Տեսողության կորստից հետո 20-ամյա Լուիզան փորձեց ինքնասպան լինել, բայց հետո…

1

«Դա մի վիճակ է, երբ լուսավոր սենյակից հանկարծ ընկնում ես մութ սենյակ, որը քո ողջ կյանքն է, քո ապագան, և պետք է կողմնորոշվես, ընտելանաս կյանքի այդ ռիթմին,- ասում է Լուիզան, որի տեսողությունը 20 տարեկանում գրեթե վերացել է:- Ինձ համար դա սարսափելի էր. պատկերացրեք երիտասարդ աղջիկ, որի կյանքն առջևում է, և հանկարծ… Ես ուղղակի չէի կարողանում համակերպվել այդ մտքի հետ, ու դա լրիվ նորմալ ռեակցիա էր: Անգամ փորձեցի ինքնասպանություն գործել,  բայց մայրս կանխեց»:

Տեսնելով մոր արցունքներն ու տառապանքը` Լուիզան հասկանում է, թե ինչ մեծ ցավ է պատճառում իր ընտանիքին: Իսկ ընտանիքն ամեն ինչ անում էր նրան հոգեպես ու բարոյապես աջակցելու համար:

Լուիզան հաղթահարում է ճգնաժամը, սակայն երկար ժամանակ դեռ չի կարողանում ուժ գտնել ու ինքն իրեն ապացուցել, որ կարող է նաև հասարակության լիարժեք անդամ լինել: «Ամեն ինչ գալիս է մարդուց,- համոզված է նա,- սկզբում ես չէի կարողանում ընդունել, որ կարող եմ: Բնականաբար, հասկանում էի, որ չեմ կարող անել որոշակի բաներ, որոնք կարող է անել տեսնող մարդը, բայց միաժամանակ կարող եմ անել շատ բան` ոչ պակաս»:

Մինչ տեսողության խնդիր ունենալը Լուիզան երգում էր Արարատյան թեմի առաջնորդարանի երգչախմբում, բայց երբ տեսողությունը սկսում է վատանալ, թողնում է երգչախումբը, ինչի համար հիմա զղջում է. «Պարզապես այդ  ժամանակ ես հոգեպես պատրաստ չէի և գերադասեցի փակվել տանը: Կյանքն անցնում էր, իսկ ես իմ հետևից ոչինչ չէի թողնում: Այդպես 5 տարի: Ճիշտ է`  շրջապատված էի ընկերներով, ընտանեկան ջերմությամբ, բայց հոգեպես ողջ-ողջ ինձ սպանում էի»:

2005 թվական: Լուիզան ի վերջո հասկանում է, որ այդպես շարունակվել չի կարող: Գնում է կույրերի միավորում, որտեղ նրան միանգամից ընդունում են միավորման երգչախումբ: Այնտեղ Լուիզան ծանոթանում է մի աղջկա հետ, որն էլ նրան ծանոթացնում է հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբի հետ: Ի դեպ, աշխարհում դա միակ երգչախումբն է, որի անդամների գերակշիռ մասը սայլակ օգտագործող հաշմանդամներ են:

«Այդ ժամանակ «Փարոսին» սոպրանո-մեներգչուհի էր պետք, և ինձ ընդունեցին,- պատմում է Լուիզան,- մի քանի ամիս անց մեր երգչախումբը հյուրախաղերի մեկնեց Ֆրանսիա: Իմ կյանքի ռիթմն ամբողջությամբ փոխվեց՝ շրջագայություններ, ակտիվ համերգներ, ծափահարություններ…»:

Այո, կյանքը չէր ավարտվել, և Լուիզան փառք էր տալիս Աստծուն, որ ողջ է:  «Չէ՞ որ կյանքը գեղեցիկ է նաև իր դժվարություններով, իր բարդություններով և դրանք հաղթահարելով»,- մտածում էր նա:

2011 թ. երգչախումբը հյուրախաղերի է մեկնում Վիեննա, այնտեղից` Սլովակիա` մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնի, որտեղից բերում է միանգամից 3 մրցանակ, այդ թվում նաև` երրորդ մրցանակը. «Մենք մրցում էինք որպես սիրողական խումբ, սակայն մյուսները պրոֆեսիոնալներ էին,- պատմում է Լուիզան,- մրցույթը հաշմանդամների մրցույթ չէր, և մենք մրցանակներ ստացանք ոչ թե խղճահարությունից, այլ իսկապես ակտիվ ու հավասար մրցակցության շներհիվ: Եվրոպայում նման խտրականություն չկա, կարող ես մասնակցել ցանկացած մրցույթի, ինչպես խտրականություն չկա մյուս բոլոր ոլորտներում»:

Որոշ ժամանակ անց կյանքի այդ ռիթմը նույնպես նրան չի բավարարում և նա ձգտում է ավելիին: «Ես պետք է առաջ գնամ, ինձ համար պետք է ոչ մի խոչընդոտ չլինի»,մտածում է Լուիզան և աշխատանքի ընդունվում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունում որպես տեսողության խնդիրներ ունեցող շահառուների գծով պատասխանատու:

«Ընդունվելուց երեք ամիս անց կազմակերպությունն ինձ ուղարկեց Լեհաստան լրիվ միայնակ,- պատմում է նա,- ծրագրի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող անձանց կյանքն առավել ակտիվ դարձնելն էր: Լեհաստանն ինձ համար շատ մեծ փորձ եղավ: Տեսա, թե այնտեղ տեսողության խնդիրներ ունեցողները որքան ինտեգրված են հասարակական կյանքին, որքան հարմարեցված է ամեն բան` տրանսպորտը, փողոցները և այլն»:

Լուիզան համոզված է, որ այդ ամենը կարելի է անել նաև մեզ մոտ` Հայաստանում, և դրա համար ամենևին էլ միլիոններ պետք է չեն: «Հիմա մեր փողոցներում անցումները դեղին գույնով են ներկված: Չգիտեմ՝ դա հաշվի առնվելո՞վ է արվել, թե՞ ոչ, բայց Լեհաստանում դա արված էր հատուկ տեսողության խնդիրներ ունեցողների համար, քանի որ դեղին գույնը, ի տարբերություն սպիտակի, ավելի հեշտ է ընկալվում»:

Տեսողության խնդիրներ ունեցող իր ընկերուհու հետ Լուիզան անկաշկանդ  շրջում էր Վարշավայում, ինչը չի համարձակվի անել Երևանում. «Աշխատանքի եմ գալիս միայնակ` տաքսիով, սակայն զբոսանքի կամ գնումներ կատարելու դուրս եմ գալիս միայն ընտանիքիս անդամների կամ ընկերներիս ուղեկցությամբ»:

Լուիզան այդ խնդիրը նույնպես կարող է հաղթահարել ձեռնափայտի միջոցով,  սակայն պարզվում է, որ նա բարդույթ ունի. «Չեմ պատկերացնում ինձ ձեռնափայտով, կոմպլեքսավորվում եմ… Այո, ես ընդունում եմ, որ դա իմ մեղքն է, և պետք է աշխատեմ դա հաղթահարել: Այնպես որ ես էլ անթերի չեմ»,- ծիծաղում է նա:

Լուիզան գերազանց տիրապետում է համակարգչին: Ավելին, ոչ միայն տիրապետում է, այլև «Ունիսոնի» անվճար համակարգչային դասընթացների շրջանակներում  տեսողության խնդիրներ ունեցող 4 աշակերտի համակարգչային գիտելիքներ է սովորեցնում:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար դեռևս չգերազանցված համակարգչային ծրագիրը Ջոուզն է: «Ծրագրին տիրապետում եմ գրեթե գերազանց,-ասում նա,- ջոուզն անընդհատ կատարելագործվում է: Մենք ընկերներով ակտիվ համագործակցում ենք, նորությունները փոխանցում միմյանց, քննարկում, իրար օգնում»:

Լուիզան ասում է, որ տեսողության խնդիրներ ունեցողը կարող է համակարգչից օգտվել այնպես, ինչպես տեսնողները: «Պարզապես շատ քայլեր մենք անում ենք ոչ թե ստեղնաշարով, այլ մկնիկի օգնությամբ: Որոշ ծրագրեր էլ` մի գուցե 10 րոպե ուշացումով»:

Պետք է խոստովանեմ, որ սկզբում, երբ հանդիպեցի Լուիզային պարապմունքի ժամանակ, նայում էի նրան և չէի կարողանում հասկանալ, թե որն է նրա խնդիրը: Հետո միայն աշխատակցուհիներից մեկից իմացա, որ նա տեսողության խնդիր ունի:

«Ցավոք, մեր հասարակության մեծամասնությունը դեռևս պատրաստ չէ ընդունելու հաշմանդամին,- ասում է նա,- երբ իմանում են խնդիր ունես, շատ տհաճ արձագանք են տալիս: Մտածում են՝ եթե չես տեսնում, ապա չգիտես քո բերանի տեղը, չգիտես ոչինչ ինքնուրույն անել, չես կարողանում սանրվել, ինքնուրույն լողանալ, և սկսում են տարրական ու տգետ հարցեր տալ»:

Տեսողության խնդիրներ ունեցողների ամենամեծ խնդիրներից մեկը զբաղվածությունն է: Լուիզան ասում է, որ իրենք գործատուների հետ անընդհատ աշխատանք են տանում, հորդորում, որ գոնե ժամանակավոր վերցնեն աշխատանքի, թեկուզ առանց վճարելու, սակայն գործատուներն առայժմ խուսափում են: «Այս պահին մենք անգլերենի փայլուն թարգմանիչներ ունենք, որոնք կարող են սինխրոն թարգմանիչներ աշխատել, երաժիշտներ ունենք, տնտեսագետներ, մերսողներ, իրավաբաններ և այլ մասնագետներ, սակայն աշխատանք չունեն»:

Լուիզայի համար տեսողության խնդիրներ ունեցողների ամենամեծ խնդիրներից մեկն էլ անձնական կյանքը դասավորելն է, հատկապես երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը: «Տղաներն այդ առումով ավելի հաջողակ են»,- ասում է նա և բերում օրինակներ, երբ չտեսնող տղաներն ամուսնացել են տեսնող աղջիկների հետ: Աղջիկների առումով նման օրինակներ չի հիշում:

Այդ խնդիրը կա նաև իր կյանքում: «Ամեն ինչ լավ է, երբ պարզապես ընկերուհին ես, իսկ երբ հերթը հասնում է ամուսնության, արդեն չեն համարձակվում: Իսկ դա արդեն ինձ պետք չէ: Ես էլ եմ ուզում ամուսնանալ, ընտանիք կազմել, սիրող ամուսին ունենալ: Ես ինձ վրա վստահ եմ, կարող եմ լիարժեք կին լինել»:

Լուիզան անկեղծանում է ու պատմում իր կյանքում ունեցած սիրահարության ու հիասթափության առաջին պատմությունը. «Տեսողության խնդիր դեռ չունեի, հանդիպում էի մի տղայի հետ, եղբայրս էլ այդ ժամանակ աշխատում էր կահույքի ֆաբրիկայում և դժբախտ պատահարի հետևանքով կորցրել էր ձեռքի մի մատը: Մի օր ընկերս մեր տուն հյուր եկավ ու հեգնանքով ու ծաղրով ասաց. «Հաշմանդամ ախպերդ էլ ա՞ տանը»: Ես մինչև հոգուս խորքը վիրավորվեցի ու ընդմիշտ հիասթափվեցի նրանից: Պատկերացնում եմ` ի՜նչ կլիներ, եթե մենք շարունակեինք շփվել, ու նա տեսներ, թե ինչ եղավ իմ տեսողությունը…»:

Այդ դեպքից 15 տարի անց Լուիզան աչքերը վիրահատելու համար գտնվում էր հիվանդանոցում: Նրա մայրը դուրս էր եկել խանութ` սնունդ գնելու և հանկարծ այլայլված վերադառնում է  ու պատմում, որ հանդիպել է նրա նախկին ընկերոջը` լրիվ կույր, ձեռքն էլ ամբողջությամբ կտրված…

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Տեսողության կորստից հետո 20-ամյա Լուիզան փորձեց ինքնասպան լինել, բայց հետո…” վերաբերյալ

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: