Մայաների քաղաքակրթության և աշխարհի կործանման մասին

images6

Աշխարհի վերջի մասին խոսակցություններն այնքան ակտուալ դարձան, որ որոշեցի google-ով մայաների մասին տեղեկություն փնտրել: Առաջինը բերեց մի նյութ, որը հունվար ամսին հրապարակվել էր ankakh.com կայքում, հեղինակն էլ իմ շատ սիրելի պատմաբան ընկերնեիից մեկն է՝ Վահե Անթանեսյանը:

Ստորև ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ:

Ովքե՞ր են մայաները: Մինչև աշխարհի կործանման մասին հեքիաթի տարածվելը քչերը գիտեին մայաների մասին: Իմացողների պատկերացումներն էլ սահմանափակվում էին գեղարվեստական ֆիլմերից ստացած թյուր տպավորություններով:  Ընդհանուր առմամբ, մայաները «քաղաքակիրթ» Եվրոպային հայտնի էին որպես արյունարբու և վայրենի մարդասպաններ, որոնք միջնադարում անգամ մարդկային զոհաբերություններ էին կատարում, և «լուսավորվեցին» շնորհիվ Քրիստոսի խաչի կամ եվրոպական ներխուժման:

Մայաները հանրությանը հայտնի էին նաև շոկոլադի գյուտով: Նրանք են առաջինը հայտնագործել շոկոլադն ու փոխանցել ացտեկներին:

Մայաներին է պատկանում նաև ծխախոտի հայտնաբերման պատիվը: Նրանք ծամում և ծխում էին ծխախոտի տերևները, վիրավորներին և հիվանդներին բուժելու համար օգտագործում ծխախոտի տերևներից և դեղաբույսերից պատրաստված քսուքներ: Իսպանացի Ռոդրիգո դե Չերեզը առաջինն էր եվրոպացիներից, ով մայաներից ընդօրինակեց ծխելը: Երբ կաթոլիկ հոգևորականները տեսան, թե ինչպես է Չերեզի բերանից և քթից ծուխ դուրս գալիս, որոշեցին, որ նա հաղորդակցվում է չար ոգիների հետ, և ինկվիզիցիան Չերեզին բանտ նետեց:

Իսկ մարդկային զոհաբերությունների մասին պատումը լիովին իրականություն է, սակայն աշխարհի հնագույն քաղաքակրթության բոլոր ժողովուրդներն ունեցել են ծիսական այդ արարողակարգը: Սակայն մայաները մարդկային զոհաբերություններ կատարել են լոկ արտակարգ դեպքերում, դա ամենօրյա և զանգվածային բնույթ չի ունեցել: Իսկ մայաներին վերագրվող արյունարբու սովորույթները պատկանել են նրանց թշնամի տոլտեկների ցեղին, որոնք սովորություն ունեին ոչ միայն մասսայական մարդկային զոհաբերություններ կատարել, այլև նախքան զոհելը տանջում էին զոհին, մորթելուց հետո էլ հանում նրա դեռևս բաբախող սիրտը:

Մայաները Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնիկներից են, որ հարուստ քաղաքակրթություն են ստեղծել: Դեռ հազարամյակներ առաջ մայաներն ունեին գրային մշակույթ: Նրանց մոտ կիրառական արվեստներից զարգացած էր հատկապես ճարտարապետությունը: Մայաների տաճարներն այսօր էլ իրենց վեհ տեսքով հիացմունք են պատճառում: Նրանց մեջ զարգացած էին գիտության տարբեր ճյուղեր` մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղագիտությունը, տոմարագիտությունը… Հատկապես մաթեմատիկան մեծ զարգացում ուներ: Մաթեմատիկական զրոն նրանք կիրառել են շատ  ավելի առաջ, քան հին Հնդկաստանում:

Մայաների քաղաքակրթությունը զարգացման գագաթնակետին հասավ IX-X դարերում, սակայն շուտով նրանց հասարակարգը կործանվեց հյուսիսից ներխուժած տոլտեկների ցեղախմբերի հարձակման հետևանքով: Այս վայրենի ցեղերը կարողացան ոչնչացնել մայաների հարուստ մշակույթն ու հասարակարգը, աակայն  չկարողացան ստեղծել սեփական հասարակարգը և ձուլվեցին բնիկ մայաներին: XII դարից սկսած` կայացավ մայաների երկրորդ վերածնունդը, որն էլ ավարտվեց ամերիկյան մայրցամաք իսպանացիների ներխուժումով:

Ուշագրավ է, որ իսպանացիների համար Ամերիկայի նվաճումը հեշտացավ մայաների հավատալիքների պատճառով: Բանն այն է, որ արևապաշտ մայաների մոտ արևը պատկերված էր շիկահեր, սպիտակամաշկ մարդու դեմքով և ամերիկյան մայրցամաք ոտք դրած իսպանացիներին մայաներն ընկալեցին որպես աստվածորդիներ:

Սակայն մայաների պատմության մեջ բազում են նաև առեղծվածները: Մինչ օրս Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներում պահպանվել են մայաների կառուցած քաղաքներ, տաճարներ: Ինչո՞ւ են դրանք լքվել, ի՞նչ պատճառով և ե՞րբ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մինչ օրս հայտնի չեն գիտությանը: Եվ մի բան էլ. մայաները, չնայած գիտության որոշ ճյուղերի զարգացմանը, երբևէ մետաղ չեն կիրառել: Նրանց անհայտ էր անգամ անիվի գյուտը: Սրանք հարցեր են, որոնք բազում տարակարծությունների և հարցերի տեղիք են տալիս:

Ամեն դեպքում, այսօր մայաների օրացույցը  մտորումների տեղիք է տալիս, անգամ հազարավոր մարդկանց  մեջ խուճապ առաջացնում: Խնդիրն այն է, որ մայաների օրացույցը սկսվում է մ.թ.ա. 3114 թ. օգոստոսի 21-ին և ավարտվում է 2012 թ. դեկտեմբերի 12-ին,  սակայն ակնարկ անգամ չկա աշխարհի կործանման մասին:

Ուսումնասիրողներին կամ ավելի ճիշտ` այս խուճապի հեղինակներին վախեցրել է Կոմալկալկո տաճարի պատին տեղադրված աղյուսե մի քարտեզ, որում պատկերված են երկնային լուսատուները` իրենց պտույտներով: Սակայն մերօրյա ուսումնասիրողները հերքեցին առհասարակ դրա կապը մայաների հետ: Մասնավորապես, Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Գալինա Երշովան, որը միաժամանակ Յուրի Կնորոզովի անվան Մեզոամերիկյան կենտրոնի տնօրենն է և Ռուս-մեքսիկական մշակութային կենտրոնի տնօրենը, մայաների լեզուն բացահայտող և հայտնագործող Յուրի Կնորոզովի ուսանողը, իր ուսումնասիրությունների արդյունքում հայտարարեց, որ բոլորին վախեցնող այդ քարտեզը որևէ աղերս չունի մայաների քաղաքակրթության հետ, դա պատկանում է ացտեկներին:

Մայաների օրացույցը հայտնաբերվել է 1950-ական թթ. և վերծանվել 20 տարի անց: Այն բաղկացած է 13 ցիկլից և սկսվելով մ.թ.ա. 3114 թվականով` ավարտվում է 2012 թ. դեկտեմբերի 21-ով: Սրա մեջ զարմանալի ոչինչ չկա, և մասնագետների բնորոշմամբ` օրացույցում պատկերված է մեր համակարգի անցումը Ձկների համաստեղությունից Ջրհոսի համաստեղություն: Այլ կերպ ասած` այդ օրը արեգակը կհայտնվի Ծիր կաթինի հատվածում:  Ահա ոչ բոլորն էին մայաների օրացույցից վատ հետևություններ անում: Ոմանք հավատացնում են, որ այդ օրը Երկրի հոգևոր վերածննդի, լուսավորության դարաշրջանի սկիզբն է լինելու:

Առհասարակ մայաների աստղագիտական նվաճումների մասին լուրերը խիստ չափազանցված են: Այսպես կոչված մայաների օրացույցը ձևավորվել է նրանց քաղաքակրթությունից էլ շատ առաջ` Կենտրոնական Ամերիկայում բնակվող օլմեկների կողմից: Նման օրացույցներ և աստղագիտական հաշվարկներ ունեցել են բոլոր հնագույն ժողովուրդները, ուղղակի շատ քիչ բան է մեզ հասել: Իսկ այն, որ մայաների օրացույցը սկսվում է մ.թ.ա. 3114 թվականից, չի նշանակում, թե նրանք հենց այդ ժամանակ են աստղագիտական հաշվարկներ կատարել կամ մ.թ.ա. IV հազարամյակում ունեցել են զարգացած աստղագիտություն: Օրացույցը կարող է և ավելի ուշ շրջանի ստեղծագործություն լինել` սկիզբ ընդունելով վերը նշված տարեթիվը: Դրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ մայաների քաղաքները թվագրվում են սոսկ մ.թ. II-III դարերով, այսինքն` միայն նշված ժամանակահատվածում է տեղի ունեցել մայաների սոցիալ-տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացը:

Շատ ավելի զարգացած աստղագիտություն են ունեցել հին եգիպտացիները, հույները, որոնք աստղագիտական գիտելիքները կիրառել են անգամ կենցաղում, գյուղատնտեսության մեջ, սակայն եգիպտացի, հույն և այլազգի քրմերի աշխատություններում երկրի կործանման մասին որևէ գուշակություն չկա:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Մայաների քաղաքակրթության և աշխարհի կործանման մասին” վերաբերյալ

  1. Բլոգ Նյուզ

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: