«Բոլորն էլ պիտի գնան, բա հո ստեղ տաքսի չե՞ն քշելու». «Արմավիայի» օդաչու

SAM_1517

«Արմավիա» ընկերության «Բոինգ 737» ինքնաթիռի հրամանատար, 27 տարվա օդաչու, ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Յակ-49» ինքնաթիռի հրամանատար Ռաֆայել Գևորգյանը մեծ ցավ է ապրում, որ Հայաստանի ազգային ավիափոխադրողը հայտնվել է այս իրավիճակում: Չնայած «Արմավիայի» հետ ունեցած խնդիրներին` նա, միևնույն է, ցանկանում է, որ ընկերությունը ոչ թե լուծարեն, այլ առողջացման ծրագիր մշակեն: «Հիմնադրման օրվանից այնտեղ եմ, ջանքեր եմ ներդրել, որ ընկերությունը կայանա: Էն որ շատերի պես Ռուսաստան չգնացի, միայն նրա համար, որ «Արմավիան» էս օրը չընկներ…»:

Հիշում է, որ երբ «Արմավիան» հիմնադրվեց, անգամ ռուսական «Աերոֆլոտն» էր նախանձում իրենց ինքնաթիռներին և օդաչուներին: «Բայց հետո նրանք սկսեցին աճել, իսկ մենք մնացինք նույն տեղում, միգուցե սեփականատերը հնարավորություն չուներ ներդրումներ անելու: Այդ ժամանակ պետությունը պետք է աջակցեր»,- կարծում է նա:

«Արմավիայի» «էս օրն ընկնելու» հեռանկարն ակնհայտ էր դեռևս մեկ-մեկուկես տարի առաջ, սակայն օդաչուն զարմանում է, որ անգամ այդ ժամանակ պետությունը որևէ կերպ չաջակցեց, այլ «ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց»:

Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին օդաչուների աշխատավարձերը չվճարելու խնդիրները: «Աշխատավարձերն անընդհատ ուշացնում էին, մենք էլ փորձում էինք ըմբռնումով մոտենալ, ասում էինք` ժողովուրդը չտուժի, կամպանիան չքայքայվի, բայց դե վերջը չէր երևում: Մեզ մոտ մի քանի հոգի կան, որ անգամ մեկ տարվա աշխատավարձ չէին ստացել»:

Նրա խոսքով` հավանաբար քչերն են տեղյակ, որ մարտի 29-ի չվերթները դադարեցվեցին օդաչուների աշխատավարձերը չվճարելու պատճառով կազմակերպված գործադուլի հետևանքով: Սակայն գործադուլը նախատեսված էր ավելի վաղ` մարտի 21-ին, որի մասին «Արմավիայի» ղեկավարությանը օրենքով նախատեսված ժամկետում` 14 օր առաջ, օդաչուները գրավոր տեղեկացրել էին: «Մինչև ամսի 20-ը որևէ արձագանք ղեկավարության կողմից չեղավ, բայց երեկոյան, երբ զգացին, որ ամեն ինչ լուրջ է, սկսեցին բանակցությունները: Մենք ասացինք, որ միայն աշխատավարձերը վճարելուց հետո կթռչենք, անգամ ամսի 21-ին մի քանի ժամով չվերթները հետաձգեցինք: Խոստացան, որ մինչև ամսի 29-ը մեր աշխատավարձերը գոնե մինչև տարվա վերջ կփակեն: Էլի ըմբռնումով մոտենալով` թռանք»:

Ամսի 29-ին աշխատավարձը վճարեցին, բայց ոչ ամբողջը: Կրկին 5 ամսվա պարտք մնաց: Եվ երբ «Արմավիայի» ղեկավարությունը խնդրեց գոնե մինչև ապրիլի 1-ը թռչել, օդաչուները մերժեցին և հենց այդ օրը հրաժարվեցին օդանավ բարձրանալ: «Մենք լսել էինք, որ ապրիլի 1-ից պետք է թռիչքները դադարեցվեն, բայց փաստորեն շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Այսօրվա դրությամբ ընկերությունն օդաչուներին 5 ամսվա աշխատավարձ է պարտք, և նրանք չգիտեն` իրենց աշխատավարձերն ումից պահանջել. «Երևի թե կառավարության կամ պետության ղեկավարի հետ պետք է այս հարցը քննարկել»,- ենթադրում են նրանք:

Հանրապետության ղեկավարին էլ են նամակ գրել, սպասում են պատասխանի:

Սպասում են նաև Հանրային խորհրդի քննարկմանը, որը տեղի է ունենալու վաղը՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանից հետո պարզ կլինեն նաև անելիքները:

Ինչ վերաբերում է վերջին օրերին այլ ավիափոխադրողների կողմից տոմսերի գների բարձրացմանը, ապա օդաչուն ավելի վատին է սպասում. «Վաղն ավելի բարձր գին է լինելու, իսկ եթե Աստված չանի` Հայաստանում լինի պատերազմական իրավիճակ, ոչ մի օտար ընկերություն էստեղ չի թռչի, և մենք կհայտնվենք բլոկադայի մեջ: Նույն Սիրիայի դեպքում. էլի մենք էինք, մեր կյանքը վտանգի ենթարկելով, թռչում, որ մեր հայրենակիցներին օգնենք»:

Ռաֆայել Գևորգյանն ասում է, որ այսօր օդաչուի մասնագիտությունն աշխարհում պահանջված է, և եթե փորձառու մասնագետ ես, ապա բարձր աշխատավարձով և լավ պայմաններով աշխատանքը ցանկացած երկրում ապահովված է. «Բայց ես իմ երեխաների ապագան տեսնում եմ իմ երկրում: Ես իմ հայրենիքը սիրում եմ, էս երկրի համար կռվել եմ, ամեն ինչ արել եմ, որ էս ընկերությունը աշխատի, ինչի՞ համար թողնեմ-գնամ»:

Նա կարծում է, որ եկել է պահը, երբ մարդիկ պետք է մի կողմ դնեն վախն ու թուլությունը և սկսեն պայքարել իրենց իրավունքների և երկիրը բարեփոխելու համար, իսկ «թողնել-գնալն ամենահեշտ տարբերակն է»:

Ցավոք, ոչ բոլորն են պատրաստ դիմակայել. «Արմավիայի» հիմնադրման ակունքներում կանգնած 41 օդաչու է արդեն հեռացել Հայաստանից, հիմնական մասը` Ռուսաստան, և նրանցով հպարտանում են օտարերկրյա ընկերությունները: Նրանց փոխարինելու են եկել երիտասարդ, բայց անփորձ մասնագետներ, որոնց կողքին առավել քան անհրաժեշտ է փորձառուների ներկայությունը: «Իսկ եթե ճիշտ քաղաքականություն տարվեր, ապա փորձառուները հետ կվերադառնային, որովհետև գիտեմ, որ շատերն են ցանկանում հետ գալ: Բայց այսօր արդեն շատերն ընտանիքներն են տանում»:

Նրա խոսքով՝ վերջին 10 օրվա  ընթացքում ևս մի քանի օդաչու է հեռացել Հայաստանից: «Շատերին էլ զոռով ենք պահում, հույս տալիս, որ մի բան կլինի: Բայց եթե էս հարցը չլուծվի, բոլորն էլ պիտի գնան, բա հո ստեղ տաքսի չե՞ն քշելու…»,- ասում է օդաչուն:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր