Ինչո՞ւ է Հայաստանից հեռանում երիտասարդ կույր դաշնակահարը

Levon-1

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, կատարում է Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան: Երաժշտությունն ավարտվում է, և դիրիժորը, երիտասարդ դաշնակահարի ձեռքը բռնած, առաջ է բերում: Դահլիճը հոտնկայս ցնծում է: Ծափահարությունները շարունակվում են երկար-երկար: Երիտասարդ դաշնակահարը ժպտում է, ժպտում լիաթոք, բավարարված ու երջանիկ: Ծափահարությունների ներքո դիրիժորը նրան թևանցուկ դեպի ետնաբեմ է ուղեկցում: Թևանցուկ, քանի որ նա կույր է…

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող, 23-ամյա Լևոն Կարապետյանի համար այս համերգը շատ կարևոր էր, կարելի է ասել` կյանքի հաղթանակներից մեկը, քանի որ տարիներ առաջ նրան թերահավատորեն էին վերաբերվում, խորհուրդ տալիս «չտանջվել» և ստեղծագործություններից ընդամենը մեկ կամ երկու մաս նվագել: Բայց նա այդ հարցում համեստ ու բավարարվող չէր: Նա համարում է, որ երաժիշտը պետք է կա՛մ ողջ կոնցերտը նվագի, կա՛մ էլ չնվագի: «Կարևոր չէ` տեսնում ես, թե ոչ: Մասնագիտության մեջ պետք է պրոֆեսիոնալ լինես, որպեսզի մրցակցությանը դիմանաս»,- սա է Լևոնի սկզբունքը:

Լևոնը նվագել է նաև Սանկտ Պետերբուրգի նշանավոր սիմֆոնիկ նվագախմբի հետ, մենահամերգներ ունեցել նույն քաղաքի Ճարտարապետների տանը` ոսկեզօծ դահլիճում, Անգլիայում մասնակցել փառատոնի. «Հիմա նույնպես պետք է փորձեմ մրցույթ-փառատոների մասնակցել, որպեսզի ինձ նկատեն, նոր հաջողությունների հասնեմ»:

Բայց նախ պետք է այդ մրցույթներին մասնակցելու հնարավորություն ունենա: Այստեղ նա բախվում է սոցիալական ծանր իրականությանը: «Ո՞վ պետք է ինձ աջակցի, չգիտեմ…»:

Խնդիրը նոր չէ: Տարիներ առաջ, երբ երաժշտության ոլորտում առաջին քայլերն էր անում, հայրը դիմել է տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացման, արտերկրում նրանց ներկայացման գործով զբաղվող մի հիմնադրամի, որպեսզի Լևոնին նույնպես ընդգրկեն իրենց ծրագրերում: Հիմնադրամի տնօրենն ասել է. «Ինձ հաշմանդամ երեխաները չեն հետաքրքրում»:

Դրանից հետո, իհարկե, Լևոնն իր ուժերով անվճար ընդունվեց կոնսերվատորիա, բոլորին ապացուցեց, որ ինքը ոչ մեկից չի տարբերվում, և եթե տարբերվում է, ապա միայն իր տաղանդով: Նրա ուսուցիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկն ասում է, որ իր սանը բացառիկ ընդունակությունների տեր երիտասարդ է, որն իր աշխատասիրության և տաղանդի շնորհիվ կարող է հասնել լուրջ հաջողությունների: Սակայն հաջողությունների հասնելու համար Հայաստանում և ողջ աշխարհում միայն տաղանդավոր լինելը բավարար չէ, անհրաժեշտ է պարարտ հող: «Երաժիշտը չպետք է մտածի սոցիալական խնդիրների մասին, նա միայն պետք ստեղծագործի, բայց Հայաստանում դա անհնար է, հատկապես, եթե հաշմանդամ ես»:

Որպես առաջին կարգի հաշմանդամ` Լևոնը 15 000 դրամ թոշակ է ստանում. «Այս թիվն արդեն ամեն բան ասում է»:

Հենց դա է պատճառը, որ Լևոնը չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում: «Այսինքն` պատկերացնում եմ շատ խղճուկ,- ասում է նա ու մոտ ապագայի հեռանկարն ուրվագծում,- շուտով կավարտեմ մագիստրատուրան և լավագույն դեպքում ինձ աշխատանքի կվերցնեն կոնսերվատորիայում, որտեղ կստանամ մոտ 10 հազար դրամ աշխատավարձ»:

Այո, մոտավորապես այդքան, եթե համեմատում է, որ 40-տարվա իր պրոֆեսոր ուսուցիչը ստանում է 50 հազար դրամ: «Շատ ցավալի է, որ երկիրը լքում են, բայց իմ երաժիշտ ընկերներից շատերն են արդեն հեռացել»,- ասում է նա:

Լևոնի ծնողներն արդեն 5 տարի է` Ֆրանսիայում են ապրում: Հայաստանում կամ Ֆրանսիայում ապրելու որոշումը թողել են Լևոնին: Ցավոք, նա ընտրել է Ֆրանսիան. «Այնտեղ կլուծվի իմ ապրելու խնդիրը, և ես կմտածեմ միմիայն ստեղծագործական կյանքի մասին»:

Լևոնի երազանքը մենակատար դառնալն է: Նա համոզված է, որ աշխատանքի շնորհիվ դրան նույնպեսկարելի է հասնել: Ինչ վերաբերում է տեսողության իր խնդրին, ապա դա նրան ամենևին չի անհանգստացնում: «Ես ինձ զգում եմ հասարակության լիարժեք անդամ, երբեմն մոռանում եմ, որ չեմ տեսնում: Շատ եմ բարկանում, երբ իմանում եմ, որ չտեսնող մարդիկ նստում են տանը և ոչինչ չեն անում: Ամեն ինչ մարդուց է կախված, ամեն ինչ ելք ունի, ամեն ինչից կարելի է օգտվել: Կարևորը, որ մարդ հոգեպես հաշմանդամ չլինի»,- ասում է նա: Ի դեպ, Լևոնն արդեն հինգ տարի է` գրեթե միայնակ է ապրում և խոստովանում է, որ դա շատ հաճելի է:

Լևոնի այդ մտածողությանը, ինչպես նաև երաժշտության բնագավառում ունեցած հաջողություններին մեծապես նպաստել են նրա ծնողները, որոնք հասկանալով, որ իրենց 6-ամյա որդին կորցրել է տեսողությունը, խուճապի չեն մատնվել, այլ «մխրճել են» նրան երաժշտության մեջ: Նա էլ լավագույնս արդարացրել է ծնողների ջանքերը:

Ի դեպ, Լևոնի փոքր եղբայրը` 12-ամյա Ռուբենը, որը ծնողների մոտ է` Ստրասբուրգում, հիանալի թավջութակահար է: Լևոնն արդեն Ֆրանսիայում իրեն պատկերացնում է եղբոր հետ համերգներ տալիս: «Դրսում ապրելը ողբերգություն է, երանություն չէ,- ասում է Լևոնի հայրը,- մեզ այնտեղ ո՛չ սպասում են, ո՛չ էլ սիրում: Բայց, այնուամենայնիվ, մենք այնտեղ ենք, որպեսզի մեր երեխաների ապագան հարթենք»:

Նրանց վերջնանպատակը Փարիզում` աշխարհի մշակութային մայրաքաղաքում հաստատվելն է, որտեղ հաջողության հասնելու հնարավորություններն է՛լ ավելի մեծ են:

Այո, ինչ որ իրենից է կախված, Լևոնը գերազանց է կատարել, մնում է, որ դա գնահատվի և իր արդյունքը տա, բայց… Լևոնը հիշում է, որ ժամանակին նամակ էր գրել նախագահ Սերժ Սարգսյանին, (որը, ի դեպ, Կամերային երաժշտության տանը լսել էր իր կատարումը) խնդրել աջակցել վեց հարյուր հազար դրամ արժողության էլեկտրոնային դաշնամուր ձեռք բերելու հարցում: «Ինձ զանգահարեցին և ասացին, որ ցավոք, չեն կարող օգնել: Եվ դա միակ մերժողական պատասխանը չէր իմ կյանքում: Ընդհանրապես, Հայաստանում հաշմանդամներն ում դիմում եմ, ասում են` մենք այդ հարցով չենք զբաղվում: Լավ, բա ո՞վ է մեր հարցերով զբաղվում»:

Եվ հենց այդ ամենը գումարվելով` ստիպել է Լևոնին Ֆրանսիա գնալու որոշում կայացնել. «Ես խղճուկ վիճակը չեմ ընդունում: Մարդ մի կյանք է ապրում, պետք է բարեկեցիկ ապրի, իսկ եթե արվեստի մարդ է, պետք է անընդհատ ստեղծագործի, իր արվեստը ցուցադրի, գնահատվի, ոչ թե մտածի տեղաշարժվելու, սոված չլինելու և նման բաների մասին…»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Ինչո՞ւ է Հայաստանից հեռանում երիտասարդ կույր դաշնակահարը” վերաբերյալ

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: