Հայրենիքում կողոպտված սիրիահայ կինն ու մեկուկես կիլոգրամ ոսկու առեղծվածը

arm134682477696

Սիրիահայ ընտանիքն օգոստոսի վերջին Հալեպից տեղափոխվեց Երևան` ծննդավայրում թողնելով տունն ու ապրուստը: Միակ բանը, որ սիրիահայ կինն իր հետ բերել էր, տանը եղած գումարն էր ու ընտանեկան ոսկեղենը: Սակայն հայրենիքում նրան կողոպտում են` գողանալով մեկուկես կիլոգրամ ոսկյա զարդերը, որի արժողությունն, ըստ նրա, մոտ 70-80 հազար ԱՄՆ դոլար էր: Կողոպտված տիկինը, պատմելով գլխին եկածը, խնդրեց չհրապարակել իր անունը` ասելով, թե իրենց ընտանիքը Սիրիայում մեծ հարգանք էր վայելում, ուստի անհարմար է զգում իր անունը հիշատակել այս տհաճ ու անպատվաբեր միջադեպի առնչությամբ: Ի դեպ, նա առաջին անգամ էր ոտք դրել Հայաստան, և նրան չափազանց դուր էր եկել հայրենիքը: Կինն այրի է, ամուսինը վաղուց է մահացել` կնոջ խնամքին թողնելով 4 երեխաներին, որոնցից երկուսն այժմ ապրում են Ֆրանսիայում, իսկ երկուսն իր հետ են, Երևանում:

Ծանոթներից հետաքրքրվելով` վարձով բնակարան են գտնում` տեղափոխման օրն ու պայմաններն ամրագրելով թղթի վրա: Երբ կինն իր երկու որդիների հետ, ճամպրուկները ձեռքին, գալիս է նոր բնակարան, տանտերերը (միջին տարիքի ամուսիններ) նրանց անակնկալի են բերում` ևս 15 օր ժամանակ խնդրելով բնակարանն ազատելու համար: Սիրիահայերին այլ բան չի մնում, քան մարդկային խնդրանքին մարդկայնորեն պատասխանելը: Եվ քանի որ այլ տեղ չունեին գնալու, որոշում են այդ 15 օրն անցկացնել  Ջերմուկում: Ճամպրուկները տեղավորում են բնակարանում, 100 ԱՄՆ դոլար կանխավճար թողնում ու մեկնում:

15 օր անց վերադառնում են, սակայն տանտերերը նրանց համար երկրորդ անակնկալն են պատրաստած լինում. այս անգամ էլ հայտնում են, թե մտքափոխվել են և բնակարանը ցանկանում են վաճառել: Փաստի առաջ հայտնված սիրիահայերին տանտերերն առաջարկում են գիշերել իրենց տանը և առավոտյան նոր գլխների ճարը տեսնել: Ճարահատյալ համաձայնում են: Երեկոյան տանտերերը նրանց առջև սեղան են գցում, խմիչք հյուրասիրում: Հետո սկսում են հարցուփորձ անել, թե ինչ են իրենց հետ բերել և այլն: Կինն անկեղծորեն պատմում է, որ հետները վերցրել են տանը եղած գումարն ու ոսկեղենը: Տանտերերն էլ իրենց հերթին ներկայացնում են իրենց կյանքի տխուր պատմությունը` ասելով, թե պարտքերի մեջ են, տղան էլ հիվանդ է: Պառկում են քնելու: Առավոտյան ժամը 6-ին արթնանալով` սիրահայ կինը նկատում է, որ պայուսակը բաց է ու թալանված: Երբ տանտիկնոջն ահազանգում է, վերջինս շտապ դուրս է գալիս տնից և մոտ 40 րոպե անց վերադառնում` ասելով, թե բանկ էր գնացել. «Հայաստանում բանկերն առավոտյան ժամը 7-ի՞ց են աշխատում»,-զարմանում է նա:

Ոստիկանություն դիմելու կնոջ պանանջին ի պատասխան` տանտիրուհին ասում է, թե հեռախոսահամար չունի: Ստիպված հարևաններին են դիմում, և նրանցից մեկը ոստիկանություն է զանգահարում: Ոստիկանները ժամանում են: Կինը պատմում է, որ քննիչը (անունը` Արմեն, ազգանունը նրանց հայտնի չէ), փոխանակ բնակարանի խուզարկությամբ զբաղվելու, խոհանոցում տանտիկնոջ հետ սուրճ է խմում: Հետո բոլորին մեքենա են նստեցնում և տանում ոստիկանություն: Կար մի փաստ, որը, կնոջ խոսքով, անտեսվում է խուզարկուների և քննիչի կողմից. մահճակալի կողքին, որտեղ գողությունը կատարվել էր, իր պայուսակից 2 եվրո և մի մարգարիտ էր մնացել` ոսկե ականջօղից պոկված:

Ոստիկանությունում սիրիահայ կնոջը քննում են: Պատմում է, որ քննիչն իր հետ այնպես էր վարվում, կարծես ինքն էր գողը: Որոշ ժամանակ անց քննիչը հեռանում է` ասելով, որ բաժանմունքից չհեռանան, մինչև ինքը չզանգի և չասի: Քննիչը նրանց մի հեռախոսահամար է թողնում` ասելով, թե իրենն է: Ժամեր շարունակ սպասելով` կինը ստիպված զանգում է քննիչին, սակայն նրա հեռախոսահամարը չի պատասխանում: Կեսգիշերին մոտ, քննիչից որևէ լուր չստանալով, որդիների հետ դուրս է գալիս ոստիկանությունից և գնում այդ բնակարան իր ճամպրուկներն ու իրերը վերցնելու: Մտնելով ներս` տեսնում է` տանտերերն ինչ-որ մարդկանց հետ սեղանի շուրջ նստած ուտում-խմում, քեֆ են անում: «Տանտիկնոջն ասացի` իմ ոսկիքը ետ տվեք, և եթե փողի պետքություն ունիք, ես իմ հոժար կամքով ձեզի մի քանի կտոր ոսկի կուտամ»,-պատմում է կինը:

Բնականաբար կնոջ առաջարկը չի ընդունվում: ճամպրուկները վերցնում, հեռանում են, հետո պարզվում է, որ ճամպրուկները նույնպես մասամբ թալանված են. «Ֆրանսիայից ուղարկված հագուստներ էին, մեծ մասը` նոր,- ասում է կինը:

Անցնում է մի քանի օր: Քննիչն այդպես էլ նրանց չի զանգահարում: Ստիպված վեր են կենում, գնում ոստիկանական բաժանմունք: Սպասում են, սպասում, նա գալիս է և առանց բարևելու մտնում իր աշխատասենյակ ու դուռը փակում: Սիրիահայերը մնում են դռան առջև կանգնած: 1 ժամ սպասելուց հետո քննչականի պետը պատահաբար նրանց նկատում է և իմանալով, որ քննիչին են սպասում, դուռը բացում է և բարկացած ասում, թե ինչու ներս չի ընդունում նրանց: Իսկ քննիչը համակարգչով խաղ էր խաղում…

Կինը պատմում է, որ երբ մենակ են մնում, կրկին քննիչն իր հետ շատ վատ տոնով է խոսում, զայրանում, երբ կնոջ արևմտահայ բարբառը չի հասկանում: Մինչև գիշերվա ժամը 1-ը ոստիկանատանն անցկացնելով` նրանք հեռանում են: Մի քանի օր անց, երբ քննիչից լուր չստանալով, գնում են ոստիկանատուն, պարզվում է, որ քննիչն այլևս այնտեղ չի աշխատում. պատճառն անհայտ է մնում: Սիրիահայերը հանկարծ հիշում են, որ մի քանի օր առաջ հեռուստացույցով լսել էին, որ Արաբկիրի ոստիկանությունում մի քննիչ է ձերբակալվել 200 000 դրամ կաշառք վերցնելու համար: «Միգուցե դա նույն քննի՞չն է»,- ենթադրում են նրանք: Ենթադրությունները հանգեցնում են այն մտքին, որ քննիչը համագործակցել է գողերի հետ: Ինչևէ, գործն այս պահին մեկ այլ քննիչի մոտ է, և հետաքննությունը շարունակվում է:

«Արդեն 3 ամիս է անցել, բայց մենք բան մը չկրցանք գիտնալ, թե այդ ոսկիներն ինչ եղան,- պատմում է կնոջ ազգականն ու ավելացնում,- եթե այս դեպքը Սիրիայում լիներ, 10 րոպե հետո կբացահայտվեր»:

Նրանք անհանգստացած են հատկապես այն պատճառով, որ բնակարանի տերերը վաճառել են բնակարանը և պատրաստվում են ամսվա վերջին Մոսկվա գնալ: «Անկախ ամեն ինչից, ես շատ կը սիրեմ իմ հայրենիքը: Փողն ի՞նչ է, ձեռքի կեղտ, ինձ այդ ընտանիքի վարվելակերպը հիվանդացուց…»,- ասում է հայրենիքում կողոպտված սիրիահայ կինը:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր