Խեղճ գծատերեր, ո՞նց պիտի ապրեն…

երթուղային

Երթուղային տրանսպորտի` գազելի վարորդն ասում է, որ հնարավորության դեպքում ինքն էլ շատերի պես կմեկնի Ռուսաստան` նույն աշխատանքն անհամեմատ լավ պայմաններում անելու համար: «Օրական մոտ 25  հազար դրամ դուրս եմ տալիս՝ 16  հազար դրամ պլան, 7 հազար՝ գազի փող,  հազար դրամ՝ դիսպետչերին,  հազար դրամ էլ սիգարետ, մի կտոր հաց, տակը մնում ա 5-6 հազար դրամ, բայց դրա համար արժի՞ էս տանջանքը»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ընդունում է, որ վարորդներն այսօր, մեղմ ասած, նախանձելի վիճակում չեն, ավելին, նա հայտարարում է, որ այսօր վարորդների մեծ պահանջարկ կա, քանի որ շատերն են հրաժարվում նման պայմաններում աշխատելուց:

Բայց պարզվում է` իրենց վաստակից դժգոհ են ոչ միայն վարորդները, այլև գծատերերը. Նավասարդյանը հավաստիացնում է, որ երթուղի սպասարկող ընկերությունների սեփականատերերը հրաժարվում են երթուղուց, քանի որ ներդրումներ են կատարում, վարկային պարտավորությունների տակ մտնում, սակայն համոզված չեն` կկարողանա՞ն տակից դուրս գալ: «Մեր ժողովրդին թվում է, թե գծի տերերը գերշահույթներ են ստանում, ո՛չ, ոլորտն այլևս շահութաբեր չէ»,-ասում է նա:

Իրավիճակն այլ էր մոտ 8-10 տարի առաջ. «Մրցույթների ժամանակ մեկ երթուղու  համար 4-5 ընկերություն էր պայքարում, անգամ վեճեր էին լինում, իրար ձեռքից խլում էին, իրար վրա զենք էին բարձրացնում, բայց այսօր ոլորտը դարձել է ռիսկային: Օրինակ` մոտ մեկ ամիս առաջ  ավտոբուսային երթուղու մի ընկերություն հրաժարվեց հետագա սպասարկումներից»,- ասում է Նավասարդյանը:

Պատճառներն, ասում է` շատ են. անձնական ավտոմեքենաների թիվն է ավելացել, տաքսի ծառայություններն են ավելացել և մատչելի գներով ծառայություն են մատուցում, միկրոավտոբուսների և ավտոբուսների գներն են բարձրացել, բարձրացել  է նաև դիզվառելանյութի և գազի գինը, թանկացել են նաև ավտոպահեստամասերը և այլն: «Այդ ամենին զուգահեռ` ուղեվարձը մնացել է նույնը` 100 դրամ: Բնական է, որ այս ոլորտը պետք է ռիսկային դառնար և շահութաբեր չլիներ»,- ասում է նա:

Ստացվում է` ոլորտի կարգավորման միակ տարբերակը ուղեվարձը բարձրացնելն է: Այս դիտարկման հետ Նավասարդյանը համամիտ է, բայց չի ցանկանում իր կողմից դա հնչեցնել, որպեսզի իր վրա քննադատական նետեր չուղղի: «Այո, եթե պետական սուբսիդավորում չլինի, վառելանյութը չէժանանա, հարկային պարտավորությունները չնվազեն, ապա ուղեվարձի գինը պետք է բարձրանա, սակայն դա այս պահին իրականացնել հնարավոր չէ, քանի որ երկրի սոցիալական վիճակը լարված է»:

Պաշտոնյայի խոսքով` այսօր կան սպասարկողներ (գծատերեր), որոնք հարկային պարտավորությունները չկատարելու համար հարկադիր կատարման  դռներն են ընկել, բանկերի հետ խնդիրներ ունեն, գրավ դրված գույքը ձեռքներից վերցրել են և այլն:

Խեղճ գծատերեր, բա ո՞նց պիտի ապրեն: Քիչ է մնում` բողոքի ակցիա կազմակերպենք և պահանջենք, որ տրանսպորտի գինը բարձրանա: Ինչ է, գծատերերը մարդ չե՞ն, շուն-գել` մեր օլիգարխներն են…

Հա, մի բացահայտում էլ` պարզվում է, որ գերբեռնվածության խնդիրը երբեք չի վերանա, քանի  դեռ գծատերերը բանկերի վարկերի տակ են, վարորդները` գծատերերի պլանի տակ, իսկ պետությունը չի ուզում տրանսպոևտի սակագինը բարձրացնելու հաշվին իրավիճակը շտկել, ուրիշ տարբերակ էլ չի գտնում. «Այո, եթե գերբեռնված չաշխատեն, ապա ծախսերը չեն հանի, և ուղղակի հաջորդ օրը գիծ դուրս չեն գա»,- ասում է Նավասարդյանը:

Բա ժողովուրդ ջան, էնպես որ հույսներդ կտրեք, թե մոտ ապագայում արժանավայել տրանսպորտ ենք ունենալու…

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր