«Իմ զենքն իմ խիղճն է ու ճշմարտությունը». ցմահ դատապարտյալը փայլուն քննություններով ԲՈՒՀ է ընդունվել

Մհեր-Ենոքյան1

«Ամեն օր ինչ որ բան եմ անում, որ մոտեցնեմ արդարության վերականգնմանը, տառապում եմ, տառապում, բայց հոգուս խորքում: Այնտեղ, ուր առավոտյան և ուշ երեկոյան խոսում եմ Աստծո հետ, հանգիստ են, գիտեն, որ ոչ մեկի չեմ սպանել, իսկ դաժան համակարգը սպանում է իմ մարմինը, բայց հոգիս երբեք չի կարող սպանել: Ես համերաշխ եմ խղճիս հետ, դա է պատճառը, որ մարմինս նույնպես ազատություն է տենչում, չի համակերպվում անարդար պատժի հետ: Իմ զենքն իմ խիղճն է ու ճշմարտությունը: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ արդարությունը կհաթանակի, բանականության ձայնն ավելի բարձր կհնչի, քան կույր ատելությունը: Չէ՞ որ գթասրտությունն ավելի զորեղ է, քան չարությամբ լցված ուղեղները…»:

Սրանք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի խոսքերն են, որոնք այսօր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմից հնչեցին դերասաններ Վարդան Պետրոսյանի և Կարինե Ջանջուղազյանի շուրթերից:

«Մհերի դուռը». այսպես էին անվանակոչել այս յուրօրինակ ու աննախադեպ բեմական ընթերցումը կազմակերպիչները, որոնք ցմահ դատապարտյալների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներ էին, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բեմականացման ռեժիսորը Տիգրան Խզմալյանն էր: Հիմքում 16 տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, ՄԱՐԴ» գիրքն էր:

Նախքան ներկայացումը սկսելը՝ նկարչուհի Զարուհի Մուրադյանը հայտարարեց  մի լուր, որն ապշեցրեց ու հուզեց բոլորին. «Մի քանի ժամ առաջ Մհերն ընդունվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարան: Հանձնաժողովը դուրս է եկել բանտից և զանգահարելով՝ ոգևորված պատմել, որ ապշած են, քանի որ Մհերը բարձր գնահատականներով, փայլուն հանձնել է քննությունները»:

Ներկայացումը բավականին տպավորիչ էր: Այն սկսվեց և ավարտվեց մոմավառությամբ: Հետաքրքիր զուգադիպությամբ բեմականացման օրը համընկել է Մհերի դատապարտման օրվա հետ. ուղիղ 16 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 29-ին, Մհերին դատապարտեցին մահվան:

Մհեր Ենոքյանի գրքի հատվածական ընթերցումները պատմում էին մահապարտների խուց մուտք գործելու առաջին րոպեներից սկսված նրա բանտային կամ ինչպես Մհերն է բնորոշում՝ գերեզմանոցային կյանքի, 2 անգամ բանտից կատարած նրա փախուստների, նրա պայքարի, արդարության նկատմամբ չմեռնող հավատի մասին:

Հատկապես հուզիչ էին փախուստից հետո ազատության մեջ հայտնված դատապարտյալի ապրումները. «Փորձեքպատկերացնել, թե ինչ զգացումներ կառաջանան սառը լռության միջից վերակենդանացած մարդու մոտ, ով գույների, լույսերի, զանազան ձայների աշխարհ է ընկել…ես ցանկանում եմ նայել բոլորի աչքերին, կանգնել փողոցի մեջտեղում, գոռալ՝ ես մարդասպան չեմ…նայում եմ յուրաքանչյուր անցորդի դեմքի, նայում եմ աղջիկներին, կանանց…այստեղ բոլորը լավն են, հաճելի են, բոլորը նոր են…ուշադիր նայում եմ՝ երեխա է: Վերջին անգամ այսքան մոտիկից հինգ տարի առաջ էի փոքր մարդ տեսել…Ոտքով շարժվեցի Երևանից դուրս՝ դեպի Գառնի…: Լուսանում էր, հեռվում, բայց շատ պարզ երևում էր Գառնու հեթանոսական տաճարը: Երբ արևն ամբողջությամբ երևաց հորիզոնում, ես արագ հանվեցի և ոտից գլուխ մերկ՝ կանգնած սարի գագաթին նայում էի արևին ու ժպտում՝ ես նորից ծնվեցի….»:

Ներկայացմանը ներկա էին բազմաթիվ մտավորականներ, հասարակական կառույցների,քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: Ներկա էին նաև Մհերի ծնողներն ու եղբայրը: «Ինձ համար խիստ հուզիչ է, որ այս քսան տարիների ընթացքում վերջապես մեր հասարակության մեջ՝ առավել ևս մտավորականության մեջ, արթնացավ այն, ինչը տարիներ շարունակ պահվում էր լռության, անտարբերության կամ վախի ներքո: Դա արթնացրեց նաև Մհերի գիրքը: Այս ներկայացումից հետո Մհերի ուժը, հավատը, լույսը կրկնապատկվեց: Համոզված եմ, որ կգա այն օրը, երբ Մհերն Աստծո կամքով դուրս կգա բանտից, մեր միջավայրում կլինի, բարի կժպտա և կասի՝ շնորհակալ եմ բոլորիցդ»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր