Ծածկած շուկայի սեփականատերն ամենակարո՞ղ է

լֆիկ

Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված, Երևանի ամենաարժեքավոր կառույցներից մեկը համարվող Ծածկած շուկան շարունակում է մնալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անձնական բիզնես-ծրագրերի զոհը: Այն արդեն մեկ տարուց ավելի է՝ ենթարկվում է ապօրինի շինարարության, որի ընթացքում կորցնում է ոչ միայն պատմամշակութային տեսքը, այլև լրջորեն վնասվում է կառույցի անվտանգությունը, իսկ Սամվել Ալեքսանյանին չեն կանգնեցնում անգամ պատկան մարմինների բացասական կարծիքներն ու ապօրինի կառուցված հատվածն ապամոնտաժելու որոշումները:

Տեսնենք` մշակույթի նախարարության վերջին որոշումը` շինարարության ապօրինի լինելու վերաբերյալ, ինչ ազդեցություն կթողնի բավականին բարձր իմունիտետ ունեցող Ալեքսանյանի վրա:

Զարմանալի է, որ համապատասխան մարմինները փորձում են հաջողակ գործարարին պատժել «օրենքի սահմաններում»` մոռանալով, որ մի քանի միլիոն դրամն այն գումարը չէ, որի պատճառով նա հրաժարվի իր «մոնումենտալ» ծրագրերից: Հիշեցնենք, որ քաղաքապետարանը երկու անգամ նրան վարչական տուգանքի է ենթարկել` երկուսուկս միլիոն դրամի սահմաններում:

Դեռևս մեկ տարի առաջ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում, երբ քննարկվում էր Ծածկած  շուկայի հարցը, բավականին հետաքրքիր  որոշում կայացվեց. օրենքը խախտողներին քրեական պատասխանատվության ենթարկել, պարտավորեցնել շենքի քանդված հատվածները վերականգնել` ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելով, ինչպես նաև պետության պահպանության տակ գտնվող մնացած 5800 կառույցների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրեր կնքել, իսկ որ ամենակարևորն է՝ հասարակական կյանքում նմանատիպ կտրուկ փոփոխությունները Հանրաքվեի միջոցով (ինչը թույլ է տալիս ՀՀ օրենքը) լուծել:

Այդ որոշումից անցել է մեկ տարի, սակայն Ծածկած շուկայի խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ հասել է էս օրի: Հանրային խորհուրդն առաջիկայում պատրաստվում է ևս մեկ քննարկում անցկացնել խնդրի վերաբերյալ, բայց ինչպես ասում են` ասողին լսող է պետք…

Ի դեպ, Ճարտարապետների միության անդամ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ Սաշուր Քալաշյանն այս ամենի դեմն առնելու մի ճանապարհ է տեսնում. «Բոլորս պետք է գնանք և ինքներս քանդենք էդ ապօրինի շինությունը, որ ավելացել է շուկայի վրա»:

Կներեք, պարոն Քալաշյան, բայց մարդիկ ավելի շուտ Սիրիա կգնան, քան լֆիկի սարքածը քանդելու…

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր