Շղթայակապ, կոտրած թուր, մահամերձ առյուծ, խեղճացած արծիվ…գերբ ունենք, աշխարհը չունի

զինանշան2

Անկեղծ պիտի ասեմ, որ երբեք այդքան ուշադիր չէի դիտել մեր գերբն ու չէի նկատել թերությունները, մինչև օրեր առաջ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հատ-հատ ցույց չտվեց: Ընդ որում այդ թերությունները ոչ միայն տեխնիկական են, գծագրային ու գեղարվեստական, այլև գաղափարական, ինչն էլ ամենացավալին է:

Դրանք վերլուծելու և դրանց մեջ խորանալու դեպքում հասկանում ես, որ ամուր պետություն ունենալու համար մենք դեռ շատ հում ենք: Թվում է` մանրուքներ են, բայց իրականում ամեն ինչ հենց այդ մանրուքներից է սկսվում: Այդ թերությունները նաև մեր ազգի պատիվը կարող են գցել օտարների մոտ` միաժամանակ ուրախություն պատճառելով մեր թշնամիներին:

Իսկ գերբը դա կերպարվեստ չէ, այլ նախ և առաջ գաղափարախոսություն է, փիլիլսոփայություն:

Բայց արի ու տես, որ օրինակ, մեր գերբի վրայի թուրը կիսատ է, ծայր չունի. որոշ տեղերում ծայրը թաքնված է նկարի ետևում, չի երևում, որոշ տեղերում էլ ընդհանրապես բացակայում է: Փաստորեն, մեր գերբի վրա կոտրված թուր է պատկերված:

Գերբի վրա կան շղթաներ, որոնք, ըստ նշանակության, պետք է կտրված լինեն թրով, բայց արի ու տես, որ թուրը ոչ թե կոտրել է շղթաները, այլ ընդհակառակը, խճճված է այդ շղթաների մեջ. մեր գերբի վրա շղթայակապ թուր է պատկերված:

Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Իրականում այն չի համապատասխանում գրվածքին. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն: Կան նաև տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Արարատի գագաթին պատկերվածը ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը:

Ինչ վերաբերում է գերբի վրայի առյուծներին, ապա դրանցից մեկը ոչ թե առյուծ է, այլ ասես ծիծաղաշարժ ինչ-որ կերպար` ծաղրածու, որի գլխին էլ ոչ թե թագ է, այլ չես հասկանում` ինչ:

Մյուս կողմում, իբր, վերցրել են Տիգրան Մեծի սաղավարտի նշանը, որը պետք է արև լինի, բայց մեր գերբի վրա պատկերվածն արև չէ, կամ էլ, եթե արև է, ապա դրա շողերը շրջանակի մեջ են վերցված, փակված են, ինչը շատ վատ նշան է և փչացնում է իմաստը:

Գերբի ամենահիմնական կերպարները` արծիվն ու առյուծը, նույնպես խեղաթյուրված են. Կարեն Աղամյանը նկատել է, որ առյուծը բաշ չունի ու ասես հիվանդ, ճաղատ կենդանի լինի` մահվան եզրին: Էլ չենք ասում լացակումած մռութի, տգեղ և երկար ականջների մասին, որոնք ասես ավանակի ականջներ լինեն:

Մի առյուծ էլ վերևի ձախ մասում է պատկերված, որը վերցված է Անիի պարսպի պատկերներից: Բայց այս առյուծի դեմքը չկա, միայն անորոշ ուրվագիծ է:

Ինչ վերաբերում է գերբի վրայի արծիվներին, ապա սրանք էլ ճանկեր չունեն: Վերին մասում` աջից, ինչ-որ երկգլխանի անհասկանալի թռչուն է, որը ո՛չ արծիվ է, ո՛չ աղավնի: Պետք է լինի երկգլխանի արծիվ, արծիվն էլ պիտի ունենա մագիլներ: Սա խեղճացած ինչ-որ բան է: Իսկ հերալդիկան` գերբագիտությունը, իր օրենքներն ունի: Աղամյանն ասում է, որ ըստ այդ օրենքների` առյուծն ու արծիվը միշտ պատկերվում են բաց բերանով և երևացող ժանիքներով ու լեզվով: Մեր գերբում անգամ այդ տարրական օրենքները պահպանված չեն:

Եվ նմանատիպ բազմաթիվ այլ թերություններ:

Կարեն Աղամյանն արդեն մեկ տարի է` բարձրաձայնում է այս թերությունների մասին, սակայն չգիտի, թե ում դիմի և ով է այդ ամենի պատասխանատուն…Քննադատությանը զուգահեռ` բազմաթիվ էսքիզներ է արել` իհարկե ոչ վերջնական: Որպես հիմք` ընտրել է ներկայիս գերբը` իր նկատած թերություններն ուղղած:

zinansan nor 1.1Ձախից` Կարեն Աղամյանի էսքիզը, աջից` ներկայիս գերբը 

Մեր օրհներգն էլ մի բան չի: Նախ, շատ է խոսվում դրա լացակումած լինելու մասին: Դե լավ, ենթադրենք լացակումած է, մենք սիրում ենք լացել, բայց դա խնդրի մի կողմն է: Ամենագլխավորն այն է, որ երբ վերլուծում ես դրա ստեղծման ակունքները, աբսուրդ փաստի առաջ ես կանգնում. մեր օրհներգի բառերը հայկական ստեղծագործությունից վերցված չեն. Նալբանդյանն այն թարգմանել է իտալական ստեղծագործությունից: Բարեբախտաբար չի օգտագործվում 5-րդ տունը, որտեղ գրված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան»: Իսկ օրհներգի երաժշտությունը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից: Ներողություն, իսկ մեր Խաչատրյանին կամ մյուս հսկա կոմպոզիտորներին ինչ էր եղել, որ Գլազունովից եք օգտվել…օտարամոլության վառ դրսևորում` պետական մակարդակով:

Մի խոսքով, ո՛չ մեր գերբն է մի բան, ո՛չ էլ օրհներգը, իսկ ամենավատն այն է, որ նման հարցերով զբաղվող որևէ կառույց Հայաստանում չկա` ի տարբերություն նորմալ երկրների, որտեղ նման հարցերին խիստ բծախնդրորեն ու պատվախնդրորեն են մոտենում…

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

6 Մեկնաբանություն “Շղթայակապ, կոտրած թուր, մահամերձ առյուծ, խեղճացած արծիվ…գերբ ունենք, աշխարհը չունի” վերաբերյալ

  1. TIKO

    mnum er gerbin kpneiq u sax totex@ k@ngner, amotnela lav ban, incha dzer tufta u ankap blogner@ mard mtni arden HAY AZGI SRBUTYUN HAMARVOX ZINANSHANIN,HIMNIN EQ ANUN KPCNUM?OVA DZEZ TVEL ET BAROYAKAN IRAVUNQ@,OV EQ DUQ VOR 3000000 MARDUN ASEQ VOR IRANQ SXAL EN MTACUM U SXAL XORHRDANISHNER EN IRENC ERKRI HAMAR @NTREL???????????????UXAKI SHAT CHEM UZUM CAVALVEM,UXAKI XORHURD KTAI JNJEIQ U SENC MTQER@ BAMBASANQIC AVEL UJ CHTAIQ!!!!

  2. Անի Գասպարյան

    Հարգելի TIKO, եթե դուք էս խնդրից բան չեք հասկանում, չի նշանակում, որ խնդիրը գոյություն չունի: Իսկ գիտեք, թե ով է ընտրել էդ խորհրդանիշերն ու ինչպես??? Այ, եթե կհետաքրքրի, ես Ձեզ շատ մանրամասն կներկայացնեմ, որից հետո երևի թե կհասկանաք, որ շատ բան չգիտեք զինանշանի ու զինանշանագիտության մասին:

  3. Անի Գասպարյան

    Գոռ ջան, գերբի ու օրհներգի հետ համեմատ` դրոշն ավելի լավ վիճակում է` չնայած այդ հարցում էլ շատ մտավորականներ ու մասնագետներ տարակարծիք են:

    Բայց բովանդակայինից բացի, մի տեխնիկական խնդիր կար, որը բարեբախտաբար վերջերս կարծես թե լուծվեց. բանն այն է, որ գույներն ունեն տարբեր երանգներ, և մեր դրոշը տարբեր տեղերում միշտ հանդես է եկել այդ երեք գույների բազմաթիվ երանգներով, ինչը սխալ է: Նման դեպքերում` հատկապես, եթե խոսքը պետության խորհրդանիշերի մասին է, պետք է կիրառել հաստատագրված գույն: Մեր դրոշի երեք գույների համար ի վերջո հաստատուն գունային բաղադրություն է մշակվել, և այսուհետ եթե որևէ մեկը եռագույն է ուզում պատվիրել, պետք է միայն դրանք օգտագործի, ոչ թե ինչ երանգ կարմիր, կապույտ կամ նարնջագույն պատահի:
    պատահի:

  4. Կարեն

    Հարգելի Անի, բավական կարևոր հարց եք բարձրացնում և՝ հետաքրքիր մանրամասներով:
    Ինքս էլ համարում եմ, որ մեր պետական երեք խորհրդանիշն էլ խնդիրներ ունեն, լիարժեք չեն արտահայտում մեր արժեքները (ժառանգությունը), ներուժն ու երազանքները, ու գտնում եմ, որ դրանք փոփոխելու կարիք կա:
    Սակայն քննադատություն լսելիս, կուզենայի, որ դրանք լինեին հույզերի ու մասնագիտական մոտեցմամբ, գիտական լուրջ հիմնավորումներով ու փաստարկներով:

    Ցավոք, Ձեր գրառման որոշ պարբերություններ անտեղյակության և/կամ ինչ-որ մեկի ազդեցության տակ գտնվելու և/կամ հեգնանքի տպավորություն են ստեղծում: Կարծում եմ, նման մտադրություն չեք ունեցել, ուստի կառաջարկեի հետագա Ձեր գրառումներում լինել ավելի չեզոք, խուսափել հուզական ու վերացական ձևակերպումներից (գնահատականներից):

    Մեջբերեմ օրինակներ.
    1. «Մյուս կողմում, իբր, վերցրել են Տիգրան Մեծի սաղավարտի նշանը»:
    Ինչու՞ «իբր»: Կամ որտեղի՞ց գիտեք, որ վերցրել են այդտեղից: Կամ ի՞նչ է նշանակում «սաղավարտի նշան»:
    Դա սաղավարտի նշան չէ, այլ Արտաշեսյան հարստության (դինաստիայի) զինանշանը: Միայն Տիգրան Մեծը չէ, որ կրել է այդ «նշանը»: Այդ շրջանի բոլոր արքաների դիմանկարով պահպանված դրամների վրա այն կա: Սակայն համաձայն եմ, որ հեղինակը շեղվել է բնօրինակից, որի վրա իսկապես արև է՝ առանց շրջագծի:

    2. «Մի առյուծ էլ վերևի ձախ մասում է պատկերված, որը վերցված է Անիի պարսպի պատկերներից»
    Նույն հարցը՝ որտեղի՞ց գիտեք, որ վերցրել են այդտեղից:
    Անտեղյակ ընթերցողը՝ այս միտքը կարդալով, կարող է ենթադրել, որ նույն հաջողությամբ կարելի էր Կարսի, Վանի կամ ցանկացած այլ քաղաքի պարիսպներից նշան վերցնել:
    Այնինչ անհրաժեշտ էր ընդամենը նշել, որ դա Բագրատունյաց (Անի-Շիրակի) արքայատոհմի զինանշանն է:

    3. «ինչ-որ երկգլխանի անհասկանալի թռչուն է»
    Նու, էստեղ կարելի է համաձայնել: Արշակունիների զինանշանի վատ կրկնօրինակն է արվել:

    4. Կ. Ադամյանի օրինակում էլ շեղումներ կան: Օրինակ՝ ա) վերևի ձախ առյուծը. Բագրատունիների առյուծի մեջքի վերևում առկա խաչը (կամ քառաթև արևը) դիրքային շեղումով է: բ) ներքևի աջ առյուծը. Պիտի լիներ Կիլիկյան Ռուբինյան և Հեթումյան արքաների զինանշանի նման (ներկայիս գործողում վատ է արված, բայց գոնե նման է), սակայն ընդհանրապես չի հիշեցնում բնօրինակին:

    5. «Իսկ օրհներգի երաժշտությունը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից:»
    Իսկ ո՞վ է դա ապացուցել:
    Սա ընդամենը խոսակցություն է, համենայն դեպս չեմ լսել առնվազն մի քանի երաժշտագետների լուրջ վերլուծական հիմնավորում: Ենթադրում եմ, որ այդ նմանությունը պատահական է:
    Գործող օրհներգի հեղինակ Բարսեղ Կանաչյանը իր ժամանակի բավական հեղինակավոր ու ճանաչված կոմպոզիտոր էր ու դժվար նման անբարո քայլի դիմեր (ի դեպ, ինքը նաև Առաջին հանրապետության բանակի քայլերգի՝ «Հառաջ նահատակի» հեղինակն է): Մանավանդ, որ բալետը այդ ժամանակ հաճախակի կատարվում էր թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսական կայսրությում ու Կանաչյանը դեռ այդ ժամանակ »կբռնվեր» 🙂

    6. Կ. Աղամյանի՝ չգիտի ում դիմիի հետ կապված նշեմ, որ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, պիտի իրենց դիմի: Չնայած, ասեմ, որ կարող է հաջողության չհասնի, որովհետև 7-8 տարի է կառվարությունը որոշել է երեք խորհրդանիշն էլ փոխել, բայց դեռ բան չի արել:
    Օրհներգի պահով գրառում ունեմ, եթե հետաքրքիր է կարող եք ծանոթանալ.
    http://armne.ws/WkJO

    Վերջում նշեմ մեր պետական երեք խորհրդանիշների իմ տարբերակը.
    ա) Զինանշանը լավ կլիներ պահպանվեր Մարտիրոս Սարյանի գործը (ՀԽՍՀ զինանշանը)՝ որոշ փոփոխություններով:
    բ) Օրհներգը՝ ՀԽՍՀ օրհներգը- Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, բայց բառերը փոխած
    գ) Դրոշը՝ որոշ գունային ու պատկերային լրացումներով:

  5. Անի Գասպարյան

    Հարգելի Կարեն, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Կարևոր նկատառումներ եք արել, հաշվի կառնեմ:

    Ինչ վերաբերում է զինանշանին, ապա ես Ձեզ հետ համամիտ եմ, լավ կլներ` պահպանվեր Սարյանի գործը` իհարկե որոշ փոփոխություններով, ինչպես նաև օրհներգը լիներ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ: Բայց ինչպես գիտեք` մենք, հայերս սիրում ենք հնից կտրվելիս հին արժեքներն էլ ավերել, ջնջել ու մոռանալ, իսկ երբ հետո գլխի ենք ընկնում, որ սխալ ենք գործել, արդեն ուշ է լինում: Բարեբախտաբար այս դեպքում դեռ կարելի է սխալը շտկել: