«Ես աղանդավոր չեմ, տաղանդավոր եմ». «Զորաց քարեր» արգելոցի վարիչի արձագանքը

Ashot-Avagyan

Գիտնական Վաչագան Վահրադյանը, որը 2005-ից սկսած` հետազոտություններ է իրականացնում Քարահունջում և հասցրել է մի քանի հայտնագործություններ անել, լրջորեն մտահոգված է Քարահունջի ներկայիս վիճակով: Այնտեղ անարգել արածում են անասունները` բնական կարիքներն էլ հոգալով ուղիղ քարերի կողքին, չկա պահակակետ, և ընդհանրապես ցանկացած մարդ կարող է այդ տարածքում կատարել սրտի ուզածը, լինի գաղտնի ուսումնասիրություն, թե տարօրինակ ու կասկածելի ծիսակատարություն: Սակայն Վահրադյանին ամենից շատ անհանգստացնում է հետևյալ հարցը. ո՞ւր է անհետացել Քարահունջի 95-րդ քարը, որը համարակալել էր Պարիս Հերունին:

«2006-ից հետո այդ քարն անհետացել է, դրա տեղը դատարկ է,- ասում է նա,-հավանաբար, անհետացել է այն ժամանակ, երբ Հերունին արդեն հիվանդ էր և չէր կարողանում գնալ Քարահունջ»:

Վահրադյանը քարի բացակայությունը նկատել է 2007 թ.` հերթական ուսումնասիրություններից մեկի ժամանակ: «Ինձ հետաքրքրում էին այն քարերը, որոնք համապատասխանում էին Կարապի համաստեղության գլխավոր անկյունաքարերին: Եկա այն քարի մոտ, որը համապատասխանում է Ջենախ աստղին, տեսա` չկա»:

Վահրադյանն այդ մասին ահազանգել է համապատասխան կառույցներին, անգամ մշակույթի նախարարին է տեղյակ պահել: «Սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել, համենայն դեպս, ես տեղյակ չեմ»,- ասում է նա:

Վաչագան Վահրադյան

Գիտնականը քարի անհետացման վերաբերյալ իր վարկածն ունի, սակայն ասում է, որ դրա մասին կբարձրաձայնի միայն այն ժամանակ, երբ փաստի առթիվ համապատասխան մարմինները հետաքննություն սկսեն:

Նա կարծում է, որ  կարող էին քարը վաճառել ցանկացած արտասահմանյան թանգարանի:

Հիշենք, որ ընդամենը վերջերս` 2009 թ., կառավարությունը որոշեց Քարահունջ հուշարձանախմբին պատմամշակութային արգելոցի կարգավիճակտալ` հուշարձանն անվանելով «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց»: Տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվեց մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Վահրադյանը շեշտում է, որ Քարահունջը պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ստացավ Պարիս Հերունու ջանքերի շնորհիվ, և որ վարիչ նշանակեցին մսի կոմբինատի նախկին պահեստապետի:

Այդ սկանդալից հետո Քարահունջի պահեստապետ-վարիչին աշխատանքից ազատեցին, նոր տնօրեն նշանակվեց Սիսիանի ավագանու անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը: «Սա նախորդից էլ վատն է,- ասում է Վահրադյանը,- սիսիանցիներն ինձ պատմեցին, որ նա խիստ տարօրինակ անձնավորություն է, իր գերեզմանն է կառուցել, իր թաղումն է կազմակերպել և այլն և այլն»,- պատմում է գիտնականը:Հենց նրա որդին էլ, ըստ Վահրադյանի, 2010-ին արտասահմանյան հետազոտողների մի խմբի թույլ տվեց Քարահունջի տարածքում անօրինական չափագրումներ իրականացնել: «Բարեբախտաբար, մեր ջանքերի շնորհիվ ոստիկանությունը կանխեց, դրանց դուրս շպրտեցին այնտեղից: Իսկ խումբը Երևանում հայտարարեց, թե իբր իրենք չափագրումներ չէին անում, այլ ընդամենը ծանոթանում էին: Բայց ի՞նչ ծանոթություն. 200 հազար դոլարանոց չափագրումների սարք էին հետները բերել»:

Ի դեպ, Աշոտ Ավագյանի «խենթությունները» հաստատող մի հոդված գտանք համացանցում. հեղինակը «Արմենիանաուի» թղթակից Կարինե Իոնեսյանն է: Ահա մի հատված այդ հոդվածից. «Ավագյանը, մեղմ ասած, տարօրինակ մարդ է: Կամ էլ կարելի է ասել` շատ է տարբերվում հասարակ մահկանացուներից: Ավագյանը յոթ տարի առաջ հայրենի քաղաքում` Սիսիանում, կազմակերպել էր իր «թաղումը», որին մարդիկ այն աստիճան էին հավատացել, որ նույնիսկ Երևանից ցավակցական հեռագիր էին ուղարկել»:

Ավագյանն էլ պարզաբանում է, թե այդ արարողությամբ իրենք փորձել են ապացուցել, որ մահ գոյություն չունի, մեկը մյուսի շարունակությունն է, և դեռ հարց է` ողջերն են ապրո՞ւմ, թե՞ ապրողներն են մահացած…

Վաչագան Վահրադյանը պնդում է, որ Ավագյանն ինչ-որ աղանդի (Վիկա) հետևորդ է, որը ստեղծվել է Անգլիայում` 1947 թ.: «Դա կեղծ հեթանոսական աղանդ է, որի նպատակը ազգային մտածելակերպ ունեցող ազգերը քայքայելն է»,- ասում է նա:

Աշոտ Ավագյանի մասին Վիքիպեդիայում նշված է. «Ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը` սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնում, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային դրսևորումներով` յուրօրինակ ժամանակակից արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Տեղացիները, սակայն, խիստ տարակուսանքով են վերաբերվում այդ ամենին: Նրանք Վահրադյանին պատմել են, որ Քարահունջի մոտ անգամ խմբակային սեքսի արարողություններ են կազմակերպվել:

Վահրադյանն ասում է, որ Աշոտ Ավագյանը Սիսիան տանող ճանապարհի  սկզբին քարահունջանման քարեր է շարել, և երբեմն այցելուները շփոթում են դա Քարահունջի հետ: ,Նա այնտեղ պարբերաբար կազմակերպում է ինչ-որ դասըթացներ և վկայագրեր է հանձնում մասնակիցներինե,-ասում է նա` վստահ լինելով, որ այդ ամենն առնչություն ունի աղանդի հետ:

Երբ զանգահարեցի Աշոտ Ավագյանին այդ ամենի վերաբերյալ իր տեսակետը լսելու և  օգտագործեցի Քարահունջ անվանումը, նա ասաց. «Քարահունջն ի՞նչ է, ես նման բան չգիտեմ»: Իսկ երբ շարունակեցի խոսել «Քարահունջով», ասաց, որ հարցազրուց չի տա: Անցա «Զորաց քարերի»…

95-րդ քարի անհետացման վերաբերյալ Աշոտ Ավագյանն ասաց. «Դա հնարած բան է: Իսկ որ քարերը համարակալել-այլանդակել են, դրա մասին ինչի՞ չեք գրում»: «Այսինքն Հերունու արածն այլանդակությո՞ւն եք համարում»,- հարցրի: «Բա, իհարկե, դուք գիտե՞ք, որ համարակալումն էլ իր չափանիշներն ունի»:

Աշոտ Ավագյանը Վահրադյանի հետազոտություններին ամենևին լուրջ չի վերաբերվում. «Ի՞նչ Կարապի համաստեղություն: Գիտե՞ք` տարեկան քանի հոգի է գալիս ու ինչ-որ բաներ ասում: Օգոստոս ամսին մի արտասահմանցի էր եկել և ինձ ապացուցում էր, որ սա կոնսերվատորիա է: Մի ուրիշն էլ ասում էր, որ դա մեղվանոց է եղել, իսկ անցքերն արել են, որ մեղուները դուրս գան, հետո այդ անցքերով հետ գան իրենց փեթակ»:

Նա Հերունու տեսությանն էլ է դեմ, ըստ որի` Քարահունջն աստղադիտարան է: «Ես կողմնակից եմ գիտական և պետական մոտեցմանը, որտեղ նշված է, որ դա ընդամենը հիպոթեզ է»:

Վաչագան Վահրադյանի այն պնդմանը, թե Ավագյանն աղանդավոր է, նա պատասխանեց. «Ես աղանդավոր չեմ, տաղանդավոր եմ, երևի «տ» տառն է շփոթել»:

Ինչ վերաբերում է քարահունջանման կառույցին, որը կառուցել է Ավագյանը Քարահունջից մի փոքր այն կողմ, իր խոսքով, որևէ կապ չունի Զորաց քարերի հետ. «Նախ` ես` որպես արվեստագետ, ինչ ուզենամ, կանեմ: Բացի այդ, էնտեղ վահանակի վրա գրված է` «Արթ լաբորատորիա»: Դա իմ անձնական տարածքն է»:

Հուշարձանի պահպանման և անասունների ազատ ելումուտի վերաբերյալ Ավագյանն ասաց. «Ծրագիր կա, որով նախատեսված է, որ տարածքը պետք է ցանկապատվի, կառուցվի սպասասրահ, լուծվի լուսավորության, ջրի, ավտոկայանատեղիի, աշխատողների մնալու և այլ հարցեր»:

Վահրադյանի բարձրացրած խնդիրների վերաբերյալ մշակույթի նախարարությանն արված մեր հարցմանը պատասխանեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Պարզվեց` 95-րդ քարի անհետացմանը նա նույնպես թերահավատորեն է վերաբերվում. «Էդ քարը 1-2 հոգով հնարավոր չէր տանել, պետք է տեխնիկապես օգտագործեին: Եթե նման բան լիներ, տեղյակ կլինեինք»:

Ինչ վերաբերում է Աշոտ Ավագյանի աղանդավոր լինելուն, Քարահունջի տարածքում կասկածելի ծիսակատարություններ իրականացնելուն և խմբակային սեքսի վերաբերյալ տեղացիների խոսակցություններին, Փիլիպոսյանն ասաց հետևյալը. «Այդ ամենը կարող է չկամության հետևանք լինել: Աշոտ Ավագյանը պատահական մարդ չէ»:

Ըստ Փիլիպոսյանի` Քարահունջը բարձիթողի վիճակում չէ, չնայած պահպանման խնդիրներ կան. «Հաջորդ տարվանից ցանկապատման հարցը կլուծվի, և շատ խնդիրներ կկարգավորվեն»:

Ի դեպ, Փիլիպոսյանը նույնպես չի ընդունում Քարահունջ անվանումը և  համամիտ չէ Պարիս Հերունու տեսակետին, թե այն աստղադիտարան է. «Հերունին շատ լավ ֆիզիկոս է, բայց ոչ պատմաբան կամ հնագետ»,- հիշեցնում է նա:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

3 Մեկնաբանություն “«Ես աղանդավոր չեմ, տաղանդավոր եմ». «Զորաց քարեր» արգելոցի վարիչի արձագանքը” վերաբերյալ

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. Andranik

    «Հերունին շատ լավ ֆիզիկոս է, բայց ոչ պատմաբան կամ հնագետ»` վերջապես մշակույթի նախարարության մեջ մեկ-մեկ խելքը գլխներին մարդիկ պատահում են ու հերունական առասպելաբանությունը դասում են պսևդոգիտության շարքին:

  3. Շնորհակալություն Անի ջան հոդվածի համար, Քարահունջի հանդեպ մեզանում առկա անտարբերությունն ու փաստերը կեղծելու միտումը խիստ անհանգստացնող է: Դրան ուղղված օտարի, մասնավորապես անգլիացիների քայլերին ակտիվորեն նպաստում է տեղական տականքը, աշոտ ավագյանների նմանները:
    Ձեր հոդվածը տեղ գտավ ArmAr.am էլեկտրոնային լրատվամիջոցում: