեցուն լինի հաշտություն
Եվ խաղաղություն, որ հետո արդեն բուն պատարագին
Իրար ողջունեն, ցանկանան միմիյանց սեր ու բարություն:
Մի փոքրիկ մանուկ այնքան կվազի մարդկանց շարքերում,
Մինչև որ հոգնի, հետո մոր գրկից լուռ կհետևի
Երդիկից ընկած արևի շողին, ապա ձեռքերով
Կփորձի բռնել, կփորձի խաղալ մոմի լույսի հետ:
Իսկ Տեր ողորմեան կստիպի մարդկանց Արարչից հայցել
Ներում, թողություն, կստիպի ապրել երգն այս լալագին,
Կստիպի նաև կարոտել, թախծել, ինքնամաքրվել
Հինը մոռանալ, վերապրել նորը հենց նույն վարկյանին:
Եվ չկար մեկը, որին նա պատմեր, որ հրաշք կապրի,
Երբ հարս ու փեսա երդում տատ հավերժ լինել միասին,
Երբ մկրտության ավազանն այդօր մանկանն ընծայի
Բարձրյալ արարչին, որ արժան լինի տիրոջ շնորհին:
Լուռ խոնարհվել էր վանքը կիսավեր, թվում էր տրտում,
Իր բաժին ընկած ցավ-տառապանքն էր լռությամբ տանում,
Իսկ իրականում` հույս ուներ կրկին կյանքի կոչվելու,
Ապրած հրաշքը կրկին ապրելու ու վեր հառնելու:
2012թ.