«Վերադարձ Հայաստան». 500 հայրենադարձ սեփական օրինակով կոչ է անում վերադառնալ հայրենիք

hajrenadarc

Վարդան Մարաշլյանը 5 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա: 25 տարի այնտեղ ապրելուց հետո նա որոշեց մեկընդմիշտ հաստատվել Հայաստանում: Արդեն երկուսուկես տարի է՝ հայրենիքում է և չի փոշմանել, ավելին՝ դարձել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (www.repatarmenia.org) նախաձեռնողներից մեկը, որպեսզի լրջորեն զբաղվի հայրենադարձության հարցերով: «Մոսկվայում ինտեգրման որևէ խնդիր չկար, շատ լավ աշխատանք ունեի, լավ կրթություն էի ստացել, բայց հասկանում էի, որ լուրջ խնդիր ունեմ նախևառաջ հայ մնալու, անվտանգության և ժամանակի առումներով»,- ասում է նա:

Մեգապոլիսներում մարդ ժամանակ չունի ապրելու, օրվա մի քանի ժամն անցկացնում է մեքենայի մեջ, մարդկանց հետ շփվելու հնարավորություն չունի: Այդ առումով նա Հայաստանն անփոխարինելի է համարում` նշելով, որ դա մեծ առավելություն է, որն ի վերջո ստիպում է, որ դու քեզ մրջյուն չզգաս: Բացի այդ, երեխաներն այստեղ ջերմ ու ապահով միջավայրում են մեծանում:

Վարդան Մարաշլյանը 2010-ին աշխատանքի է անցել ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ որպես փոխնախարար: «Այդ ընթացքում ավելի լայն պատկերացրեցի սփյուռքի խնդիրները,- ասում է նա,- սակայն հիմնադրամի գործունեությունը պահանջում էր ժամանակի հարյուրտոկոսանոց ներդրում, ուստի դուրս եկա և ամբողջովին նվիրվեցի այս գործին»:

«Վերադարձ Հայաստան»-ի հիմնադիրները 12 հոգի են, մի մասը՝ հայրենադարձներ, մյուս մասը՝ սփյուռքահայեր: Մի քանի ամսվա ընթացքում հիմնադրամի շուրջն է համախմբվել վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված շուրջ 500 հայրենադարձ, որոնք իրենց սեփական փորձով օրինակ են դառնում մյուսների համար:

Հնարավոր չէ՞ր արդյոք այդ կառույցը ստեղծել սփյուռքի նախարարության ներսում՝ օգտագործելով նաև նախարարության ռեսուրսները: Վարդան Մարաշլյանը պատասխանում է. «Երևի թե ոչ: Եթե վերցնենք անգամ Իսրայելի փորձը, ապա այնտեղ հստակ բաժանում կա. հիմնական աշխատանքը, որը կապված է հայրենադարձության քարոզչության, ֆինանսավորման հետ, իրականացնում են ոչ պետական կազմակերպությունները, իսկ պետությունը հիմնականում աջակցում է այդ մարդկանց ինտեգրման գործում»:

Նրա խոսքով` սփյուռքի նախարարությունը դեռ նոր է ձևավորում հայրենադարձության օրակարգը, իսկ այսպիսի կազմակերպությունների ստեղծումը կարող է  օժանդակել դրան: Նշենք նաև, որ նախարարության կողմից մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ, որը գտնվում է խորհրդարանում:

«Հիմնադրամի գլխավոր նպատակին հասնելու համար նախևառաջ պետք է կոտրել հայրենադարձության վերաբերյալ կարծրատիպերը,- կարծում է նա,- սփյուռքում մտածում են, թե Հայաստանն ապրելու տեղ չէ: Այդ կարծրատիպերը տարածողների մի խումբն էլ այն մարդիկ են, որոնք 90-ականներին դուրս են եկել երկրից և ամեն ինչ անում են, որ սևացնեն Հայաստանը: Շատերն են մեզ ասել, որ անգամ մտածել են՝ արժե՞ որպես տուրիստ գալ Հայաստան»:

Փաստորեն, «Վերադարձ Հայաստան»-ի հիմնական խնդիրն է քարոզել և ճիշտ ներկայացնել  հայրենադարձության գաղափարը` հիմնվելով անձնական օրինակների վրա, կրթական և մշակութային ծրագրեր իրականացնել մինչև հայրենադարձությունը, մարդկանց ներկայացնել առաջնահերթ բոլոր տեղեկությունները Հայաստանի մասին՝ սկսած թղթաբանությունից և վերջացրած կենցաղային տարրական պայմանների վերաբերյալ տեղեկատվությամբ, օժանդակել բիզնեսի ներդրման, աշխատանքի տեղավորման հարցում, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն ապահովել գործընկեր կազմակերպությունների միջոցով: Մի խոսքով, փորձի փոխանակման միջոցով առավել դյուրին դարձնել հայրենադարձության գործընթացը և բոլոր փուլերում լինել այդ մարդկանց կողքին:

Ապագայում նախատեսվում է կազմակերպել եռամսյա դասընթաց, որի ընթացքում հայրենադարձը հնարավորինս սեղմ ժամկետում կտիրապետի հայերենին, կտեղեկանա Հայաստանի բիզնես միջավայրի, կենցաղային, մշակութային առանձնահատկությունների մասին: Մարաշլայնն ասում է, որ ուսումնասիրել են հրեական, հունգարական, հունական և իտալական փորձը` ոչ միայն տեսականորեն, այլև գործնական հանդիպումներ ունենալով տվյալ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:

Երեք ամսվա ընթացքում հիմնադրամին է դիմել 120 հոգի, որոնցից 100-ն այս պահին գտնվում են Հայաստանում: Դրանցից 80-ը սիրիահայեր են: Առայժմ 15 հոգու են կարողացել տեղավորել աշխատանքի,  5 ընտանիքի վերաբնակեցրել են Արցախում:

Վարդան Մարաշլյանը վստահաբար ասում է, որ հայրենիք տեղափոխվել ցանկացողների թիվը մեծ է: Ընդ որում, նա մի պարադոքս է նկատում սփյուռքում: Օրինակ` Ամերիկայում հայ ընտանիքի չորրորդ և հինգերորդ սերունդները, որ լուրջ հաջողությունների են հասել և թվում է՝ ձուլված պիտի լինեին, հակառակը՝ հանգել են այն մտքին, որ մի կարևոր բան իրենց պակասում է, և այդ պակասը ինքնագիտակցությունն ու հայրենի հողի հետ կապն է:

«Մենք չենք ասում՝ էստեղ դրախտ է, այո, էստեղ դժվար է, բայց սա մեր երկիրն է, որը մեծ առավելություններ է տալիս կյանքի որակի և հայ մնալու առումով: Զարմանալին այն է, որ դրսում հայն իր ռեսուրսներն օգտագործում է 100 տոկոսի չափով, ջանք ու եռանդ չի խնայում հաջողությունների հասնելու համար, բայց իր երկրում աշխատում է հնարավորությունների 20, 40 տոկոսով»:

Գլխավոր խնդիրներից մեկն էլ պետության և հասարակության ներսում հայրենադարձության վերաբերյալ նպաստավոր մթնոլորտ ձևավորելն է: Բացի այդ, պետության առջև պետք է բարձրացվեն այն բոլոր հարցերը, որոնք դժվարացնում են հայրենադարձությունը, պետք է առաջարկվեն օրենսդրական բարեփոխումներ, որոշակի արտոնություններ և այլն: Պետք է աշխատանք տանել նաև հասարակության ներսում առկա կարծրատիպերը վերացնելու ուղղությամբ: Կարծրատիպերից մեկն էլ հետևյալն է. կգան, մեր տեղերը կգրավեն, առանց այն էլ աշխատանք չկա: «Բայց չէ՞ որ հայրենադարձն ինքը կարող է աշխատատեղեր ստեղծել»,- հակադարձում է Մարաշլյանը,- մի վատ սովորություն էլ կա. երբ մարդը որոշում է տեղափոխվել Հայաստան, բոլորը՝ սկսած տաքսու վարորդից, քննադատում են, թե ի՞նչ ես էստեղ կորցրել, փախի, քանի ուշ չի: Զարմանալի մտածողություն է. երկրից գնացողի հետևից լացում են, գալիս են, էլի դժգոհ են»:

Հայրենադարձը կարծում է, որ ժամանակն է գնահատել նաև մեր այն առանձնահատկությունը, որ մենք տարբեր ենք, ոչ թե փորձել բոլորին միանման դարձնել: «Հենց այդ տարբեր լինելն էլ կարող է լուրջ խթան լինել պետության զարգացման և առաջընթացի համար»:

Վարդան Մարաշլյանը շատ կուզենար հնարավորություն ունենալ բոլոր տեղացիներին 5-10 տարով տեղափոխելու արտերկիր, որովհետև կարծում է, որ միայն այդ դեպքում նրանք կկարողանան գնահատել դրսի դրական և բացասական կողմերը, ինչպես նաև հասկանալ, թե ինչ առավելություններ ունեն հայրենիքում: «Հիմա կասեն՝ քո ձենը տաք տեղից է գալիս, ես էլ կասեմ՝ ոչ, ձեր ձայնն է տաք տեղից  գալիս, իսկ ես սեփական փորձ ունեմ»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր