«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` երեխաների տուն-տունիկի սցենար

Eva-3

Տեղյա՞կ եք, որ սերիալներն արդեն մանկապարտեզ են ներխուժում` դառնալով տուն-տունիկի «սցենար», իսկ երեխաները մարմնավորում են սերիալների հերոսներին:

Այսօր ես այդ մասին իմացա հինգ տարեկան աղջկանիցս` շատ պատահական:

Նրան մանկապարտեզից վերցրել էի, տուն էինք գնում, երբ սովորականի պես հարցուփորձ արեցի, թե ինչ են սովորել մանկապարտեզում, ինչով են զբաղվել և այլն: Հանկարծ ասաց. «Մամ, գիտես՞, էսօր նոր խաղ ենք խաղացել` դժվար ապրուստ…»:

Մի պահ սառեցի, ականջներիս չէի հավատում: Ախր, մեր տանն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ սերիալ նայող չկա, ավելին, հայկական ներկայիս հեռուստասերիալների դեմ մեր ընտանիքի վերաբերմունքը ծայրահեղ բացասական է:

Եվ որպեսզի աղջիկս չզգա անհանգստությունս և շարունակի պատմել,  մի կերպ փորձեցի ձայնիս հանգիստ տոն հաղորդել ու հետաքրքրվել «խաղի» մանրամասներից:

«Տուն-տունիկի նման խաղ ա, մամ: Ես Սյուզին էի, Մարինկան` Էլենը, Լևոնը` Գոռը…»:

«Հետո՞, բա ի՞նչ էիք անում խաղի ընթացքում,-հարցրեցի:

«Դե, դուրս էինք գալիս ման գալու, կռվում էինք, իրար սպանում էինք, ինքնաթիռից ընկնում էինք ցած…»,-պատկերավոր պատմեց աղջիկս:

Ամենաահավորն այն է, որ մի քանի ամիս առաջ աղջկաս մանկապարտեզի պետական խումբը փոխեցի` տեղափոխելով նրան մասնավոր խումբ, որն արժե ամսեկան 55 000 դրամ: Տեղափոխման պատճառն այն էր, որ պետական խմբում 40-ից ավելի երեխաներ կային, և դաստիարակչուհին հազիվ հասցնում էր երեխաների` հատկապես կապը կտրածների կապերը քաշել, որ իրար չսպանեն: Մտածելով, որ այդ պայմաններում դժվար թե երեխան որևէ բան սովորեր, որոշեցի այդ կլորիկ գումարը զոհաբերել: Բայց արի ու տես, որ հարցը դրանով էլ չլուծվեց…

Ժողովուրդ, հիմա ես ի՞նչ ինքնաթիռ գտնեմ, որ ինձ ցած նետեմ….

Մեկ էլ, հա….էսօր պիտի նայեմ, տեսնեմ էդ Սյուզին ո՞վ է, ի՞նչ կերպար է, որ աղջիկս «մարմնավորել էր» դրան:

 

 

 

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

7 Մեկնաբանություն “«Դժվար ապրուստ» հեռուստասերիալը` երեխաների տուն-տունիկի սցենար” վերաբերյալ

  1. Մերի Սաֆարյան

    Հարգելի Անի Գասպարյան, ձեր այս հոդվածը շատերի վերքին դիպավ: Մեր հասարակությունը ուղեղն անջատած միայն այդ տխմարամիտ սերիալներն է նայում: Երեխաները մեղավոր չեն, որ իրենց մթնոլորտը աղտոտված է: Ձեզ խորհուրդ կտամ ինքնաթեռ գտնելու և ցած նետվելու փոխարեն գնաք մանկապարտեզ և դաստիարակից մինչև վարիչ մի լավ թափ տաք. էշի ականջում քնելու տեղակ թող երեխաներին այնպիսի ուսուցողական ու գրավիչ խաղերով զբաղեցնեն, որ ժամանակ անգամ չունենան մտածելու հիմարությունների մասին:

  2. Անի Գասպարյան

    Մերի ջան, հենց դա էլ պատրաստվում եմ անել` չնայած չեմ կարծում, թե դրանով հարցը կլուծվի: Սա մի չարիք է, որի արմատները շաաաաատ խորն են թաղված:

  3. Ruben

    Մալլադեց հայկական սերիալ, սցենար էլ ունի…

  4. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  5. Sunny Kids Club ահա այն մանկապարտեզը որտեղ ձեր երեխան ապահով կլինի նման հիմար խաղերից և դայակներից.

  6. Ժամանակն է պարզապես ԱՐԳԵԼԵԼ այդ զազրելի սերիալները:
    ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չգիտես ինչու դեն նետեցինք նաև այդ երկրի դրական փորձը: Օրինակ` գեղարվեստական խորհուրները, որոնք որոշում էին` ինչպիսի ֆիլմեր և երաժշտություն պետք է գնա եթեր: Եվ, ի դեպ մերժված «ստեղծագործությունների» 99 տոկոսը մերժվում էր անորակության, գռեհկության, անճաշակության համար, այլ ոչ թե գաղափարական-քաղաքական նկատառումներով:
    Եթե գեղխորհուրները վերականգնվեն, հեռուստաեթերը կմաքրվի սերիալներից, թուրքական կլկլոցով ոռնոցներից, ազգային սրբությունները ծաղրող «հումորներից», ու աղբի սիրահարները աղբը հարկադրված կլինեն որոնել «Յութուբ»-ում: Թե չէ հիմա հակառակն է. եթերը ողողված է աղբով, իսկ նորմալ բան գտնելու համար պիտի փնտրես ինտերնետում:

  7. Անի Գասպարյան

    Հայկ ջան, ես ոչ մանկապարտեզին եմ մեղադրում (իրականում, այդ մանկապարտեզը բավականին լավն է), ոչ այդ երեխային, որը նախաձեռնել էր խաղը, ոչ էլ նրա ծնողներին, որոնք հերիք չի իրենք են նայում, երեխային էլ են թույլ տալիս նայել: Այս հարցը լուծելու համար պետությունը պետք է քայլեր ձեռնարկի: Լուծման մեխանիզմներ կան, և ես տեղյակ եմ, որ պետական ամենաբարձր մակարդակով ուզում են հարցին լուծում տալ, բայց ցավոք, առայժմ իրականությունը սա է:

    Համենայնդեպս, հույս ունեմ, որ ոչ հեռու ապագայում ոչ միայն սերիալների, այլև ընդհանուր հեռուստատեսության որակի բարձրացման ուղղությամբ դրական տեղաշարժ կլինի:

Թողնել պատասխան Անի Գասպարյան-ի համար Չեղարկել պատասխանը