Որքա՞ն կտևի սիրիահայ գործարարի «գոհ ըլլալը» Հայաստանում…

SAM_1132

1988 թ. սիրիահայ Հովիկ Բաղդասարյանի հայրը Հալեպում հիմնում է կոշիկի արտադրամաս և խանութ՝ որդու անունով: Շուտով «Հովիկ շուզը» դառնում է Հալեպի ամենահայտնի խանութներից մեկը՝ երկհարկանի, մեծ սեփական տարածքով, որի հաճախորդների զգալի մասը հարուստ սիրիացիներն էին: Նրանց կանայք ու երեխաները տարվա բոլոր եղանակներին օգտվում էին հայ կոշկագործի արտադրանքից:

Ամեն ինչ հիանալի էր, քանի դեռ Սիրիայում խաղաղություն էր, բայց պատերազմն սկսվելուն պես գործը դառնում է ոչ միայն անշահութաբեր, այլև վտանգավոր: 2012-ի օգոստոսին Հովիկի ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Բնակարան են գնում, ավագ դստերը տեղավորում դպրոցում, ապա  խանութ բացում, որպեսզի արտադրանքն իրացնեն:

«Ամեն մարդ ըսեց, որ շատ դժվար է, չես կրնար, չեն ձգեր և այլն, բայց ես այդ դժվարութենեն բան մը չտեսա,- ասում է Հովիկը,- խանութը վարձեցի, ապրանքս Հալեպից բերեցի, հիմա էլ վաճառում եմ»:

«Վանան» (խանութն անվանել է դստեր անունով) Աբովյան փողոցում է՝ ուսանողական բանուկ հատվածում: Ճիշտ է, գործը դեռ նոր է, մեծ արդյունքներ չկան, բայց սկզբի համար գոհ է: Հիմա հոր հետ մտածում են նաև արտադրամասը Հայաստան տեղափոխելու մասին: «Եթե հետագայում հոս Սիրիայում աշխատածի 10 տոկոսն էլ աշխատեմ, շատ գոհ կլինեմ»,- ասում է Հովիկը:

Նրա խոսքով` Հալեպի իրենց խանութն այնքան հաճախորդ ուներ, որ երբեմն ստիպված էին լինում հերթով ներս թողնել: Իր հաջողության գրավականը համարում է ոչ միայն որակյալ արտադրանքը, այլ արաբների` հայերի նկատմամբ ունեցած վստահությունը. «Օրինակի համար` արաբ կրոնամոլն իր կիները իսլամի խանութ չի ղրկեր, գիտե իրենց ինչ ըլլալը, բայց հայի խանութ կղրկե, որվհետև գիտե, որ հայերն իրենց կիներուն ուրիշ աչքով չեն նայի: Իրենց կիներուն ու պզտիկներուն կբերեն,  կթողնեն մեր խանութի առջևը, ներս էլ չեն գար, գիտեն, որ ապահով է: Իսկ կինիկներն ազատ մեր առջև երեսները կբանան, կատակ կընեն, կխնդան, սիգարետ կծխեն, բայց ընդհանրապես իսլամ կինիկներն ուրիշի առջև սիգարետ չեն ծխեր»:

Բայց պատահել է նաև, որ Հովիկի խանութ են մտել ծայրահեղական մահմեդականներ և խանութի արաբ հաճախորդներին ասել, թե ինչու են «աս անկրոնք» հայերի խանութից օգտվում, երբ կողքի խանութների արաբ վաճառականները պարապ ու անգործ նստած են:

Ասում է, որ Հալեպում անգամ խաղաղ ժամանակ ծայրահեղականների թաղամասեր կային, որտեղ քրիստոնյաները վախենում էին մուտք գործել: Ներկա իրավիճակում` առավել ևս: Հայերի համար այսօր ապահով չէ նաև այն պատճառով, որ հայերն իշխանամետ են, իսկ ապստամբները դա լավ գիտեն:

Չնայած ամեն ինչին, բոլոր սիրիահայերն էլ շատ են սիրում Սիրիան, հատկապես` Հալեպը: Դա նաև նրանից է, որ սիրիական իշխանությունները, ի տարբերություն երկրի մյուս փոքրամասնությունների, հայերին շատ արտոնություններ են տվել, քանի որ հայերը Սիրիայից հողային պահանջ չունեն, աշխատասեր ու խելացի ժողովուրդ են: «Հալեպում 50-60 հազար հայ հազիվ լիներ, բայց էնպիսի տպավորություն էր, որ 5-6 միլիոն բնակչություն ունեցող Հալեպի կեսը հայեր են,- ասում է Հովիկը՝ դա բացատրելով նրանով, որ Հալեպում հայերը շատ ակտիվ են, խանութներ, սրճարաններ, ռեստորաններ ունեն, լավ արհեստավորներ են, ներգրավված են տարբեր ոլորտներում:

Ցավոք, այսօր ծանր է բոլոր սիրիահայերի վիճակը, բիզնեսով զբաղվողներինը՝ առավել ևս, քանի որ ո՛չ նորմալ գազ կա, ո՛չ էլեկտրականություն, ժողովրդի մի մասն էլ հեռացել է: Եթե առաջ Սիրիայում գազի գինը 8 դոլար էր, հիմա արժե 50 դոլար: «Բացի այդ, վտանգավոր է, ամեն վայրկյան կարող են հարձակվել վրադ, տունդ մտնել: Ամեն մարդ զենք կվերցնի, անգամ կիները պզտիկ զենք մը կամ հատուկ սփրեյ հետներնին ման կուտան»:

Հովիկն իր ընտանիքի ապահովությունը միայն Հայաստանում է զգում: Անգամ Ֆրանսիայում, որտեղ տուն  և կոշիկի արտադրությամբ ու վաճառքով զբաղվելու հնարավորություն ունի, իրեն այսքան ապահով չի զգում: Ուստի, երբ Սիրիայից դուրս գալուց հետո կանգնել է Հայաստանո՞ւմ, թե՞ Ֆրանսիայում հաստատվելու երկընտրանքի առջև, ընտրել է առաջինը. «Ճիշտ է, շատ աղվոր է Փարիզ, բայց եթե, օրինակ, պզտիկներդ պիտի ղրկես դպրոց, մեջը սևամորթը կա, իսլամը կա, ամեն տեսակը կա: Արդեն հոգնել ենք: Բացի դա, ռոբոտի պես պիտի ապրես: Հետո գողությունը Ֆրանսիայում շատ է, հոս ավելի ապահով ես, և վերջապես, սա քո երկիրդ է, էստեղից քեզ ոչ ոք չի կարող վռնդել»:

Չի ընդունում այն, որ Հայաստանի մասին շատ սիրիահայեր ծայրահեղական են տրամադրված և չեն ցանկանում լավը տեսնել. «Կըսեն` հոս չապրցվի… Ես շատ գոհ եմ, ի՞նչ կա գեշ,- զարմանում է նա, ապա ծիծաղելով ավելացնում,- այո, տաքսիի շոֆերները քիչ մը ավելի կառնեն, և առաջ ես էլ, անփորձ ըլլալով, 1500 կուտայի, վերջը տեսա, որ պետք է 600 տամ: Ի՞նչ կա: Բայց մի օր էլ մի տաքսու շոֆեր մեզ տեղ հասցրեց և իմանալով, որ սիրիահայեր ենք, փողը չառավ: Այսինքն` լավն էլ կա, գեշն էլ կա, չպետք է միայն գեշ կողմը տեսնել»:

Միակ բանը, որն անսովոր է եղել իր և համոզված է՝ բոլոր սիրիահայերի համար, տեղացիների՝ միմյանց նկատմամբ կոպիտ խոսելու ձևն է: Օրինակ` Հովիկը շատ է զարմացել, երբ երթուղայինում մի երիտասարդ աղջիկ իր հոր տարիքի վարորդին ոչ թե ասել է «հաճիս (խնդրում եմ) կեցիր», այլ հրամայողական տոնով՝ էստեղ կանգնի՛ր: Ի տարբերություն տեղի հայերի, սիրիահայերն ամեն բան խնդրանքով են ասում. «Երբեք չենք ասիր` տուր, այլ կսենք՝ հաճիս, տո՛ւր»: Այսինքն` հոս կոշտությամբ քո տղա ըլլալը կապացուցես: Եթե հաճիս ըսես, կկարծեն` միամիտ ես»:

Հովիկի Հայաստանի նկատմամբ չափազանց դրական վերաբերմունքի  կողքին չենք կարող չներկայացնել նաև նրա ընկերոջ տեսակետը, որը ներկա էր մեր զրույցին և ժամանակ առ ժամանակ իր անհամաձայնությունն էր հայտնում: Օրինակ, երբ Հովիկն ասում էր, որ որևէ խնդիր չի ունեցել Հայաստանում և շատ գոհ է, ընկերը հիշեցնում էր չհաջողված օրինակներ, երբ սիրիահայերը չեն կարողացել Հայաստանում բիզնես դնել և աշխատել. «Մեկը, օրինակ, ներկերի ֆաբրիկ կուզեր բացեր, չհաջողեց: Կամ, եթե ուզենաս բանան բերել, չես կըրնար: Նման հազար օրինակ կրնամ քեզի տալ»:

«Ես ալ ուրիշ մեկը գիտեմ, որ լիմոն ու նարինջ կբերե, շատ գոհ է,- հակադարձեց Հովիկը,- հիմա որ ես ուզեմ էստեղ ֆաբրիկ բացեմ, ո՞վ պիտի չթողնի»:

«Հայաստանը բիզնեսի համար զրո է, միայն փոքրիկ գործեր կրնաս ընել,- իր տեսակետին մնաց ընկերը,- Հայաստանեն հազարավորներով կգաղթին: Եթե լավ ըլլար, ինչո՞ւ պիտի գաղթեին: Պետք է իրապաշտ ըլլալ: Այո, բաղդատելով Հայաստանը Սիրիայի մեր այսօրվա իրավիճակին հետ, հոս շատ լավ է, Փարիզ է, բայց առաջվա Հալեպի հետ կրնա՞ս համեմատել…»:

«Չգիտեմ, եղբայր, ես գոհ եմ»,- անդրդվելի մնաց Հովիկը: Ընկերը չարախնդորեն ավելացրեց. «Տեսնենք՝ որքան պիտի տևի գոհ ըլլալդ…»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Որքա՞ն կտևի սիրիահայ գործարարի «գոհ ըլլալը» Հայաստանում…” վերաբերյալ

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: