Կանայք, որոնք զոհ են գնացել բռնությանն ու հասարակական բարքերին. 4 պատմություն

domestic violence sheriff

«Տնից վռնդեց` պատճառաբանելով, որ կույս չեմ եղել…»

«3 տարեկանից եղել եմ խորթ մոր խնամքի տակ: Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես հայրս ինձ ամուսնացրեց: 5 տարի ապրեցինք, բայց այդպես էլ մայրանալու երջանկությունն ինձ չվիճակվեց: Մենք բաժանվեցինք:
Ես աշխատանքի անցա Արմավիրի զինվորական զորամասում, որտեղ ծանոթացա մի տղամարդու հետ: Գաղտնի հանդիպում էինք: Հետո պարզվեց` կատարվել է իմ երազանքը` ես հղիացել եմ: Ծնողներս, այդ իմանալով, ինձ դուրս վռնդեցին տնից: Նա բնակարան վարձեց: Ծնվեց առաջնեկս: Հետո ծնվեց երկրորդ դուստրս: Նրա մայրն ու քույրը, իմանալով մեր կապի մասին, ինձ ընդունեցին իրենց տուն: Հետո ծնվեց երրորդ դուստրս:
Հաճախակի վեճերի ընթացքում ինձ երեսով էին տալիս, թե փալաս եմ, «թանաքաման» եմ եղել: Մի օր էլ ամուսինս ինձ տնից վռնդեց` պատճառաբանելով, որ կույս չեմ եղել և դեռ պիտի շնորհակալ լինեմ, որ ինձ 6 տարի պահել է:
Հետո փախցրեց մի աղջկա, որը նույնպես նրան երկու դուստր նվիրեց, ապաւ երեխաներին թողնելով` հեռացավ:
Հիմա նա չի աշխատում, ամեն տեղ նստում ու իր «հերոսությունների» մասին լեգենդներ է պատմում: Ուզում է նորից ամուսնանալ:
Վերջին երկու դուստրերին պահում է նրա մայրը, իսկ իմ երեք դուստրերին` ես»:

 

«Ինձ թվաց, որ ընկերն այդպես վարվեց, որպեսզի ամուսնուս անամոթ պահվածքի համար պատժի, բայց…»

«Նոր էի ավարտել դպրոցը, երբ ծանոթացա նրա հետ, սիրահարվեցի, և քանի որ ծնողներս համաձայն չէին մեր ամուսնությանը, փախա տնից: Նա աշխատանքի անցավ Արմավիրի էլցանցում: Ամեն անգամ ընկերների հետ գալիս էր, ուտում-խմում և գնում: Հետո նկատեցի, որ ամուսինս սկսել է խույս տալ ինձանից:

Մի օր էլ տուն եկավ ընկերոջ հետ, խմեցին, և ամուսինս ընկերոջ մոտ սկսեց ինձ քաշքշել:

Ամոթից շրթունքներս պինդ սեղմել էի, ձայն չէի հանում, որ երեխաներս չարթնանային:
Հանկարծ ընկերը տեղից վեր թռավ ու նրան մի կողմ հրելով` ուժեղ հարվածեց: Ինձ թվաց, որ ընկերն այդպես վարվեց, որպեսզի ամուսնուս անամոթ պահվածքի համար պատժի: Բայց երբ ամուսինս փռվեց գետնին, նա թեքվեց իմ կողմը, շորերս պատառոտելով` բերանս փակեց ու տարավ ննջարան:

Ես մի կերպ պրծա նրա ճիրաններից ու դուրս փախա: Մի պահ մտածեցի, որ կարող է երեխաներիս վնասել, ուզում էի հետ դառնալ, երբ տեսա, որ նա դուրս վազեց տնից և փախավ:
Առավոտյան մինչ ամուսինս խելքի կգար, հավաքեցի երեխաներիս և հեռացա: Հիմա երեխաներիս մենակ եմ մեծացնում: Երբեմն ծեր ծնողներս են օգնում, իսկ ամուսինս չի ուզում անգամ ներողություն խնդրել: Նրա ընկերն էլ հեռացել է Հայաստանից»:

 

«Արյան մեջ կորած, ահավոր ցավը խեղդելով` փորձում էի նրան հանգստացնել…»

«Ծնվել եմ գյուղացու ընտանիքում: Ամուսնացա, երբ 28 տարեկան էի: Հետո իմացա, որ նա մինչ այդ ամուսնացած է եղել: Նախկին կնոջից 2 երեխա ուներ: Ճիշտն ասած, սկզբում ես ինձ խաբված ու մերժված զգացի: Ուզում էի վերադառնալ մեր տուն, բայց մեր տան դռներն ընդմիշտ փակ էին ինձ համար:Հետո սկսվեց մի ահավոր կյանք` վիրավորանքներ, ծեծ, հայհոյանք: Հաճախ հարբած էր գալիս, աշխատավարձը տուն չէր բերում, ամբողջ տան հոգսը միայն ինձ վրա էր: Այդ ամենը քիչ էր, դեռ ինձնից էլ օղու փող էր պահանջում: Որքան հնարավոր է` ենթարկվում էի, որ անախորժություններ չլինեն, բայց միևնույնն է` միշտ գլխիս հայհոյանքներ ու սպառնալիքներ թափելու առիթ գտնում էր: Նա ոչինչ հաշվի չէր առնում, նույնիսկ անչափահաս փոքրիկ աղջկաս լացը նրան չէր սթափեցնում: Ի դեպ, աղջիկս նրա մեղքով արատով էր ծնվել: Երեխայի ներկայությամբ ծեծում էր ինձ ու հայհոյում ամենատգեղ բառերով:

Մի անգամ էլ հարբած տուն եկավ և կիսատը լրացնելու համար էլի փող պահանջեց: Հրաժարվեցի` պատճառաբանելով, որ նույիսկ հացի փող չունենք: Հայհոյելով ուտելիք պահանջեց: Այդ օրը ես չէի հասցրել ճաշ պատրաստել և առաջարկեցի նրբերշիկ ուտել: Նա ափսեն գազազած շպրտեց ինձ վրա: Այն խփվեց դեմքիս, քիթս կոտրվեց: Արյան մեջ կորած, ահավոր ցավը խեղդելով` փորձում էի նրան հանգստացնել, որովհետև աղջիկս սարսափած ճչում էր:
Օգնության հասած հարևանները շտապ օգնություն կանչեցին և մի կերպ հանգստացրին երեխայիս:
Այս վիճակը շարունակվում է մինչ օրս»:

«Ես ընդամենը լվացք անող էի, տուն մաքրող, երեխա մեծացնող…»

«Երեխաներս արդեն չափահաս են, նրանք հասկանում են, որ ինչ արել եմ, իրենց համար եմ արել:
25 տարեկան էի, բայց դեռ չէի ամուսնացել, իսկ գյուղում դա աղջկա համար պատկառելի տարիք է համարվում: Իմ մասին արդեն տհաճ խոսակցություններ էին պտտվում: Մի օր երեկոյան հորաքույրս եկավ մեր տուն և հայտնեց, որ ինձ համար փեսացու է ճարել: Ճիշտն ասած, ես միշտ դեմ եմ եղել հապճեպ ամուսնություններին, բայց տարիքս հաշվի առնելով` մտածեցի, որ ուրիշ ելք չունեմ: Մի շաբաթ հետո ամուսնացա:
Ամուսինս ինձանից 12 տարով մեծ էր: 2 երեխա ունեցանք: Նա շատ կոպիտ էր իմ հանդեպ. ես ընդամենը լվացք անող էի, տուն մաքրող, երեխա մեծացնող:

Մի օր, երբ հարևանուհուս պատմեցի իմ դաժան առօրյայի մասին, նա ասաց, որ ամուսինս մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել: Ես երբեք ինձ այդքան խաբված, ստորացած չէի զգացել:
Սկսեցի հետաքրքրվել նախկին կնոջով: Պարզվեց, որ նա կամրջից ցած է նետվել. ամուսինս իր արարքներով նրան դրդել է ինքնասպանության: Ամեն օր հարբած տուն է եկել, ստիպել կնոջն անել այն, ինչ ինքն է ուզում: Նույնիսկ ամաչում եմ պատմել: Հղի վիճակում ստիպել է սպիրտ, նավթ խմել: Իսկ ամենադաժանն այն է, որ նրանց տղան, չդիմանալով այդ ամենին, սկսել է թմրադեղեր օգտագործել, և մինչ օրս նրա գտնվելու տեղը հայտնի չէ:
Ես հասկացա, որ նման մի տխուր վերջաբան էլ ինձ է սպասվում: Որոշեցի վերցնել երեխաներիս ու հեռանալ: Ճիշտ է` շատ դժվարությամբ, բայց հասա ապահարզանի: Քույրերիս, եղբորս օգնությամբ մեծացրեցի երեխաներիս, ուսման տվեցի: Փառք Աստծո, բաժանվելուց հետո նրան այլևս չեմ տեսել…»:

 

Պատմությունները տրամադրել է
«Կանանց իրավունքների կենտրոն»
հասարակական կազմակերպություն



 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր